Վարդան Ոսկանյան

Հայաստանը կարող է հանդես գալ շահողի դերում. Ոսկանյանը` Իրանի ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին

124
(Թարմացված է 19:54 07.03.2021)
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցելու հեռանկարին և դրանով պայմանավորված հայ–իրանական հարաբերություններին։

 

 

Ոսկանյան. «ԵԱՏՄ–ին անդամագրումը կլուծի Իրանի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ»

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ին անդամակցելու հայտարարություններն Իրանում արվել են ամենաբարձր մակարդակով, քաղաքական այնպիսի գործիչների կողմից, որոնք ներկայացնում են թե՛ իրանական քաղաքական դաշտի պահպանողական հատվածը, թե՛ բարեփոխականների թևը։ Առաջինում խորհրդարանի նախագահն է, երկրորդում` երկրի նախագահը, ինչը վկայում է, որ ԵԱՏՄ–ին անդամագրվելու ձգտումը բավականին լուրջ է։ 

«Այդ հարցը կլուծի Իրանի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ, հատկապես տնտեսական բնույթի, քանի որ ամերիկյան պատժամիջոցները զգալիորեն ազդել են իրանական տնտեսության վրա։ Իրանցիները ձգտում են ավելի լայն ներգրավվածության ձևաչափերում ստանալ այն, ինչը կորցրել են պատժամիջոցների հետևանքով»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի գնահատմամբ` թեև ԵԱՏՄ–ն բացառապես տնտեսական կառույց է, սակայն դիտարկվում է նաև որպես աշխարհաքաղաքական համագործակցության կարևոր հարթակ։ Հետևաբար փորձելով խորացնել հարաբերությունները ԵԱՏՄ–ի հետ նաև անդամակցության ձևաչափով` Իրանը որոշակիորեն ապահովում է իր աշխարհաքաղաքական անվտանգության բաղադրիչների գոնե մի հատվածը։

«Հայաստանն այդ պարագայում կարող է հանդես գալ շահողի դերում, քանզի կարող է նույնպես լուծել իր առջև ծառացած մարտահրավերները։ Նախապես նշվում էր, որ Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որն Իրանին կկապի ԵԱՏՄ–ի հետ։ Հիմա Իրանի անդամակցությունը կբերի նրան, որ իրանցիներն ուղղակիորեն կառանչվեն կառույցի անդամ պետությունների հետ»,– նշեց Ոսկանյանը։

Իրանի կողմից ատոմային ռումբի ձեռքբերումն Իսրայելի համար համարվում է կարմիր գիծ. Պողոսյան

Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է ձգտի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում իրանական բիզնեսի համար ավելի ձեռնտու կլինի Հայաստանի միջնորդությամբ աշխատել Ռուսաստանի հետ և հակառակը։ Պետք է  հաշվի առնել, որ հայերը ծանոթ են ռուսական շուկայի առանձնահատկություններին և Իրանի հետ կունենան փաստացի ցամաքային սահման նաև ԵԱՏՄ–ի շրջանակներում, հետևաբար, ըստ իրանագետի, ստեղծված հնարավորությունների իրացումը կախված է նաև հայկական կողմի ջանքերից։      

124
թեգերը:
Հայաստան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Իրանի Իսլամական Հանրապետություն
Ռուբեն Մելքոնյան

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան

0
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք միջազգային գիտաժողովին, որի նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումն է։
Մելքոնյան. «Այդ գիտաժողովն առնչվում է ոչ թե գիտությանը, այլ ժխտողական քաղաքականությանը»

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ`Թուրքիայի նման գործելակերպը նորություն չէ, քանզի այդ պետությունը շարունակում է մնալ իր ավանդական ժխտողականության ճիրաններում, շարունակում է հեռու մնալ համամարդկային արժեքներից ու չգիտակցել, համարձակություն չունենալ առերեսվելու սեփական պատմության հետ։ Ըստ նրա` Թուրքիայում նախատեսված գիտաժողովի համատեքստում գիտական որևէ տարր գտնել հնարավոր չէ, քանի որ ամբողջ նյութը հենված է կեղծիքի վրա, վստահաբար կրկնվելու են նույն թուրքական թեզերը, և այդ գիտաժողովն ունենալու է նաև քարոզչական նշանակություն, որի անունից վերջում կոչ կուղղվի ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենին, որպեսզի նա ապրիլի 24-ի ուղերձում չարտաբերի «ցեղասպանություն» բառը։

«Դա սպասելի է մի երկրից, որտեղ պետականորեն խրախուսվում է ցեղասպան մտածողությունը, և, բնականաբար, պետականորեն իրականացվում է ժխտման քաղաքականություն։ Վերջին շրջանի իրադարձություններն ավելի են ազատել Թուրքիայի ձեռքերը, և քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջև այդ երկիրն իրականացրել է տարաբնույթ հանցագործություններ, ցեղասպանական արարքներ, ուստի անպատժելիության այս մթնոլորտում ոչ միայն շարունակում է իր գործելակերպը, այլև առաջ է տանում իր արարքների ժխտման քաղաքականությունը։ Այն փաստը, որ գիտաժողովի աշխատանքները համակարգելու է նախագահականը, դժվար չէ պատկերացնել, որ խոսքն առնչվում է ոչ թե գիտությանը, այլ քաղաքականությանը, որն իր հերթին հենված է ցեղասպան մտածողության վրա»,– Sputnik Արմենիային ասաց թուրքագետը։

Մելքոնյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության խնդրի բաղկացուցիչ մաս են կազմում նաև իրավական հետևանքները, ինչից Թուրքիան վախենում է և դրա համար էլ ներդրել է ու շարունակելու է ներդնել բոլոր միջոցները իրավական դաշտում պահանջատիրության գործընթացները կասեցնելու նկատառությամբ։ Թուրքագետը ցավով նշեց այն հանգամանքը, որ այսպես կոչված ժողովրդավար երկրների որոշ ներկայացուցիչ–իրավաբաններ հանուն գումարի մաս են դառնում հակամարդկային քայլերի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդարացման` նպաստելով դրանց շարունակմանը։

«Թուրքիան այդ գիտաժողովում փորձելու է ոչ միայն ի մի բերել թուրք պատմաբանների տեսակետները, այլև մեկտեղել իր հին գործիքակազմի բոլոր տարրերը իր ժխտողականությանը միջազգային համոզիչ տեսք տալու նպատակով, բայց դրանք անօգուտ քայլեր են, որովհետև աշխարհը, որքան էլ գումարի դիմաց կամ ինչ–ինչ շահերից ելնելով լռում է, այդուհանդերձ վաղուց արդեն տեղյակ է իրական պատկերին»,– նշեց թուրքագետը։

Մելքոնյանի համոզմամբ` մենք վաղուց առերեսվել ենք այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության խնդիրը համաշխարհային ասպարեզում քաղաքական առևտրի գործիքակազմի մաս է կազմում և պետություններն առավելապես առաջնորդվում են քաղաքական շահերով, այլ ոչ թե հումանիստական, պատմական արդարությանն առնչվող սկզբունքներով։ Ըստ նրա` ճանաչման ու լռության բախման տիրույթում գերակայում է սառը քաղաքական հաշվարկը, որը շատ հաճախ ուղիղ հակոտնյա է համամարդկային և հումանիստական սկզբունքներին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահական նստավայրի համակարգմամբ` ապրիլի 20–ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի։ Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության` գիտաժողովը կանցկացվի երեք տարբեր պանելային քննարկումներով, որոնք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը։

Բացի Թուրքիայից, գիտաժողովին մասնակցելու են ներկայացուցիչներ ԱՄՆ–ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Իռլանդիայից։

0
թեգերը:
Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ), Ցեղասպանություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա
Բրիտանական «Young Turks»–ը փոխել է անվանումը` հաշվի առնելով Հայոց ցեղասպանությունը
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Երևանից ռևերանսներ են արվում դեպի Թուրքիա
Էդմոն Մարուքյան

Ամենակարևորը եվրոպացիների ելույթներն են. ի՞նչ կփոխի ԵԽԽՎ նիստում գերիների հարցի քննարկումը

42
(Թարմացված է 17:36 19.04.2021)
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայ գերիների վերադարձի հարցով Ստրասբուրգում սպասվող ելույթի և Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակների արձագանքի մասին։

 

«Ռազմագերիների վերադարձի հարցը հումանիտար խնդիր է և առաջադեմ երկրների ճնշումը շատ կարևոր է». Մարուքյան

Քննադատությունների ճնշման արդյունքում այս անգամ հայկական պատվիրակությանը հաջողվեց հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրաձայնելու հնարավորություն ստանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ստրասբուրգում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակներն, ինչ խոսք, ջանք չխնայեցին վերաբերյալ իրենց թեզն առաջ տանելու և հայկական պատվիրակության փաստարկներին «երանգներ» հաղորդելու հարցում. երկու երկրների պատվիրակներն էլ դեմ քվեարկեցին, սակայն հայկական լոբբինգն ի վերջո արդյունք տվեց»,–նշեց Մարուքյանը։ 

Նրա խոսքով` սա լավ հնարավորություն է եվրոպական բարձր ամբիոնից միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու խնդրին, և նաև Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու համար։

«Սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա, որովհետև ռազմագերիների վերադարձի հարցը հումանիտար խնդիր է, և առաջադեմ երկրների ճնշումն այստեղ շատ անհրաժեշտ է»,- ասաց նա։

Ելույթները նախատեսված են վաղը. հայկական պատվիրակության ամբողջ կազմը գրանցված է և պատրաստ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցնելու Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցը։ Թե ում կամ քանի ներկայացուցչի կհաջողվի խնդիրը բարձր անբիոնից հնչեցնել, հայտնի չէ, պարզ կլինի նիստի մեկնարկից հետո։

Մարուքյանը նշեց, որ հայկական պատվիրակության ելույթներից պակաս կարևոր չեն նաև եվրոպացի գործընկերների խոսքը։

«Վաղվա դեբատում ամենակարևորը եվրոպացի մեր գործընկերների ելույթներն են լինելու, որովհետև մենք այստեղ աշխատանք ենք տանում, որ իրենք խոսեն ու նորից չվերածվի հայ-ադրբեջանական կռվի, որ եվրոպական մեր գործընկերները, միջազգային հանրությունն այս թեմայով իր ասելիքն ասի»,- նշեց Մարուքյանը։

Ազատություն հայ ռազմագերիներին․ ԵԽԽՎ նիստից առաջ Մարուքյանը բողոքի ակցիա է անցկացրել

Իսկ մինչ այդ այսօր ԵԽԽՎ ամբիոնից Մարուքյանը կխոսի վերջերս Ադրբեջանում բացված «պուրակի» մասին`Եվրոպայի առաջ բացահայտելու Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության արյունոտ դեմքը։

Հիշեցնենք` այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) օրակարգում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։

Քվեարկությանը մասնակցած պատվիրակներից 93-ը կողմ են քվեարկել, 21-ը` դեմ, 18-ը` ձեռնպահ։

Նախորդ նստաշրջանին չհաջողվեց բանավեճ ունենալ այդ թեմայով, քանի որ այլ հարցեր ավելի էին կարևորվել եվրոպական այլ երկրների պատվիրակների համար։

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ իրենց մոտ ոչ մի ռազմագերի այլևս չկա, կան միայն «հայ ահաբեկիչներ»։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Ադրբեջանի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ին կոչ է արել «չեզոքացնել» Նաիրա Զոհրաբյանին

42
թեգերը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Էդմոն Մարուքյան, Եվրոպա, գերի
Ըստ թեմայի
Ադրբեջանը հայ գերիների հարցում մեկ հիմնական թեզ ունի. Միքայել Մելքումյան
ՄԻՊ–ը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ նախագահին, ՄԽ համանախագահներին և այլ մարմինների
«Որովհետև չէին գնացել գերիների հետևից». Ավագյանը` դատարկ ինքնաթիռի ու շահարկումների մասին
Արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «Կացինը», «Պնդուկը, «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշն» ու «Իքիբիրը»

0
Ոստիկանությունն այսօր մայրաքաղաքում իրականացրել է հատուկ գործողություն ու բերման ենթարկել 50-ից ավելի անձանց։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել 50-ից ավելի անձի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բոլորն էլ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ են ու, այսպես ասած, քրեական հեղինակություններ։ Կայքի տեղեկություններով՝ այսօր Երևանում իրականացվել է «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» հատուկ գործողությունը։

Կազմակերպված գործողության շրջանակներում 5 տասնյակից ավելի անձինք բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից։

Նրանցից շատերը քրեական աշխարհում հայտնի են իրենց մականուններով։ Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը» ու «Իքիբիրը»։

0
թեգերը:
քրեական հեղինակություն, ոստիկան