Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ`պատերազմից հետո մենք դե–ֆակտո հայտնվել ենք բոլորովին այլ վիճակում, և ռուս–թուրքական մոնիտորինգային ձևաչափն օդից ընկած երևույթ չէ, որովհետև պատերազմի ընթացքում Թուրքիան փաստացի ուներ մեծ ներգրավվածություն և ներկայություն Ադրբեջանում։
«Ակնհայտ է, որ պատերազմական գործողություններում Թուրքիան ստանձնել էր ադրբեջանական ԶՈւ կառավարումը կամ առնվազն կառավարման օգնությունը, հետևաբար նրա ներկայությունը պատերազմի արդյունքում պատահական չէ, և մշտադիտարկման կենտրոնի առկայությունը փաստացի դրա արձանագրումն է, որքան էլ դա մեզ համար, մեղմ ասած, անցանկալի է»,– նշեց վերլուծաբանը։
Հովաննիսյանը մատնանշեց այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի անմիջական ռազմական ներկայություն Արցախում, ուստի Թուրքիայի հետ իր քայլերը կատարում է ելնելով այն իրողությունից, որ հակամարտության գոտում իրար հետ հարաբերակցվելու մեխանիզմներ պետք է ունենալ։
«Թեև մեզ համար երբեք ցանկալի չի եղել Թուրքիայի անմիջական ներկայությունը տարածաշրջանում և բնականաբար ցանկալի չէր կարող լինել պատերազմի նման արդյունքը, սակայն մենք ստեղծված իրավիճակում պետք է հասկանանք, թե ինչ գործողություններ պետք է իրականացնենք»,– նշեց վերլուծաբանը։
Հովհաննիսյանի կարծիքով` ռուս–թուրքական մոնիտորինգային ձևաչափի վրա ազդելու՝ Հայաստանի ու Արցախի մեխանիզմներն այս պահին շատ թույլ են, գործիքակազմը, որպես այդպիսին, շատ քիչ է, աղքատիկ, բայց այլ հարց է, որ մշտադիտարկման կենտրոնը ստեղծվում է հրադադարի պահպանումն ապահովելու, վերահսկելու համար, թեև Թուրքիայի գերնպատակը դա չէր։
Քանի՞ ոստիկան է զոհվել արցախյան պատերազմի ընթացքում. ՀՀ ոստիկանությունը ցանկ է հրապարակել
Ըստ նրա` թերևս միակ առարկայական բանը, որ կարող են անել Հայաստանն ու Արցախը, թույլ չտալն է, որպեսզի մոնիտորինգային ձևաչափը վերածվի հիմնախնդրի կարգավորման ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության փոխարեն, և եթե կողմերը համաձայն չեն, ապա անհնար կլինի նման բան պարտադրելը։
Գոռ Մադոյանի դիտարկմամբ` եթե երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները խստացվեն կամ համաճարակի նոր ալիք սկսվի, ընտրություններ չեն կարող անցկացվել։ Ըստ նրա` ներկա պահին արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են և պետք է անցկացվեն հնարավորինս շուտ, քանի որ երկիրը քաղաքական առումով վերբեռնման կարիք ունի, սակայն առկա է ֆորսմաժորային իրավիճակ համավարակի տեսքով, ինչը կարող է խառնել բոլորի քաղաքական խաղաքարտերը։
«Այդ առումով խոսել արտահերթ ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին ճիշտ չէ։ Շատ ավելի տրամաբանական է, որ եթե ամեն ինչ գնա այս տեմպերով, այսիքն` համաճարակային վիճակը թուլանա և քաղաքական ուժերը, գոնե դրանց մեծամասնությունը այս կամ այն կերպ գան կոնսենսուսի, նույնիսկ լռելյայն կոնսենսուսի` առանց հայտարարությունների, գուցե այդ դեպքում լինեն ընտրություններ, բայց կոնկրետ ժամկետների առումով կան բազմաթիվ հարցականներ, որոնք պայմանավորված են տարբեր հանգամանքներով և հնարավոր չէ դրանք բոլորը հաշվարկել»,– նշեց վերլուծաբանը։
Անդրադառնալով «իմքայլական» պատգամավորների խմբակցությունից դուրս գալու խնդրին` Մադոյանն ընդգծեց, որ «Իմ քայլը» դաշինքն ԱԺ–ում մեծամասնություն է, ձևավորվել է հեղափոխության արդյունքում և ընդհանուր էյֆորիայի տակ այնտեղ բավականին տարասեռ պատգամավորներ են հայտնվել, որոնք կուսակցական կուռ համակարգ չեն տեսել։ Ուստի շատ բնական է, որ երբ նվազել է հանրային լեգիտիմությունը պատերազմից հետո, նրանք պետք է դուրս գային խմբակցությունից և ներկայանային որպես անկախ պատգամավորներ։
Վերլուծաբանի կարծիքով` անկախ պատգամավորների ինստիտուտը խնդրահարույց է։ Ըստ նրա` եթե պատգամավորները կուսակցություններ չեն ձևավորելու և եթե խոսվում է ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու մասին, հետևաբար անկախ պատգամավորների պարագայում ռեյտինգայինի գաղափարն, ըստ էության, այլևս չի գործի։
Մադոյանի խոսքով` նրանց, ովքեր 2018 թվականին ընդունում էին պատգամավորական մանդատն ու նշում, որ ծառայում են մեկ գաղափարի և կիսում են նույն քաղաքական ծրագիրը, իհարկե ոչ ոք չէր խոստացել, որ քաղաքական պատասխանատվությունը միշտ պետք է լինի քաղցր ու ցանկալի։ Նրանք կիսում էին միայն լավը, իսկ վատի դեպքում հեռացան պատասխանատվությունից։
Ինչի՞ համար էր վարչապետը հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ․ Մակունցը մանրամասնում է
Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին Լավրովի հայտարարությունը հայ հասարակությանն իրազեկելու փորձ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
«Հայաստանի պատկան մարմինների անգործության կամ ամբողջական տեղեկություն չտրամադրելու հետևանքով առաջ են գալիս տարբեր ասեկոսեներ և տարակարծություններ, քանի որ նրանք չեն տրամադրում ամբողջական և կոնկրետ տեղեկություններ»,- ասաց նա։
Ալավերդյանի խոսքով` ՌԴ արտգործնախարարը որոշել է պարզություն մտցնել այդ հարցում`Հայաստանի իշխանությունների փոխարեն։
Գաղտնիք չէ, որ բոլոր ծնողները չէ, որ իրազեկված են` իրենց զավակները գերեվարված են, թե ոչ, ողջ են, թե մահացած. իշխանությունը վախենում է նրանց ամբողջական թիվը հրապարակել։
«Դա կարող է լինել մի պատկառելի թիվ և հնարավոր է` շատ ավելի մեծ բողոքի ալիք բարձրացնի հասարակության կողմից. Կարծում եմ` իրենք տալիս են մաս-մաս այդ տեղեկությունը, և դա քաղաքականություն է, որը ես համարում եմ անտեղի»,- նշեց նա։
Ալավերդյանի կարծիքով` Ադրբեջանում գտնվող բոլոր գերիները պետք է վերադարձվեն բանակցային ճանապարհով, որից հետո միայն դրանց կտրվի իրավական գնահատական։
Ռուսաստանն ուզում է լուծել գերիների հարցը․ Լավրովը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք` 2020 թվականի ամփոփիչ ասուլիսում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր` հունվարի 18–ին, անդրադարձավ նաև հայ գերիների խնդրին և նշեց, որ հայակական կողմից ներկայացված ցուցակներն ամբողջական չեն և այժմ կողմերն աշխատում են դրանց ճշգրտման ուղղությամբ։
Լավրովն «էկզոտիկ» է համարել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը
Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։
«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։
Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։
Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։