Վիգեն Հակոբյան

Ինչո՞ւ է Վաղարշակ Հարությունյանը հրաժարվել պաշտոնից. քաղտեխնոլոգը մեկ տարբերակ է դիտարկում

594
(Թարմացված է 22:15 20.07.2021)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականին։
Հակոբյան. «Հարությունյանի ազատումն ուղղակիորեն պայմանավորված չէ Երասխում տեղի ունեցող գործընթացներով»

Առաջին հայացքից թվում է, թե սահմանային լարվածության ֆոնին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը տեղին չէ` անկախ այն հանգամանքից, թե նա որքանով է իր տեղում, որքանով է կոմպետենտ, սակայն քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով` այդ որոշումը կայացվել էր նախապես, առավել ևս, որ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ Հարությունյանը հավանաբար կզբաղեցնի Անվտանգության խորհրդի քարտուղարի թափուր մնացած տեղը որպես ռուսամետ գործիչ` ի տարբերություն Արմեն Գրիգորյանի։

«Հարությունյանի հրաժարականը պետք է դիտարկել կադրային փոխատեղումների համատեքստում, ինչն ուղղակիորեն պայմանավորված չէ Երասխում տեղի ունեցող գործընթացներով, որոնք պետք է դիտարկել ավելի գլոբալ պրոցեսների շրջանակում։ Սխալ կլինի մտածել, թե Վաղարշակ Հարությունյանի նախասիրություններն ու ծրագրերը չէին համընկնում երկրիր գործող իշխանության քաղաքական գծի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` նախարարի նախկին պաշտոնակատարի կոմպետենտության մասին խոսելն ավելորդ է, որովհետև բոլորը տեսան, որ նա իր զբաղեցրած պաշտոնում որևէ էական դերակատարում չի ունեցել, չկար ո՛չ կամք, ո՛չ մենեջմենտ։ Ըստ փորձագետի` ՊՆ–ն վերջին ամիսներին վերածվել էր կամազուրկ կառույցի, և դրանում ոչ միայն Հարությունյանի, այլև ամբողջ քաղաքական ղեկավարության մեղքը կա։

«Կար պետական քաղաքականության հստակ գիծ, որը բացառում էր բանակի գործոնը, և այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը գտել էր լավագույն տարբերակը, լավագույն կադրային լուծումն ի դեմս Վաղարշակ Հարությունյանի, իսկ վերջինս իր հերթին բացարձակապես չէր դիմադրում և հարմարվել էր իրեն վերապահված առաքելությանը։ Ես նույնիսկ չեմ հիշում, թե բանակն ինչով է զբաղվել, երբ նախարարի պաշտոնակատարը Հարությունյանն էր»,– ասաց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի խոսքով` արդեն փաստ է, որ ՀՀ–տարածքում վերջին ամիսներին բավականին լավ պայմաններով տեղակայվել են ադրբեջանական զինված ստորաբաժանումները, իսկ հայկական բանակն ըստ էության որևէ լուրջ դիմադրություն չի ցուցաբերում։

Հակոբյանն Արշակ Կարապետյանի նշանակումն էլ է դիտարկում է կադրային փոխատեղումների համատեքստում, առավել ևս, որ Փաշինյանի կադրային բանկը, ըստ քաղտեխնոլոգի, բավականին սուղ է, և նա հաշվի է առնում առաջին հերթին անձնական նվիրվածության հանգամանքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլում լուրեր են պտտվում, որ նրա փոխարեն նշանակվելու է Արշակ Կարապետյանը, որն այսօր ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Հիշեցնենք` Վաղարշակ Հարությունյանը 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին` ՀՀ պաշտպանության նախարար։

Նա պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել էր նաև 1999-2000 թթ.-ին։ Սակայն 2002թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել ու աստիճանազրկվել։ Ինքը` Հարությունյանն իր աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդար է համարում։
2019 թ. օգոստոսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ճանաչվեց ուժը կորցրած։

594
թեգերը:
Հայաստան, Վաղարշակ Հարությունյան, Վիգեն Հակոբյան, Հրաժարական
Ահարոն Վարդանյան

Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է. ի՞նչ պետք է անի Հայաստանը

89
(Թարմացված է 23:47 02.08.2021)
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կզարգանան հայ–իրանական հարաբերությունները նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնավարման ընթացքում։
«Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է ի հակակշիռ Թուրքիայի». Ահարոն Վարդանյան

Եթե անգամ փոխվի Իրանի արտաքին քաղաքաքական վեկտորը Հարավային Կովկասում, ապա դա կլինի մեր օգտին, քանի որ Էբրահիմ Ռայիսին փորձելու է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ մեր տարածաշրջանում մեծանա իրանական ներկայությունն ու ազդեցությունեը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է ի հակակշիռ Թուրքիայի և ճնշելու է վերջինիս։ Այս հարցում մենք կարող ենք համագործակցել Իրանի հետ, մանավանդ որ` Ռոհանիի կաբինետի արտգործնախարար Զարիֆը հայտարարել էր, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գծերից մեկն է, ինչը նշել էր նաև հարևան երկրի հոգևոր առաջնորդը»,– ասաց իրանագետը։

Վարդանյանի կարծիքով` քանի որ Ռայիսին իր կողմնակիցների հետ խիստ քննադատության էր ենթարկել Ռոհանիի քաղաքականությունը Հարավային Կովկասում, հետևաբար, նրանք պետք է փոփոխություններ մտցնեն դրանում` քաղաքականությունը դարձնելով ավելի ակտիվ ու դրական իմաստով ագրեսիվ, որպեսզի մեր տարածաշրջանում իրապես զգացվի Իրանի ներկայությունն ու աշխուժությունը, այլ ոչ թե այն պասիվ դիտորդական դերը, որն առկա էր արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ 

«Մեզ համար նույնպես բացվում է մանևրելու մեծ դաշտ։ Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե մենք ինչպես կդրսևորենք մեզ իրանցիների հետ հարաբերվելիս և ինչպես կօգտագործենք բացված պատուհանը։ Հատկապես տնտեսական առումով` կա մի նրբություն, որը նույնպես հօգուտ մեզ է։ Տարիներ շարունակ հայ–իրանական մեգածրագրերը չէին իրականացվում ամերիկյան պատժամիջոցների պատճառով, բայց այժմ Իրանի ու ԱՄՆ–ի հարաբերություններն այնպիսին են, որ դրանց ընթացքից կարող են շահել նաև հայ–իրանական կապերը, առավել ևս, որ խոսակցություններ են գնում մեր տարածաշրջանի հաղորդակցական ուղիների ու ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին»,– ասաց իրանագետը։ 

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Սաիդ Խաթիբզադե

Վարդանյանի գնահատմամբ`պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական իրողությունները և այն հանգամանքը, որ ԱՄՆ–ի ներկայիս վարչակարգը ցանկանում է տարածաշրջանային գործընթացներում Իրանին տալ որոշակի ազատություն, հետևաբար, նավթագազային ու էներգետիկ մեգածրագրերի իրականացման համար ի հայտ են գալիս նոր հնարավորություններ։   

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին։
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

Իրանն ընդլայնում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին

89
թեգերը:
Հայաստան, իրանագետ, Էբրահիմ Ռայիսի, Իրանի Իսլամական Հանրապետություն, Նախագահ
Ըստ թեմայի
Իրանին «կուլ տալ» ոչ մի կերպ չի հաջողվի, և Վաշինգտոնում դա հասկանում են. Ահարոն Վարդանյան
Ահարոն Վարդանյան. Իրանում հիմնական պայքարը կընթանա երկու թեկնածուի միջև
Հայ-իրանական օրակարգն ամբողջովին պետք է վերանայել. Վարդանյան
Գարիկ Քեռյան

Խորհրդարանում կոնֆլիկտային մթնոլորտը նոր թափ է ստանալու. քաղաքագետը կանխատեսումներ է անում

123
(Թարմացված է 19:42 02.08.2021)
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում կանխատեսել է, որ նոր գումարման ԱԺ-ում կոնֆլիկտային իրավիճակների պակաս չի լինելու։
Քննարկումները լինելու մերժողական և բախումնային. ինչպես են աշխատելու ԱԺ քաղաքական ուժերը խորհրդարանում

8-րդ գումարման ԱԺ–ի երկու ընդդիմադիր ուժերը, ի տարբերություն նախորդ խորհրդարանի ընդդիմության, առավել ծայրահեղ ու անհաշտ քաղաքականություն են որդեգրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Չկա մի ոլորտ, որ մենք կարող ենք ասել` երկու ընդդիմադիր ուժերը կարող են ինչ-որ մի տեղ կառուցողական լինել։ Նրանք մերժելու են ամեն ինչ»,- ասաց նա։

Քեռյանի խոսքով` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներն ընդդիմադիր են թե՛ ՔՊ-ի իշխանությանը, թե՛ նրանց ստեղծած քաղաքական վարչակարգին, թե՛ նրանց ներքին, և թե՛ արտաքին քաղաքական կողմնորոշումներին և դիրքորոշումներին։

Իսկ ընդդիմության առաջնորդների բացահայտ հայտարարություններն այն մասին, որ շարունակելու են խորացնել քաղաքական ճգնաժամն այնքան ժամանակ, մինչև հասնեն իշխանափոխության, ևս փաստում են, որ խորհրդարանում կոնֆլիկտային մթնոլորտը նոր թափ է ստանալու։

«Բավականին բարդ է լինելու 3 քաղաքական ուժերի համատեղ աշխատանքը, և քննարկումները լինելու են անհաշտ, մերժողական և բախումնային։ Այս ամենը կարող է ազդել ԱԺ որոշումների ընդունման գործընթացի վրա, որն էլ իր հերթին կազդի ԱԺ ընթացքի արդյունավետության վրա»,-նշեց Քեռյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ 8-րդ նստաշրջանի առաջին նիստը բավական լարված մթնոլորտում էր անցնում, քանի որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պահանջում էին, որ դատախազը ներկայանա ԱԺ և ազատ արձակի իրենց 2 պատգամավորներին (Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին)։

«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ գլխավոր դատախազը ներկայանա ԱԺ

123
թեգերը:
խորհրդարան, ՀՀ Ազգային ժողով, Իշխանություն, ընդդիմություն
Ըստ թեմայի
«Ձեռնպահ մնալ խեղաթյուրման փորձերից». դատախազությունը պատասխանել է «Հայաստան» դաշինքին
«Հայաստան» դաշինքը ծափահարեց Սյունիքի կալանավորված համայնքապետների անունը կարդալիս
Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել պաշտոնների հարցում. անուններ են հայտնի
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով
Ռուստամ Իբրահիմբեկով

Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միությունը «քաշել» է ժողովրդական գրողին

1
Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Ալի Իսա Ջաբարովն ասել էր, որ «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» միջազգային կինոմրցանակի վարչության նախագահն է ցուցակից հանել հայկական ֆիլմերը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական կողմը յուրովի է մեկնաբանել «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» միջազգային կինեմատոգրաֆիական մրցանակի ընտրական հանձնաժողովի` հայկական երկու ֆիլմերի վերաբերյալ որոշումը։

Ավելի վաղ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» և Մարատ Սարգսյանի «Ջրհեղեղ չի լինելու» ֆիլմերը չէին ընդգրկվել «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» միջազգային կինեմատոգրաֆիական մրցանակի կարճ ցանկում։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել` հղում անելով Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Ալի Իսա Ջաբարովին, որը պնդել էր, թե ֆիլմերը ցուցակից հանել է կինոմրցանակի վարչության նախագահ, Ադրբեջանի ժողովրդական գրող Ռուստամ Իբրահիմբեկովը` համարելով, որ դրանցում խեղաթյուրվում են իրական պատմական փաստերը:

Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել կինոմրցանակի արտ-տնօրեն և ընտրող հանձնաժողովի նախագահ, ռուս հայտնի կինոգետ Անդրեյ Պլախովի հետ։ Նա տեղեկացրեց, որ Նորա Մարտիրոսյանի և Մարատ Սարգսյանի ֆիլմերը մեծ ցանկի շրջանակում դիտել են միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի անդամները:Եվ դրանք, ինչպես նաև բազմաթիվ այլ ֆիլմեր, կարճ ցանկում չեն ընդգրկվել փորձագիտական քվեարկության արդյունքում: Պլախովի խոսքով՝ այդ մասին են վկայում քվեարկության արձանագրությունները։

«Կանոնակարգի համաձայն` ոչ ոք, այդ թվում՝ Իբրահիմբեկովը, չի կարող միջամտել ընտրական հանձնաժողովի (որը ես ղեկավարում եմ ու որը երկու ֆիլմերն էլ ներառել է մեծ ցանկում) ու միջազգային ժյուրիի աշխատանքին», - ասաց Պլախովը: Նա Ջաբարովի հայտարարության թեմայով կապ է հաստատել նաև Ռուստամ Իբրահիմբեկովի հետ և ստացել հետևյալ պատասխանը. «Այդ հայտարարությունն իրականության հետ որևէ կապ չունի»։

2021 թվականի մրցանակի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկվել են 25 կինոգետներ ու կինոքննադատներ, Ասիայի ու Արևելյան Եվրոպայի երկրների կինեմատոգրաֆիայի մասնագետներ, մրցանակի հոգաբարձուների խորհրդում են Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենը Լեոնիդ Դրաչևսկին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, իսկ կինոմրցանակի վարչության կազմում, Իբրահիմբեկովից բացի, ընդգրկված են նաև հայտնի կինեմատոգրաֆիստներ Վադիմ Աբդրաշիտովը, Էլդար Շենգելայան, Հարություն Խաչատրյանը և ուրիշներ:

Հիշեցնենք, որ երկու ֆիլմերն էլ ցուցադրվել են Երևանում 2020 թվականի նոյեմբերին կայացած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ փառատոնային թողարկման ժամանակ, իսկ «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը նույն տարում ընտրվել է Կաննի կինոփառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում և այս տարվա մայիսի վերջին դուրս է եկել ֆրանսիական վարձույթ:

1