Սերժ Սրապիոնյան

Սփյուռքահայերին առնչվող նման օրենքի ընդունումը վաղաժամ է. Սրապիոնյանը մեծ վտանգ է տեսնում

113
(Թարմացված է 23:21 20.04.2021)
ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին, որն առնչվում է սփյուռքահայերին ՀՀ կառավարման համակարգում ընդգրկելու խնդրին։
Սրապիոնյան. «Սփյուռքահայերին առնչվող նման օրենքի ընդունումը վաղաժամ է»

Սերժ Սրապիոնյանի կարծիքով` թեև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտաքուստ շատ գրավիչ առաջարկ է անում, բայց իրականում դրա տակ մեծ վտանգ է թաքնված։ Ըստ նրա`բոլորն էլ անցած երեսուն տարիների ընթացքում տեսել են, թե ինչպես են սփյուռքահայերը Հայաստանում պատասխանատու պաշտոններ զբաղեցնում ու առհասարակ ինչպես են նրանք աշխատել։

Սրապիոնյանը, չթերագնահատելով սփյուռքահայերի ներուժը, այդուհանդերձ ընդգծում է, որ նրանք պետական կառավարման դեռ պատրաստ չեն, լավագույն դեպքում նրանք կառավարել են այս կամ այն հասարակական կառույցը։

«Որպեսզի սփյուռքահայը կարողանա ինտեգրվել Հայաստանին, պետք է խնդիրները պատկերացնի այնպես, ինչպես տեղաբնակները, և իր հատկացրած օժանդակության պարագայում չմտածի, թե իրեն վերաբերվում են որպես «կթու կովի»։ Կարծում եմ, որ նման օրենք ընդունելը վաղաժամ է, որովհետև դա մեր երկրին ոչինչ չի տա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախկին փոխնախարարը։

Սրապիոնյանը հիշեցրեց` ներկայիս իշխանությունները հայտարարել էին, թե մոտ հարյուր երիտասարդ սփյուռքահայի էին ուզում հրավիրել ու ընդգրկել կառավարման համակարգում, բայց հայտնի չէ, թե ովքեր են նրանք և ինչով են զբաղված։

Ըստ նախկին պաշտոնյայի` նախ թող ՀՀ քաղաքացիների ներուժը սպառիչ ու ամբողջովին օգտագործեն, որոնք ծնվել ու մեծացել են այստեղ և իրենց երկրի հոգեբանության կրողն են, հետո նոր հույսը դնեն սփյուռքի վրա։

«Սփյուռքահայն այն երկրում, որտեղ բնակվել է, կամա– ակամա, ուզի–չուզի, գիտակցի– չգիտակցի, կրում է այդ երկրի ժողովրդի գաղափարաբանությունն ու հոգեբանությունը։ Կարծում եմ, որ սփյուռքահայը պետք է աստիճանաբար ինտեգրվի Հայաստանի կյանքին, իրեն լիարժեքորեն զգա Հայաստանի քաղաքացի, ինչպես որ զգում են հրեաներն ու իռլանդացիները, որտեղ էլ ապրեն։ Նախ անհրաժեշտ է հոգեբանորեն պատրաստվել, մինչդեռ այս կառավարությունը մերժում է սփյուռքը և այն ամենը, ինչ արվել էր սփյուռքի համար, Զարեհ Սինանյանի փափուկ ձեռքով հավասարեցվել է զրոյի, հետևաբար նման օրենքի ընդունումը լոկ պոպուլիզմ է»,– ասաց նախկին փոխնախարարը։

Սրապիոնյանի գնահատմամբ` արդեն երեք տարի է, ինչ սփյուռքին առնչվող որևէ լրջմիտ կարծիք, մոտեցում կամ ծրագիր չկա` ի տարբերություն իշխանության կողմից մերժված նախկինների, որոնց պաշտոնավարման օրոք ստեղծվեց սփյուռքի նախարարությունը, որն էլ իր հերթին դոկտրին էր մշակում` քայլեր ձեռնարկելով սփյուռքի հետ մերձեցումն ապահովելու համար։ Ըստ Սրապիոնյանի` պետք է վերաբացվի սփյուռքի նախարարությունը, մշակվի նոր ռազմավարություն, և սփյուռքը որոշ ժամանակ անց բնականոն կերպով կինտեգրվի Հայաստանի կառավարական մարմիններին։

Տեղեկացնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում, որպեսզի կառավարության անդամ (բացառությամբ` վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին` անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամկետից և ՀՀ–ում բնակության ժամանակահատվածի տևողությունից։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կարծիքով` սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային ժողովի միջոցով։

Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն` ՀՀ կառավարության անդամ կարող է լինել ՀՀ քաղաքացի, ընդ որում` ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։

113
թեգերը:
Սերժ Սրապիոնյան, Սփյուռք, Հայաստան
Հրանտ Մելիք–Շահնազարյան

Արցախյան հարցն ավելի կխճճվի, կամ վերջին կարևոր զարգացումը Լավրովի երևանյան այցն էր

7
(Թարմացված է 21:02 07.05.2021)
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և դրա շուրջ ընթացող տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին։
Մելիք–Շահնազարյան. Գերտերությունների մրցակցության բովում արցախյան հարցն էլ ավելի կխճճվի

Արցախը հայտնվել է գլոբալ տարածաշրջանային իրադարձությունների կենտրոնում, և քանի դեռ կա լուրջ մրցակցություն գերտերությունների միջև, արցախյան հարցն էլ ավելի կխճճվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հրանտ Մելիք–Շահնազարյանը։ Ըստ նրա` եթե խոսենք զուտ Արցախի մասին, ապա վերջին կարևոր զարգացումը կապված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի հետ։

«Ռուսաստանն իր բոլոր դիտարկումների կամ մոտեցումների հիմքում դնում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու տնտեսական կապերի վերահաստատումը տարածաշրջանում։ Ռուսաստանի համար այս պահի դրությամբ դա առաջնահերթություն է, և մնացած խնդիրները պաշտոնական Մոսկվան ծառայեցնում է հենց այդ առաջնահերթության կիրարկմանը, որովհետև Ռուսաստանը ցանկանում է Հարավային Կովկասում ունենալ իր համար հասկանալի ու կանխատեսելի իրավիճակ»,– նշեց քաղաքագետը։

Մելիք–Շահնազարյանի կարծիքով`ամենացավալին այն է, որ Հայաստանն այս պահին մասնակից չէ տարածաշրջանային հարցերի շուրջ կարևոր քննարկումներին։ Անգամ այն ծրագրերի կապակցությամբ, որոնք նախատեսված են ՀՀ տարածքով իրականացնելու համար, պաշտոնական Երևանի կարծիքը շատ քիչ է հաշվի առնվում, ինչը պայմանավորված է այն փաստով, որ գործող իշխանությունն ըստ էության նույնիսկ չի բարձրաձայնել հարցերը, որոնք կարող են ոչ միայն տնտեսական առումով մտահոգիչ լինել մեզ համար, այլև կարող են անվտանգային ռիսկեր պարունակել։

«Գործող իշխանությունը բացառապես կենտրոնացել է ներքաղաքական զարգացումների վրա` որևէ ուշադրություն չդարձնելով Հայաստանի շուրջ ընթացող իրադարձություններին, հետևաբար բաց են թողնում ապագայում այս տարածաշրջանի մեջ լուրջ դերակատարություն ստանձնելու հնարավորությունները ոչ միայն այլ երկրներին, այլև հենց թուրք–ադրբեջանական դաշինքին»,– նշեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Ինչ վերաբերում է կոնկրետ արցախյան խնդրի կարգավորման գործընթացին, ապա քաղաքագետի գնահատմամբ` վերջին օրերին ակտիվություն նկատվեց համանախագահներից հատկապես Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի վարքագծում, որոնք բավարարված չեն արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներով, հետևաբար փորձելու են ինչ–որ կերպ փոխել ստեղծված իրավիճակը` առաջ բերելով նոր գործոններ։ Քաղաքագետը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև առկա հակասությունների մասին խոսեց նաև Սերգեյ Լավրովը երևանյան այցի ընթացքում` հորդորելով զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց։

Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարը Հայաստան էր ժամանել մայիսի 5-ին։ Նրան ընդունել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Դիվանագետները հուշագիր են ստորագրել։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։

Սերգեյ Լավրոնին աշխատանքային երկօրյա այցի շրջանակում ընդունել էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

7
թեգերը:
Հրանտ Մելիք–Շահնազարյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՌԴ-ն հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հանձնառությանը. Լավրով
«Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի»․ Սերգեյ Լավրով
Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան
Վահագն Հովակիմյան

Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան

34
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` նշելով, թե ինչն է կիրառվելու արդեն հունիսի 20-ին նախանշված ընտրությունների ժամանակ։
«Արտահերթ ընտրությունները անցկացվելու են այս պահին գործող օրենքով». Հովակիմյան

Վահագն Հովակիմյանի փոխանցմամբ` դեռ նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնելիս ինքն ասել էր, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են բացառապես այս պահին գործող օրենքով։ 

«Մեր նախագծով առաջարկվող փոփոխություններից որևէ մեկն ուժի մեջ չի մտնելու մինչև ԱԺ ընտրությունների մեկնարկը կամ դրանից ժամանակ։ ՏԻՄ մասով կարգավորումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից հետո` 30-րդ օրը, իսկ խորհրդարանական ընտրություններին վերաբերող փոփոխությունների մի մասը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ մյուս մասն ավելի ուշ ժամկետում»,– նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի հետ կապված փոփոխությանը` Հովակիմյանն ընդգծեց, որ տարածքային ցուցակները հանելու փոփոխությունն ուժի մեջ է մտնել դեռ ապրիլի 27-ից, այսինքն` գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են միայն պարզ համամասնական ընտրակարգով, իսկ մնացած բոլոր փոփոխությունները, որոնք առաջարկվում են մեծ փաթեթով, ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։ 

Պատգամավորի խոսքով`  կոնկրետ դաշինքների ու կուսակցությունների համար նախատեսված ընտրական շեմի, կոալիցիա ձևավորելու, մանդատների բաշխման հետ կապված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հաջորդ Ազգային ժողովի, այսինքն` 8-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների նշանակման պահից։       

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց. «Հրապարակ»

 ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն ուղարկվեց  Վենետիկի հանձնաժողով, որն դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին։։

34
թեգերը:
Ընտրական օրենսգիրք, Օրենք, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանը Արման Թաթոյանի դիմումի հիման վրա որոշում է կայացրել

0
(Թարմացված է 21:09 07.05.2021)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործի որոշումը։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

«Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 42-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,–նշված է ՍԴ որոշման մեջ։

Նշենք, որ ըստ թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի`պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Ըստ ՍԴ որոշման` կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերը ևս համապատասխանում են Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանը որոշել է` երբ կքննի ՀՀ նախագահի դիմումը

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն էր հայտարարվել 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Այն վերացվեց մարտի 24-ին։

0
թեգերը:
որոշում, Սահմանադրական դատարան, ռազմական դրություն
Ըստ թեմայի
Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ
«ՍԴ-ն Հռոմի պապից կաթոլիկ գտնվեց». ՀՀ գլխավոր դատախազը` 300․1 հոդվածի չեղարկման մասին
Տեր–Պետրոսյանը դիմում է ՀՀ նախագահին, ՍԴ–ին ու ԱԺ խմբակցություններին