Արմեն Բաղդասարյան

Ոչ թե 16+-ի ֆորմատն է ժամանակավրեպ, այլ Վազգեն Մանուկյանի ֆիգուրը. Բաղդասարյան

93
(Թարմացված է 18:03 23.02.2021)
Ի՞նչ սպասել Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության ակցիաներից, ո՞ր դեպքում ընդդիմությանը կհաջողվի իշխանությանը ստիպել վերանայելու արտահերթ ընտրությունների սցենարը։ Այս և այլ հարցերի մասին Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
Ոչ թե 16+-ի ֆորմատն է ժամանակավրեպ, այլ Վազգեն Մանուկյանի ֆիգուրը. Բաղդասարյան

Ընդդիմության վերջին հանրահավաքը բավականին հզոր էր, ինչն ապացուցեց, որ փուչ է իշխանության այն տեսակետը, թե արտահերթ ընտրությունների և իշխանափոխության հանրային պահանջ չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով` այդ հանրահավաքից հետո իշխանություններն անմիջապես հայտարարեցին, որ անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառեն, որը միայն պետության լեգիտիմ իրավունքն է։

«Դրանով ցույց տվեցին, որ իրենք որևէ այլ հենարան չունեն, բացի ուժային կառույցներից։ Մի կողմից այս իշխանություննները չեն կարողանում ղեկավարել երկիրը և չունեն վստահության որևէ ռեսուրս, մյուս կողմից` ձևավորվում է իշխանափոխության պահանջ, բայց արտահերթ ընտրությունների միջոցով` այն ճանապարհով, որը մատնանշեց Վազգեն Մանուկյանը»,- ասաց նա։

Բացի Սաղաթելյանից, այլ վնասվածք ստացող էլ կա. Մանուկյանը վստահ է` հրահանգել են ուժ կիրառել

Ըստ քաղտեխնոլոգի` ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների վերջին հայտարարությունները կասկածի տակ դրեցին Հայրենիքի փրկության շարժման առաջնորդի, բայց ոչ 16+-ի հետագա արդյունավետությունը։

«Ակնհայտ դարձավ, որ իրականում շարժումը կա, բայց իրական լիդերը` Վազգեն Մանուկյանը, ոչ։ Թիկունքում կան շատ ավելի լուրջ ռեսուրսներ ունեցող ուժեր։ Փետրվարի 20-ի հանրահավաքն էլ դա ցույց տվեց, որովհետև անսպասելի մարդաշատությունը պայմանավորված էր ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ակտիվ մասնակցությամբ»,- նշեց նա։ 

Բաղդասարյանի կարծիքով` ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե ապստամբությունը, այլ անհնազանդության ակցիաների և հանրահավաքների միջոցով իշխանություններին արտահերթ ընտրություններ պարտադրելը։ 

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կարգախոսը մեկն է` «Առանց Նիկոլ Հայաստան»։

Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

Ընդդիմության ակցիան ավարտվեց, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրն ու ժամը

93
թեգերը:
Հայաստան, Իշխանություն, ընդդիմություն, Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
Ըստ թեմայի
«Դավաճան, հեռացի՛ր» վանկարկման ներքո Փաշինյանը նստեց մեքենա. սկսեցին նորից բերման ենթարկել
Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալեն Սիմոնյան
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներից 51 -ին
Ոստիկանությունը մեկնաբանել է Երևանում ցուցարարի վնասվածք ստանալը
Արամ Սարգսյան

Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին

118
(Թարմացված է 13:20 28.02.2021)
Ի՞նչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները, որքանո՞վ են դրանք վտանգված, և ինչո՞վ են պայմանավորված Նիկոլ Փաշինյանի` մեր դաշնակից պետությանը «վարկաբեկող» հայտարարությունները. Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։
Փաշինյանը դարձյալ սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և հայ-ռուսական վտանգված հարաբերությունների մասին

Տեսակետը, թե Հայաստանի ներքաղաքական զարգացումների և «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետի աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ ռուսական արձագանքները բավականին զուսպ են, այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Պեսկովի և ՊՆ–ի հայտարարությունները շատ հստակ են, և պարտադիր չէ, որ նրանք վիրավորական արտահայտություններով հանդես գան կամ նկատողություն անեն, որ մենք հասկանանք, թե իրենց դիրքորոշումը որն է»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ` նախ` Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հստակ պարզաբանեց, որ Պուտին-Փաշինյան զրույցի ընթացքում չի նշվել, որ ՌԴ նախագահն աջակցում է օրվա իշխանություններին, ընդամենն ասվել է, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է իրականացվի օրենքի շրջանակում, իսկ մինչ այդ ՌԴ ՊՆ–ն հստակ հայտարարեց, որ մեր պետության ղեկավար չի էլ իմացել, որ «Իսկանդերը» ընդհանրապես չի օգտագործվել արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ, էլ ուր մնաց` 10 տոկոսով պայթեր կամ չպայթեր։

Փաշինյանի` «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությունը Սարգսյանը սադրանք է որակում Ռուսաստանի նկատմամբ, որի համար կարևորագույն նշանակություն ունի զենքի շուկան։

«Փաշինյանը բացահայտ արտահայտեց իր հակառուսականությունը, որը նրա մեջ արմատացած է տարիներ շարունակ, և դա չի կարող փոխվել։ Եվ կարծում եմ, որ սխալ հաշվարկ արեց, ինչպես միշտ»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով`Փաշինյանը կարծեց, թե ժամանակն է խզել Ռուսաստանի հետ տարիների դաշնակցային կապերն ու թռչել դեպի Արևմուտք, սակայն պատասխանը չուշացավ, մյուս կողմից` պետք է շատ հստակ գիտակցել` եթե գործող իշխանությունը երկար շարունակի պաշտոնավարել, ապա հայ-ռուսական հարաբերություններն ինչ-որ պահից կարող են և խաթարվել։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն ինքը գիտի իր հարցերի պատասխանը. «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10%-ով»։

Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

Թյուրիմացության մեջ են գցել, կամ հայկական «կիքս» ռուսական բարձր ճշգրտության հրթիռների հետ

118
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իսկանդեր, Արամ Սարգսյան, Հայաստան
Էդուարդ Անտինյան

«ՀՀ նախագահի երկրորդ առարկությունն առաջ կբերի մեծ դժվարություններ». Անտինյան

200
(Թարմացված է 12:19 28.02.2021)
«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արմեն Սարգսյանի որոշմանը, որին երեք օր սպասում էր ամբողջ երկիրը։
Անտինյան. «Նախագահի որոշումը սպասելի էր, բայց մյուս առարկությունն առաջ կբերի մեծ դժվարություններ»

Էդուարդ Անտինյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա որոշումից ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանից հետո ավելի մեծ դժվարություններ են առաջ գալու, որովհետև նախագահը ՍԴ–ում պետք է վիճարկի ոչ թե վարչապետի առաջարկությունը կամ որոշումը, այլ դրա սահմանադրականությունը։

«Բայց եթե վարչապետն իսկապես հիմնավոր ձևով գրի նամակը, ապա առարկությունները ՍԴ ուղարկելը մի քիչ կդժվարանա։ Ամեն դեպքում այս օրերին շրջանառվող իրավական հարցը, թե բանակը ոչ մի պարագայում չի կարելի ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, ըստ էության կունենա քաղաքական հանգուցալուծում, և պարզ կդառնա, թե որ կողմը պետք է զիջի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Անտինյանի դիտարկմամբ` վարչապետի հրաժարականին հանգեցնող շատ–շատ պատճառներ կարող են լինել, բայց այս հարցում պետք չէ շտապել և դա կապել նախագահի որոշման հետ։ Ըստ նրա` ընդդիմությունը չպետք է ոգևորվի և հայտարարելով, թե կանգնած է բանակի կողքին` տպավորություն ստեղծի, թե բանակը ներքաշված է քաղաքական գործընթացների մեջ, ինչը ոչ մի պարագայում ձեռնտու չէ մեր պետությանը, քանի որ այդ դեպքում դրսից կստանանք շատ տհաճ կարծիքներ, եզրակացություններ, իսկ մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ հաշվի չնստի դրսի արձագանքների հետ։

Քաղաքագետի կարծիքով` ՀՀ նախագահը ստորագրել–չստորագրելու երկընտրանքի առաջ է հայտնվել ոչ թե այսօր, այլ այն ժամանակ, երբ խոցելի կարգավիճակով համաձայնվեց դառնալ նախագահ և հիմա ստիպված է կատարել այնպիսի քայլեր, որոնք ավելի շատ համապատասխանելու են քաղաքական կոնյուկտուրային, մտածելու է, թե ում ժեստ անի, որ ավելի քիչ վնաս կրի։ Ըստ այդմ` Սարգսյանի երեկվա որոշումը թեև դրական էր և սպասելի, բայցևայնպես քաղաքագետն այդ քայլով վերջնական հաղթանակ տոնելու լավատեսություն չունի։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

200
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Էդուարդ Անտինյան, Հայաստան
Գերեվարված շիրակցիների հարազատները

«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին

0
(Թարմացված է 16:53 28.02.2021)
Գերեվարված շիրակցիների հարազատները հորդորում են տղաների անունները քաղաքական նպատակներով չշոշափել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում հայտնված տղաների հարազատները բոլոր ուժերին կոչ են անում գերիների հարցը չքաղաքականացնել: Խծաբերդում գերեվարված շիրակցի 54 տղաների հարազատներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հանդես եկան հայտարարությամբ։

«Քաղաքական և ոչ քաղաքական ուժերը շոշափում են մեր տղաներին գերությունից ազատելու հարցը: Եթե կա ինչ–որ անձնավորություն, որը կարող է իր լուման ներդնել մեր տղաներին վերադարձնելու հարցում, խնդրում ենք` թող կատարի այդ քայլերը, նոր խոսի: Մենք առաջին օրվանից տեսել ենք այն մարդկանց, որոնք պատրաստ են մեր կողքին լինելու ու մեզ համար քայլեր կատարելու, գիտենք նաև այն մարդկանց, որոնք իրենց նպատակների համար շոշափում են մեր տղաների հարցը, թող նրանք զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների խնդիրը շոշափելուց ու չխանգարեն մնացած աշխատանքներին, որոնք կատարվում են ու պետք է կատարվեն»,-նշեցին հարազատները։

Նրանք շեշտեցին, որ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն պաշտպանում ու չեն կանգնում ոչ մի քաղաքական ուժի կողքին, և անդրադարձան նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը:

«Մենք նրան էլ ենք հորդորում՝ ունես այդ հնարավորությունը, արա, նոր խոսիր: Եթե կարող ես 3 օրում գերիներին բերել, բեր թեկուզ 1 շաբաթում, բայց երեխաներին մի դարձրեք առևտրի թեմա ձեր աթոռի համար։ Կա՛մ ինքը պետք է բերի մեր երեխաներին, կա՛մ ինքը ստախոս է, եթե աթոռ է ուզում, թող գա Գյումրի, մենք իրեն աթոռ կտանք, բայց ոչ մեր երեխաների հաշվին»,-նշեցին հարազատները՝ կարևորելով գերիների վերադարձի հետ կապված գործընթացը:

Նրանք շեշտեցին` փակագծեր չեն բացում, բայց լավ գիտեն` այդ գործընթացում ով է ներգրավված, ով ինչ քայլ է կատարում:

«Այսօրվա դրությամբ այն 70 տոկոս գործընթացը, որ մինչ այս կատարվել էր տղաների վերադարձի ուղղությամբ, իրենք նորից դարձրեցին զրո։ Եթե գերիներին բերելու հնարավորություն ունեցող անձը չի համագործակցում պատկան մարմինների հետ, մենք մտածում ենք, որ դրա նպատակը ուրիշ է, իսկ հետևանքի մասին մենք չպետք է դատենք, այլ դրա համար կան համապատասխան մարմիններ: Խոսքը ոչ միայն Շիրակի մարզի այն 62 տղաների մասին է, որոնցից 8 վերադարձել են, այլ բոլորի»,- նշեցին հարազատները։

Նրանք պահանջեցին, որ իրենց հետ հանդիպման գան Հայաստանի ու Արցախի նախագահները։

«Թող գան Գյումրի ու մեր տղաներին չդարձնեն քաղաքական դաշտ: Մեզ շահարկում պետք չեն, մեզ պետք են հստակ քայլեր»,- եզրափակեցին գերեվարվածների հարազատները:

Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս հայտարարել էր, որ եթե ինքը իշխանության գա, ապա կկարողանա գերիների հարցը մի քանի օրում լուծել։

Նշենք, որ Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը չի հրապարակվում։ Հրադադարի հաստատումից հետո Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։

0