Ավետիք Իշխանյան

Ինչո՞ւ հենց Քյարամյանը. իրավապաշտպանը մեկնաբանում է Փաշինյանի նոր որոշումը

172
(Թարմացված է 20:20 14.07.2021)
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակումը։ 
Իշխանյան. «ՔԿ–ն հետայսու ավելի վճռականորեն է կատարելու քաղաքական պատվերները»

Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` վարչապետի պաշտոնակատարի կադրային քաղաքականությունն ունի միայն մեկ սկզբունք` անվերապահ հավատարմություն իր անձի նկատմամբ, իր ցուցումների անվերապահ կատարում, և նա հենց այս սկզբունքով է առաջնորդվում բոլոր պաշտոններում նշանակումներ անելիս։

«Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Արգիշտի Քյարամյանի նշանակումը, որն ավելի վստահելի մարդ է Փաշինյանի համար, քան ՔԿ նախկին պետը, և պատրաստ է նրա նույնիսկ անօրինական հրահանգները կատարել։ Իսկ թե Քյարամյանն ինչպիսի մասնագետ է, ինչ մակարդակ և փորձառություն ունի, արդեն ոչ թե երկրորդական, այլ ընդհանրապես որևէ նշանակություն չունի»,– նշեց իրավապաշտպանը։

Իշխանյանի կարծիքով` այսօր Հայաստանում իրավական դաշտի մասին խոսելն ուղղակի զավեշտ է, քանի որ այստեղ գործում են ոչ թե օրենքները, այլ Փաշինյանի կամքն ու ցուցումները, հետևաբար «իրավական», «իրավապահ», «օրինականություն» հասկացությունների մասին խոսելն այլևս ավելորդ է։ 

«Ես մեկ օրինակ բերեմ պատմությունից, թե ինչպես 1937 թվականին Խորհրդային Միությունում Յագոդային փոխարինեց Եժովը, որովհետև նա ավելի վճռականորեն ու անվերապահորեն էր կատարում բռնապետ Ստալինի ցուցումները։ Քյարամյանի ու ՔԿ նախկին պետ Գրիգորյանի համեմատությունը նույն համատեքստում է, ավելի շատ ռեպրեսիաների իրականացում, ինչն ամենայն հավանականությամբ նախապես համաձայնեցվել է Քյարամյանի նշանակումից առաջ, այսինքն` ռեպրեսիաներ կկիրառվեն նրանց նկատմամբ, ում Փաշինյանը կնշանակի մեղավոր»,–ասաց իրավապաշտպանը։

Իշխանյանի խոսքով` առայժմ դաշտում չի երևում այդ ամենին հակազդող որևէ ուժ, իսկ այն ուժը, որը կարող է հավակնել այդ դերին, մասնակցեց ընտրություններին վարչապետի պաշտոնակատարի թելադրած խաղի կանոններով և այժմ ջախջախված վիճակում է։ Ըստ նրա` ՔԿ–ն հետայսու ավելի վճռականորեն է կատարելու քաղաքական պատվերները։     

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:

Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոն ստացավ. որոշումը հրապարակվել է

Հիշեցնենք` Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից աշխատում էր որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Այնուհետև նա ԱԱԾ տնօրեն նշանակվեց` կառույցը ղեկավարելով 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։

2020-ի դեկտեմբերի 24-ին Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ, իսկ 2021 թվականի հուլիսի 12-ին` ՔԿ նախագահ` փոխարինելով Հայկ Գրիգորյանին, որը ՀՀ քննչական կոմիտեն ղեկավարում էր 2018 թվականից։

«Գրիգորյանի հետ ընկերներ կմնանք». Արգիշտի Քյարամյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել

172
թեգերը:
Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, Նիկոլ Փաշինյան, Ավետիք Իշխանյան
Ըստ թեմայի
Որտեղ են թաքնված մարդկանց բռնի ուժով ոստիկանական բաժանմունքներ տանելու դեպքերի ակունքները
Հայաստանում ոչ թե օրենքի, այլ վրեժի դիկտատուրա է. Իշխանյան
«Հայաստանի ներկա իշխանություններն, ըստ էության, հայրենիք չունեն». Ավետիք Իշխանյան
Արա Գալոյան

Տնտեսական գործընթացները մեզ մոտ իներցիոն բնույթ են կրում. խոշոր հարկատուները չեն փոխվում

33
(Թարմացված է 18:12 24.07.2021)
Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊԵԿ–ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին` անդրադառնալով դրանում ընդգրկված կազմակերպությունների ընդհանուր գործունեությանը։
Գալոյան. 2020–ի համեմատ` 1000 խոշոր հարկատուների ցուցակում էական փոփոխություններ չկան

Քանի որ անցյալ տարի համավարակով պայմանավորված «լոքդաունի» պատճառով տնտեսական ցուցանիշները բավականին ցածր էին՝ թվում էր, որ այս տարի կարող էր բավականին առաջընթաց գրանցվել, բայց 1000 խոշոր հարկատուների ցուցակում էական փոփոխություններ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արա Գալոյանը` վկայակոչելով վերոհիշյալ ցուցակում ընդգրկված կազմակերպությունների տեղաբաշխումն ու նրանց կողմից մուծված հարկերի չափը։ 

«Փոխարենը հենց առաջին տասնյակում կա չափազանց անսպասելի մի բան նրանց համար, ովքեր հետևում են տնտեսական վիճակագրությանը կամ տնտեսական գործընթացներին։ Խոսքը վերաբերում է «Թեղուտին», որը նախորդ տարվա 49-րդ հորիզոնականից հայտնվել է 7-րդ հորիզոնականում`9 մլրդ 800 մլն 663 հազար դրամի մուծումով։ «Լիդիան Արմենիան» նույնպես զգալի առաջընթաց է արձանագրել. անցյալ տարի ուներ բավականին համեստ ցուցանիշ, 415-րդ տեղում էր, բայց այժմ հայտնվել է 15-րդ հորիզոնականում։ Ավանդաբար առաջին տասնյակի վերին հատվածում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»,– նշեց տնտեսագետը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենան հանքարդյունաբերության վրա իրավաքաղաքական գործընթացները, որոնց էպիկենտրոնում հայտնվել է, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և կառավարության որոշումը, ըստ որի արգելվում է արտահանել պղնձի խտանյութը, Գալոյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը խիստ բացասաբար կանդրադառնա ոչ միայն կոմբինատի աշխատանքների, այլև ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության ոլորտի վրա։

Հեղուկ գազի թանկացումը գաղտնի համաձայնության հետևա՞նք է. տնտեսագետը չի հավատում ՄՊՀ–ին

«Դիրքը զիջելը հնարավոր է, բայց մյուս կողմից էլ եթե համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի շատ հարկեր է մուծել, այսինքն` հարկային մուտքերը տվյալ կազմակերպության պարագայում առաջանցիկ են։ Անկախ ամեն ինչից` այդ կոմբինատը տնտեսական իմաստով բավականին մեծ ու էական ազդեցություն ունի Սյունիքի մարզում և այնտեղ միջին աշխատավարձը մայրաքաղաքից հետո ամենաբարձրն է Հայաստանում։ Հետևաբար դրա հետ խաղալն անհասկանալի է, քանզի դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է քաղաքական նկատառումներով տնտեսական հարցեր լուծել»,– ասաց տնտեսագետը։ 

Գալոյանի կարծիքով`տնտեսական գործընթացները մեզ մոտ որոշակիորեն իներցիոն բնույթ են կրում, հետևաբար խոշոր, առավել հայտնի հարկատուները մնում են առաջին տասնյակում՝ ցուցակի վերին հատվածում։ 

Նշենք, որ ՊԵԿ–ի ներկայացրած տեղեկատվության համաձայն` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին կիսամյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 584 մլրդ 440 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 494 մլրդ 334 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 90 մլրդ 105 մլն դրամ։

33
թեգերը:
Արա Գալոյան, Հայաստան, տնտեսություն
Ըստ թեմայի
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը
Ցանկությունը մեծ է, արդյունքը` փոքր. ում և ինչի համար է աջակցում պետությունը
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Կառլեն Խաչատրյան

Հեղուկ գազի թանկացումը գաղտնի համաձայնության հետևա՞նք է. տնտեսագետը չի հավատում ՄՊՀ–ին

113
(Թարմացված է 19:51 24.07.2021)
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հեղուկ գազի գնաճին։
Խաչատրյան. «Հեղուկ գազի գնաճը համահունչ չէ միջազգային շուկայում տեղի ունեցած փոփոխություններին»

Մեր երկրում հեղուկ գազի թանկացումը համահունչ չէ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել միջազգային շուկայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` վկայակոչելով Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) հայտարարությունը։

Հանձնաժողովի երեկվա պարզաբանման մեջ նշված էր, որ գների բարձրացումը պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը։

«Մեծ հաշվով եթե Հայաստանը համեմատենք տարածաշրջանի մյուս երկրների հետ, ապա ակնհայտ է, որ մեր երկրում հեղուկ գազի գինը շատ ավելի բարձր է, քան Ռուսաստանում, Վրաստանում և մյուս երկրներում»,– ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի կարծիքով` մեր տնտեսվարողները փորձում են գերշահույթներ ստանալ, իսկ պատկան մարմիններն էլ, ի դեմս մրցակցության պաշպանության հանձնաժողովի, որևէ քայլ չեն ձեռնարկում գնաճը կանխելու և իրավիճակը շտկելու համար։ Ըստ նրա`գազի շուկայում գործող տնտեսվարողների միջև հնարավոր են կարտելային համաձայնություններ, բացի դրանից հանձնաժողովը մինչև վերջ ազնիվ չէ։ Այո, շուկայում կա ավելի քան 50 տնտեսվարող, սակայն նրանք հիմնականում զբաղվում են վառելիքի վաճառքով, մինչդեռ ներմուծողների քանակը զգալիորեն փոքր է, հետևաբար այդտեղ գաղտնի համաձայնություններ, որոշակի պայմանավորվածություններ կարող են լինել։

«Ինձ մոտ տպավորություն է, որ հանձնաժողովը չի տեսնում կամ չի ուզում տեսնել այդ ամենը և փորձում է հայտարարություններով ուղղակի պատասխանատվությունն իր վրայից գցել տնտեսական գործոնների վրա կամ գնաճը պայմանավորել տնտեսական գործընթացներով, ինչն այդպես չէ»,– ասաց տնտեսագետը։

Խաչատրյանի համոզմամբ` մեր տնտեսվարողներն իրենց հերթին անբարեխիղճ վարքագիծ են դրսևորել սպառողների նկատմամբ, բացի դրանից ավանդաբար փորձել են կապ ցույց տալ դոլարի փոխարժեքի և հեղուկ գազի ու բենզինի գների միջև, սակայն վերջին օրերին դոլարի փոխարժեքի էական անկում է արձանագրվել, որն ուղղակիորեն չի արտացոլվում վառելիքի գներում, ինչը ևս մեկ անգամ հիմնավորում է կասկածներն առ այն, որ գործ ունենք ոչ բարեխիղճ մրցակցության հետ։

Նշենք, որ հեղուկացված գազը, որի գինը կապում են բենզինի հետ (սովորաբար մեկ լիտրի համար մոտավորապես կրկնակի պակաս գին են հաստատում), վերջին օրերին անհամեմատ թանկացել է։ Երեկվա տվյալներով` որոշ գազալցակայաններում հեղուկ գազի մեկ լիտրը վաճառվում էր 280 դրամով։

113
թեգերը:
թանկացում, գին, գազ, Հայաստան
Ըստ թեմայի
Տուրքի մասին օրե՞նք, թե՞ քաղաքական «չագուճ». ի՞նչ է կատարվում ՀՀ պղնձամոլիբդենի բիզնեսում
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ
Դրամի արժևորումից հետո էլ հեղուկ վառելիքի շուկայում գները չիջան. ո՞րն է պատճառը
Սուրբ Պողոս–Պետրոս եկեղեցին

Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց

0
(Թարմացված է 16:41 24.07.2021)
Ապարանի ջրամբարի մասին շատերն են լսել, բայց քչերը գիտեն, որ 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին տարվա մի քանի ամիսներին հայտնվում է ջրամբարի ջրերի տակ։ Sputnik Արմենիան պատմում է, թե ինչպես ջրի տակ մնացին Քասախը, Զովունին և գյուղի եկեղեցին։

Ապարանում բացառիկ հուշարձան կա, որի մասին տեղացիներից բացի քչերը գիտեն։ Ամռան ամիսներին Ապարանյան լճի ափին հանգստանալ ցանկացողների մտքով չի էլ անցնում, որ հարևանությամբ ցամաքում կանգնած կիսավեր եկեղեցին տարվա մի քանի ամիսները ջրում է անցկացնում։ Եղել են ձնառատ ու ջրառատ տասնամյակներ էլ, երբ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին գրեթե ամբողջությամբ է ջրով ծածկված եղել՝ իր մասին հիշեցնելով միայն ջրի միջից դուրս մնացած խաչով։

Крест церкви Сурб Погос-Петрос в Зовуни у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Եկեղեցու խաչը

Սովետը ջրի տակ թողեց Զովունին, Քասախն ու 16-դարյա եկեղեցին

Խորհրդային տարիներին ոռոգման, էներգետիկ նպատակներով ջրամբարներ կառուցվեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Իշխանությունների որոշմամբ՝ դրանցից մեկը կառուցվեց Ապարանի Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի միջև՝ Քասախ գետի վերին հոսանքում։ Այնտեղ, որտեղ հիմա Ապարանի ջրամբարն է, գրեթե 70 տարի առաջ երկու գյուղեր էին՝ Զովունին ու Քասախը։ Որոշում ընդունվեց տեղափոխել գյուղերը։ 1962 թվականին սկսվեցին ջրամբարի կառուցման աշխատանքները։

Апаранское водохранилище
© Sputnik / Aram Nersesyan
Ապարանի ջրամբարը

Եղիպատրուշցի Մարզպետ պապն ասում է՝ ջրամբարը հանդիսավորությամբ բացվեց. մեծ իրադարձություն էր։ Խորհրդային Հայաստանի ամբողջ ղեկավարությունն էր ներկա՝ Կարեն Դեմիրճյան, Անտոն Քոչինյան։

«Կենտկոմից մեծ շքախմբով եկան։ «Պլատինայի» վրա էին հավաքվել, ողջույնի խոսքից հետո մյուս ափին տոնախմբություն էր, պարի խմբեր կային, Երևանից անհատ կատարողներ էին եկել։ Դե, հսկա կառույց էր, մեծ աշխատանք էր արվել, կավը Քուչակից էին բերում»,– հիշում է նա։

Марзпет Айрапетян
© Sputnik / Aram Nersesyan
Մարզպետ պապը

Հանդիսավոր բացման ժամանակ Մարզպետ պապը 16-17 տարեկան էր։ Ասում է՝ լավագույն տարիքն էր, ընկերների հետ անհամբեր հետևում էին, թե ինչպես է ջուրը լցվում, մոտ 1 տարի տևեց։ Ջրամբարում նաև ձկներ լցվեցին, հիմնական ձկնատեսակը կողակն է, Սևանա լճից նաև իշխան ու սիգ բերվեցին, քիչ քանակությամբ խեցգետին էլ կա։

«Ջուրը մաքուր էր, լողալու էինք գնում, բայց եկեղեցու մոտ չէինք լողում»։

Մարզպետ պապի խոսքով՝ բազմաթիվ դժբախտ դեպքեր են եղել, շատերն են խեղդվել՝ ճիշտ չգնահատելով իրենց հնարավորությունները, ջրամբարի խորությունը։

«Սկզբում քասախցիներին ու զովունեցիներին մի տեղում տեղավորեցին՝ ներկայիս Զովունիի տարածքում, սասունցիներն ու խոյեցիները յոլա չգնացին, առանձնացրեցին»,- ծիծաղով հիշում է Մարզպետ պապը։

Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին

Բնիկ զովունեցի 87-ամյա Լուսիկ տատն էլ հիշում է, որ համաձայնության չեկան այն ժամանակվա գյուղսովետի նախագահի ընտրության հարցում։ Քասախցիներն ասում էին՝ իրենցից պետք է լինի, զովունեցիներն էլ դեմ էին։

Бабушка Лусик с внучками
© Sputnik / Aram Nersesyan
Լուսիկ տատը

Հիշում է, թե ինչպես 1965 թվականի նոյեմբերին ամուսնու և 6 զավակների հետ տեղափոխվեց ներկայիս Զովունի։ Ամենափոքր երեխան գրկին էր՝ 1 տարեկան 4 ամսական։

«Ումուդ ջան, մեզ զոռով հանեցին, չէինք ուզում մեր հայրենիքը, ծննդավայրը թողել։ Ջուրը սկսեց գալ, լցվել տների մեջը։ Մենք գյուղի մեջտեղն էինք, համարյա մեր պատուհաններին էր հասել, նոր ճարահատյալ քոչանք, եկանք։ Եղա՞ք մեր գյուղը, մտա՞ք մեր ժամը,- շտապում է հետաքրքրվել Լուսիկ տատն ու ավելացնում, – մուրազներդ կատարվի»։

Հետո շարունակում է պատմել իրենց վերաբնակեցման պատմությունը։

«Մեզ առաջարկեցին «Քառասուն սովխոզը (ներկայիս՝ Պռոշյան գյուղ), չհամաձայնվեցինք, բերեցին էստեղ։ Գաղութի շենք կար, բարաքներ էին կտրտած, կալանավորներ էին։ Էդ կալանավորներին հանին, տարան Կոշ, մեզի պիրին, լցրին էդ բարաքները։ Թախտաբիթի կար, նենց բաներ կար, չէինք հարմարվում, հետո ձմեռը մեզ բերեցին էս տները»։

Քասախցիներին էլ վերաբնակեցրին ներկայիս Քասախ գյուղի տարածքում։

Ասում է՝ ամեն տարի այցելում էին իրենց գյուղատեղը, բանջար էին հավաքում, երբ ջրամբարի ջրերը նահանջում էին, եկեղեցու մուտքը բացվում էր, ուխտի էին գնում։

1-ը ջրում մնաց, 2-ը ջրից չոր դուրս եկան

1960-ականներին, երբ մեկնարկեցին ջրամբարի կառուցման աշխատանքները, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամը փորձեց ջրամբարի կառուցման վայրից անվտանգ տարածք տեղափոխել տեղանքի պատմաճարտարապետական հուշարձանները։ Այս տարածքում դրանք երեքն էին՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին (4-5-րդ դդ), Սուրբ Վարդան դամբարան-մատուռն (5-րդ դար) ու Թուխ Մանուկ մատուռը (4-րդ դար)։ Մասնագետների հաշվարկներով՝ երբ սկսեին ջուրը բաց թողնել ջրամբարը լցնելու համար, առաջինը հենց Սուրբ Վարդանն էր ջրի տակ հայտնվելու։ Ուստի տարածքի հուշարձանների տեղափոխման աշխատանքները հենց դամբարան-մատուռից սկսեցին։

Мавзолей-часовня Святого Вардана у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Վարդան դամբարան-մատուռի հիմքը

Մատուռը տարան, ջուրը չեկավ

Սուրբ Վարդան դամբարան-մատուռի մասին շատ բան հայտնի չէ։ Տարբեր աղբյուրների վկայություններով՝ կառուցվել է 4-5-րդ դարերում։ 

Мавзолей-часовня Святого Вардана у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Վարդան դամբարան-մատուռ
Ապարանի համայնքապետարանի տուրիզմի բաժնի պատասխանատու Մարիամ Քոչարյանն արդեն մի քանի տարի է՝ հնարավոր ու անհնար բոլոր աղբյուրներում տեղեկություններ է որոնում ջրամբարի տարածքում գտնվող հուշարձանների մասին։

Ответственная отдела туризма муниципалитета Апарана Мариам Кочарян у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Քոչարյան

Աղբյուրներից մեկում մի գեղեցիկ լեգենդ է գտել։ Ըստ դրա՝ Վարդան Մամիկոնյանի զորավարներից մեկին՝ Տաճատ Գնթունուն, Վարդանանց պատերազմից հետո հուղարկավորում են հենց այս վայրում՝ իր պապենական կալվածքում, իսկ նրա դամբարան-մատուռն էլ կոչում են նրա զորավարի անունով։ Ի դեպ, մեծերի շրջանում մեկ այլ պատմություն էլ է պատմվում։ Ասում են՝ Սուրբ Վարդանի կողքին տարիներ առաջ ջրհոր էլ է եղել։

Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը

Երբ Գրիբոյեդովի մարմինը Պարսկաստանից Վրաստան էին տեղափոխում, կանգառներ կատարելիս դիակի պահպանման համար որպես «սառնարան» ջրհորներն էին օգտագործում։ Ըստ այդ պատմության՝ Գրիբոյեդովի մարմինը նաև Սուրբ Վարդանի հարևան ջրհորն է իջեցվել։ Ինչևէ, լեգենդներն ու զրույցները մի կողմ. 1960-ականներին դամբարան-մատուռի վերին հատվածը տեղափոխվեց Ապարանի «Խաչեր» կոչվող վայր, իսկ հիմքը մնաց։ Երբ տեղափոխման աշխատանքներն արված էին, պարզ դարձավ, որ ջրամբարի ջուրն այդտեղ չի հասնելու։ Ուստի Թուխ Մանուկ եկեղեցին տեղափոխվեց ու տեղադրվեց Սուրբ Վարդան դամբարան-մատուռի հիմքի կողքին։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քարերը ևս համարակալվեցին տեղափոխելու համար, սակայն անհայտ պատճառներով աշխատանքներն ավարտին չհասցվեցին։

Часовня Тух Манук у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Թուխ Մանուկ եկեղեցի

Ի՞նչ է հայտնի Սուրբ Պողոս-Պետրոսի մասին

Սուրբ Պողոս-Պետրոսը եղել է տարածքի գլխավոր եկեղեցին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ եկեղեցու հիմնադրումից տարիներ անց՝ 4-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին, Գրիգոր Գնթունու պահանջով և նրա միջոցներով եկեղեցին վերակառուցվել է։

«Նա արձանագրություն էլ է թողել եկեղեցու արևելյան պատին, որտեղ գրված է՝ Աստված օրհնի ինձ, որ ես կառուցել եմ այս եկեղեցին»,- ասում է Մարիամը՝ ցույց տալով խորանի դիմաց պատի վրա փորագրվածը։

Церковь Сурб Погос-Петрос в Зовуни у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Պողոս-Պետրոս

Սուրբ Պողոս-Պետրոսը միանավ բազիլիկ տիպի, բավականին ընդարձակ շինություն է։ Մասնագետների խոսքով՝ սա բացառիկ կառույց է, որովհետև հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Մարիամը ցույց է տալիս եկեղեցու գլխավոր մուտքի մոտ բարձր, մեծ քարերով շարված հիմքը։ Ենթադրում է, որ եկեղեցու կառուցվածքը միգուցե թույլ չի տվել խորհրդային տարիներին ավարտին հասցնել տեղափոխման աշխատանքները։ Եկեղեցու վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 19-րդ դարի վերջին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ Սակայն հիմա եկեղեցին առանց տանիքի է․ ջրի մեջ մնալու հետևանքով փայտե տանիքը քայքայվել է։ Եկեղեցին, տարվա մեջ մի քանի ամիս ջրի մեջ ապրելով, դիմակայել է ու կանգուն մնացել։ Սակայն 2005 թվականին եկեղեցու արևելյան պատը փլուզվել է։ Մարիամը նշում է՝ վերջին 3-4 տարիներին ապարանյան ձմեռները նախկինի նման ձնառատ չեն, անձրևներն էլ շատ չեն, թերևս նաև դրա պատճառով է ջրամբարի ջրի մակարդակը կտրուկ նվազել ու դրա շնորհիվ է եկեղեցին վերջին տարիներին հիմնականում ջրից դուրս է մնում։

Չնայած 16 դարերի ընթացքում գլխով անցածին ու անգամ կես դար պարբերաբար ջրասույզ լինելուն՝ եկեղեցին շարունակում է կանգուն մնալ, խաչն էլ է տեղում։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին համբերատար սպասում է, որ մի օր իր ճակատագիրն այլևս անձրևներից ու ձնից կախված չի լինի, անգամ երբ ջրամբարը նորից լիքը լինի, ինքն անվտանգ կլինի։

  • Սուրբ Վարդան մատուռ
    Սուրբ Վարդան մատուռ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Պողոս–Պետրոս եկեղեցուց բացվող տեսարան
    Պողոս–Պետրոս եկեղեցուց բացվող տեսարան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Պողոս–Պետրոս եկեղեցի
    Պողոս–Պետրոս եկեղեցի
    © Sputnik / Aram Nersesyan
  • Թուխ Մանուկ
    Թուխ Մանուկ
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 4
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Վարդան մատուռ

Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները

0
թեգերը:
ջրամբար, Ապարան, Եկեղեցի, Հայաստան
Ըստ թեմայի
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները
Առյուծներով տան գաղտնիքը. ինչպես մեծահարուստ Ղուկասյանը փորձանք բերեց իր ընտանիքի գլխին
Դաքայի մարգարիտը. ինչպես է բենգալյան ընտանիքը պահպանում հայկական եկեղեցին