Գեորգի Ավետիսյան

Սիբիրյան խոցի տարածման պատճառը կարող է երաշտը լինել. մասնագետի դիտարկումները

49
(Թարմացված է 14:54 10.07.2021)
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում գրանցված սիբիրյան խոցի դեպքերին։
Գեորգի Ավետիսյան. Եթե երաշտը շարունակվի, սիբիրախտի դեպքեր կարող են լինել այլ մարզերում

Գեորգի Ավետիսյանի փոխանցմամբ` իրավիճակն ամբողջությամբ գտնվում է վերահսկողության ներքո, իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, և այս պահին սիբիրախտով կենդանիներ Իսահակյան, Տորֆավան և Վանեվան համայնքներում չկան, անասնագլխաքանակն ամբողջությամբ պատվաստվել է, կաթի հետ կապված սահմանափակումները նույնպես հանվել են։

«Ամեն տարի, երբ լինում է երաշտ, պետք է սպասել նման դեպքերի, որովհետև դեռ խորհրդային տարիներից մեր հողն ապականված է սիբիրախտով և ոչ միայն այդ հիվանդությամբ։ Դեռ այդ ժամանակներում անասնաբուժությունը եղել է գառ մորթել–ուտելու մակարդակով, և ոչ ոք իր գործառույթները նորմալ չի իրականացրել։ Մինչև վերջին տարիներն ունեցել ենք նույն պատկերը»,– նշեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։  

Ավետիսյանի տեղեկացմամբ` սիբիրյան խոցի հարուցիչը պատիճ առաջացնող բակտերիա է, որը կարող է 100-150 տարի մնալ հողի մեջ և անընդհատ գլուխ բարձրացնել պատեհ ու անպատեհ առիթներով։ Ըստ նրա` Իսահակյանի դեպքն ուրիշ էր, անասնաբույժը պատվաստում չէր իրականացրել, իսկ Տորֆավանում և Վանեվանում գրանցված դեպքերը կապված էին անասունների հիվանդության հետ։ Պատվաստանյութը, որը հենց նախատեսված է սիբիրախտի դեմ և ներարկվում է պետպատվերով, ունի 88-90 տոկոս արդյունավետություն, բայցևայնպես 100 անասունից 12–ը կարող են իմունային առումով թույլ լինել ու վարակվել հողի հետ կամ անկած կենդանիների դիակների հետ շփվելուց հետո։

«Սիբիրյան խոցն, ի դեպ, այդքան հեշտ չի տարածվում։ Այդ հիվանդությունն աֆրիկյան ժանտախտի կամ դաբաղի նման չէ, և հավանականությունը շատ ցածր է, որ նույնիսկ հիվանդ կենդանու հետ շփվելուց հետո առողջ կենդանին կարող է հիվանդանալ։ Բայց եթե երաշտը շարունակվի և խոտ չլինի արոտավայրերում, չի բացառվում, որ այլ մարզերում նույնպես կարող են գրանցվել սիբիրախտի դեպքեր։ Չնայած այդ հանգամանքին, փորձում ենք իրավիճակը պահել հսկողության տակ, մեր տեսուչներն այս պահին էլ շրջում են գյուղերում` հետևելով պատվաստումների ընթացքին»,– ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ անդրադարձավ սպանդանոցային մորթի, սանիտարական պայմաններում մսի վաճառքի և լավ վիճակում մսամթերք տեղափոխելու հետ կապված հարցերին` ընդգծելով, որ հասարակության մի հատվածն ըստ էության չի հասկանում, որ մորթը պետք է իրականացնել էկոլոգիապես մաքուր պայմաններում, որ չի կարելի մսամթերք գնել ամեն պատահածից ու ամեն տեղից։

Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է

Ըստ Ավետիսյանի` Գեղարքունիքի մարզն ամբողջությամբ համալրված է սպանդանոցային տնտեսությամբ, ու թեև Շիրակի մարզում կա պրոբլեմ, սակայն խնդիրը դա չէ, այլ սեփական կարիքների ու ծիսակատարությունների համար շարունակաբար իրականացվող բակային մորթը, որը վերահսկելի չէ և պարունակում է ռիսկեր։         

Նշենք, որ  Շիրակի մարզի Իսահակյան գյուղում սիբիրախտ հիվանդության պատճառով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների անկումներ են արձանագրվել: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս մեկ  հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց: Այսօր հայտնի դարձավ, որ ևս երկու կին են դիմել բուժօգնության արդեն բարդացած վիճակում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նաև Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։ Նախնական վարկածով` վարակն այնտեղ նույնպես տարածվել էր հիվանդ անասունի մսից։

Վանեվանի ու Տորֆավանի ամբողջ անասնագլխաքանակը նորից պատվաստվել է։ Նշված համայնքներում գրանցված սիբիրյան խոցի դեպքերից հետո մարզում նոր դեպքեր այլևս չեն գրանցվել։

49
թեգերը:
սիբիրյան խոց, երաշտ, Գեորգի Ավետիսյան
Ըստ թեմայի
«ՋՕ նոր տնօրենը ԺՊ է, բայց խիստ է». ինչ կանեն Արարատի մարզի գյուղերում, եթե երաշտ լինի
Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ
Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի պատժելու մեթոդները, կամ ինչպես տխուր երևույթը տհաճ անցյալից տեղափոխվեց մեր օրեր

86
(Թարմացված է 22:16 23.07.2021)
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում զուգահեռներ է անցկացրել նախկին և ներկա իշխանությունների միջև և ասել, թե ինչ է փոխվել Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով։
Հարությունյան. «Ընտրություններից հետո Փաշինյանը գնում է Սյունիքի համայնքապետերին պատժելու ճանապարհով»

Վարդան Հարությունյանի դիտարկմամբ`նախկին իշխանությունների հասցեին հնչած քննադատությունները հիմնավոր էին, որովհետև նրանք իրենց բոլոր ծրագրերը մշակելիս հաշվի էին առնում թաղային հեղինակությունների, քրեական տարրերի շահերը և որևէ հարգանք չունեին մարդու իրավունքների նկատմամբ։

«Մենք ունեինք քաղբանտարկյալներ, քաղաքական նպատակներով հետապնդվող անձինք։ Դատական կամայականության դեպքերը շատ էին, և արդարադատության վիճակը ենթադրում էր, որ կլինեն քննադատություններ, ընդ որում` քննադատել ենք ոչ միայն մենք` տեղական իրավապաշտպաններս, այլև միջազգային կառույցները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Իսկ ինչ վերաբերում է առկա վիճակին, Հարությունյանն ընդգծեց, որ ներկան պետք է բաժանել երկու մասի` 2018 թվականի հեղափոխությունից հետո մինչև 2020 թվականն ընկած ժամանակաշրջան և հետպատերազմական ժամանակաշրջան։ Ըստ նրա` մինչպատերազմական շրջանում առկա էին դրական միտումներ, ճիշտ է` չկային ակնհայտ զարգացումներ, թեև ձերբազատվեցինք քաղբանտարկյալներից, բայցևայնպես երկու տարվա ընթացքում հիմքեր չձևավորվեցին, որպեսզի ապագայում արդեն ամրապնդվեն ձեռքբերումները։

«Հետպատերազմական շրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Հիմա չասեմ, թե գործ ունենք քաղաքական նկատառումներով հետապնդումների հետ, բայց հիմնավոր կասկած կա, որ այլախոհների նկատմամբ տեղի է ունենում վրեժխնդրություն։ Օրինակ կարող են ծառայել Սյունիքի համայնքապետների հետապնդումները։ Փաշինյանը նշված մարզում արժանացավ ոչ այնքան հաճելի ընդունելության և հիմա ընտրություններից հետո գնում է նրանց պատժելու ճանապարհով, ինչը չպետք է տեղի ունենար»,– ասաց իրավապաշտպանը։

Անդրադառնալով Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների որդիների հետ կապված միջադեպին ու Գորիս քաղաքում գրանցված փոխհրաձգությանը` Հարությունյանն ընդգծեց, որ տխուր երևույթը տհաճ անցյալից տեղափոխվել է մեր օրեր։ Ըստ նրա` գուցե կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր փոխել դաստիարակությունն ու պատկերացումները, որ ունեն մարդիկ ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ Հայաստանում, երբ փորձում են հարցեր լուծել զենքի կիրառմամբ, բայցևայնպես երևույթը պետք է խստորեն դատապարտվի նույն կերպ, ինչպես նախորդ իշխանությունների օրոք։

«Գործող իշխանությունը պետք է առանց թերանալու կատարի իր պարտականությունները, մի բան, ինչը հնարավոր չէր ակնկալել նախկինների պարագայում։ Բայց պետք է նշել, որ 2018 թվականին հաղթած ուժի ներկայացուցիչներն այսօր բոլորովին նույն մարդիկ չեն։ Նրանք ավելի շատ վերադառնում են հեղափոխությունից առաջ եղած իրականությանը, սկսում են նմանվել նախահեղափոխական շրջանի իշխանավորներին»,– ասաց իրավապաշտպանը։

Հարությունյանի գնահատմամբ`ներկա իրավիճակում նույնպես գործում է այն սկզբունքը, որ յուրայիններին կարելի է ավելին, քան ոչ յուրայիններին, թեև հույս կար, որ մենք կտրվել ենք նախկին իրականությունից, սակայն հույսերը չարդարացան։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց։

Իսկ հուլիսի 14–ին հայտնի դարձավ, որ Գորիսում փոխհրաձգություն էր եղել. ըստ ԶԼՄ–ների` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա։

ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ

86
թեգերը:
Ընտրություններ, Սյունիք, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կալանավորված Արթուր Սարգսյանն էլ պատգամավոր դարձավ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանը
Հայաստանի «արտահերթ» խորհրդարանը. ով ինչքան մանդատ ստացավ
Սուր ելույթներ, շոուներ, թատրոն. ինչպիսի՞ն կլինի 8-րդ գումարման խորհրդարանը
Ինեսսա Գաբայան

Ինչպե՞ս կարելի է լուծել ջրային ռեսուրսների հարցը. Գաբայանը կոնցեպտուալ կետեր է թվարկում

55
ՀՀ ջրային կոմիտեի նախկին նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ինեսսա Գաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե որոնք պետք է լինեն ջրային համակարգի զարգացման հայեցակարգի կարևորագույն կետերը։
Ջրային համակարգին տրամադրվող սուբսիդիաների 70 տոկոսը գնում է էներգիայի դիմաց վճարումներին

Ինեսսա Գաբայանի փոխանցմամբ` դեռ 2019 թվականի սկզբին ջրային կոմիտեն իր ղեկավարությամբ ներկայացրել էր համապատասխան նախագիծ, իսկ վերջերս համացանցում տեսել է համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը և այն ընդունելու մասին կառավարության որոշման նախագիծը, բայց, ցավոք, ջրային համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը դեռ գտնվում է սաղմնային վիճակում։

«Այս ոլորտում հայեցակարգային միջոցառումներ իրականացնելու համար նախ անհրաժեշտ է ընդունել ընդհանուր հայեցակարգը, այլապես կոնցեպտուալ օղակների զարգացումն արդյունավետ չի լինի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ջրային կոմիտեի նախկին նախագահը։

Գաբայանի կարծիքով` հարցերից առաջինը պետք է լինի ջրամբարաշինությունը, դրանց կառուցումն ու մեր երկրի տարածքում ձևավորվող ջրային ռեսուրսների ամբարումը տարբեր ոլորտներում օգտագործելու համար, ինչն ունի ռազմավարական և անվտանգության ապահովման նշանակություն։

Երկրորդը ոռոգման համակարգերի արդիականացումն է, ինչը ենթադրում է նաև ջրային ռեսուրսների հաշվառում ու էներգահամակերգերի ներդրում։

«Հայաստանում գործում են խոշոր պոմպակայաններ, որոնք աշխատում են շատ հին տեխնոլոգիաներով, գերօգտագործում են էլեկտրաէներգիան, իսկ կառավարության կողմից նշված համակարգին տրամադրվող սուբսիդիաների 70 տոկոսը գնում է այդ էներգիայի դիմաց վճարումներին։ Բա մնացա՞ծ աշխատանքները, բա մնացա՞ծ կարիքները։ Սա ահավոր, էներգածանր համակարգ է, հետևաբար պետք է ձգտել այն արդիականացնել, դարձնել էներգախնայող, ներգրավել ինքնահոս համակարգեր` կիրառելով կաթիլային, անձրևացման մեթոդները»,– ասաց ՀՀ ջրային կոմիտեի նախկին նախագահը։

Երրորդ կարևոր կոնցեպտուալ կետը, ըստ Գաբայանի, ջրային համակարգի վրա ծախսվող գումարների օգտագործման իրական գնահատումն է։

Ջուրը ճիշտ չի օգտագործվում, ՀՀ–ն մեծ վնասներ է կրելու. ահազանգում են մասնագետները

Նրա խոսքով` անկախացումից հետո թեև Համաշխարհային բանկի մի շարք ծրագրերով ու մի քանի երկրների կողմից մեծ ներդրումներ են կատարվել ջրային համակարգի վերականգնման գործում ոռոգման համակարգերի, ջրամբարների անվտանգությունն ապահովելու նպատակով, սակայն տարեցտարի մենք նորից կանգնում ենք նույն խնդիրների առջև, որովհետև չենք կարողանում ներդրված գումարներն օգտագործել նպատակային, այսինքն`արդյունավետ չեն ծախսվում վերականգնված հատվածների պահպանման ու շահագործման համար նախատեսված գումարները, ուստի անհրաժեշտ է մշակել ֆինանսավորման հստակ ռազմավարություն, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ զարգացնել բնագավառն ու այն դնել ճիշտ ուղու վրա։

Արցախի իշխանությունները նախատեսում են մի քանի ջրամբարներ կառուցել

55
թեգերը:
ջրամբար, ջուր, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին
Փաստորեն վերջին 60 տարում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ անձրև. Փաշինյանը` Սևանի մասին
Ինչ ախորժակ են գրգռում Սև լճի քաղցր ջրերը. լճից բաժին էր պահանջում նաև Հեյդար Ալիևը
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 919)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

0
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

0
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը