Լաուրա Սարգսյան, Sputnik.
Հարավային Կովկասում իսլամիստների հիմնական թիրախը Ադրբեջանն ու Վրաստանն են։ Ո՛չ Թբիլիսին, ո՛չ էլ Բաքուն ինչպես հարկն է պաշտպանված չեն ահաբեկչության սպառնալիքից, սակայն դա չի նշանակում, որ Երևանը չպետք է զգոն լինի, կարծում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Նախօրեին` նոյեմբերի 22–ին, Թբիլիսիում հակաահաբեկչական ծավալուն հատուկ գործողություն իրականացվեց` ուղղված ահաբեկիչների դեմ, որոնք ուժային կառույցներին լուրջ հակազդեցություն ցուցաբերեցին։ Գործողությունը, որի ընթացքում հատուկ ջոկատային մահացավ, ավելի քան 15 ժամ տևեց։ Ուժայիններին հաջողվեց վերացնել երեք մարդու, խմբավորման ևս մեկ անդամ ձերբակալված է։
«Ծայրահեղ իսլամիստները, հատկապես ակտիվ են այն երկրներում, որտեղ մահմեդականներ շատ կան։ Այդ երկրներում ավելի հեշտ է համախոհներ գտնել, որոնք պատրաստ են նպաստել` և՛ հոգեպես, և՛նյութապես», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Նա Թբիլիսիի միջադեպը կապում է տարածաշրջանում ծայրահեղ իսլամիստների ավելացման հետ։ Իրավիճակը Սիրիայում ու Իրաքում չէր կարող չգտնել իր արտացոլումը Հարավային Կովկասում։ Չի բացառվում, որ իրավիճակը ոչ ուղղակի կերպով ազդի նաև Հայաստանի վրա։
Որպես Թբիլիսիում ահաբեկչության կազմակերպիչ ԶԼՄ–ները նշում են Ահմեդ Չատաևին։ Լուրեն այն մասին, որ նախօրեին վրացի ուժայինները վերացրել են նրան, չեն հաստատվել։ Նախնական տվյալների համաձայն` խմբավորման բոլոր անդամներն օտարերկրացի են։ Նրանց ինքնությունը պարզելու համար Վրաստանի անվտանգության պետական ծառայությունը համագործակցում է միջազգային հակաահաբեկչական կազմակերպությունների հետ։
Եթե հաստատվի, որ Թբիլիսիի հատուկ գործողության մեջ Չատաևի մատը խառն է, ապա կարելի է պնդել, որ պետական անվտանգության վրացի աշխատակիցները թերացել են։
«Այն, որ բավականին վտանգավոր մարդիկ կարող են հատել Վրաստանի սահմանը, խոսում է վրացական հատուկ ծառայությունների վատ աշխատանքի մասին», – ասաց Գրիգորյանը։
Չատաև VS Սահակաշվիլի
Մահմեդ Չատաևի անունը շոշափվել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ սկանդալի մեջ։ Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեի խոսքով` Չատաևը Սահակաշվիլու խենթ պլանի համախոհներից է։
«Սահակաշվիլին որոշել է Հյուսիսային Կովկասից հավաքել մարդկանց, որոնք պատարստ են սովորել զինվորականների, դիվերսանտների, ահաբեկիչների հմտությունները, որպեսզի հետո համապատասխան գործողություններ իրականացնեն», – ասաց Մեմրաձեն։
Այդ պատրաստված մարդկանց շարքում էր նաև Չատաևը, որն այն ժամանակ աշխատում էր Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունում։
2014 թվականին Չատաևը վերջնականապես լքել է Վրաստանն ու միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։ 2015 թվականին ՄԱԿ–ի որոշմամբ Չատաևը ահաբեկիչ է ճանաչվել ու ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց ցուցակում։
Հարկ է ուժեղացնել Հայաստանը սահմանային անցակետերի հսկողությունը
Փորձագետներն այսօր կանխատեսում են Իսլամական պետության մոտալուտ տապալումը, սակայն դա չի նշանակում, որ վարձու կռվողները կվերանան։
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Հայաստանը պետք է կանխարգելի ահաբեկչության վտանգը։
«ԻՊ շարքերում գործող վարձու զինվորներն ու կամավորները պետք է վերադառնան ու սուսփուս իրենց մութ գործերն անեն։ Այն երկրները, որոնց քաղաքացիները պատերազմել են ԻՊ շարքերում, պետք է պատրաստ լինեն նման միջադեպերի։ Վրաստանն էլ բացառություն չէ», – ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով` տարբեր տվյալների համաձայն` Իսլամական Պետության կողմից կռվել է 70–ից 100 վրաստանցի, որոնցից 10–ից 15–ը մահացել են։
«Սակայն մինչ հետաքննության ավարտը վաղ է հայտարարություններ անել զավթիչների անձերի հետ կապված», –ասաց Մելիքյանը։
Վրաստանի պատկան մարմինները չեն մեկնաբանում Վրաստանում Ահմեդ Չատաևի հնարավոր ոչնչացումը` կոչ անելով լրագրողներին, սպասել պաշտոնական մեկնաբանությանը։
Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետը խոստացավ, որ Թբիլիսում հատուկ գործողության մանրամասները մի քանի օրվանից կհրապարակվեն։
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նույնպես կոչ է արել զերծ մնալ այդ թեմայով ենթադրություններից։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագիծը ժամանակակից իրողություններում ու 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում չի կորցրել իր կարևորությունն ու նշանակությունը։ Ավելին, տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ ճանապարհը կարևոր է ոչ միայն Երևանի համար։
Դեռ երկու տարի առաջ նախագիծը հետաքրքրեց Չինաստանի գործընկերներին։ Փորձագետներն այն ժամանակ նշեցին, որ նախագծի իրականացման պարագայում ճանապարհը կարող է դառնալ «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասը։
Նախագծի իրականացումն ու ավտոճանապարհի շահագործումը թույլ կտան Հայաստանին կարևոր տարանցիկ հանգույց դառնալ, որը կձևավորի Պարսից ծոց–Սև ծով միջանցքը, և երկիրը դուրս կբերի տրանսպորտային շրջափակումից։
Այս նախագծի կարևորությունը Երևանում հասկանում էին իշխանափոխությունից և՛ առաջ, և՛ հետո։ Իսկ օրերս Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր 2021 թվականին Թալին–Լանջիկ և Լանջիկ–Գյումրի հատվածի կառուցման մասին։
Հասկանալու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ավտոմայրուղու շինարարության նախագծի իրականացման շրջանակում, մենք դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Գերատեսչության ճանապարհային դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը լայնածավալ նախագիծ է, որը բաղկացած է 5 տրանշից։
«Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Տրանշ-1–ում. կառուցվել է Երևան–Աշտարակ, Երևան–Արտաշատ 31-կիլոմետրանոց ճանապարհը և 2016 թվականին հանձնվել շահագործման», – ասացին դեպարտամենտում։
Գերատեսչությունից նշեցին, որ ներկա պահին Տրանշ-2-ի անավարտ աշխատանքների ծավալի գնահատում է իրականացվում (Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ ճանապարհահատված)։ 2021 թվականի վերջին կապալառուի միջազգային մրցույթ կհայտարարվի։
Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ
Դեպարտամենտից հիշեցրին, որ նշված տրանշով զբաղվում էր իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը, որը 2018 թվականին դադարեցրեց շինարարական աշխատանքներն ու հեռացավ հայաստանյան շուկայից։ 2019 թվականի հուլիսին ընկերության հետ պայմանագիրը խզվեց կապալառուի կողմից պայմանագրի բազմաթիվ խախտումների, ինչպես նաև նրա անվճարունակության պատճառով։
2019 թվականի նոյեմբերին Միջազգային առևտրային պալատ դիմում էր ներկայացվել կապալառուի դեմ արբիտրաժային քննություն սկսելու մասին։ Գործընթացը շարունակվում է։
Գերատեսչությունից պարզաբանեցին, որ ներկա պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում Տրանշ-3-ում (Թալին–Լանջիկ` 18,7 կմ, Լանջիկ–Գյումրի` 27,5 կմ, ճանապարհների ընդհանուր երկարությունը` 46,2 կմ)։ Բացի այդ, նախագծման աշխատանքներ են տարվում 3 ենթահատվածից բաղկացած Տրանշ-4–ի շրջանակում Քաջարան–Ագարակ հատվածում։
«Նախագծի շինարարության ավարտի մասին կարելի է հստակ հայտարարել` տրանշներում ֆինանսական աղբյուրների ճշգրտումից և շինարարության մեկնարկից հետո», – հայտարարեցին դեպարտամենտում։
Ներկա պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Թալին–Լանջիկ, Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածներում։ Կապալառուն չինական Sinohydro Corporation ընկերությունն է։ Արդեն իրականացվել են հիմքի և ենթահիմքի աշխատանքները։ Ճանապարհի որոշ հատվածներ պատրաստ են ասֆալտապատման համար, գործընթացը կմեկնարկի 2021 թվականին։
Տրանշ–3-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին։
Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը տրանսպորտային միջանցքը Երևանի համար կարևոր է համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ ճանապարհի նշանակությունը չի փոխվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունների համատեքստում։
«Ճանապարհը ապաշրջափակման հարցի հետ անուղղակիորեն է կապված, այդ մայրուղին իր գործառույթն ունի, այն սկսել են կառուցել և այն գործելու է», – ասաց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ իսկզբանե «Հյուսիս–Հարավ»–ը նախատեսված էր որպես տարանցիկ և կենտրոնական մայրուղի հայկական բեռների տեղափոխման համար, որը հնարավորություն կտա Իրանին, Վրաստանին, Հայաստանին կոմունիկացիոն կապ ունենալ։
Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. Փաշինյան
Մայրուղին նախևառաջ նախատեսված է տարանցման համար և, ըստ էության, շարունակում է այդպիսին մնալ։ Ըստ նրա` միջանցքի գործարկումը թույլ կտա աշխուժացնել տրանսպորտային լոգիստիկան։ Ճանապարհը թույլ կտա Իրանից և Հայաստանից բեռներին անմիջապես ելք ապահովել դեպի վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներ։
«Այստեղ ուղիղ ճանապարհ կլինի դեպի ծով Վրաստանի տարածքով, ինչը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Թեհրանի համար։ Ճանապարհը կապելու է Պարսից ծոցն ու Սև ծովը», – ասաց Հովհաննիսյանը։
Փորձագետն ընդգծեց, որ ավտոճանապարհը ծովայինից բավական կարճ է։ Իսկ լոգիստիկայում առանձնակի տեղ ու դեր ունեն ժամանակի և ծախսի գործոնները։
«Հյուսիս–Հարավ» նախագիծն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ նախագծերից մեկն է։ Ճանապարհը կկրճատի տարածությունը իրանական սահմանից մինչև վրացական սահման 550 կմ–ից մինչև 490 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրարի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին:
«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել է նա ՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:
Միևնույն ժամանակ, Ալիևը հույս ունի, որ չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը նա որակել է իբրև «երկրի ներքին գործ», Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կյանքի են կոչվելու:
Ալիևը դժգոհել է, թե հայկական կողմն Ադրբեջանին չի տվել ականապատ տարածքների քարտեզները, ինչն իրենք որակում են իբրև պատերազմական հանցագործություն:
Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի գերի ունենք ադրբեջանական կողմում, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց ոչ պաշտոնական տվյալներով մինչև 300 հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ գերության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:



