Արմեն Բաղդասարյան

Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում

76
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նորաստեղծ կուսակցությունների գործունեությանը սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Բաղդասարյան. «Ներկա իրավիճակում ռուսամետ քաղաքական ուժերի դիրքերն ավելի ամուր են»

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` նորաստեղծ կուսակցությունների ստեղծման գործընթացը հանգեցնելու է ձայների փոշիացման, և դա իսկապես խնդիր է, որովհետև Հայաստանն այնպիսի վիճակում է, որ չի կարող իրեն թույլ տալ նման շքեղություն։ Ըստ նրա` Հայաստանի առջև կան լուրջ մարտահրավերներ, և քաղաքական ուժերը պետք է շատ հստակ ծրագրեր ներկայացնեն երկիրն այս վիճակից դուրս բերելու վերաբերյալ։ 

«Չեմ կարծում, որ նորահայտ մարդ–կուսակցությունները կարող են դա անել։ Նրանց միակ երևացող գործառույթն ավելի շատ լինելու է քաղաքական դաշտում անորոշություն մտցնելը, ինչն էլ հիմնական խաղացողները, մրցակիցները կարող են այս կամ այն կերպ օգտագործել։ Նրանք ավելի շուտ աշխատելու են ընդդիմադիր զանգվածի հետ, որովհետև իշխանությունների նկատմամբ վստահության գրեթե զրոյական մակարդակ է, համատարած դժգոհություն, թեև դժգոհություն կա նաև նախկինների նկատմամբ»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` հիմնական խնդիրն այն է, թե օրվա իշխանություններից դժգոհ ընտրազանգվածն ում պետք է տա իր ձայները, ուստի բնական է, որ նորաստեղծ կուսակցություններն աշխատելու են հենց այդ ընտրազանգվածի վրա, այսինքն` գործելու են ընդդիմադիր դաշտում։

Բաղդասարյանի համոզմամբ` ՀԱԿ–ի համագումարից հետո պարզ կդառնա, թե արդյո՞ք այդ քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին, կմասնակցի՞ արդյոք միայնակ, թե դաշինք կկազմի այլոց հետ: Այդ հստակեցումից հետո, եթե ձևավորվի երրորդ բևեռը, ապա պայքարը կընթանա նրա, Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ 

«Կարծում եմ, որ երրորդ տեղի համար պայքարում ավելի լուրջ հնարավորություններ ունի ԲՀԿ–ն, թեև ռեսուրսներն առաջիկա ընտրություններում մեծ դեր չեն խաղա, ինչպես նախկին ընտրությունների ժամանակ, որովհետև այս ընտրությունները պետք է որ լինեն ավելի քաղաքական, ավելի ծրագրային և մարդիկ դժվար թե հաշվի առնեն նյութական ռեսուրսների հանգամանքը, նրանք հաշվի կառնեն ծրագրերն ու իրականացման հնարավորությունները»,– նշեց քաղաքագետը։ 

Արա Զոհրաբյանն էլ կմասնակցի ընտրություններին. ո՞ւմ հետ կհամագործակցի նա

Բաղդասարյանի գնահատմամբ` իրավիճակն օբյեկտիվորեն այնպիսին է, որ մեր հայացքներն ավելի շատ ուղղված են դեպի Ռուսաստանը, հետևաբար ռուսամետ քաղաքական ուժերի դիրքերն ավելի ամուր են։ Այլ հարց է, որ մեզանում, ըստ նրա, պետք է որոշակի դերակատարում ունենան նաև ազգայնական բևեռի ներկայացուցիչները։  

Ո՞ր դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

76
թեգերը:
կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայտնի է` ինչ ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան
Եթե որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա կանեմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
Թաթուլ Մանասերյան

Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ     

43
(Թարմացված է 23:43 26.07.2021)
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տնտեսական միտումներին և երկնիշ տնտեսական աճի հավանականությանը։ 

 

Մանասերյան. «Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից»

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` տնտեսական աճն իհարկե ցանկալի է, բայց դրա համար պետք է լինեն հիմնավոր նախադրյալներ, իսկ միտումները` հուսադրող, մինչդեռ այն, ինչ ունենք մինչ օրս` իներցիոն տնտեսության, այսինքն` իներցիոն զարգացման արդյունքն է, իսկ իշխանությունները փորձում են իրենց վերագրել գյուղացու, բանվորի, մասնավոր ձեռներեցի հաջողությունները` ասելով, որ որոշակի արդյունքներ են գրանցել։  

 

«Անգամ սկսել են խոսել աննախադեպ աշխատատեղերի մասին, ինչն ամոթ է, քանզի չկա որևէ ուղղություն, որտեղ լինի տնտեսական քաղաքականություն և մենք ասենք, որ մշակվել է համապատասխան հայեցակարգ և իրականացվել կյանքում։ Ամենակարևորն այն է, որ մեր ազգաբնակչության կեսից ավելին գյուղական բնակավայրերում է ապրում և աշխատում, բայց գյուղատնտեսության ոլորտն այնքան է արհամարված, որ չկա գյուղնախարարություն, չկա ագրարային քաղաքականություն, և եթե այս ամբողջ համապատկերում գյուղացին կարողանում է նույնիսկ նման բնակլիմայական պայմաններում ինչ–ինչ արդյունքներ ստանալ, ապա պետությունը չի զլանում դա իրեն վերագրել»,– ասաց տնտեսագետը։

Մանասերյանը կասկածանքով արտահայտվեց երկնիշ տնտեսական աճի հեռանկարի մասին` նշելով, որ բարոյական չէ նման կանխատեսումներ անել, երբ տնտեսությունը գտնվում է անկազմակերպ վիճակում։ Տնտեսագետը վկայակոչեց երկու հիմնական հանգամանք։

Նախ` անցյալ տարի մենք ունեցանք բավականին լուրջ տնտեսական անկում և այդ ֆոնին ինչ–որ գրանցվում է, դա նույնիսկ չի բերել վերականգնողական մակարդակին, ինչ որ եղել է մինչև անկումը։

Գնաճը Հայաստանում միջազգայինից կրկնակի բարձր տեմպ ունի. ինչ է փորձում կոծկել իշխանությունը

Եվ երկրորդ` համավարակը հարվածեց հենց աշխատատեղերին և շփումը նվազագույնի հասցնելու համար բազմաթիվ աշխատատեղեր փակվեցին։ 

«Այժմ մենք ունենք մտահոգիչ մակարդակի վրա գտնվող գնաճ, մինչդեռ բնակչության եկամուտներն այդ գնաճին ուղղակի անհամադրելի են, գնաճը կրկնակի անգամ ավելի շատ է, քան եկամուտների աճը, ուստի նման պայմաններում մի կողմից պրոֆեսիոնալ չեմ համարում երկնիշ տնտեսական աճին վերաբերող արտահայտությունները, մյուս կողմից բարոյական չեմ համարում»– ասաց տնտեսագետը։

Մանասերյանի խոսքով`գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից, սակայն միջազգային պրակտիկայում այն կառավարելի է, եթե պետությունն իր տեղում է, իրականացնում է մոնիթորինգ, իսկ հետո օգտագործում վերահսկողական գործառույթներ։ Ըստ նրա` մեզանում նման բան չկա և միայն  ԿԲ–ի վրա գների կայունության ապահովման խնդիրը թողնելն արդարացի չէ։

Տնտեսագետի խոսքով` երբ տարեսկզբին միլիարդավոր դոլարի ներդրումների մասին էին խոսում, մինչև այս տարեվերջ գոնե մի քանի միլիոն դոլարի ներդրումներ արդեն իսկ պետք է եղած լինեին, մինչդեռ հիմա ունենք բացասական հաշվեկշիռ, այսինքն` փողը ոչ թե մտնում, այլ դուրս է գալիս Հայաստանից։  

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ միջին գները (ՍԳԻ) աճել են 5,7 տոկոսով, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 5 տոկոսով։

Արդյունաբերական արտադրանքի միջին գներն աճել են 10 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը (ընթացիկ գներով արտահայտված) աճել է ընդամենը 2,1 տոկոսով։

Սննդամթերքի միջին գներն աճել են 8 տոկոսով, իսկ ընթացիկ գներով արտահայտված ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 2,7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8 տոկոսով:

«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ

43
թեգերը:
Թաթուլ Մանասերյան, տնտեսություն, Հայաստան, գնաճ
Ըստ թեմայի
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
Հայաստանը պետք է օգտագործի վետոյի իրավունքը. ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցելը մեզ ոչինչ չի տա
Կենտրոնական բանկում կստեղծվի ՀՀ բոլոր բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
Արա Ղազարյան

Ընտրովի արդարադատությո՞ւն. ինչո՞ւ է ԱԱԾ-ն առգրավել Վերաքննիչի համակարգիչները

37
(Թարմացված է 22:33 26.07.2021)
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ չնայած դիմադրությանը` վերջին 1-2 տարվա ընթացքում դատական համակարգի նկատմամբ ճնշումները մեծանում են։
ԱԱԾ-ն պետք է շուտ վերադրաձնի համակարգիչները. Ղազարյանը` Վերաքննիչից առգրավված համակարգիչների մասին

ԱԱԾ-ն օր առաջ պետք է վերադարձնի Վերաքննիչ քրեական դատարանից առգրաված համակարգիչները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը։

«Ընդհանրապես համակարգիչ առգրավելն արդեն իսկ խնդիր է։ Հնարավորինս պետք է զերծ մնալ նման գործողություններից, այլ միջոցներ ձեռնարկել, ոչ թե գալ, համակարգիչը վարդակից անջատել, ամբողջությամբ վերցնել, տանել»,- ասաց նա։ 

Ղազարյանի խոսքով` քրեական դատավարության մեջ գորյություն ունի համարժեքության սկզբունք. եթե կարելի է այլ միջոցներով իմֆորմացիա ստանալ, պետք է առաջին հերթին դա անել, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է իշխանությունների տարանջատման սկզբունքին։ 

«Գործադիրը չպետք է տրվի գայթակղությանը, որ ինքն ուժ ունի, իսկ դատական համակարգը չունի ուժ։ Ինֆորմացիայի համար ԱԱԾ-ն կարող է դիմել և այդ իմֆորմացիան ստանալ։ Անհամարժեք կոշտ միջոց է սա`ուղղակի մտնել համակարգիչներ վերցնել, տանելը։ Դրա համար կարելի էր դիմել դատական համակարգին, խնդրել տեղեկություններ տրամադրել, ասենք` ԲԴԽ-ի միջոցով»,- նշեց նա։

Ղազարյանն ասում է`դատական գործերը, կալանավորումների բողոքարկման դիմումները ոչ համակարգչային համակարգով մակագրելու մեխանիզմը կիրառելի է, սակայն դատարաններում համակարգչային տեխնիկայով մակագրումների պրակտիկան ներդրվել է, որ մակագրումներն արվեն ըստ գործերի հաջորդականության, և ոչ թե կոնկրետ գործով կոնկրետ դատավոր «ընտրեն»։

ԱԱԾ-ն ներխուժել է վերաքննիչ դատարան. ԶԼՄ

Փաստաբանի կարծիքով`այստեղ բախվում են դատարանի անաչառության, անկողմնակալության խնդրի հետ։ 

Նրա համոզմամբ` 2004 թվականից սկսած, երբ դատական համակարգն առանձնացվեց արդարադատության նախարարությունից, դատարաններն սկսեցին անկախանալ և չենթարկվել գործադիրի ճնշումներին։ Նրա խոսքով` չնայած դիմադրությանը` վերջին 1-2 տարիներին ճնշումներն էլ դատական համակարգի նկատմամբ մեծանում են։

Հիշեցնենք` հուլիսի 22-ին տեղեկություն տարածվեց, որ ներազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Վերաքննիչ քրեական դատարանի շենք և մի քանի համակարգիչներ առգրավել։ 

Պատճառը, ըստ տեղեկությունների, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն է, որը վերաբերում է դատական գործերի մակագրմանը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցներն առգրավել են նաև համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։

Դատավորները վախեցան ասֆալտին փռվելուց. դաշինքները՝ ՍԴ որոշման մասին

37
թեգերը:
Արա Ղազարյան (սահմանադրագետ), Դատարան, համակարգիչ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Փաստաբանների պալատը պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել հայ ռազմագերիներին
Քաղաքական բում, թե ձայների փոշիացում. ՀՀ–ում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն կստեղծվի
Ո՞րը կլիներ Արա Այվազյանի ճիշտ քայլը. Ղազարյանը` ԱԳՆ–ում ստեղծված ճգնաժամի մասին