Սուրեն Սարգսյան

ՀՀ վարչապետի հետ խոսում է ոչ թե ԱՄՆ–ի նախագահը, այլ պետքարտուղարը. ի՞նչ է դա նշանակում

201
(Թարմացված է 19:37 06.03.2021)
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ պետքարտուղարի միջև կայացած հեռախոսազրույցին և դրանով պայմանավորված որոշ իրողությունների։
Սարգսյան. «ՀՀ վարչապետի հետ խոսել է ԱՄՆ–ի պետքարտուղարը, ինչը մակարդակի որոշակի իջեցում է»

Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ` թեև պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, բայցևայնպես, մանրամասներ նշված չեն, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել և ինչ խնդիրներ են միմյանց առջև դրել գործընկերները։ 

«Հեռախոսազրույցն ինքնին հետաքրքիր էր այն առումով, որ նախ ԱՄՆ–ի նախագահն ու փոխնախագահը վերջին օրերին շատ ակտիվ հեռախոսազրույցներ են ունենում տարբեր երկրների գործընկերների հետ, տարբեր պետությունների ղեկավարների հետ, բայց կոնկրետ Հայաստանի պարագայում վարչապետի հետ խոսում է ոչ թե ԱՄՆ–ի նախագահը կամ փոխնախագահը, այլ պետքարտուղարը, ինչը նշանակում է, որ մեր հարաբերություններում որոշակի մակարդակի իջեցում կա, մինչդեռ մյուսների հետ ամերիկյան կողմը խոսում է հավասարը հավասարի հետ»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանը հիշեցրեց, որ մի քանր օր առաջ էլ տեղի էր ունեցել հեռախոսազրույց ՀՀ արտգործնախարարի ու ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալի միջև, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ կայացել է երկխոսություն ավելի ցածր մակարդակով։ 

Նույնիսկ իմպիչմենտի ֆոնին Թրամփի վարկանիշը չի ընկել. Սուրեն Սարգսյան

«Չեմ կարծում, որ սա պատահականություն է, որովհետև նման մակարդակներում պատահականություններ չեն լինում, պարզապես խնդիրն այն է, որ մենք ներկա պահին Միացյալ Նահանգների հետ չունենք օրակարգային լուրջ հարցեր, որոնք պետք է քննարկվեն պետությունների ղեկավարների մակարդակով։ Դրա համար էլ ունենք այսպիսի իրավիճակ, երբ վերնախավերի միջև տեղի են ունենում զուտ ճանաչողական հեռախոսազանգեր, բայց միմյանց ճանաչում են ոչ թե վարչապետն ու նախագահը կամ փոխնախագահը, այլ վարչապետն ու պետքարտուղարը»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Սարգսյանի դիտարկմամբ` որպեսզի հայ–ամերիկյան հարաբերությունները շտկվեն և գոնե գան նախկին մակարդակին, անհրաժեշտ է, որ հայկական կողմը նախաձեռնողականություն ցուցաբերի, առաջարկի կոնկրետ գաղափարներ, որովհետև փոխգործակցության հիմքում երկուստեք շահերն են, սակայն Հայաստանն այդ հարցում առայժմ պասիվ է։

Ըստ նրա` եթե խոսքն առնչվում է երկկողմ հարաբերություններին, ապա այստեղ առաջին հերթին պետք է խոսել հայկական պետության դիվանագիտության, մեր արտաքին քաղաքականության մասին և որքան էլ Միացյալ Նահանգների հայկական համայնքը լինի ազդեցիկ, նրա անդամներն ԱՄՆ–ի քաղաքացիներ են, թեև անկախ այդ հանգամանքից` վերջին շրջանում հայ համայնքն իր վրա է վերցրել հայկական պետության պարտավորություններից մի քանիսը։ 

Եթե Հայաստանի իշխանությունը չխանգարի, ԱՄՆ–ի նախագահը չի շեղվի իր խոստումից. Սարգսյան

Սարգսյանը վկայակոչեց այն իրողությունը, որ ԱՄՆ–ի հայկական հանձնախումբը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի արդյունքում Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հավանաբար կընդունվի բանաձև, որով կոչ կարվի անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այսինքն` այն, ինչ չի անում մեր պետությունը, անում է ԱՄՆ–ի հայ համայնքը` օգտագործելով այդ երկրում իր հնարավորություններն ու կարողությունները։

Այդուհանդերձ, եթե մեր պետությունը, ըստ Սարգսյանի, չի ցանկանում խորացնել երկկողմ հարաբերությունները, ապա ԱՄՆ–ի հայկական համայնքն ինքնուրույնաբար դա չի կարող անել։ 

201
թեգերը:
Մայք Պոմպեո, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ 100 կոնգրեսականներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին
Հայաստանի Զինված ուժերը չպետք է միջամտեն քաղաքականությանը. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ դեսպանությունն ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին
Շահան Գանդահարյան

Ո՞ր դեպքում կարող է Ցեղասպանության ճանաչման հարցն ընդգրկվել արաբական երկրների օրակարգում

0
(Թարմացված է 23:41 19.04.2021)
Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 24-ին ընդառաջ Լիբանանում տիրող տրամադրություններին և Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ նախանշված միջոցառումներին։ 
Գանդահարյան. «Ցեղսպանության ճանաչման հարցը կարող է ընդգրկվել արաբական երկրների օրակարգում»

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Լիբանանի նախագահ Միշել Աունն արդեն իսկ հանդիպել է երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյան–Գևորգյանին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումների շրջանակում բարձր մակարդակով Հայաստանում կներկայացնի Լիբանանի նախագահին։ 

«Թեև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները Լիբանանում դեռ չեն չեղարկվել, և քաղաքացիները, բնականաբար, խուսափում են մարդաշատ միջոցառումներից, բայցևայնպես, ավանդական պատարագը կկայանա Մեծի Տանն Կլիկիո վեհափառ հայրապետ, կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հովանավորությամբ։ Չմոռանանք նաև, որ Անթիլիասի Ս. Գրիգոր մայրավանքի կողքին կա Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ կանգնեցված մատուռ, որտեղ անմեղ նահատակների սրբադասումից հետո տեղադրվել են նրանց մասունքները»,– նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի տեղեկացմամբ` պատարագից հետո կանցկացվի միջոցառում, որի ընթացքում ելույթ կունենան ավանդական երեք հայկական կուսակցությունների ներկայացուցիչները։ Զուգահեռաբար նախատեսված են նաև տարաբնույթ առցանց միջոցառումներ բազմաթիվ վայրերում, որտեղ կան հուշակոթողներ ու թանգարաններ, և այդ միջոցառումներն առցանց կհեռարձակվեն։ Նախանշված են նաև երիտասարդական, ուսանողական ակցիաներ։

Բազմաթիվ խաչքարերի մոտ, որոնք տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, կզետեղվեն ծաղկեպսակներ։ Հիշատակի միջոցառումներում ներգրավված են լինելու լիբանանահայ գաղութը ներկայացնող բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Անդրադառնալով այն հարցին, թե արաբական աշխարհում ինչ ընթացքի մեջ է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը, Գանդահարյանն ընդգծեց, որ հարցը հրատապ է և արդեն իսկ երկու արաբական երկրներ` ի դեմս Լիբանանի ու Սիրիայի, խորհրդարանական մակարդակով ճանաչել են հայոց ցեղասպանությունը, բայց անկախ այդ երկրներում հայկական գաղութների ներկայությունից, մեր համայնքների քաղաքական գործոն լինելու հանգամանքից, խնդիրն, ըստ նրա, պետք է դիտարկել արաբական երկրների և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։  

Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը

«Երբ Սիրիան դիմեց այդ քայլին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին։ Հետագայում հարաբերությունները լարվեցին նաև Թուրքիայի ու Եգիպտոսի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի միջև։ Առնվազն տեղեկատվական հարթության մեջ բազմաթիվ էին Անկարային դատապարտող հրապարակումները, որոնք առնչվում էին Հայոց ցեղասպանությանը։ Սաուդյան Արաբիան իսլամական կացութաձևով երկիր է, համարվում է արաբական ծոցի պետությունների կենտրոնը, ուստի այդ հրապարակումներում Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայկական ջարդերն ընկալվում էին որպես Իսլամի սկզբունքների դեմ ուղղված գործողություններ»,– ասաց «Ազդակի» գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի կարծիքով` արաբեկան երկրներում մեր համայնքների կազմակերպչական–լոբբիստական աշխատանքներն ունեն կարևոր նշանակություն, և եթե այդ երկրների ու Թուրքիայի միջև լարվածությունը մեծանա, չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերոհիշյալ պետությունների կողմից ընդգրկվի քաղաքական օրակարգում։ 

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Հիշեցնենք, որ Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է։ Այդ երկրի պատգամավորների պալատը համապատասխան որոշումն ընդունել է 1997 թվականի ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000 թվականի մայիսի 11–ին։

0
թեգերը:
Սաուդյան Արաբիա, Ցեղասպանություն, Շահան Գանդահարյան
Ըստ թեմայի
Ի՞նչ է առաջարկել հայկական խմբակցությունը. Գանդահարյանը` Ադիբի հրաժարականի մասին
Հայաստանը Լիբանանին կարող է օգնել շարժական հիվանդանոցների տեղակայման հարցում․ Գանդահարյան
Գանդահարյան. «Մեզ մոտ կա խոցելի խավ, որը վարակի պատճառով ավելի շատ է մխրճվում տագնապի մեջ»
Ռուբեն Մելքոնյան

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան

39
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք միջազգային գիտաժողովին, որի նպատակը Հայոց ցեղասպանության ժխտումն է։
Մելքոնյան. «Այդ գիտաժողովն առնչվում է ոչ թե գիտությանը, այլ ժխտողական քաղաքականությանը»

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ`Թուրքիայի նման գործելակերպը նորություն չէ, քանզի այդ պետությունը շարունակում է մնալ իր ավանդական ժխտողականության ճիրաններում, շարունակում է հեռու մնալ համամարդկային արժեքներից ու չգիտակցել, համարձակություն չունենալ առերեսվելու սեփական պատմության հետ։ Ըստ նրա` Թուրքիայում նախատեսված գիտաժողովի համատեքստում գիտական որևէ տարր գտնել հնարավոր չէ, քանի որ ամբողջ նյութը հենված է կեղծիքի վրա, վստահաբար կրկնվելու են նույն թուրքական թեզերը, և այդ գիտաժողովն ունենալու է նաև քարոզչական նշանակություն, որի անունից վերջում կոչ կուղղվի ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենին, որպեսզի նա ապրիլի 24-ի ուղերձում չարտաբերի «ցեղասպանություն» բառը։

«Դա սպասելի է մի երկրից, որտեղ պետականորեն խրախուսվում է ցեղասպան մտածողությունը, և, բնականաբար, պետականորեն իրականացվում է ժխտման քաղաքականություն։ Վերջին շրջանի իրադարձություններն ավելի են ազատել Թուրքիայի ձեռքերը, և քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջև այդ երկիրն իրականացրել է տարաբնույթ հանցագործություններ, ցեղասպանական արարքներ, ուստի անպատժելիության այս մթնոլորտում ոչ միայն շարունակում է իր գործելակերպը, այլև առաջ է տանում իր արարքների ժխտման քաղաքականությունը։ Այն փաստը, որ գիտաժողովի աշխատանքները համակարգելու է նախագահականը, դժվար չէ պատկերացնել, որ խոսքն առնչվում է ոչ թե գիտությանը, այլ քաղաքականությանը, որն իր հերթին հենված է ցեղասպան մտածողության վրա»,– Sputnik Արմենիային ասաց թուրքագետը։

Մելքոնյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության խնդրի բաղկացուցիչ մաս են կազմում նաև իրավական հետևանքները, ինչից Թուրքիան վախենում է և դրա համար էլ ներդրել է ու շարունակելու է ներդնել բոլոր միջոցները իրավական դաշտում պահանջատիրության գործընթացները կասեցնելու նկատառությամբ։ Թուրքագետը ցավով նշեց այն հանգամանքը, որ այսպես կոչված ժողովրդավար երկրների որոշ ներկայացուցիչ–իրավաբաններ հանուն գումարի մաս են դառնում հակամարդկային քայլերի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդարացման` նպաստելով դրանց շարունակմանը։

«Թուրքիան այդ գիտաժողովում փորձելու է ոչ միայն ի մի բերել թուրք պատմաբանների տեսակետները, այլև մեկտեղել իր հին գործիքակազմի բոլոր տարրերը իր ժխտողականությանը միջազգային համոզիչ տեսք տալու նպատակով, բայց դրանք անօգուտ քայլեր են, որովհետև աշխարհը, որքան էլ գումարի դիմաց կամ ինչ–ինչ շահերից ելնելով լռում է, այդուհանդերձ վաղուց արդեն տեղյակ է իրական պատկերին»,– նշեց թուրքագետը։

Մելքոնյանի համոզմամբ` մենք վաղուց առերեսվել ենք այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության խնդիրը համաշխարհային ասպարեզում քաղաքական առևտրի գործիքակազմի մաս է կազմում և պետություններն առավելապես առաջնորդվում են քաղաքական շահերով, այլ ոչ թե հումանիստական, պատմական արդարությանն առնչվող սկզբունքներով։ Ըստ նրա` ճանաչման ու լռության բախման տիրույթում գերակայում է սառը քաղաքական հաշվարկը, որը շատ հաճախ ուղիղ հակոտնյա է համամարդկային և հումանիստական սկզբունքներին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահական նստավայրի համակարգմամբ` ապրիլի 20–ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի։ Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության` գիտաժողովը կանցկացվի երեք տարբեր պանելային քննարկումներով, որոնք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը։

Բացի Թուրքիայից, գիտաժողովին մասնակցելու են ներկայացուցիչներ ԱՄՆ–ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Իռլանդիայից։

39
թեգերը:
Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ), Ցեղասպանություն, Թուրքիա
Ըստ թեմայի
Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա
Բրիտանական «Young Turks»–ը փոխել է անվանումը` հաշվի առնելով Հայոց ցեղասպանությունը
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Երևանից ռևերանսներ են արվում դեպի Թուրքիա