Արմեն Բաղդասարյան

Ո՞ր դեպքում ընտրությունները կչեղարկվեն. քաղաքագետը` Արմեն Սարգսյանի հայտարարության մասին

111
Քաղաքագետ Արմեն Բաղդասրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետին։
Բաղդասարյան. «Ընտրությունների չեղարկման հետևանքները կարող են շատ ծանր լինել»

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` տարօրինակ էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 20-ին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, մինչդեռ ընտրությունների մասին վարչապետը չի հայտարարում, առավել ևս ամսաթիվը չի նշում։ Բաղդասարյանը հիշեցրեց այն ժամանակ հնչեցրած իր տեսակետը, երբ կասկած էր հայտնել, թե ընտրություններն ընդհանարապես կկայանան կամ կկայանան հենց հունիսի 20-ին։ 

«Իսկ ՀՀ նախագահի հայտարարությունը վկայում է այն մասին, որ այդ հարցում դեռևս կան լուրջ անորոշություններ և փաստ չէ, որ հունիսին կլինեն ընտրություններ, առավել ևս, որ տեսնում ենք, թե համավարակով պայմանավորված ինչպիսի իրավիճակ է երկրում։ Կան բազմաթիվ բաց հարցեր, հետևաբար ընտրությունների կայացման հավանականությունը 50/50 է»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանը չբացառեց նախագահի ու վարչապետի միջև որևէ պայմանավորվածության հնարավորություն, թեև դա քիչ հավանական համարեց` կարծելով, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ այս դեպքում առաջնորդվում է բացառապես իր և իր քաղաքական ուժի շահերով, այլ ոչ թե պետական շահերով կամ իրավիճակը լիցքաթափելու նկատառությամբ։ Եվ եթե տեսնի, որ ընդդիմությանը հաջողվում է միավորվել, այնտեղ լուրջ բևեռ է ձևավորվում, ապա ինքն ամեն ինչ կանի, որպեսզի ընտրությունները տեղի չունենան, իսկ եթե տեսնի, որ մարզերում ունի բավականաչափ աջակցություն, իր այցերը հաջող են, ապա ամեն ինչ կանի, որ ընտրությունները կայանան իրեն հարմար ժամանակ։

«Այլ բան է, որ ՀՀ նախագահն իր հերթին կարող է ունենալ իր քաղաքական ծրագրերը, ուստի կարող է վիժեցնել վարչապետի ծրագրերը։ Փաստն այն է, որ հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ մենք ունենք միայն Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը և ոչ ավելին։ Իսկ թե հրաժարական կտա կամ ինչ պայմանավորվածություններ կլինեն խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ, այդ մասին ոչինչ չգիտենք, կա ընդամենը ֆեյսբուքյան գրառում և հենց դրանից էլ գալիս է ողջ անորոշությունը»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` Արմեն Սարգսյանը ցանկանում է ցույց տալ, որ այդ հարցը միայն վարչապետի որոշելով չէ, որ ինքը նույնպես լուրջ դերակատարություն ունի։ Ու թեև նախագահի ինստիտուտը մեզ մոտ ունի անգլիական թագուհու կարգավիճակ, սակայն ֆորսմաժորային իրավիճակում, ինչպիսին ունենք հիմա, նախագահը բավականին լուրջ լծակներ ունի, հետևաբար փորձում է հիշեցնել, որ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել այդ լծակները։ Ըստ Բաղդասարյանի` պետք չէ մոռանալ, որ ամիսներ առաջ Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե երկրում անհրաժեշտ է իշխանափոխություն, այսինքն` նրա կարծիքը գործող իշխանությունների նկատմամբ ակնհայտ է, և քաղաքագետը չի կարծում, որ ՀՀ նախագահը փոխել է իր դիրքորոշումը։   

Ինչո՞ւ է Փաշինյանի թիմի համար շահեկան, որ ընտրությունները շուտ անցկացվեն

Քաղաքագետի համոզմամբ`  ընտրությունների չեղարկման հետևանքները կարող են շատ ծանր լինել, որովհետև Հայաստանի առջև իսկապես բարդ մարտահրավերներ կան, և դրանք հաղթահարել կարող է միայն հասարակության աջակցությունը վայելող լեգիտիմ իշխանությունը, մինչդեռ գործող իշխանությունը չի վայելում այդ աջակցությունը և ի վիճակի էլ չի կարգավորել խնդիրները։        

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում պատասխան է տվել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին: «Ես հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չեմ ստորագրել։ Ու գուցե չստորագրեմ, այլ որոշումը ուղարկեմ Սահմանադրական դատարան», - նշել է նա:   

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։   

 

111
թեգերը:
Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
«Կասեմ, որ ես, այո՛, մասնակցում եմ». Արա Աբրահամյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին
Իշխանությունները կարող են խաբել և ընտրություններ չնշանակել. Իշխան Սաղաթելյան
Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան չի տալու. Մանուկյան
Բագրատ Էստուկյան

Նյութական շահը գերակշիռ է բոլորի համար. ինչու են Թուրքիայում քանդվում հայկական շենքերը

48
(Թարմացված է 16:00 20.04.2021)
«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Մուշ քաղաքի հայկական պատմական շինությունների նկատմամբ ցուցաբերված վանդալիզմի դեպքերին։ 
Էստուկյան. «Թուրքական կառավարության գործելակերպի հետևանքը հայկական հետքերի մաքրումն է»

Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` դրանք միանշանակ հայապատկան շենքեր էին, որոնք հայերին պատկանել են դեռ 1915 թվականի ցեղասպանությունից առաջ։ Թեև վերջին շրջանում նշված շենք–շինություններն արդեն ունեին ուրիշ սեփականատերեր, բայց կառավարության որոշմամբ այդտեղ պետք է կառուցվեին նոր բնակելի համալիրներ, ուստի որոշում կայացվեց դրանք քանդել։ Նոր սեփականատերերը վաճառեցին իրենց բաժինները, բացի մեկից։  

«Քանդված տներում տարիներ շարունակ իրականացվել էին վերանորոգումներ, դրանք հին թաղամասի այցեքարտ էին, ներկայացնում էին պատմական արժեք, ճարտարապետական բացառիկ նմուշներ էին»,– նշեց «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետը։

Էստուկյանի խոսքով` սեփականատերերին գումար կամ նոր կառուցվելիք շենքերում բնակարան առաջարկելն ըստ էության նույն բանն է, և այդ գործելակերպը բնորոշ է ոչ միայն թուրքական քաղաքներին, որտեղ նախ տարածքներն են պետականացվում, ապա իրականացվում քանդման աշխատանքներ։  

«Թուրքիայի շատ քաղաքներում կան նման հայկական թաղամասեր, որտեղ սեփականատերերը եթե չեն որոշել քանդել տները, դրանք դեռ պահպանում են նախնական տեսքը»,– նշեց Էստուկյանը։

Վանդալիզմ Նոր Երզնկա համայնքում. խաչքարեր են ջարդել. լուսանկարներ

Նրա փոխանցմամբ` նման գործելակերպի հետևանքն անշուշտ հայկական հետքերի մաքրումն է, եթե նույնիսկ այդպիսի նպատակադրություն չկա։ Ըստ Էստուկյանի` թեև Թուրքիայում որոշ շրջանակների կողմից կա քաղաքների դիմագիծը, պատմական արժեքները պահպանելու գերզգայնություն, սակայն նյութական շահը գերակշիռ է բոլորի համար։ Էստուկյանն ափսոսանքով նշեց, որ որոշ հայերի պարագայում նույնպես հասույթն ավելի մեծ նշանակություն ունի, քան բարոյական արժեքները։ 

Նշենք, որ «Ermeni Haber» լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն` Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը։ Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի։ 

Նույն աղբյուրի փոխանցմամբ` հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011 թվականին Մուշի քաղաքային խորհրդի կողմից։ 

Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը

48
թեգերը:
կառավարություն, Հայաստան, մշակույթ, Թուրքիա
Ըստ թեմայի
Դպրոցական մակարդակով քարոզչություն. Էստուկյանը` Էրդողանի նաև հայերին ուղղված նամակի մասին
Էստուկյան. «Պոլսո հայ համայնքի մի զանգվածը բոյկոտեց պատրիարքի ընտրությունները»
Էստուկյան. «Ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով Դիարբեքիրում պատմական շենքեր են ավերել»
Շահան Գանդահարյան

Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում

61
(Թարմացված է 23:41 19.04.2021)
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 24-ին ընդառաջ Լիբանանում տիրող տրամադրություններին և Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ նախանշված միջոցառումներին։ 
Գանդահարյան. «Ցեղսպանության ճանաչման հարցը կարող է ընդգրկվել արաբական երկրների օրակարգում»

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Լիբանանի նախագահ Միշել Աունն արդեն իսկ հանդիպել է երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյան–Գևորգյանին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների շրջանակում բարձր մակարդակով Հայաստանում կներկայացնի Լիբանանի նախագահին։ 

«Թեև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները Լիբանանում դեռ չեն չեղարկվել, և քաղաքացիները, բնականաբար, խուսափում են մարդաշատ միջոցառումներից, բայցևայնպես, ավանդական պատարագը կկայանա Մեծի Տանն Կլիկիո վեհափառ հայրապետ, կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հովանավորությամբ։ Չմոռանանք նաև, որ Անթիլիասի Ս. Գրիգոր մայրավանքի կողքին կա Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ կանգնեցված մատուռ, որտեղ անմեղ նահատակների սրբադասումից հետո տեղադրվել են նրանց մասունքները»,– նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի տեղեկացմամբ` պատարագից հետո կանցկացվի միջոցառում, որի ընթացքում ելույթ կունենան ավանդական երեք հայկական կուսակցությունների ներկայացուցիչները։ Զուգահեռաբար նախատեսված են նաև տարաբնույթ առցանց միջոցառումներ բազմաթիվ վայրերում, որտեղ կան հուշակոթողներ ու թանգարաններ, և այդ միջոցառումներն առցանց կհեռարձակվեն։ Նախանշված են նաև երիտասարդական, ուսանողական ակցիաներ։

Բազմաթիվ խաչքարերի մոտ, որոնք տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, կզետեղվեն ծաղկեպսակներ։ Հիշատակի միջոցառումներում ներգրավված են լինելու լիբանանահայ գաղութը ներկայացնող բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Անդրադառնալով այն հարցին, թե արաբական աշխարհում ինչ ընթացքի մեջ է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը, Գանդահարյանն ընդգծեց, որ հարցը հրատապ է և արդեն իսկ երկու արաբական երկրներ` ի դեմս Լիբանանի ու Սիրիայի, խորհրդարանական մակարդակով ճանաչել են հայոց ցեղասպանությունը, բայց անկախ այդ երկրներում հայկական գաղութների ներկայությունից, մեր համայնքների քաղաքական գործոն լինելու հանգամանքից, խնդիրն, ըստ նրա, պետք է դիտարկել արաբական երկրների և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։  

Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը

«Երբ Սիրիան դիմեց այդ քայլին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին։ Հետագայում հարաբերությունները լարվեցին նաև Թուրքիայի ու Եգիպտոսի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև։ Առնվազն տեղեկատվական հարթության մեջ բազմաթիվ էին Անկարային դատապարտող հրապարակումները, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանությանը։ Սաուդյան Արաբիան իսլամական կացութաձևով երկիր է, համարվում է արաբական ծոցի պետությունների կենտրոնը, ուստի այդ հրապարակումներում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայկական ջարդերն ընկալվում էին որպես Իսլամի սկզբունքների դեմ ուղղված գործողություններ»,– ասաց «Ազդակի» գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի կարծիքով` արաբեկան երկրներում մեր համայնքների կազմակերպչական–լոբբիստական աշխատանքներն ունեն կարևոր նշանակություն, և եթե այդ երկրների ու Թուրքիայի միջև լարվածությունը մեծանա, չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերոհիշյալ պետությունների կողմից ընդգրկվի քաղաքական օրակարգում։ 

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Հիշեցնենք, որ Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է։ Այդ երկրի պատգամավորների պալատը համապատասխան որոշումն ընդունել է 1997 թվականի ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000 թվականի մայիսի 11–ին։

61
թեգերը:
Սաուդյան Արաբիա, Ցեղասպանություն, Շահան Գանդահարյան
Ըստ թեմայի
Ի՞նչ է առաջարկել հայկական խմբակցությունը. Գանդահարյանը` Ադիբի հրաժարականի մասին
Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան
Գանդահարյան. «Մեզ մոտ կա խոցելի խավ, որը վարակի պատճառով ավելի շատ է մխրճվում տագնապի մեջ»
Սպիտակ տուն

Բայդենի վարչակազմը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

0
(Թարմացված է 17:04 20.04.2021)
ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմից նշել են, որ կաշխատեն ընթացք տալ նամակին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ «ցեղասպանություն» եզրույթը գործածելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ։

Նա հրապարակել է ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը:

Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և  տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:

«Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,-մասնավորապես նշված է Սպիտակ տան պատասխանում:

Մելքոնյանը հայտնել է, որ հայ պատմաբանների ընկերակցության և գիտական հանրության նամակը ԱՄՆ նախագահական նստավայր էր հասել ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևայի ջանքերով:

Հավելենք, որ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղարկել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան հետևություններ արվեին «ցեղասպանություն» բառը գործածելու համար:

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան

Մելքոնյանը կարծիքով՝ նամակի պատասխանից կարելի է հուսալ, որ Ջո Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը:

0
թեգերը:
նամակ, Ցեղասպանություն, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Երևանից ռևերանսներ են արվում դեպի Թուրքիա
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի