Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` ակադեմիական քաղաք կոչվածը մեր իրականության մեջ նորություն չէ, քանի որ դրա նախադեպն իր գործնական կիրառումն է ստացել տասնամյակներ առաջ։ Նրա տեղեկացմամբ` դեռևս 1970–ական թվականներին հայ մտավորականներն ու գիտնականները մտածում էին կրթության արդյունավետության բարձրացման մասին, հետևաբար Աշտարակի մոտ ստեղծվեց գիտավան, որն իր մեջ ներառում էր մի շարք հետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանը։
Մարտի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԿԳՄՍ նախարարություն և հայտնել, որ կարևորում է ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որը ենթադրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևանի կենտրոնից տեղափոխում` ցանկալի է առհասարակ մայրաքաղաքից դուրս։
«Ստացվել էր մի համակարգ, որտեղ գիտնականները և՛ բնակվում էին, և՛ զբաղվում գիտահետազոտական գործունեությամբ, որտեղ կային նաև տարբեր գիտությունների գծով բազմաթիվ ասպիրանտներ։ Այդ միջավայրում հնարավոր էր կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ` նպաստելով գիտության ու կրթության ինտեգրման աշխատանքներին, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո տարածքը սեփականաշնորհվեց, և այսօր ինստիտուտները գործում են առավելագույնն իրենց ներուժի 20-30 տոկոսի չափով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։
Մխիթարյանի համոզմամբ` լոկ շենքերի վաճառքից ստացված գումարով և առկա պայմաններում հնարավոր չէ լիարժեքորեն իրականացնել այդ ամբողջ ծրագիրը։ Մխիթարյանը վկայակոչեց առաջատար արևմտյան երկրների ակադեմիական քաղաքների ներուժը, որոնցից շատերի տարեկան բյուջեն ավելին է, քան Հայաստանի բյուջեն։
«Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ համալսարանները ոչ միայն շենքերն են, այլև ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այսինքն` միայն շենք կառուցելով հնարավոր չէ ունենալ ակադեմիական միջավայր, ուստի անհրաժեշտ է այդ միջավայրն ապահովել համապատասխան մասնագետներով և օգտագործել մեր ողջ գիտակրթական ներուժը»,– նշեց փորձագետը։
Մխիթարյանի դիտարկմամբ` նման առաջարկը նույնիսկ կարող է արժեզրկվել, եթե արվում է այնպիսի մարդու շուրթերով, որը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի, չի անցել ամբողջ գիտական հետագիծը, չի կարող պատկերացնել ամբողջ ենթակառուցվածքային համակարգը։
Փորձագետը համոզված է` նախաձեռնությունն ըստ էության ենթադրում է նաև ԳԱԱ կազմաքանդում, քանի որ համակարգը տրոհվում է առանձին գիտահետազոտական ինստիտուտների, իսկ հետո վարչական մեթոդներով ստիպելու են, որ այդ հաստատություններն անցնեն բուհերի ենթակայության տակ։ Ըստ նրա` արդյունքում մենք կկորցնենք նաև այն շենքերը, որ ունեն գիտահետազոտական ինստիտուտները և որոնց վաճառքի դեմ պայքարել են գիտնականներն ու մտավորականները, հետևաբար այսօր փորձ է արվում լիովին կազմաքանդել մեր կրթական համակարգն ու հետազոտական ողջ ներուժը, ինչն անընդունելի է։
Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը չունի այն վարչական ռեսուրսը, որ կարողանա «նկարչությամբ» իր հաղթանակն ապահովել, ավելին՝ վարչական ռեսուրսով Հայաստանում հաղթանակ երբեք չի ապահովվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Որոշակի տոկոս հնարավոր է ապահովել, բայց ոչ երբեք հաղթանակ։ Ծեծելով, բռնությամբ թվեր նկարել են, ինչպես 90-ականներին, կամ փող բաժանելով հաջողության հասել են` ինչպես 2000-ականներին և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում»,- ասաց նա։
Նրա դիտարկմամբ` առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը լինելու է ՔՊ կուսակցության և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Քոչարյանի շուրջ ձևավորվող դաշինքի և նրա ղեկավարի միջև, իսկ այդ պայքարի արդյունքը մեծապես կախված է նրանից, թե որքան գրագետ կկազմակերպվեն ընտրությունները։
Բադալյանի խոսքով` հիմնական մրցակիցներից բացի` ձայների որոշակի քանակ կհավաքեն նաև ԲՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդը, որոշ արևմտամետ ուժեր, կլինեն նաև զուտ գաղափարական ուժերին կողմ քվեարկողներ։
Ինչ վերաբերում է մարդ-կուսակցություններին, ապա նրանք, ըստ քաղտեխնոլոգի, ընտրապայքարում լուրջ դերակատարում չեն ունենա։
Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան
Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը։
«Ատոմակայանը բավականին թանկ արժե, օրինակ` մեկ ռեակտորի գինը մոտավոր 5.5 միլիարդ դոլար է, չեմ կարծում, որ Հայաստանն այդքան գումար ունի կամ էլ ինչ-որ մեկը Հայաստանին 5.5 միլիարդի վարկ կտա»,- ասաց նա։
Ատոմակայանի կառուցման հարցը հարցականի տակ դնող երկրորդ հիմնական պատճառը, ըստ Մանվելյանի, արտադրվող էներգիայի սպառման շուկայի բացակայությունն է։
«Հայաստանի տարեկան պահանջարկը 1300 մեգաբայթ է։ Գոնե այս պահին մնացած արտադրանքը սպառելու տեղ չունենք։ Հիմա ավելի իրատեսական և խելամիտ է գործող ատոմակայանը վերանորոգել և շահագործել, մանավանդ, որ օրինակներ կան, որ այդ կարգի ատոմակայանների գործունեության ժամկետը մինչև 50 տարով (5 անգամ 10 տարի) երկարաձգվել է»,- նշեց Մանվելյանը։
Նրա կարծիքով` նոր ատոմակայանի կառուցման մասին հայտարարություններն արվում են հայաստանյան լսարանի համար` ընտրություններին ընդառաջ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին կատարած մոսկովյան այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում խոսել էր նաև նոր ատոմակայան կառուցելու մասին։