Թևան Պողոսյան

ՌԴ–ին պաշտոնական նամակով դիմելն ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը. Պողոսյան

658
(Թարմացված է 23:17 31.10.2020)
Թևան Պողոսյանը կարծում է, որ ժնևյան պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։
Պողոսյան. «Որևէ մեկս պատրանքներ չունեինք, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը պաշտոնական նամակով Ռուսաստանի Դաշնությանը դիմելն ավելի կարևոր է համարում, քան Ժնևի հանդիպումը, որովհետև, նրա խոսքով, որևէ մեկը պատրանքներ չուներ, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները։

«Հանդիպման արդյունքները նույնն էին, ինչ նախկին բոլոր քննարկումներում։ Կա ինչ–որ փաստաթուղթ, որի վրա միգուցե ապագայում պատմության մեջ կասեն` նայեք` փորձեր ենք ունեցել։ Բայց քանի որ մենք այս պահին խոսում ենք արդեն այն փաստից հետո, երբ նույն այդ հանդիպումից հետո կրակել են Ստեփանակերտի շուկայի ու Շուշիի վրա, հանդիպման արդյունքը գնահատում եմ` կրակելը Ստեփանակերտի շուկայի վրա»,– մեկնաբանելով Ժնևում կայացած Մնացականյան–Բայրամով հանդիպումը` Sputnik Արմենիային ասաց Պողոսյանը։

Նշենք, որ Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։

Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարի` այդ պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։

«Եթե կպնի` պատահաբար է կպել, դա կոնկրետ թիրախավորած չէր։ Որ հարցնես, ադրբեջանցիներն ասելու են` դե, ուզում էինք ուրիշ տեղ կպնել, այդտեղ կպանք, ներողություն։ Մոտավորապես այսպիսի մի բան։ Կամ եթե վաղը մերոնք էլ կրակեն, նույն կերպ կարող են պատասխանել` դուք մեզ հարցնում եք` նպատակաուղղված թիրախավորե՞լ եք, մենք ասում ենք` ո՛չ, պատահաբար է ստացվել, ու թեման փակվում է»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված էր նաև, որ համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

«Ես շատ ուրախ կլինեի նման աշխատանքի համար, երբ Ստեփանակերտի շուկայի վրա առաջին իսկ կրակոցից հետո, լուսանկարների հրապարակումից նույնիսկ մեկ րոպե չանցած իրենց օգնականները արթնացնեին մարդկանց տարբեր ժամային գոտիներում և ասեին` դե, հիմա հայտարարություն արեք։ Ես կհասկանայի, որ իրենք շատ ակտիվ աշխատում են։ Այլ պարագայում ակտիվ աշխատանքներն ի՞նչ է` սկանդինավյան խաղաղապահներին բերելու խնդիրն է, որ քննարկվում է, թե ինչ–որ այլ բաներ... Կան գործիքակազմեր, որոնցով իրենք կարող են ազդել»,– ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ոնց որ թե բոլորն էլ գիտեն, որ այնտեղ կան միջազգային ահաբեկիչներ` ոչ մի բան չեն անում, բոլորը գիտեն, որ դա Թուրքիայի ներգրավվածությունն է` ոչ մի պատժամիջոց, ոչ մի հայտարարություն Թուրքիայի դեմ։

«Դեռ հակառակը` թուրքերն են վախեցնում, հրաման են տալիս, գնում, եկեղեցում մարդու վիզ են կտրում Եվրոպայի մեջտեղը քսանմեկերորդ դարում»,– նշեց Պողոսյանը։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարն այս պարագայում մատնանշում է դիվանագիտական դաշտում պատերազմի յուրահատկությունների հանգամանքը։ «Այո՛, նրանք աշխատում են իրենց շահերից, կարողություններից ելնելով, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր հայրենիքում պատերազմ է, մենք մեր Հայրենական պատերազմը պետք է տանենք։ Եվ ինձ համար, օրինակ, շատ ավելի հետաքրքիր ու կարևոր լուր էր, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական նամակով դիմեց Ռուսաստանի Դաշնությանը։

Պողոսյանի խոսքով` Ռուսաստանին պաշտոնական նամակով դիմելը ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը։

658
թեգերը:
Թևան Պողոսյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել
Հայկական զինված ուժերը մշակում են հրադադարի վերֆիկացիայի առաջարկներ. Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանը ջրից չոր դուրս գալու անհաջող ճիգեր է անում». ՀՀ Պն խոսնակի արձագանքը
Էդուարդ Անտինյանի

Հրադադարը երկարատև խաղաղություն չէ, այլ կործանումից փրկվելու վատագույն լուծում. Անտինյան

6
(Թարմացված է 20:53 04.12.2020)
«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ելույթին։ 
Անտինյան. «Հրադադարը երկարատև խաղաղություն չէ, ուղղակի կործանումից փրկվելու վատագույն լուծում էր»

Նախարարը նշել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումը մասնավորապես ընդգրկում է Արցախի կարգավիճակը` հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան։  

Էդուարդ Անտինյանի դիտարկմամբ` պետք է արձանագրել մի շատ կարևոր հանգամանք, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանն էր աղերսում զինադադար կամ խաղաղություն, հայկական զորքը կանգնեց այնտեղ, որտեղ կայացվեց որոշումը։ Հայկական կողմի վերահսկողության տակ անցան յոթ շրջանները, իսկ Արցախը դե–ֆակտո անկախացավ և օրգանապես կապվեց Հայաստանի հետ։ Ըստ Անտինյանի`այս անգամ Ադրբեջանին ասվեց դադարեցնել ռազմական գործողություններն այնտեղ, որտեղ արդեն իր դիրքերն են, սակայն մեկ տարբերությամբ` մենք հանձնեցինք նաև տարածքներ, որոնք Ադրբեջանը չէր վերցրել։ 

«Պատերազմից առաջ անընդհատ խոսվում էր «անջատում` հանուն փրկության» տարբերակի մասին, բայց այսօր չենք տեսնում` արդյո՞ք նման խնդիր դեռ կա, որովհետև շատ հարցեր տակավին մնում են չկարգավորված։ Թվում է, թե ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը շատ ոգևորիչ է, բայց Արցախի տարածքային ամբողջականությունն արդեն իսկ խախտված է` անկախ կարգավիճակից, և պարզ չէ՝ ձեռք կբերի՞ անկախություն, կմիանա՞ Հայաստանին կամ Ռուսաստանին, թե՞ կմնա Ադրբեջանի կազմում, այստեղ մենք լուրջ անելիք ունենք»,– նշեց քաղաքագետը։

 Կյանքի է կոչվում ԼՂ–ի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությունը. Վլադիմիր Պուտին

Անտինյանի կարծիքով` պետք է հասկանալ, թե էլ ինչ է խոստացել Փաշինյանը հակառակ կողմին, որպեսզի թյուրիմացության մեջ չընկնենք, այսինքն` կարո՞ղ է հայկական կողմն Արցախի կարգավիճակի կամ անկախության հարցը բարձրացնի, իսկ Ադրբեջանը հայտարարի, որ այդ դեպքում կխախտվեն պայմանավորվածությունները, ինչն, ըստ ՌԴ նախագահի, կհանգեցնի կործանման։   

«Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան ողջունելի կլինի, բայց պատերազմի արդյունքում մենք զիջել ենք ավելին, քան Ադրբեջանը գրավել էր։ Իհարկե Արևմուտքը կարող է նախաձեռնություն ցուցաբերելու մեծ ցանկություն հայտնել, բայց մենք պետք է բավական զգույշ լինենք, որպեսզի չդառնանք որևէ մեկի շահերի մանրադրամն աշխարհաքաղաքական վայրիվերումներում։ Արևմուտքը նախաձեռնություն հանդես կբերի, բայց մեզանից էլ է ընդառաջ քայլ սպասելու »,– նշեց քաղաքագետը։

Անտինյանի գնահատմամբ` հրադադարի հայտարարությունը մեզ չի բերելու երկարատև խաղաղություն, դա ուղղակի կործանումից փրկվելու վատագույն լուծումն էր։ 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

6
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Արցախ, Էդուարդ Անտինյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանը դե՞մ է եղել եռակողմ հայտարարության ստորագրմանը. «Հրապարակ»
Եռակողմ հայտարարությունը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանի համար. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիան կարծում է, որ եռակողմ համաձայնագրի որոշ կետեր հաշվի առնված չեն
Սերոբ Խաչատրյան

Որն է բարձրագույն կրթության մասին օրենքի ամենաաղմկահարույց կետը. մեկնաբանում է փորձագետը

21
Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ ուղարկելու կառավարության որոշմանը:
«Փորձ է արվում բուհերում նշանակել սեփական «կոմիսարներին»». Խաչատրյան

Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերը վերանայման կարիք ունեին, մինչդեռ գործադիրը հապճեպ ու հանկարծակի փաստաթղթին հավանություն տվեց և բազմաթիվ հարցականներ պարունակող նախագիծն ԱԺ ուղարկեց:

«Սպասվում էր, որ պետք է վերանայվի, նոր տարբերակ բերվի, քննարկումներ արվեն, մանավանդ և գիտությունների ազգային ակադեմիայի հետ կապված ահագին հարցեր կային, չհաշված մնացած հարցերը: Շատ անակնկալ է, որ այսպես անհետաձգելի ընդունվում է»,- ասաց նա: 

Խաչատրյանը նախագծի նոր տարբերակին դեռ չի հասցրել ծանոթանալ, բայց լսել է՝ առաջին տարբերակում եղած խնդրահարույց կետերից քչերն են փոփոխվել:  Տևական քննարկումների և լսումների արդյունքում հաջողվել է դեկաններին նշանակելու կետն ընտրություններով փոխարինել: Մինչդեռ ամենաաղմկահարույց կետը՝ բուհերի ռեկտորների նշանակման հարցը անփոփոխ է մնացել: Եթե օրենքն ընդունվի, այսուհետ բուհերի ռեկտորներին ոչ թե կընտրեն, այլ ԿԳՄՍ նախարարը կնշանակի: Մյուս աղմկոտ կետը վերաբերում է բուհի ռեկտորի գիտական աստիճանին:

«Շատ բուհեր ունեն ռեկտորի թեկնածուի ընտրության բարձր չափանիշներ, օրինակ` պետք է ռեկտորն անպայման լինի դոկտոր պրոֆեսոր, իսկ նոր օրենքով կարող են գիտությունների թեկնածուին էլ նշանակել ԵՊՀ ռեկտոր»,- նշեց փորձագետը:

Թերի ու լրամշակման կարիք  ունեցող նախագծին միս ու արյուն տալու կառավարության որոշումը, ըստ Խաչատրյանի, կոնկրետ նպատակ ունի՝ բուհերին կախվածության մեջ դնել կառավարությունից:

«Այստեղ ուղղակի ակնհայտ միտում կա շատ արագ ընդունել օրենքը, և բուհերը վերցնել կառավարության հսկողության ներքո, գուցե նաև զգալով, որ բուհերը կարող են ձեռքից գնալ, փորձ է արվում այս ծանր վիճակում, ճգնաժամային պահն օգտագործել և բուհերում  նշանակել սեփական կոմիսարներին, ինչն անընդունելի է»,- ավելացնում է Խաչատրյանը:

Փորձագետը չի բառացում, որ կառավարության այս հանկարծակի որոշումն ուղիղ կապ ունի նաև ներքաղաքական վերջին զարգացումների հետ:

Կրթությունը` սկանդալների ոլորտ. ի՞նչ ելք է տեսնում փորձագետը ստեղծված իրավիճակից

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, կառավարությունը հավանություն տվեց չզեկուցվող հարցերից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին, որով նախատեսվում են մի շարք փոփոխություններ կատարել գործող օրենքում: 

Մասնավորապես, բուհերի ռեկտորները, գիտական կազմակերպությունների տնօրենները նախատեսվող օրենքների փոփոխությամբ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով։ Հարցականի տակ է դրվում նաև ԳԱԱ գործունեությունը:

21
թեգերը:
ԱԺ, ՀՀ կառավարություն, Օրենք, ռեկտոր, բուհ, Սերոբ Խաչատրյան
Ըստ թեմայի
Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը
«Բուհը չի կարող անորոշության մեջ ապրել». ՀՊՏՀ–ն բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց
Հայաստանում մեկնարկել է ռուսական բուհերում սովորելու համար թեկնածուների նախնական գրանցումը