2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած արցախա-ադրբեջանական պատերազմը պատճառ դարձավ, որ «Հերոսների վերականգնողական քաղաքի» հիմնադիրը կյանքի կոչի դեռևս 2016-ի ապրիլյանի օրերին ծնված գաղափարը։ Քառօրյա պատերազմում լրագրողի կարգավիճակով ռազմաճակատում գտնվող Սուրեն Արեենցը հասկացավ, որ զինհաշմանդամների վերականգնողական աշխատանքներով զբաղվող նոր կենտրոններ հիմնելը հետայսու օդ ու ջրի պես անհրաժեշտ է։
Պռոշյան գյուղում նվեր ստացած մոտ 6000 քառ. մետր տարածքում 10 օրից կմեկնարկեն այգու կառուցապատման աշխատանքները, որին կհաջորդի հոգեբանական ծառայությունների մատուցման փոքրիկ շինությունների տեղադրումը։
«Այդտեղ տղաները ստանալու են հոգեբանական աջակցություն, դրանից հետո անցնելու են վերականգնողական բուժման»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մինչ այդ կենտրոնի ապագա աշխատակիցներն ու հոգեբան-մասնագետները վերապատրաստման դասընթացներ են անցնում, զինվորական հոգեբանություն ուսումնասիրում Արցախում գտնվող «Քոքսի», Հայաստանում գործող մի շարք հոգեբանական կենտրոններում
«Մասնագետներն արդեն սկսել են վերապրոֆիլավորել և պրակտիկա անցնել, որ նեղ մասնագիտական ծառայություններ մատուցենք. մենք եկել ենք թողունակությունը բարձրացնելու, որակական նոր չափանիշներ բերելու և նոր մասնագետներ վերապատրաստելու նպատակով»,-նշեց Արեենցը։
Հոգեբանական աջակցությանն ու վերականգնողական բուժմանը զուգահեռ զինհաշմանդամները հնարավորություն կունենան արհեստ սովորել, իրենց սիրելի աշխատանքով զբաղվել։
Պատերազմում հաշմանդամություն ստացած քաղաքացիները կորցնում են աշխատանքը
Կենտրոնի շահագործումից հետո հոգեբանները օրական միջինում 30-40 զինվորի հետ աշխատելու հնարավորություն կունենան, իսկ վերականգնողական կենտրոնում միաժամանակ 100 զինհաշմանդամ ամբուլատոր, մոտ 50-ը՝ ընթացիկ բուժում կստանան։
Նշենք, որ վերականգնողական կենտրոնը կոչվելու է ազգային հերոս Վահագն Ասատրյանի, իսկ պուրակը՝ Վարդան Ամալյանի անուններով։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում։ Ասում է` քննարկել են վերջին զարգացումների ֆոնին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ԲՀԿ-ն էլ վերահաստատել է իր դիրքորոշումը` վարչապետը պետք է հեռանա։
«Քննարկվել են բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, ընդ որում թիրախավորված չեն քննարկվել, ընդհանուր կոնտեքստի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` հանրապետության նախագահը փորձում էր հասկանալ խորհրդարանական ֆրակցիաների դիրքորոշումը, պարզել` տարբեր քաղաքական ուժերի տեսակետները փոխվել են, թե ոչ և առհասարակ ինչ է կատարվում։
«Քաղաքական ուժերի հետ հանդիպումներն առանձին են եղել և ես տեղյակ չեմ մյուս հանդիպումների մանրամասներից ։ Լուծումների մասին առայժմ խոսք չի եղել»,- նշեց նա։
Մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` ԱԺ խորհրդի նիստին չներկայանալու, հետևաբար այն տապալելու իրողությանը` Աբովյանը նշեց, որ այդպիսով ԱԺ նախագահը սաբոտաժի է ենթարկում ՀՀ կարևորագույն ինստիտուտը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը խաթարում է Կարմիր Խաչի և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող գերիների փոխանակման միջնորդական գործընթացը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին, և որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:
«Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա»,- ասաց նա։
Հովսեփյանի խոսքով` այդօրինակ հայտարարություններն ու գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն, տրամաբանությանը, մասնավորապես հայտարարության 8-րդ կետին, որտեղ նշված է, որ կողմերը պարտավորվում են փոխանակել ռազմագերիներին և ձերբակալված անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե իր իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցն ընդամենը օրերի խնդիր է, Հովսեփյանը նշեց, որ նման հայտարարություններ կարող է անել յուրաքանչյուր ոք, բայց, ըստ նրա, դրանք լուրջ չեն։
Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից։
«Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:
Հիշեցնենք` Երևանի ավագանու որոշմամբ` կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:
Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը