Ստեփան Դանիելյան

Ո՞րն էր Լևոն Տեր–Պետրոսյանի սխալն Արցախի հարցում, և հիմա ո՞ւմ է ուղղված նրա ասելիքը

392
(Թարմացված է 18:52 02.04.2021)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի տեսակետին, ըստ որի` Արցախի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։
Դանիելյան. «Սխալն այն է, որ Արցախի անկախությունը չի ճանաչվել 1994 թ.–ի հրադադարից հետո»

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` մի կողմից կարելի է համաձայնել Տեր–Պետրոսյանի հետ, եթե հաշվի առնենք, որ ՌԴ–ի ազդեցությունն իրոք շատ մեծ է և Ռուսաստանը, ի տարբերություն Մինսկի խմբի մյուս համանախագահների, ունի շատ կոնկրետ շահեր, որոնք կապված են իր ազգային անվտանգության հետ։ Այն ունի նաև ավանդույթներ այս տարածաշրջանում, ավելի լավ է ճանաչում խաղացողներին և այդ առումով բնական է, որ առանց Ռուսաստանի հնարավոր չի լինի լուծում գտնել։ 

«Բայց մյուս կողմից էլ համամիտ չեմ, որ Մինսկի խմբի համանախագահների, հատկապես ԱՄՆ–ի ազդեցությունը կարելի է մի կողմ դնել։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն ունի բազմաթիվ լծակներ և կարողանում է տարբեր եղանակներով միջամտել գործընթացներին և՛ Հարավային Կովկասում, և՛ այլ տարածաշրջաններում։ Նույն Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել ԱՄՆ–ի տեսակետները։ Այստեղ ամեն ինչ բարդ է և միանշանակ չէ»,– ասաց քաղաքագետը։

Դանիելյանի կարծիքով` Հայաստանն այս իրավիճակում պետք է հասկանա առկա չափորոշիչներով բազմաշերտ բանաձևը, հասկանա, թե ինչ է կատարվում, որպեսզի վարի ճկուն քաղաքականություն։ Ըստ նրա` բոլորը տեսան 2018 թվականից հետո գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության հետևանքները, երբ մենք կրեցինք ծանր պարտություն։ Այդ քաղաքականության արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջացավ անվստահության մթնոլորտ, որը նույնպես ազդեցություն ունեցավ այն ամենի վրա, ինչ կատարվեց։   

Անդրադառնալով Տեր–Պետրոսյանի պնդմանը, թե Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծումը, որին Հայաստանն առավելագույն ջանքերի գնով կարող է հասնել ներկայումս, շատ ավելի շահեկան պայմաններով կարող էր հասնել դեռ 1998 թվականին, Դանիելյանն ընդգծեց, որ պետք է նախ հասկանալ, թե ինչպիսի գլոբալ, ծանրագույն սխալ է գործել Լևոն Տեր–Պետրոսյանը 1990-ական թվականներին։

«Սխալն այն է, որ ոչ միայն չի ճանաչվել Արցախի անկախությունը 1994 թվականի հրադադարից հետո, ինչը իրավիճակ կփոխեր, այլ ավելին, Հայաստանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում ԱՊՀ երկրների միջև պայմանագրի կնքման ժամանակ, երբ պետությունները ճանաչեցին միմյանց անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն Հայաստանի կողմից այդտեղ Արցախի հետ կապված հատուկ կետ չմտցվեց։ Ադրբեջանն ունեցավ բոլոր իրավունքներն Արցախի նկատմամբ, ուստի Հայաստանն ընդ էության հայտնվեց ագրեսորի դերում։ Այդ ամենը Տեր–Պետրոսյանի քաղաքականության հետևանքն էր։ Նա հետո ասում էր. «Տեսա՞ք, թե ինչպես Ադրբեջանին ստիպեցինք մտնել ԱՊՀ կազմի մեջ»։

Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ 17 ուժերի նպատակներին. Անդրանիկ Քոչարյան

Փաստորեն Տեր–Պետրոսյանը ծառայություն մատուցեց Ռուսաստանին, որի գինը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր։ Եթե հաշվի առնենք սխալները, որպես փաստ, ապա 1998 թվականին ստորագրելն ավելի լավ կլիներ, քան հիմա, բայց եթե ճիշտ քաղաքականություն վարվեր, իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,– նշեց քաղաքագետը։  

Խոսելով առաջին նախագահի տեաակետի մասին` ըստ որի` ՀՀ ԱԳՆ–ի կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ, ինչը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով` եթե ո՛չ ծանր կորուստներով, Դանիելյանը շեշտեց, որ իր համար տարօրինակ է նման մոտեցումը, որովհետև ներկայումս հենց ՌԴ նախագահն է առիթի դեպքում հայտարարում, որ Մինսկի խումբը գործում է և պատերազմից հետո Ռուսաստանը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված քայլերը համաձայնեցնում է ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի հետ։ Ըստ քաղաքագետի` եթե ՌԴ–ն ունի նման պաշտոնական դիրքորոշում, ապա անհասկանալի է, թե Լևոն Տեր–Պետրոսյանի կոչն ում է ուղղված։         

392
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ, Լևոն Տեր–Պետրոսյան
Ըստ թեմայի
Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում պատերազմից հետո Արցախ այցելել. Մարուքյան
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն. լուսանկարներ
Ապրիլյան պատերազմի համար անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործեց 4 տարի անց․ Արցախի ՄԻՊ
Աշոտ Մելքոնյան

Դա պատիվ կբերի հենց ամերիկացիներին. Բայդենը կասի՞ «ցեղասպանություն» բառը

26
(Թարմացված է 13:26 21.04.2021)
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ պատմաբանների նամակի`ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենի գրասենյակի արձագանքին։ 
Մելքոնյան. «ԱՄՆ–ի կողմից ցեղասպանության ճանաչումը պատիվ կբերի հենց ամերիկացիներին»

Աշոտ Մելքոնյանի փոխանցմամբ` Սպիտակ տան նամակագրության բաժինն արդեն իսկ ծանուցել է, որ հայ պատմաբանների նամակը հասել է իրենց, ինչի համար շնորհակալություն են հայտնում և ուրախ են, որ կապվելով իրենց հետ` հայ պատմաբանները շոշափում են կարևոր խնդիր, որն իրենց համար էլ է հետաքրքրություն ներկայացնում։ Ըստ այդմ` Սպիտակ տնից պատասխանել են, որ սիրով կքննարկեն խնդիրը և կփորձեն տալ լուծում։

«Նամակի առթիվ անհանգստացած են թուրք պատմաբաններն ու քաղաքական շրջանակները. թուրքական մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ։ Իսկ մենք հենվում ենք մեր ունեցած աղբյուրների վրա, որոնց համաձայն` Բայդենը կարտասանի «ցեղասպանություն» բառը և կատարի իր խոստումը՝ ի տարբերություն նախորդ նախագահների»,– նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։

Մելքոնյանի դիտարկմամբ` եթե դա նույնիսկ տեղի չունենա, ամենևին չի նշանակում, որ հայ պատմաբանները դրա հետ մեծ հույսեր էին կապում, պարզապես ԱՄՆ–ի նման երկրի կողմից Ցեղասպանության պաշտոնական, վերջնական ճանաչումը պատիվ կբերեր հենց ամերիկացիներին` որպես ժողովրդավար պետության քաղաքացիների։ 

Անդրադառնալով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք Երևանից Թուրքիային հղված բարեկամության և հարաբերությունների կարգավորման կոչերն ու մեսիջները խանգարել ամերիկյան կողմին ցեղասպանությունը ճանաչելու առումով, Մելքոնյանն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներում այդքան միամիտ չեն, որ այդ ամբողջ գործընթացը չպատկերացնեն, նրանք գիտեն, որ հայ հասարակության կարծիքը մի բան է, իսկ այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի փոփոխության հանգամանքը՝ մեկ այլ բան։ 

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ գործող իշխանությունները թերևս պետք է փորձեին արդարացման նման մի բան գտնել. ինչպես ասում են, «չկա չարիք առանց բարիքի» տարբերակով։ Թուրքական կողմն էլ այսօր պնդում է, թե պաշտոնական Երևանը փոխել է իր մոտեցումները հայ–թուրքական հարաբերությունների հեռանկարի առումով և հակված է ապագային նայել` գոնե առժամանակ մոռացության տալով պատմական խնդիրները»,– ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը։

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան

Մելքոնյանի կարծիքով` եթե ԱՄՆ–ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դրան կհաջորդեն բոլոր այն երկրները, որոնք մինչ այս պահը կամուկացի մեջ են եղել, իսկ հետո կհաջորդի հատուցման խնդիրը և ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո պահանջատիրության խնդիրը տարբեր հարթակներում հնչեցնելու հարցն արդեն ավելի դյուրին կլինի։ Ըստ Մելքոնյանի` ցեղասպանության ճանաչումն ուղղակիորեն կկապվի նաև իրավարար վճռի հետ, որը 1920 թվականի նոյեմբերին ներկայացրեց նախագահ Վուդրո Վիլսոնը, և ամենևին էլ պատահական չէ, որ Թուրքիային այսօր սարսափեցնող Սևրի պայմանագրի սինդրոմն ուրվագծայինից կարող է դառնալ որոշակի։ 

Նշենք, որ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղարկել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան հետևություններ արվեին «ցեղասպանություն» բառը գործածելու համար:

26
թեգերը:
Ցեղասպանություն, ԱՄՆ, Աշոտ Մելքոնյան (ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն)
Սերժ Սրապիոնյան

Սփյուռքահայերին առնչվող նման օրենքի ընդունումը վաղաժամ է. Սրապիոնյանը մեծ վտանգ է տեսնում

81
(Թարմացված է 23:21 20.04.2021)
ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին, որն առնչվում է սփյուռքահայերին ՀՀ կառավարման համակարգում ընդգրկելու խնդրին։
Սրապիոնյան. «Սփյուռքահայերին առնչվող նման օրենքի ընդունումը վաղաժամ է»

Սերժ Սրապիոնյանի կարծիքով` թեև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտաքուստ շատ գրավիչ առաջարկ է անում, բայց իրականում դրա տակ մեծ վտանգ է թաքնված։ Ըստ նրա`բոլորն էլ անցած երեսուն տարիների ընթացքում տեսել են, թե ինչպես են սփյուռքահայերը Հայաստանում պատասխանատու պաշտոններ զբաղեցնում ու առհասարակ ինչպես են նրանք աշխատել։

Սրապիոնյանը, չթերագնահատելով սփյուռքահայերի ներուժը, այդուհանդերձ ընդգծում է, որ նրանք պետական կառավարման դեռ պատրաստ չեն, լավագույն դեպքում նրանք կառավարել են այս կամ այն հասարակական կառույցը։

«Որպեսզի սփյուռքահայը կարողանա ինտեգրվել Հայաստանին, պետք է խնդիրները պատկերացնի այնպես, ինչպես տեղաբնակները, և իր հատկացրած օժանդակության պարագայում չմտածի, թե իրեն վերաբերվում են որպես «կթու կովի»։ Կարծում եմ, որ նման օրենք ընդունելը վաղաժամ է, որովհետև դա մեր երկրին ոչինչ չի տա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախկին փոխնախարարը։

Սրապիոնյանը հիշեցրեց` ներկայիս իշխանությունները հայտարարել էին, թե մոտ հարյուր երիտասարդ սփյուռքահայի էին ուզում հրավիրել ու ընդգրկել կառավարման համակարգում, բայց հայտնի չէ, թե ովքեր են նրանք և ինչով են զբաղված։

Ըստ նախկին պաշտոնյայի` նախ թող ՀՀ քաղաքացիների ներուժը սպառիչ ու ամբողջովին օգտագործեն, որոնք ծնվել ու մեծացել են այստեղ և իրենց երկրի հոգեբանության կրողն են, հետո նոր հույսը դնեն սփյուռքի վրա։

«Սփյուռքահայն այն երկրում, որտեղ բնակվել է, կամա– ակամա, ուզի–չուզի, գիտակցի– չգիտակցի, կրում է այդ երկրի ժողովրդի գաղափարաբանությունն ու հոգեբանությունը։ Կարծում եմ, որ սփյուռքահայը պետք է աստիճանաբար ինտեգրվի Հայաստանի կյանքին, իրեն լիարժեքորեն զգա Հայաստանի քաղաքացի, ինչպես որ զգում են հրեաներն ու իռլանդացիները, որտեղ էլ ապրեն։ Նախ անհրաժեշտ է հոգեբանորեն պատրաստվել, մինչդեռ այս կառավարությունը մերժում է սփյուռքը և այն ամենը, ինչ արվել էր սփյուռքի համար, Զարեհ Սինանյանի փափուկ ձեռքով հավասարեցվել է զրոյի, հետևաբար նման օրենքի ընդունումը լոկ պոպուլիզմ է»,– ասաց նախկին փոխնախարարը։

Սրապիոնյանի գնահատմամբ` արդեն երեք տարի է, ինչ սփյուռքին առնչվող որևէ լրջմիտ կարծիք, մոտեցում կամ ծրագիր չկա` ի տարբերություն իշխանության կողմից մերժված նախկինների, որոնց պաշտոնավարման օրոք ստեղծվեց սփյուռքի նախարարությունը, որն էլ իր հերթին դոկտրին էր մշակում` քայլեր ձեռնարկելով սփյուռքի հետ մերձեցումն ապահովելու համար։ Ըստ Սրապիոնյանի` պետք է վերաբացվի սփյուռքի նախարարությունը, մշակվի նոր ռազմավարություն, և սփյուռքը որոշ ժամանակ անց բնականոն կերպով կինտեգրվի Հայաստանի կառավարական մարմիններին։

Տեղեկացնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում, որպեսզի կառավարության անդամ (բացառությամբ` վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին` անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամկետից և ՀՀ–ում բնակության ժամանակահատվածի տևողությունից։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կարծիքով` սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային ժողովի միջոցով։

Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն` ՀՀ կառավարության անդամ կարող է լինել ՀՀ քաղաքացի, ընդ որում` ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։

81
թեգերը:
Սերժ Սրապիոնյան, Սփյուռք, Հայաստան
Ալեքսանդր Ամարյան

Աղանդավորները կանեն ամեն ինչ, որպեսզի իշխանությունը չփոխվի․ Ալեքսանդր Ամարյան

0
(Թարմացված է 14:35 21.04.2021)
Ալեքսանդր Ամարյանի խոսքով ՝աղանդավորներին շատ հեշտ է ասել, թե ընտրություններին ում օգտին քվեարկեն։ Մասնավորապես այս կամ այն քաղաքական ուժը մի կլորիկ գումար է տալիս կառույցի հովվին, որն էլ հավաքի ժամանակ ուղղակի ասում է, թե ընտրություններին ում օգտին է պետք քվեարկել։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. «Հոգևոր և ազգային արժեքների ազգային ճակատի»  ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանի կարծիքով՝  Հայաստանում գործող կրոնական կառույցներն այսօր լիովին ընդգրկված են քաղաքականության մեջ, և նրանց ձեռնտու չէ իշխանության փոփոխությունը։ Նման տեսակետ Ամարյանը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝  դեռ 2015 թվականից Հայաստանում գործող կրոնական կառույցներն ակտիվորեն մասնակցել են քաղաքական գործընթացներին, իսկ արդեն 2018 թվականի ընտրություններին նրանցից շատերը հայտնվել են իշխանության շրջանակներում։

«Նրանք հիմա իշխանության մեջ են, ու եթե հանկարծ իշխանությունը փոխվի, նրանց համար վատ օրեր են սկսվելու։ Այս պատճառով նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի իշխանությունը չփոխվի։ Մենք ունենք գործող կրոնական կառույցներ, որոնք Թուրքիայում ունեն մասնաճյուղեր, կան կառույցներ, որոնց սերտ կապերի մեջ են ադրբեջանական աղանդավորական եկեղեցիների հետ»,-ասաց նա։

Ամարյանի խոսքով ՝աղանդավորներին շատ հեշտ է ասել, թե ընտրություններին ում օգտին քվեարկեն։ Մասնավորապես այս կամ այն քաղաքական ուժը մի կլորիկ գումար է տալիս կառույցի հովվին, որն էլ հավաքի ժամանակ ուղղակի ասում է, թե ընտրություններին  ում օգտին է պետք քվեարկել կամ հրավիրում է ելույթի տվյալ քաղաքական գործչին։

Նա նշեց, որ Հայաստանում այսօր գործում են աշխարհում առկա գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունները, որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ երկրի շահն է սպասարկում։

0
թեգերը:
Իշխանություն, Ընտրություններ, աղանդավորներ, աղանդ, Հայաստան