Տիգրան Աբրահամյան

«Ես մեծ հույս ունեմ, որ Դավիթ Տոնոյանն էլ կխոսի». Տիգրան Աբրահամյան

234
(Թարմացված է 10:27 21.11.2020)
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականին։
Աբրահամյան. «Խոսելով` Դավիթ Տոնոյանը կլուծի նաև ինքնապաշտպանության հարց»

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ` տեղի ունեցած ողբերգության մեջ յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության աստիճանը, չափաբաժինը, և այդ տեսանկյունից պաշտպանության նախարարի հրաժարականը կամ ազատումը տրամաբանական է դիտվում` անկախ նրա անձնական որակներից, որովհետև դա արդեն իրավիճակի թելադրանքն է։ Ըստ նրա` պետք է հասկանալ, որ ամենամեծ պատասխանատվությունը կրում է երկրի վարչապետը, քանզի նա է պատասխանատուն երկրի ներսում տեղի ունեցող բոլոր գործընթացների համար, տվյալ պարագայում նաև դիվանագիտական ձախողումների ու ռազմական գործողությունների նման արդյունքի համար։ Աբրահամյանի կարծիքով` անտրամաբանական է այս փուլում վարչապետի պաշտոնավարման շարունակությունը։

«Ես մեծ հույս ունեմ, որ Դավիթ Տոնոյանը կխոսի տեղի ունեցածի մասին, որովհետև վերջին օրերին շատերն են սկսել խոսել, ինչն ամբողջացնում է իրավիճակի շատ դետալներն ու այն ընկալելի դարձնում հանրության համար։ Օրինակ` օրեր առաջ խոսեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետը, հանդես եկավ համապատասխան ուղերձով, որում կային չորս–հինգ կարևոր դրույթներ, որոնք այս իրավիճակի առթիվ պարունակում էին բազմաթիվ նորություններ` սկսած այն հանգամանքից, որ պատերազմի չորրորդ օրը քաղաքական իշխանությանն ասվել է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին` կապված մեր հնարավորությունների հետ, վերջացրած նրանով, որ պատերազմից դեռ երեք–չորս ամիս առաջ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը փաստորեն պատերազմական իրական իրավիճակի հետ կապված բոլոր ռիսկերը ներկայացրել է վարչապետին, բայց անհրաժեշտ աշխատանքներ չեն կատարվել»,– նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Աբրահամյանի կարծիքով` այսքանից հետո անհրաժեշտություն կա լսելու նաև Դավիթ Տոնոյանին, հասկանալու, թե ինչ հանձնարարություններ է ստացել վարչապետից, ինչ խնդիրներ են դրվել, որոնք կատարվել կամ չեն կատարվել, ում պատճառով չեն կատարվել, և միայն դրանից հետո հնարավոր կլինի գնահատել ընդհանուր իրավիճակը։

Աբրահամյանն անդրադարձավ նաև գեներալ Մովսես Հակոբյանի աղմկահարույց հայտարարություններին` նշելով, որ նրա տեսակետները ՊՆ աշխատանքի առնչությամբ խնդրահարույց են, ուստի Դավիթ Տոնոյանն անհրաժեշտաբար պետք է խոսի։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար համոզմամբ` հանրությունը նույնպես շատ թվով հարցադրումներ ունի, որի հետ նախարարն աշխատել է, ուստի հնարավորություններ կան հանրության հետ բաց հաղորդակցվելու, որովհետև այս օրերին իշխանությունն իր տարբեր ներկայացուցիչների, քարոզչական գործիքների միջոցով փորձել է ամբողջությամբ մեղքը բարդել Դավիթ Տոնոյանի վրա, ուստի նա խոսելու պարագայում նաև ինքնապաշտպանության հարց կլուծի։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։ Նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնը կստանձնի Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

234
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Տիգրան Աբրահամյան, Հայաստան
Հրանտ Միքայելյան

Ո՞րն է թուրքական և ադրբեջանական շուկաների բացման քաղաքական գինը

154
«Կովկաս» ինստիտուտի վերլուծաբան Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի տեսակետին, որն առնչվում է հետպատերազմյան տնտեսությունը զարգացնելու հեռանկարին։ 
Միքայելյան. «Անհրաժեշտ է հասկանալ թուրքական և ադրբեջանական շուկաների բացման քաղաքական գինը»

Էկոնոմիկայի նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մասնավորապես նշել էր, որ բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լավ հնարավորություններ։ Ըստ նրա` գուցեև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան` Ադրբեջանի համար։

Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ` հայտարարության քաղաքական ենթատեքստի առումով պետք է հիշել, որ դրանում կա կոնկրետ կետ, որի համաձայն` տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն, այդուհանդերձ դժվար է ակնկալել, որ Ադրբեջանն ու Թուրքիան կգնան այդ քայլին, քանզի նրանց կողմից նման արձագանք դեռ չկա։ 

«Ճանապարհների շրջափակումը Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց է, և իրավիճակը դժվար թե շատ արագ փոխվի, մանավանդ որ չկա որևէ հաշտություն, և Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցումները Հայաստանի ու հայերի նկատմամբ չեն փոխվել։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական ենթատեքստին, ապա կոմունիկացիաների ապաշրջափակումը թեև կարող է դրական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա, բայցևայնպես թուրքական սահմանի բացման հետ կապված հաշվարկները, որոնք ակտիվորեն ներկայացվում էին տասը տարի առաջ, ցույց տվեցին, որ առավելություններն այդքան էլ մեծ չեն կարող լինել»,– նշեց վերլուծաբանը։ 

Միքայելյանի կարծիքով` գուցե այդ դեպքում մեր ՀՆԱ–ն կավելանա կես տոկոսով, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է հասկանալ դրա քաղաքական գինը և մտածել պոտենցիալ վտանգների մասին։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի լավատեսությանը` Միքայելյանն ընդգծում է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը գործելու է կես տարով, և իշխանությունը կարող է այդ արգելքը չերկարաձգել ու իր կողմից լուծել խնդիրը, սակայն վերլուծաբանը հորդորում է չմոռանալ, որ Թուրքիան տնտեսության ոլորտում և հասարակության ներսում կարող է ազդեցիկ դիրքերի հասնել, ինչպես եղավ օրինակ Աջարիայում, հետևաբար այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն օգուտներին, այլև՝ պրոբլեմներին։ 

«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի պարագայում տեղական արտադրողը կարող է միայն մասամբ լրացնել 200-270 մլն դոլարի շրջանառության բացը։ Երբ գործում են պատժամիջոցներ, տեղական արտադրողը պետք է հասկանա պլանավորման հորիզոնը և օրինակ հինգ տարվա կտրվածքով ավելացնի իր հզորությունները, կատարի ներդրումներ, մինչդեռ կես տարվա տնտեսական արգելքի պարագայում առկա հզորությունները բավարար չեն լինի ցանկալի արդյունք ապահովելու համար»,– նշեց վերլուծաբանը։ 

Մնում է «Okul defteri»–ների էջերին, կամ ինչո՞ւ Թուրքայի տնտեսությունն այլևս «չի ձգում»

Միքայելյանի գնահատմամբ` թեև տեղական արտադրողն ամբողջության չի կարող լրացնել բացը, բայց երբ կառավարությունը սերտորեն աշխատի արտադրողների հետ, տա հնարավորություններ ու արտոնություններ, այդ դեպքում գուցե դրությունը շահեկանորեն կփոխվի։

154
թեգերը:
Հրանտ Միքայելյան (քաղաքագետ), տնտեսություն, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում
Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա
Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան
Արմեն Բադալյան

Քոչարյանի գրասենյակը ցույց է տալիս, որ գործող վարչապետը ստում է

124
(Թարմացված է 17:10 30.11.2020)
Քաղաքագետ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է իր դիտարկումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառման վերաբերյալ:
«Երկար ժամանակ է` վարչապետն օգտագործում է մի մեթոդ՝ մեղավոր են բոլորը, բացի իրենից». Բադալյան

ՀՀ երկու նախագահներն ունեն մեղքի իրենց բաժինը պատերազմում պարտության և կապիտուլյացիայի համար, բայց ինքը՝ գործող վարչապետը, ամենևին էլ մեղավոր չէ: Սա է Նիկոլ Փաշինյանի վերջին և դրան նախորդող գրառումների հիմնական մեխը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որում վարչապետը հայտնել էր, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը և Լևոն-Տեր Պետրոսյանը չեն մեկնել Մոսկվա:

«Արդեն երկար ժամանակ է, ինչ վարչապետն օգտագործում է մի մեթոդ՝ արցախյան պատերազմում մեղավոր են բոլորը, բացի իրենից: Այս գրառումը տեղավորվում է հենց այդ մեթոդի մեջ, այսինքն՝ այստեղ անուղղակիորեն մեղավոր են ներկայացվում ՀՀ առաջին և երկրորդ նախագահները, որոնք չգնացին Մոսկվա և հայերի համար լավ լուծում չբերեցին, չնայած ինքը միջնորդեց, որ ՀՀ երկրորդ նախագահի անձնագիրը վերադարձնեն»,- ասաց նա:

Վարչապետի այս գրառումը հաջորդեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի երեկվա գրառմանը, որով վերջինս կասկածի տակ էր դրել Փաշինյանի նախորդ երկու գրառումների ճշմարտացիությունը և խոստացել՝ առաջիկայում մանրամասներ ներկայացնել: Իսկ Փաշինյանն իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ 2018-ից արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը մտել էր փակուղի և տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու և պատերազմին այլընտրանք չկար, իսկ երկրորդ գրառմամբ՝ բացատրել, թե ինչու չի համաձայնել հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Վլադիմիր Պուտինի առաջարկին:

Ինչպես միշտ, նա սուտ է խոսում. Վիկտոր Սողոմոնյանը` Փաշինյանի գրառումների մասին

Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը արցախյան հակամարտության, ինչպես նաև արցախա-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում բավականաչափ շփումներ է ունեցել ինչպես Արցախի գործող և նախկին ղեկավարության, այնպես էլ ՌԴ ղեկավար կազմի հետ, հետևաբար՝քաջատեղյակ էր գործընթացների վերաբերյալ:

Իսկ դա նշանակում է, որ ո՛չ երկրորդ նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահի գրասենյակը ձեռքերը ծալած չեն նստի։ 

«Այդ բոլորի մեջ մտնում է նաև երկրորդ նախագահը, իսկ երկրորդ նախագահի գրասենյակը բնականաբար ամեն ինչ անելու է, որ գործող վարչապետը մեղքի իր բաժինը չտարածի ուրիշների վրա, այդ թվում՝ երկրորդ նախագահի, և կփորձի ցույց տալ, որ գործող վարչապետը ստում է: Ենթադրում եմ՝ միգուցե և իրենք որոշակի տեղեկություններ հայտնեն, որը բնականաբար հակասության մեջ կլինի վարչապետի ներկայացրած այս տեղեկություններին»,- նշեց Բադալյանը: 

Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանի՝ սեփական անձը արդարացնող գրառումները կարող են երկար շարունակվել, քանի որ եթե ամբողջ ինֆորմացիան մեկ լայվի միջոցով հայտնի, հետագայում ասելիք չի ունենա: 

Քաղաքացին ձվով հարվածե՞լ է Նիկոլ Փաշինյանի մեքենային. ոստիկանության պատասխանը

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան կատարած գրառման մեջ մանրամասներ էր հայտնել, թե ինչու ՀՀ առաջին և երկրորդ նախագահները Մոսկվա չեն մեկնել:

124
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Արմեն Բադալյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ է հորդորել Նիկոլ Փաշինյանը գերեվարվածների ու անհետ կորածների հարազատներին
Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան
Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին
Նարեկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբորորդին ընդունեց զենք պահելու և թմրանյութեր շրջանառելու մեղադրանքը

95
(Թարմացված է 15:55 01.12.2020)
Համաձայն դատական կարգի՝ Սարգսյանը, ընդունելով իրեն առաջադրած մեղադրանքը, այլևս չի կարող վիճարկել դատարանին ներկայացված ապացույցները։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ընդունեց զենք-զինամթերք անօրինի պահելու և թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքը։ Այդ մասին դատարանին հայտնեց ոչ թե ինքը` Սարգսյանը, այլ նրա պաշտպանը։

«Նարեկ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքների հետ համաձայն է, ըստ այդմ մենք միջնորդում ենք դատական նիստերն անցկացնել արագացված կարգով», - ասաց պաշտպանը։

Դատավոր Վահե Միսակյանի հարցին՝ արդյոք Նարեկ Սարգսյանը հաստատում է իր պաշտպանի ներկայացված միջնորդությունը և իր կողմից մեղադրանքներն ընդունելու փաստը, Սարգսյանը դրական պատասխանեց։

Համաձայն դատական կարգի՝ Նարեկ Սարգսյանը, ընդունելով իրեն առաջադրած մեղադրանքը, այլևս չի կարող վիճարկել դատարանին ներկայացված ապացույցները, նա կարող է վիճարկել միայն պատժին վերաբերող հատվածը։

Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին: Նշենք, որ Նարեկ Սարգսյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Արթուր Պիվազյանը և Կարեն Մեժլումյանը, մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արամ Արամյանը։

Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Նարեկ Սարգսյանը չպատասխանեց  հարցին, թե ինչ դիրքորոշում ունի մեղադրանքի վերաբերյալ՝ ասելով, որ այդ մասին կխոսի դատաքննությունից հետո։

Նարեկ Սարգսյանը կմնա կալանքի տակ

Հիշեցնենք, որ Չեխիայում Ֆրանկլին Գոնսալես ներկայացող Նարեկ Սարգսյանը 2019–ի դեկտեմբերի 21-ին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստան։ ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այդ որոշմանը։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:

95
թեգերը:
Զենք, թմրամիջոցներ, Սերժ Սարգսյան, Ֆրանկլին Գոնսալես, Մեղադրանք, Դատարան, դատ, Նարեկ Սարգսյան
Ըստ թեմայի
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան
Վարչական դատարանը բավարարել է նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայացել