Ալեքսեյ Սանդիկովի դիտարկմամբ` նման գաղափար վաղուց կար և ավելի առարկայորեն քննարկվել էր դեռ անցյալ տարվա ամռանը։ Ըստ նրա` բոլոր քաղաքացիներն էլ հասկանում են, որ նման օր կամ տոն ունենալու հիմքում դրված է սիմվոլիզմ, ինչը ևս մեկ անգամ ազգային փոքրամասնությունների վրա է սևեռում համարժեք ուշադրություն։
«Հանուն արդարության պետք է նշեմ, որ Հայաստանում երբեք էլ չի եղել իրավիճակ, որ ազգային փոքրամասնությունները որոշակի խտրականության ենթարկվեն կամ անտեսվեն։ Հետևաբար նման օր ունենալու գաղափարն ավելի շատ խորհրդանշական հիմքեր ունի»,– նշեց Սանդիկովը։
Նրա կարծիքով` բոլոր համայնքների համար իրենց ազգային լեզվով սովորելու, հատկապես մշակույթն ու ինքնությունը պահպանելու համար պահանջվում են համալիր միջոցառումներ։ Օրինակ` ռուսական համայնքի հետ կա պայմանավորվածություն, որ այս տարի Ռուսաստանում տպագրվող դասագրքերի պետպատվերի խմբաքանակն ավելացվի և ներկայացվի Հայաստանում ապրող ռուսների համար, գումարների հայթայթման ուղղությամբ նույնպես կատարվում են աշխատանքներ։
«Մշակութային առումով աշխատում եմ Ամրակիցում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման նախագծի վրա, նման բազմաթիվ այլ նախագծեր կան։ Համոզված եմ, որ մնացած համայնքները ներկայացնող պատգամավորները նույնպես նմանատիպ գործունեություններ ծավալում են իրենց հայրենակիցների համար, ինչը մշտական, դինամիկ գործընթաց է»,– նշեց պատգամավորը։
Սանդիկովը հիշեցրեց նաև նախորդ տարի քննարկված և հաստատված օրենքի նախագիծը, որով նվազագույն սահմանաչափեր են հաստատված Հանրային հեռուստաընկերությամբ և Հանրային ռադիոյով ազգային փոքրամասնությունների համար հարազատ լեզով հաղորդումներ ունենալու վերաբերյալ։ Ըստ նրա` ռուսական հաղորդումներն այդ առումով գտնվում են ամենաշահեկան դիրքում, որովհետև նույնիսկ կաբելային հեռուստաընկերությունների գերակշռող մեծամասնությունը ռուսալեզու է, կինոթատրոններում ցուցադրվող գրեթե բոլոր ֆիլմերը ռուսալեզու են։ Թերևս այդ հարցն, ըստ պատգամավորի, ավելի օրակարգային է մնացած ազգային փոքրամասնությունների համար` չնայած, որ նրանք նույնպես ունեն համապատասխան եթերաժամեր և հաճախ հյուրընկալում են իրենց հայրենակից պատգամավորներին։
Դասագրքեր, ուսուցիչների պակաս... ի՞նչ խնդիրներ ունեն ազգային փոքրամասնությունները ՀՀ-ում
Ռուսական համայնքը ներկայացնող պատգամավորի հավաստմամբ` ՀՀ կառավարության հետ իրենց համագործակցության մասով բողոքելու առիթներ չեն եղել և իրենք տրամադրված են լավատեսորեն։
Գոռ Մադոյանի դիտարկմամբ` եթե երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները խստացվեն կամ համաճարակի նոր ալիք սկսվի, ընտրություններ չեն կարող անցկացվել։ Ըստ նրա` ներկա պահին արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են և պետք է անցկացվեն հնարավորինս շուտ, քանի որ երկիրը քաղաքական առումով վերբեռնման կարիք ունի, սակայն առկա է ֆորսմաժորային իրավիճակ համավարակի տեսքով, ինչը կարող է խառնել բոլորի քաղաքական խաղաքարտերը։
«Այդ առումով խոսել արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին ճիշտ չէ։ Շատ ավելի տրամաբանական է, որ եթե ամեն ինչ գնա այս տեմպերով, այսիքն` համաճարակային վիճակը թուլանա և քաղաքական ուժերը, գոնե դրանց մեծամասնությունը այս կամ այն կերպ գան կոնսենսուսի, նույնիսկ լռելյայն կոնսենսուսի` առանց հայտարարությունների, գուցե այդ դեպքում լինեն ընտրություններ, բայց կոնկրետ ժամկետների առումով կան բազմաթիվ հարցականներ, որոնք պայմանավորված են տարբեր հանգամանքներով և հնարավոր չէ դրանք բոլորը հաշվարկել»,– նշեց վերլուծաբանը։
Անդրադառնալով «իմքայլական» պատգամավորների խմբակցությունից դուրս գալու խնդրին` Մադոյանն ընդգծեց, որ «Իմ քայլը» դաշինքն ԱԺ–ում մեծամասնություն է, ձևավորվել է հեղափոխության արդյունքում և ընդհանուր էյֆորիայի տակ այնտեղ բավականին տարասեռ պատգամավորներ են հայտնվել, որոնք կուսակցական կուռ համակարգ չեն տեսել։ Ուստի շատ բնական է, որ երբ նվազել է հանրային լեգիտիմությունը պատերազմից հետո, նրանք պետք է դուրս գային խմբակցությունից և ներկայանային որպես անկախ պատգամավորներ։
Վերլուծաբանի կարծիքով` անկախ պատգամավորների ինստիտուտը խնդրահարույց է։ Ըստ նրա` եթե պատգամավորները կուսակցություններ չեն ձևավորելու և եթե խոսվում է ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու մասին, հետևաբար անկախ պատգամավորների պարագայում ռեյտինգայինի գաղափարն, ըստ էության, այլևս չի գործի։
Մադոյանի խոսքով` նրանց, ովքեր 2018 թվականին ընդունում էին պատգամավորական մանդատն ու նշում, որ ծառայում են մեկ գաղափարի և կիսում են նույն քաղաքական ծրագիրը, իհարկե ոչ ոք չէր խոստացել, որ քաղաքական պատասխանատվությունը միշտ պետք է լինի քաղցր ու ցանկալի։ Նրանք կիսում էին միայն լավը, իսկ վատի դեպքում հեռացան պատասխանատվությունից։
Ինչի՞ համար էր վարչապետը հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ․ Մակունցը մանրամասնում է
Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին Լավրովի հայտարարությունը հայ հասարակությանն իրազեկելու փորձ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
«Հայաստանի պատկան մարմինների անգործության կամ ամբողջական տեղեկություն չտրամադրելու հետևանքով առաջ են գալիս տարբեր ասեկոսեներ և տարակարծություններ, քանի որ նրանք չեն տրամադրում ամբողջական և կոնկրետ տեղեկություններ»,- ասաց նա։
Ալավերդյանի խոսքով` ՌԴ արտգործնախարարը որոշել է պարզություն մտցնել այդ հարցում`Հայաստանի իշխանությունների փոխարեն։
Գաղտնիք չէ, որ բոլոր ծնողները չէ, որ իրազեկված են` իրենց զավակները գերեվարված են, թե ոչ, ողջ են, թե մահացած. իշխանությունը վախենում է նրանց ամբողջական թիվը հրապարակել։
«Դա կարող է լինել մի պատկառելի թիվ և հնարավոր է` շատ ավելի մեծ բողոքի ալիք բարձրացնի հասարակության կողմից. Կարծում եմ` իրենք տալիս են մաս-մաս այդ տեղեկությունը, և դա քաղաքականություն է, որը ես համարում եմ անտեղի»,- նշեց նա։
Ալավերդյանի կարծիքով` Ադրբեջանում գտնվող բոլոր գերիները պետք է վերադարձվեն բանակցային ճանապարհով, որից հետո միայն դրանց կտրվի իրավական գնահատական։
Ռուսաստանն ուզում է լուծել գերիների հարցը․ Լավրովը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք` 2020 թվականի ամփոփիչ ասուլիսում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր` հունվարի 18–ին, անդրադարձավ նաև հայ գերիների խնդրին և նշեց, որ հայակական կողմից ներկայացված ցուցակներն ամբողջական չեն և այժմ կողմերն աշխատում են դրանց ճշգրտման ուղղությամբ։
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։
«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։
Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։
Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։