Գրիգոր Բալասանյան

Երասխում Հայաստանի զինված ուժերի կոշտ արձագանքն անսպասելի էր Ադրբեջանի համար. փորձագետ

1103
(Թարմացված է 23:41 21.07.2021)
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ալիև-Պուտին հանդիպմանն ու Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տիրող լարված իրավիճակին։
«Հանդիպումն այնքան էլ Ալիևի սրտով չի անցել». քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը` Ալիև-Պուտին հանդիպման մասին

Երասխի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն ուղիղ կապ ուներ Ալիև-Պուտին հանդիպման հետ, որն էլ իր հերթին Փաշինյան-Պուտին հանդիպման տրամաբանական շարունակությունն էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։

Հուլիսի 20-ին Իլհամ Ալիևի հետ ունեցած մոսկովյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նշել է, որ փոխզիջումային որոշումներ կայացնելը միշտ էլ դժվար է, բայց կարգավորման հասնելու համար պետք է գնալ այդ ճանապարհով:

Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել էր, որ սպասվում են սուր, ցավոտ և զգայուն զիջումներ, որոնք կարող են լուծվել արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի տված վստահության մանդատի շնորհիվ:

«Պուտին-Ալիև հանդիպումը փոքր-ինչ այլ սցենարով է գնացել, քան նախօրոք պայմանավորված էր։ Վերջին օրերին սահմանային լարվածությունը, այդ թվում` Երասխում, հենց դրա հետ էր կապված և ամենայն հավանականությամբ Ալիևը փորձում էր Պուտինի հետ հանդիպումից շատ ավելին պոկել, քան պայմանավորվել էին Պուտին-Փաշինյան հանդիպմանը»,- նշեց նա։ 

Սակայն հաշվի առնելով սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ադրբեջանական էյֆորիայի բացակայությունը, կարելի է ասել, որ հանդիպումն այնքան էլ Ալիևի սրտով չի անցել. Ադրբեջանը չի ստանա ավելին, քան նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է լրացուցիչ զիջումներին, Բալասանյանի կարծիքով, Երասխի շրջանում Բաքուն փորձեց վերահսկողություն սահմանել Երևան-Սյունիք ճանապարհահատվածի վրա, բայց դիմադրության հանդիպեց:

Ինչու է ադրբեջանական կողմը սահմանային սադրանքների դիմում. պարզաբանում է փորձագետը

«Դա թույլ կտար ցանկացած պահի երկու կողմից Սյունիքը «կտրել» Հայաստանից, բայց այս հատվածում ադրբեջանական կողմը չհասավ իր նպատակին»,- ընդգծեց վերլուծաբանը:

Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, Երասխում Հայաստանի զինված ուժերի կոշտ արձագանքը բավականին անսպասելի էր, որտեղ Ադրբեջանը չկարողացավ կրկնել Սև լճի սցենարը:

Նույն ժամանակահատվածում Գեղարքունիքում սահմանային լարվածության աճն ավելի շատ հայկական կողմի ուշադրությունը շեղելու փորձ էր, քանի որ Ադրբեջանի համար Երասխի հատվածը մի քանի անգամ ավելի կարևոր է, քան Վարդենիսի ուղղությամբ դիրքերն առաջ տալը:

Ինչ վերաբերում է Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական զորքերի ներխուժմանը, ապա այդ հատվածներում, վերլուծաբանի խոսքով, ինտենսիվ տեղակայվում են ռուս սահմանապահները:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Սյունիքում նախատեսվում է ստեղծել ռուսական ռազմաբազա, որն ամենայն հավանականությամբ կենթարկվի 102-րդ ռազմաբազային, բայց կլինի ավելի մեծ հենակետ։ Բալասանյանի համոզմամբ`այս առումով հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև կա որոշակի պայմանավորվածություն:

«Բայց այս պայմանավորվածությունը վերջնականապես կյանքի կկոչվի, երբ ադրբեջանցիները դուրս բերեն իրենց զորքը Սև լճի հատվածից, քանի որ ռուսական բանակը պետք է կանգնի միջազգայնորեն ճանաչված ՀՀ սահմանների վրա, և ոչ թե սահմաններից ներս», - ընդգծեց Բալասանյանը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ անհանգիստ է Հայաստանի սահմաններին, մասնավորապես, Երասխում: Հայաստանի և Նախիջևանի սահմանի այս հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Հուլիսի 19-ի երեկոյան հերթական գնդակոծության ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ականանետեր են կիրառել: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավարը:

1103
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան, Գրիգոր Բալասանյան
Ըստ թեմայի
Երասխի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել են Փաշինյանը և Իստրակովը
ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացմանն ու մոնիտորինգ անցկացնել
Հովհաննես Քոչարյան

Պետությունը պետք է պաշտպանի իր ծառայողներին. Քոչարյանը` հայհոյանքը քրեականացնելու մասին

56
(Թարմացված է 22:17 30.07.2021)
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ազգային ժողովի կողմից հայհոյանքը քրեականացնելու մասին նախագծի ընդունմանն ու կիրառական նշանակությանը։
Հովհաննես Քոչարյան. «Որպեսզի օրենքն աշխատի, կաևոր է նաև կայուն դատական պրակտիկայի ձևավորման խնդիրը»

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը ողջունում է հայհոյանքը քրեականացնելու մասին նախագծի ընդունումը։

Նրա կարծիքով` եթե խոսքը վերաբերում է, օրինակ, պետական ծառայողներին, ապա պետությունը պետք է կարողանա իր ծառայողներին պաշտպանել հարձակումներից։ Դա կարող է լինել երկու ճանապարհով` կա՛մ վիրավորանքի ու զրպարտության դեպքում պետությունը ստանձնի իր ներկայացուցիչների պաշտպանությունը դատարանում քաղաքացիական կարգով վեճեր լուծելիս, կա՛մ պետք է քրեականացնի հայհոյանքը, ինչն արվեց։  

«Ոստիկանությունում աշխատելու տարիներին բազմիցս տեսել եմ, թե ինչպես են պաշտոնյաները դառնում զրպարտչական, վիրավորական հարձակումների թիրախ։ Ոչ մի պաշտոնական, պետական հերքում էլ արդյունք չէր տալիս։ Կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը մասնավորապես պետական ծառայողների պաշտպանության համար է, և, անկախ նրանց դիրքից և զբաղեցրած պաշտոնից, ճիշտ քայլ է։ Երբեմն թվում է, թե գործ ունենք մասնավոր դեպքերի հետ, բայց իրականում դա կապված է պաշտոնատար անձանց հանրային գործունեության հետ»,– ասաց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը Sputnik Արմենիայի եթերում։

Անդրադառնալով մասնավորապես համացանցում, օնլայն հարթակներում հաճախ հնչող հայհոյանքներին` Քոչարյանն ընդգծեց, որ նշված տիրույթում վերահսկողության հետ կապված հարցի առթիվ ունի վերապահում, քանի որ իրավապահ մարմինները ծախսելու են մեծ ռեսուրսներ նույնականացնելու համար այն անձին, ով տարածում է հայհոյանքը համացանցում, հատկապես եթե քողարկված օգտատեր է։ Հետևաբար` այստեղ օրենքը կարող է լիարժեք չգործել, և այդ անձին ժամանակին հայտնաբերելը կարող է լինել խնդրահարույց։  

«ՏՏ ոլորտի մասնագետները քողարկված օգտատերերին բացահայտելու հնարավորությունն ունեն, բայց եթե հայհոյանքը դրսից է հասցեագրվում անձին կամ տեղեկատվական հարթությունում արվում է քողարկված կերպով, ապա այստեղ կարող են առաջանալ մեծ բարդություններ։ Սա խնդիր է, որն օրենքի լիարժեք կիրառման համար խոչընդոտ կհանդիսանա»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։  

«Հայհոյանքը քրեականացնելու ժամանակ դեռ կլինի». Զոհրաբյանը նյարդային ելույթ ունեցավ ԱԺ–ում

Քոչարյանի կարծիքով` կոնկրետ հայհոյանք բառի ձևակերպման ու եզրույթների հետ կարող են լինել անորոշություններ, սակայն չարժե բացարձականացնել հարցը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և մեր Վճռաբեկ դատարանը վիրավորանքի և զրպարտության հատկանիշների վերաբերյալ բավականին հարուստ դիրքորոշումներ են կուտակել և այսօր էլ, երբ մարդու նկատմամբ կիրառվում է քաղաքացիական պատասխանատվություն, դա արվում է հենց այդ իրավական դիրքորոշումների շրջանակում։ 

Ըստ նրա` այժմ նույն իրավական դիրքորոշումներով պետք է քրեական արդարադատություն իրականացվի, և պետությունն այստեղ անզոր չէ այդ ինստիտուտը կիրառելու հարցում։ Ամեն դեպքում կայուն դատական պրակտիկայի ձևավորման խնդիր կա առաջիկայում, եթե օրենքն աշխատի և եթե ճիշտ դատական պրակտիկա ձևավորվի Եվրոպական դատարանի լույսի ներքո, ապա խնդիրը չի ծանրանա այն աստիճան, որ օրենքի վերանայման հարց առաջանա։    

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծը, որի համաձայն` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ`տուգանքից մինչև կալանք։

Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չկային։

56
թեգերը:
Հայաստան, ԱԺ, հայհոյանք, Օրենք
Ալեքսանդր Մարկարով

Ի՞նչ հարցեր են քննարկելու նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստում

43
Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ազգային ժողովի ներկա գումարման վերջին նիստում քննարկված օրինագծերին, ինչպես նաև հաջորդ գումարման ԱԺ–ի օրակարգում ընդգրկվելիք հարցերին։
Ալեքսանդր Մարկարով. Օրակարգային հարցեր, որոնց մասին խոսում են ոչ այնքան ներքին, որքան արտաքին դերակատարները

Ազգային ժողովում կան քաղաքական դաշտի տարբեր հատվածների ներկայացուցիչներ, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները ներքին ու արտաքին գերակայությունների վերաբերյալ, բայցևայնպես գալիք խորհրդարանի առաջին նիստում օրակարգային կդառնան այն հարցերը, որոնք հուզում են ամբողջ հասարակությանը և որոնց մասին խոսում են ոչ այնքան ներքին, որքան արտաքին դերակատարները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Մարկարովը։

«Մենք տեսանք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, Գերմանիայի խորհրդարանի հայտարարությունը, ՄԱԿ–ի կողմից հնչած անհանգստությունը, այսինքն` այն ամենը, ինչ օրակարգային է, իր անդրադարձը կգտնի ԱԺ հաջորդ գումարման հենց առաջին նիստում»,– ասաց քաղաքագետը։

Մարկարովի կարծիքով` այն հարցերը, որոնք քննարկվում էին ընթացիկ խորհրդարանի վերջին նիստում, գուցե հանրային տեսանկյունից չունեն առաջնային նշանակություն և գալիք ԱԺ–ում գուցե կունենային ավելի խորքային ու բովանդակային քննարկում, սակայն զուտ օրենսդրական նախաձեռնության ընդունման տեսանկյունից մեծամասնություն կազմած իշխող ուժը խնդիր չունի ոչ հիմա և ոչ էլ գալիք խորհրդարանում։

«Ամենայն հարգանքով Աճառյանի հանդեպ, բայց...». ԱԺ–ում վիճում են «հայհոյանք» բառի շուրջ

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին։

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով

43
թեգերը:
Հայաստան, ԱԺ, Ալեքսանդր Մարկարով
Ըստ թեմայի
Պատերազմը քննելու գործը իշխանությունը և ընդդիմությունը փորձում են խլել իրարից. Սուրենյանց
«Ես նմա՞ն եմ մարդու, որ վախենում է լրագրողներից». Ալեն Սիմոնյան
Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի
Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել պաշտոնների հարցում. անուններ են հայտնի

7
Արդեն որոշված է նաև, թե ում կառաջադրի ընդդիմությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ընդդիմադիր դաշինքները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը, ԱԺ–ի իրենց հասանելիք պաշտոնների հարցում համաձայնության են եկել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ընդդիմության ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, «Պատիվ ունեմ»-ը կաջակցի դրան։

«Դրա դիմաց՝ եթե ընդդիմությանը մշտական հանձնաժողովների 3 նախագահի պաշտոն բաժին ընկնի, մեկը կզիջեն Արթուր Վանեցյանի խմբակցությանը, հնարավոր է՝ առաջադրվի Տիգրան Աբրահամյանը, ում 2 դաշինքում էլ լավ են վերաբերվում»,–գրում է թերթը։

Հանձնաժողովներից մեկի (հավանաբար՝ տնտեսական հարցերի) նախագահ կդառնա դաշինքի 3 ուժերից մեկի՝ «Վերածնվող Հայաստանի» ղեկավար Վահե Հակոբյանը, մյուսի նախագահը կլինի ՀՅԴ-ից։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին

Հավանաբար, կա՛մ տարածքային կառավարման, կա՛մ սոցիալական հարցերի։ Խոսք է գնում ՀՅԴ-ական 2 նախկին մարզպետների մասին՝ Արթուր Խաչատրյանի և Աշոտ Սիմոնյանի:

«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները. հայտարարություն

7
թեգերը:
Տիգրան Աբրահամյան, «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել
Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով