Թևան Պողոսյան

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

274
(Թարմացված է 17:53 28.05.2021)
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին։ 
Պողոսյան. «Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է»

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` հասկանալի է, որ տվյալ հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է։ Ըստ նրա` նախկինում ունեցել ենք համակարգ, որում ամեն արտգործնախարար երկրի ղեկավարի հետ աշխատել է ամբողջ ծավալով, և առաջին փոփոխությունը Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտոնավարման օրոք կապված էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որը նույնպես ուներ քաղաքական հիմք։ Պողոսյանը վկայակոչեց Վարդան Օսկանյանի և Էդվարդ Նալբանդյանի օրինակը, ովքեր տասը տարի պաշտոնավարեցին քաղաքական ցիկլի իրենց ղեկավարի հետ։

«Բայց վերջին երեք տարվա ընթացքում ունեցանք արտգործնախարարի երկու փոփոխություն, և առկա պայմաններում «քաղաքական ղեկավարությունն» ու պետական ինստիտուտներն իրար հետ չեն կարողանում աշխատել, ինչը նշանակում է, որ գործող իշխանությունը չի կարողանում իր քաղաքականության մեջ ճիշտ հարաբերվել պետական ինստիտուտների հետ և նրանց գործունեությունը հասցրել է կաթվածի։ Միակ աշխատող կառույցը ՄԻՊ–ի գրասենյակն է, մյուսները ոչ մի աշխատանք չեն կատարում»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` պետք չէ զարմանալ, որ նման պայմաններում պաշտոնատար անձինք շատ արագ են փոխվում, այդպես լինելու է նաև ապագայում, ու այստեղ կարևորը ոչ թե արտգործնախարարների փոփոխությունն է, այլ այն, թե ով է երկրի ղեկավարը, հետևաբար քաղաքական գործող ղեկավարության հետագա պաշտոնավարման դեպքում, ըստ քաղաքագետի, ունենալու ենք քայքայված պետություն։ 

«Մեր երկրում ռազմավարական հաղորդակցման ընկալումը զրոյական մակարդակի վրա է, ստիպված ենք այս կամ այն հրաժարականի դեպքում հենվել կանխատեսումների ու ենթադրությունների վրա։ Սուրճի բաժակ նայելիս կարելի է տեսնել շատ բան, կարող են շրջանառվել Արա Այվազյանի հրաժարականի բազմաթիվ դրդապատճառներ։ Ես գիտեմ մի բան, որ կա քաղաքական ճգնաժամ ԱԳՆ–ի ու գործող իշխանության միջև, վերջինս չի կարողանում հարաբերվել ինչպես հասարակության, այնպես էլ պետական ինստիտուտների հետ»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է. նախկին մարզպետը մեկնաբանել է հրաժարականը

Պողոսյանի գնահատմամբ` այն իշխանությունը, որը պետությանը հասցրել է պարտության, պետք է հեռանա և որքան երկար պաշտոնավարի, այնքան ավելի մեծ քայքայումներ կլինեն։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Արա Այվազյանը արտգործնախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Զոհրաբ Մնացականյանին։

274
թեգերը:
Հրաժարական, Արա Այվազյան, Թևան Պողոսյան
Ըստ թեմայի
Արցախի ԱԺ 3 խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Երեկ եմ խոսել նախարարի հետ. «Իմ քայլի» պատգամավորը` Այվազյանի հրաժարականի մասին
Արցախի վարչապետ է նշանակվելու Արտակ Բեգլարյանը
Գարիկ Միսակյան

Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը. Միսակյան

63
(Թարմացված է 17:20 19.06.2021)
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հայ-իրանական հարաբերություններին։
«Իրանը կարող է զսպել Սյունիքում ադրբեջանա-թուրքական ակտիվության ճիգերը». Միսակյան

Պահպանողական էբրահիմ Ռաիսին կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ և Հայաստան-Իրան հարաբերությունները նոր հարթություն տեղափոխել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։

«Իրանում մինչ Ռայիսիի ընտրվելը և նախագահական ընտրությունները թե՛ խորհրդարանի, թե՛ փորձագիտական մակարդակում եղել են հայտարարություններ, Իրանի խորհրդարանի գիտական ուսումնասիրությունների կենտրոնը նաև զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ Իրանի առաջնահերթություններից է լինելու տնտեսական հարաբերությունների բարելավումը Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Նրա խոսքով` Իրանը տնտեսական ակտիվությամբ կփորձի կանխել թուրքական աննախադեպ ազդեցության աճն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, իսկ Հայաստանում` տարանցիկ ենթակառուցվածքներ ստեղծել և մեծացնել իր տնտեսական ազդեցությունը Սյունիքում։

«Սյունիքում իրանական ներկայության մեծացումը իրանական փորձագիտական շրջանակների կողմից կարևորվում է նրանով, որ Իրանը, տնտեսապես ակտիվանալով Սյունիքում, կարող է նաև որոշ չափով միջամտել Սյունիքի հետ կապված ադրբեջանա-թուրքական ձգտումներին»,- ընդգծեց Միսակյանը։

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ` հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

63
թեգերը:
Գարիկ Միսակյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Սյունիքի մարզ, Հայաստան
Ատոմ Մարգարյան

Ո՞ր դեպքում ֆինանսական-տնտեսական ցնցումներ կլինեն. Մարգարյանը` դրամի կայունության մասին

55
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դրամի փոխարժեքի կայունացմանը և նշել, թե որ դեպքում կարող են ցնցումներ գրանցվել։
«Հնարավոր են որոշակի ֆինանսական-տնտեսական ցնցումներ». Մարգարյան

Եթե ընտրություններն անցնեն անցնցում, և հետընտրական անցանկալի զարգացումներ չլինեն, դրամի փոխարժեքի կայունությունը կշարունակվի, և հնարավոր է` էլ ավելի ամրապնդի դիրքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«ԿԲ ռեզերվները, որոնք շուրջ 3 մլրդ դոլար են կազմում, թերևս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, այնպես որ այս իմաստով խնդիր չի լինելու, եթե քաղաքական գործընթացներն ընթանան օրենսդրության շրջանակում, հակառակ պարագայում հնարավոր է ամեն ինչ, այդ թվում նաև որոշակի ֆինանսական-տնտեսական ցնցումներ»,- ասաց նա։

Նրա խոսքով` փոխարժեքի որոշակի կայունացումն արհեստական չէ. մեծ հաշվով մակրոտնտեսական ցուցանիշները հավասարակշռված են, սակայն գնաճային միջավայրն է որոշակի լարված, հատկապես արտաքին շուկաներից եկող ռիսկերի կամ ճնշումների համատեքստում։

Կենտրոնական բանկը խստացնում է վարկեր տրամադրելու կանոնները

«Հատկապես պարենային ապրանքների և վառելիքի թանկացումները միջազգային շուկայում ավելի շատ էկզոգեն գործոններ են, որոնք ազդում են հայաստանյան թե՛ սպառողական, թե՛ արտարժութային շուկայի զարգացումների վրա, արհեստականության տարր այստեղ չկա»,- նշեց Մարգարյանը։

Նշենք, որ վերջին օրերին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որոշակի կայունություն է գրանցել։

Ինչպիսին կլինի ապագա իշխանությունը. ընտրության մասնակիցների կեսը տնտեսական ծրագիր չունի

55
թեգերը:
դրամ, Ատոմ Մարգարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գնաճը զարգանում է. ԿԲ–ը դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկի
ԿԲ նախագահը կանխատեսում է՝ ընտրությունները չեն հանգեցնի գնաճի
Արմեն Չարչյան

Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի

164
(Թարմացված է 23:57 19.06.2021)
Չարչյանի պաշտպանները հայտարարել էին, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Արմեն Չարչյանինն է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակեր այսօր՝ ժամը 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ՝ ժամը 19։34-ին, պաշտպանները դատավորի օգնականից տեղեկացել են, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու։ Տեղեկությունը հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը, դատավորի աշխատակազմից որևէ տեղեկություն չի հաղորդվել և չի հաղորդվում մինչ այս պահը: Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը, մերժել բոլոր տեսակի ճնշումները և գործել բացառապես օրենքով»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր դատարանում տեղի էր ունեցել Արմեն Չարչյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը:

Գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։ Քննության ավարտից հետո պաշտպանները հայտնել էին, որ Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի 20։00-ին։

Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

Նրանք արձանագրել էին, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի հարց է առաջադրել` արդյո՞ք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է: Ըստ նրանց` ստացվում է, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ այդ անձն Արմեն Չարչյանն է:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

164
թեգերը:
Դատարան, Արմեն Չարչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան
Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է