Աննա Կարապետյան

Ի՞նչ կարելի է սպասել Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից. Կարապետյանը մեկ լուծում է տեսնում

618
(Թարմացված է 18:39 08.01.2021)
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը։
Կարապետյան. «Գործող իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ չի կարող գերակայություններ առաջ տանել»

Աննա Կարապետյանի դիտարկմամբ`եթե նույնիսկ այդ եռակողմ հանդիպումը կայանա, ապա դրանից ակնկալիքները մեզ համար որևէ կերպ դրական կամ լուրջ լինել չեն կարող, քանզի ակնհայտ է, որ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չի կարող գործընթացում որևէ տրամաբանություն թելադրել կամ գերակայություններ առաջ տանել, առավել ևս որևէ խնդիր լուծել։

«Դրանում մենք համոզվել ենք նոյեմբերի 9-ից առ այսօր ընկած ժամանակահատվածում։ Բացի այդ գործընթացում կան մի շարք անհասկանալի, չհրապարակվող, ոչ բացահայտ բաղկացուցիչներ, որոնց մի մասը Փաշինյանը համարում է բանավոր համաձայնություն, իսկ մի մասն էլ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ է, հետևաբար մենք առնչվում ենք միայն գործընթացի հետևանքներին, որոնք մեզ համար ցավալիորեն միշտ շատ վատն են»,– Sputnik Արմենիային ասաց «Հայացք» կենտրոնի տնօրենը։

Կարապետյանի կարծիքով`ղարաբաղյան հակամարտության համատեքստում ՀՀ վարչապետի ցանկացած գործողություն անընդունելի է, և այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր ավել օրը Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր խնդիրներ ու նոր մարտահրավերներ է ստեղծում, որոնց հաղթահարումը կամ կարգավորումը հետագայում նույնիսկ շատ դեպքերում կարող է անհնարին լինել, հետևաբար բնական է, որ ցանկացած հանդիպում ընդդիմության կողմից ընկալվում է որպես նոր սպառնալիք ազգային շահերի համար։

«Թեև այս պահին արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի հեռանկարի մասին խոսելը բավականին բարդ է, բայց մեզ համար շատ կարևոր է, որ բանակցություններն օր առաջ վերսկսվեն, և օրակարգ բերվի Արցախի կարգավիճակի հարցը, որովհետև որքան այն մատնվի լռության, այնքան ավելի դժվար կլինի ապագայում քննարկման առարկա դարձնել»,– նշեց «Հայացք» կենտրոնի տնօրենը։

Ըստ նրա`գործող իշխանությունը լեգիտիմ իրավունք չունի բանակցելու Հայաստանի ու Արցախի անունից և ընդհանրապես ունակ էլ չէ բանակցելու, իսկ Ադրբեջանն այս պահին բանակցելու պատրաստակամություն առանձնապես չի ցուցաբերում, որովհետև նույնիսկ առանց բանակցելու Փաշինյանից ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է։ Կարապետյանի համոզմամբ`միակ լուծումն այն է, որ ՀՀ իշխանությունը հեռանա, գա նոր իշխանություն, որն ընկալելի կլինի բոլորի կողմից և կկարողանա բանակցային օրակարգ ձևավորել` պաշտպանելով մեր կենսական շահերը։

Հիշեցնենք` վերջին օրերին տեղեկություններ տարածվեցին, որ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։

618
թեգերը:
Ադրբեջան, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Նման փաստաթուղթ գոյություն չունի». նախարարը դրսում զրուցեց իրավապաշտպանների հետ
Ադրբեջանին հանձնած ՀՀ տարածքների հարցով դատարան ենք դիմելու. Արծվիկ Մինասյան
Ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում, կամ ո՞րն էր Փաշինյանի և հեղափոխության «պլան Ա»-ն
Զարեհ Սինանյան

Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին

12
(Թարմացված է 20:26 25.01.2021)
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի հաղթահարել խորը ճգնաժամը և մուտք գործել զարգացման նոր փուլ։
Սփյուռքը դուրս է եկել շոկային վիճակից. Զարեհ Սինանյանը` Արցախում իրականացվող ծրագրերի մասին

Հայաստան-սփյուռք համագործակցությունն ակտիվացման փուլում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Հայաստանին և Արցախին զուգահեռ նաև սփյուռքն է դուրս գալիս այս շոկային վիճակից։ Որոշ համայնքներում դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան այլ համայնքներում, օրինակ` Ֆրանսիայում և Ռուսաստանում բավական առողջ է մթնոլորտը, և համագործակցության բազում եզրեր կան»,- ասաց նա։

Նրա խոսքով`մարդիկ բավականին ակտիվ են և հասկանում են, որ այսօր առավել քան երբևէ  հայրենիքը`Հայաստանն ու Արցախն օգնության կարիք ունեն. տասնյակ հազարավոր տեղահանվածներ, որոնք թեև այս պահին Արցախի տարածքում են, զրկվել են սեփական բնակարաններից և եկամտի աղբյուրներից, ու առաջնահերթ նրանց պետք է աջակցել։

«Հայաստանի կառավարությունն էլ ամեն ջանք գործադրում է, որ արցախցի մեր հայրենակիցները ուտելիքի և կենցաղային իրերի կարիք չունենան, բայց ժամանակն է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին մտածել։ Շահութաբերության հիման վրա ձեռնարկությունների հիմնումն Արցախի տարածքում լինելու է շատ կարևոր ուղղություն, և չեմ կասկածում, որ մոտակա տարիներին մենք դրա ականատեսը կլինենք»,- նշեց Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը համոզված է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի ամենասեղմ ժամկետներում կենտրոնանալ բնակարանաշինության վրա, տնտեսական վերածննդի ծրագիր կազմել և թևակոխել զարգացման նոր փուլ։

Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճանաչողական այցով մեկնել էր Արցախ, հանդիպել մի շարք պաշտոնյանների հետ և քննարկել կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսվում է կյանքի կոչել սփյուռքի մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ։

12
Ըստ թեմայի
Հայերի դեմ պայքարում են այն ահաբեկիչները, որոնց Ռուսաստանը չի հասցրել վերացնել. Սինանյան
Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան
ՀՀ–ն սփյուռքին է պետք, սփյուռքը՝ հայրենիքին. Ջորկաեֆները հանդիպել են Զարեհ Սինանյանին
Սուրեն Սարգսյան

ԱՄՆ–ում դեսպան լինելու համար Մակունցը չունի դիվանագիտական փորձ և քաղաքական ծանրակշռություն

50
(Թարմացված է 12:18 25.01.2021)
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին տեղեկությանը։
Սարգսյան. «Մակունցը չունի դիվանագիտական փորձ և քաղաքական ծանրակշռություն` ԱՄՆ–ում դեսպան աշախատելու համար»

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` յուրաքանչյուր պետություն ազատ է ցանկացած մարդու այլ երկրում նշանակել որպես  դիվանագիտական ներկայացուցիչ. դրա համար գործընթաց է տեղի ունենում, ուղարկվում է ագրեման, և եթե ընդունող կողմը որևէ առարկություն չունի, համապատասխան ժամկետների ընթացքում անձն այցելում է դեսպանին ընդունող երկիր։ 

«Խնդիրն այն է, որ մենք, ըստ էության, ԱՄՆ–ում մշտապես` դեռ 1990-ականների սկզբից, ունեցել ենք բարձր մակարդակի,  պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Լավագույնները ծառայել են Վաշինգտոնում և դրանով իսկ մշտապես բարձր են պահել հայ–ամերիկյան հարաբերությունները։ Այդ առումով կարելի է առանձնացնել Ռուբեն Շուգարյանին, Արման Կիրակոսյանին, Թաթուլ Մարգարյանին, Վարուժան Ներսիսյանին և Գրիգոր Հովհաննիսյանին, որոնք պրոֆեսիոնալ կադրեր էին` փայլուն կրթությամբ, համապատասխան գիտելիքներով ու փորձով»,– նշեց Սարգսյանը։

Նա առանձնահատուկ կերպով նշեց նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումն ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում, որի օրոք ջերմ հարաբերություններ հաստատվեցին ամերիկյան վարչակազմի և հատկապես փոխնախագահ Ջո Բայդենի հետ, ով այժմ դարձել է ԱՄՆ–ի նախագահը։ 

«ԱՄՆ–ում դեսպանի պաշտոնը մեզ համար չափազանց կարևոր է և այստեղ պետք է նշանակվեն պրոֆեսիոնալ դիվանագետներ կամ այնպիսի քաղաքական ծանր քաշայիններ, ովքեր ի վիճակի կլինեն ճանաչել, իմանալ Վաշինգտոնն ու հասկանալ, թե ինչպես աշխատել ամերիկյան կողմի հետ` երկկողմ հարաբերությունները առաջ մղելու համար։ Կարծում եմ, որ Լիլիթ Մակունցը չունի դիվանագիտական փորձ և քաղաքական ծանրակշռություն։ Նրա անձի դեմ բնավ ոչինչ չունեմ, բայց կարծում եմ, որ այս պահի դրությամբ անիմաստ է ԱՄՆ–ում մեր գործող դեսպանին հետ կանչելը։ Ավելին` ՀՀ վերջին երեք դեսպանները Վաշինգտոնում պաշտոնավարել են ընդամենը 2,5 տարի, ինչը նույնպես նորմալ չէ դիվանագիտական պրակտիկայում։ 2,5 տարին մեկ ԱՄՆ–ում դեսպան փոխելը կարող է ոչ դրական, ոչ լուրջ ընկալում ձևավորել մեր նկատմամբ»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է ԱՄՆ–ի իր պաշտոնակցին և հանդիպման հույս հայտնել

Սարգսյանի կարծիքով` մենք այժմ ունենք լուրջ և պրոֆեսիոնալ դիվանագետների կարիք` հաշվի առնելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա։      

Նշենք, որ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը հաստատեց, որ օրակարգում քննարկվում է իր` ԱՄՆ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հարցը։

50
թեգերը:
Սուրեն Սարգսյան, Դեսպան, Հայաստան, ԱՄՆ, Լիլիթ Մակունց
Ըստ թեմայի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
«Ոչ կոռեկտ են». Պեսկովի արձագանքը` Ռուսաստանի ցույցերի վերաբերյալ ԱՄՆ–ի հայտարարությանը
Ծովային հետևակայինները Կապիտոլիումի արևմտյան ճակատի մոտ

«Ամեն ինչ դրան էր տանում»․ ինչո՞ւ է ամերիկյան ծովային հետևակը հայտնվել Հյուսիսում

0
Ամերիկյան բանակն ամրապնդվում է Նորվեգիայում՝ ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ։ Հունվարին այստեղ ցամաք է իջել մոտ հազար ծովային հետևակային։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Ամերիկացի քաղաքական գործիչներն ու գեներալները ավելի ու ավելի հաճախ են հայտարարում Արկտիկայի լարվածության ուժեղացման մասին, որը, փորձագետների կարծիքով, հենց իրենք էլ ստեղծում են։ Պենտագոնն ինչի՞ է պատրաստում Նորվեգիային՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Վիկինգներին հյուր

Ծովային հետևակը Նորվեգիա է տեղափոխվել Հյուսիսային Կարոլինայից, այսպես կոչված, ռոտացիայի շրջանակում։ Արդեն մի քանի տարի է` ամերիկացիներն այդ հնարքին են դիմում. մի ստորաբաժանումը փոխարինում է մյուսին, և ԱՄՆ-ի ռազմական զորակազմը փաստացի մշտապես ներկա է երկրում։

Ծովային հետևակի խնդիրն է նորվեգացի հրահանգիչների ղեկավարությամբ սովորել մարտական գործողություններ վարել Արկտիկայի խստաշունչ պայմաններում և սերտ գործակցություն մշակել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ:

Փետրվարին ամերիկացիները, նորվեգացիները, ինչպես նաև հոլանդացիներն ու անգլիացիները՝ ընդամենը տասը հազար մարտիկ, կմասնակցեն Joint Viking 2021 լայնածավալ զորավարժություններին: ՆԱՏՕ-ականները կմշակեն մեծ հեռավորությունների վրա զորքերի արագ տեղափոխումը, կյուրացնեն բոլոր մակարդակներում տեղեկատվության փոխանակման մեթոդները և մի քանի համատեղ գործողություն կիրականացնեն։

Ս-500 համակարգն առաջին գնորդներն ունի սպառազինությունների համաշխարհային շուկայում

JointViking զորավարժություններն ամենամյա են։ Զորքերը՝ զրահատեխնիկան, հրետանին, ավիացիան, նավերն ու սուզանավերը, բարձր ինտենսիվության մարտական գործողություններ են մոդելավորում մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածքում, մեծ մասամբ` անտառապատ և լեռնային տեղանքում։

Ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ ռազմական դոկտրինի համաձայն՝ նրանց բանակը սովորում է պատերազմել հիմնականում արտասահմանում:

«Ուստի պետության քաղաքականությունը կառուցվում է այնպես, որ ամերիկացի զինվորականները մշտապես հայտնվում են այլ երկրներում՝ մարտական գործողություններ, հետախուզություն, օդանավակայանների շուրջ թռիչքներ, ծովային ուղիների շրջանցում մշակելու համար»,-բացատրում է նա: Հատուկ ուշադրություն է դարձվում համատեղ գործողություններին, քանի որ ԱՄՆ-ն միշտ պատերազմում է ուրիշի ձեռքերով։

Փորձագետի խոսքով՝ Պենտագոնն արհեստականորեն սրում է իրադրությունը, քանի որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն համառորեն չեն ցանկանում հրաժարվել Արկտիկայի նկատմամբ հավակնություններից:

«Ծովային հետևակի զորավարժությունները կլինեն հարձակողական, ոչ թե պաշտպանական,-վստահ է Ժիլինը,-նաև Ռուսաստանի դեմ գործողություններ կմշակեն։ Եթե ընդհանուր առմամբ վերլուծենք Եվրոպայում ՆԱՏՕ-ի քայլերը, հստակ երևում է` դրանք կազմակերպում են այնպես, որ Մոսկվայի համար լարման գոտիներ ստեղծեն։ Մեր բանակը չի կարող չարձագանքել նաև նրան, ինչ կատարվում է Նորվեգիայում։ Խուճապ չկա, բայց ուժերն ու միջոցները շեղվում են՝ մենք պետք է լիարժեք վերահսկենք իրավիճակը, թույլ չտանք որևէ սադրանք»։

Հյուսիսային ռազմահենադաշտ

«Վալդայ» վերլուծական ակումբի փորձագետ Արտյոմ Կուրեևը մատնանշում է, որ ամերիկացիները սեփական զարգացած ենթակառուցվածքն ունեն Ալյասկայում՝ Արկտիկայում մարտական գործողությունների մարտավարություն մշակելու համար, սակայն նրանք, միևնույնն է, գերադասում են մարզվել Նորվեգիայում։

«Դա անհրաժեշտ է նրանց, որպես ՆԱՏՕ-ի առաջնորդի,-ընդգծում է Կուրեևը,-Նորվեգիան դաշինքի ամենահին անդամներից է։ Օսլոն ի դեմս Ռուսաստանի հավանական հակառակորդ է տեսնում։ Դեռևս սառը պատերազմի տարիներին նորվեգացիները ենթակառուցվածք էին ստեղծում և պահպանում Արկտիկայում ԽՍՀՄ-ին հակազդելու համար։ Նույնը շարունակվում է նաև այսօր։ Իրական ռազմական սրման դեպքում Հյուսիսային Նորվեգիան անմիջապես կվերածվի ՆԱՏՕ-ի ռազմահենադաշտի՝ ռուսական Մուրմանսկ տանող ճանապարհին»։

Արկտիկայում ամրապնդվելու և մյուս երկրներին դուրս մղելու վաշինգտոնյան ցանկության մասին է վկայում նաև ռազմածովային ուժերի և ծովային հետևակի կորպուսի Արկտիկական նոր ռազմավարությունը: Մասնավորապես այնտեղ ասվում է, որ առանց արկտիկական տարածաշրջանում ամերիկյան ռազմածովային ներկայության՝ խաղաղությանն ու բարգավաճմանը ավելի ու ավելի են սպառնալու Ռուսաստանն ու Չինաստանը:

Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները

Ինչպես նշել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Քենեթ Բրեյթուեյթը, Պենտագոնը պլանավորում է Արկտիկայում մշտապես պահել մարտական նավերն ու սուզանավերը, որպեսզի պարեկություն իրականացնեն ռուսական ափերի մոտ գտնվող ջրատարածքում և կանխեն «Մոսկվայի հարձակումը Հեռավոր Հյուսիսում»: Ընդ որում՝ Արկտիկայում նաև հզոր ցամաքային ուժեր կկենտրոնացնեն։

Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակկե-Ենսենն իր հերթին հայտարարել է, որ երկրի անվտանգության քաղաքականության առանցքային ուղղություններն են Արկտիկան և Ռուսաստանի գործունեությունը տարածաշրջանում, իսկ տրանսատլանտյան կապերն այստեղ «անկյունաքարային են»: Նա ընդգծել է` Նորվեգիան ողջունում է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցների ներկայությունը Հեռավոր Հյուսիսում:

Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն

«Ռազմածովային ուժերի, ծովային հետևակի, Ռազմաօդային ուժերի հատուկ ստորաբաժանումների և ԱՄՆ տիեզերական ուժերի հետ մեկտեղ զարգացնում ենք համախորհների հետ գործակցությունը Արկտիկայում,-նշել է նախարարը,-դա ենթադրում է դաշնակից ռազմածովային և օդային ուժերի կանոնավոր զորավարժություններ Հեռավոր Հյուսիսում։ Նորվեգիան մտադիր է մասնակցել այդ միջոցառումներին և բարձրացնել դաշնակիցների հետ օպերատիվ համատեղելիությունը»։

Բոլոր ճակատներում

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն արդեն լրջորեն ամրապնդվել է Հյուսիսում։ Եվ Նորվեգիան այդ հարցում գրեթե գլխավոր դեր է խաղում։ Սեպտեմբերին հայտնի էր դարձել նորվեգական Թրոմսե նավահանգստում Seawolf դասի ատոմային սուզանավի վերակայանման մասին, որի հիմնական առաքելությունը ռուսական սուզանավերի երթուղիներին հետևելն է։

Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն «Հյուսիսում Ռուսաստանին զսպելու համար» վերականգնեց Երկրորդ նավատորմը, որը պատասխանատու է Ատլանտյան օվկիանոսի, Խաղաղ օվկիանոսի մի մասի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի համար և 2011թ․-ին ցրվել էր բյուջեի միջոցների խնայողության համար։

Սառը պատերազմի ևս մեկ հետք է նորվեգական ստորգետնյա Օլավսվերն ռազմածովային բազան, որը տեղակայված է Ռուսաստանի սահմանից 350 կմ հեռու։ 1960-ականներին կառուցված և լեռնային հանքանյութի երեք հարյուր մետրանոց շերտով պաշտպանված հսկայական բունկերում տեղակայվում էին ՆԱՏՕ-ի սուզանավերն ու նավերը, գործում էին նորոգման դոկեր, զինամթերք էր պահվում։

Արևմտյան կոալիցիայի նավատորմը ցանկացած պահի կարող էր փակել խորհրդային ռազմածովային նավատորմի ելքը դեպի Նորվեգական ծով և Հյուսիսային Ատլանտիկա։ 2000-ականների վերջին ռազմակայանը փակեցին, քանի որ կարիքը չկար, բայց հիմա նախատեսում են վերաբացել այն։

Պենտագոնը լրջորեն ձեռնամուխ է եղել նաև Արկտիկայում ռազմաօդային հզորացմանը։ Այսպես, անցած տարի տեղի ունեցան ամերիկյան և նորվեգական Ռազմաօդային ուժերի մասշտաբային զորավարժությունները։ Միաժամանակ 6 B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներն անցան Հյուսիսային բևեռի երկնքով և մարզական թռիչներ իրականացրին Նորվեգիայի ռազմաօդային ուժերի կործանիչների հետ։ Իսկ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Պենտագոնը փետրվարին Տեխասից ֆյորդների երկիր՝ Էրլանդ ավիաբազա կտեղափոխի չորս գերձայնային B-1BLancer «ստրատեգներ»։

0
թեգերը:
Նորվեգիա, ՆԱՏՕ, ԱՄՆ
Ըստ թեմայի
«Վառվում» է Ղրիմի պատճառով․ ՆԱՏՕ-ում երազում են արգելել ռուսական բանակի ներկայությունը
Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox
«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին