Արման Աբովյան

Փաշինյանի և իշխանությունների հեռանալուց հետո միայն կլինեն արտահերթ ընտրություններ. Աբովյան

113
(Թարմացված է 23:28 08.02.2021)
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիլիթ Մակունցի տեսակետին, ըստ որի` խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չի ձևակերպել։
Աբովյան. «ԲՀԿ–ն իր մոտեցումներում ոչինչ չի փոխել, Փաշինյանն ու իշխանությունները պետք է հեռանան»

Արման Աբովյանի դիտարկմամբ` ԲՀԿ–ն իր մոտեցումներում ոչինչ չի փոխել, Փաշինյանն ու իշխանությունները պետք է հեռանան, քանզի թե՛ անցյալում, թե՛ հիմա, թե՛ ապագայում ի զորու չեն լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են Հայաստանի առջև։ Ավելին` այդ խնդիրներն, ըստ նրա, ստեղծել են հենց գործող իշխանությունները, հենց իրենք են պատասխանատուն և մեղավորը։

«Փաշինյանի և իշխանությունների հեռանալուց հետո, այո, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որ ձևավորվի նոր, լեգիտիմ, պատասխանատու իշխանություն։ Մեխանիզմները կարելի է երկար քննարկել, բայց ամենակարևորը Փաշինյանի ու իշխանությունների հեռացումն է»,– նշեց Աբովյանը։

Ինչ վերաբերում է ընտրությունների վերաբերյալ ընդդիմության կողմից հասարակական պահանջ չձևավորելու` Լիլիթ Մակունցի հայտարարությանը, Արման Աբովյանը հորդորեց իշխանության ներկայացուցիչներին դուրս գալ Ֆեյսբուքից, որովհետև ըստ էության ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այդ մարդիկ կամ առհասարակ կտրված են իրականությունից, կամ իրենց գլուխներում ձևավորել են զուգահեռ Հայաստան` ապրելով այդ երևակայական Հայաստանի ներքո։

«Իշխանությունները պետք է դա հասկանան, իսկ եթե չեն հասկանում, ապա դա իրենց խնդիրն է, բայց իրականում նրանց որոշումները զարգացող պրոցեսների մեջ արդեն ոչ մի դերակատարություն չունեն։ Նրանց վարքագիծն ակնհայտորեն տանում է ներքաղաքական իրավիճակի սրացման, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, ապա մենք կիրառելու ենք սահմանադրական և օրինական բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդները»,– նշեց ԱԺ պատգամավորը։

Աբովյանի կարծիքով` գործընթացը կանգ չի առնի, դա բնավ աթոռակռիվ չէ, լոկ ընդդիմության հայտը չէ իշխանությանը և ոչ մի կապ չունի դասական քաղաքական գործընթացների հետ, դա ազգային օրակարգ է, և ԲՀԿ–ն հիմնվում է զուտ այդ գաղափարի վրա։ Ըստ նրա` պրոցեսը զարգանալու է այն տրամաբանության մեջ, որ իշխանությունը պետք է հեռանա, իրավիճակը կայունանա ու դրանից հետո նոր տեղի ունենան արտահերթ ընտրություններ։  

«Սխալ կլինի թողնել, որ Փաշինյանն իր թիմով մասնակցի ընտրություններին ու վերարտադրվի»

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

 

113
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, Նիկոլ Փաշինյան, Լիլիթ Մակունց, Արման Աբովյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Ընտրություններ, Հայաստան
Արմեն Բաղդասարյան

Կստորագրի՞ արդյոք նախագահը Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը

102
(Թարմացված է 20:14 25.02.2021)
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ այժմ, երբ ներքաղաքական զարգացումներն ավելի են սրվել, հանրապետության նախագահը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ լարվածության հանգուցալուծման գործում։
Կստորագրի արդյոք նախագահը Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը, և ինչ դեր կարող է ստանձնել Սարգսյանը

Ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպիսին այժմ Հայաստանի ներքաղաքական դաշտում է, հանրապետության նախագահն ունի շատ լուրջ լծակներ և գործառույթներ և դրանք հանգիստ կարող է կիրառել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` մեկնաբանելով ներքաղաքական վերջին զարգացումները։

Ինչ վերաբերում է առավոտյան ՀՀ ԶՈւ ԳՇ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը, ապա, ըստ քաղաքագետի, այն խոսում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի և ԳՇ պետի` Օնիկ Գասպարյանի միչև առճակատման, այլ վարչապետի և բանակի միջև եղած խորքային խնդիրների մասին։

Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը դեռևս չի շտապի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման մասին որոշումը։ 

«Կարծում եմ` հանրապետության նախագահը կսպասի ևս մեկ-երկու օր` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որովհետև հանգուցալուծման հնարավոր սցենարների առանցքում էլ հենց ինքն է»,- ասաց նա։

Բաղդասարյանի համոզմամբ, Արմեն Սարգսյանը կարող է կարճաժամկետ անցումային փուլում ստանձնել պետության ղեկավարի դերը և դառնալ արտահերթ ժողովրդավարական ընտրությունների անցկացման երաշխավորը։ 

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

ԶՈւ-ն հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանին հանձնելու իրավապահներին. սահմանադրագետ

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

102
թեգերը:
Արմեն Սարգսյան, Օնիկ Գասպարյան, Արմեն Բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Արմեն Սարգսյանի մոտ
Երևանի Բաղրամյան փողոցում վրաններ են տեղադրում. լուսանկարներ, տեսանյութ
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայի արտգործնախարարի կոչը և մոտեցումները չեն կարող լինել ի նպաստ Հայաստանի. թուրքագետ

80
(Թարմացված է 17:25 25.02.2021)
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությանը, ըստ որի` Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը:
«Չավուշօղլուի հայտարարության պարագայում կարելի է տեսնել նաև ՀՀ–ի ներքին գործերին միջամտելու էլեմենտներ». Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` թշնամական երկրի` Թուրքիայի արտգործնախարարի կոչը և մոտեցումները բնականաբար չեն կարող լինել ի նպաստ Հայաստանի։ Ըստ նրա` հայտարարությունը կարելի է բաժանել երկու մասի։   

«Մեկն այն է, որ թշնամական երկրի արտգործնախարարի գնահատականը ևս մեկ ցուցիչ է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դա համապատասխանում է Հայաստանի շահերին և չի համապատասխանում Թուրքիայի ու թուրքական շահերին, իսկ երկրորդն այն է, որ Չավուշօղլուն մի թիմի ներկայացուցիչ է, ով կոմպլեքսավորված է և որոշակի բարդույթներ ունի հեղաշրջում տերմինից, որովհետև այդ երկրում չորս անգամ տեղի է ունեցել հեղաշրջում, որը մի մասով ուղղված է եղել իրենց քաղաքական ուժի դեմ»,– նշեց թուրքագետը։

Մելքոնյանի համոզմամբ` այն, ինչ հեղաշրջումների հետ կապված տեղի է ունենում Հայաստանում և այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում, իրար հետ լիովին համեմատելի չեն, Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է, և ըստ նրա` ուղղակի պետք էլ չէ շատ մեկնաբանել, բավական է նշել, որ Չավուշօղլուն ինչ թշնամական, ինչ բացասական գործունեություն է ծավալել հայերի ու Հայաստանի հանդեպ և ուղղակի հասկանալ` այդ թշնամին կարո՞ղ է Հայաստանի շահերից բխող հայտարարություն անել։ 

«Այդ հայտարարությունը ևս մեկ ապացույց է արտաքին թուրքերի և Հայաստանում ներքին թուրքերի շահերի համապատասխանության»,– շեշտեց թուրքագետը։

Մելքոնյանի կարծիքով` Չավուշօղլուի հայտարարության պարագայում կարելի է տեսնել նաև Հայաստանի ներքին գործերին միջամտելու էլեմենտներ, բայց դա ավելի շատ մեր երկրի հանդեպ նրանց պլանների վերաբերյալ վախի դրսևորում է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, գուցե խոչընդոտում է նրանց պլանների իրականացմանը։ Ըստ նրա` բավական է նշել, թե Հայաստանի ներկայիս կառավարությունում որքան թուրքանպաստ գործիչներ և թուրքանպաստ հայտարարություն արած անձինք կան, և այդ դեպքում զուգահեռներն ու համընկնումները շատ ակնհայտորեն կդրսևորվեն։

Թուրքագետի գնահատմամբ` Թուրքիայի արագ արձագանքն ու անհանգստությունը խոսում է շատ–շատ փակագծերի մասին, որ այս ընթացքում անընդհատ քննարկվել է, և Չավուշօղլուն իր հայտարարությամբ բացում է փակագծերը կամ օգնում չկողմնորոշվածներին տեսնել այն շահերը, որոնք կան Հայաստանի այսօրվա իշխանության և Թուրքիայի միջև։    

Հիշեցնենք, որ Anadolu գործակալության տարածած տեղեկատվության համաձայն` այսօր` փետրվարի 25-ին, Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը:

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են. տեսանյութ

Թուրքական ԱԳ գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի բռնազավթելու փորձերին:

80
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, Ռուբեն Մելքոնյան (թուրքագետ)
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
«Անընդհատ ասում ենք` վերջ թավիշին ու չենք անում». Փաշինյանը խոստացավ այսօրվանից սկսել
ՄԱԿ. արխիվային լուսանկար

Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ

0
(Թարմացված է 22:39 25.02.2021)
Իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Իրանի ԱԳՆ–ն Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել
Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները