Ալեն Ղևոնդյան

Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

383
(Թարմացված է 15:13 29.09.2020)
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե  ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արցախյան հակամարտությանն առնչվող քննարկումներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 29–ին։
Ղևոնդյան. «Մինչ այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել ՄԱԿ–ից հնչող հայտարարություններին»

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ 15 երկրների դիվանագետներ ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով` ՄԱԿ–ն իր առաքելությամբ այս ոլորտում ընդհանուր առմամբ ունի կարևոր դերակատարություն։ Հասկանալի է, որ ԱԽ անդամ երկրները տեսնում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում կոնկրետ հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, սակայն քաղաքագետը քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի այն իմաստով, որ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները կրակի դադարեցման ու խաղաղ բանակցությունների ձևաչափի վերադառնալու մասին արդեն տարբեր կոչերով ու հայտարարություններով հանդես են եկել, մինչդեռ ագրեսոր կողմ հանդիսացող Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել դրանց։ Ավելին` շեշտակիորեն ավելացրել է ռազմական, ծավալապաշտական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։

«Ադրբեջանը կտրել է իր կապն արտաքին աշխարհի հետ` ինտերնետի հասանելիության, օտարերկրյա լրագրողների մուտքի և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից։ Թերևս Ադրբեջանի կապի հիմնական օղակն այս պահին Թուրքիան է, այդ երկրի կուրացիայի ներքո իրականացնում է գործողություններ, հետևաբար այս համատեքստում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև, որն առավելապես կլինի կոչի ֆորմատի, կարծում եմ՝ իր նպատակին չի հասնի։ Թերևս հետագայում որոշակի արարողակարգի միջոցով կարող է մտնել մեծ նստաշրջանի օրակարգ, սակայն այս պահին կիրառական, թիրախային որևէ արդյունավետ գործիքակազմ չեմ տեսնում, որ կարող է գործարկել ԱԽ–ն և դա որևէ դրական հետևանք կունենա ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան

Անդրադառնալով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի միջամտության խնդրին` Ալեն Ղևոնդյանն ընդգծում է, որ եթե ուշադիր հետևենք Անկարայի վերջին մի քանի տարիների վարքագծին, նրա ռեգիոնալ ագրեսիվ ոճին ու քաղաքականությանը, նրա ազգային շահերի սպասարկման ինքնուրույն մոտեցումներին` առանց հաշվի առնելու միջազգային հանրության, անգամ իր դաշնակիցների մոտեցումները, շատ դեպքերում կոնֆլիկտի գնալով ԱՄՆ–ի ու եվրոպական գործընկերների հետ, ապա կասկածելի է, որ որևէ մեկն ԱԽ ֆորմատում կկարողանա ուղղակիորեն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանզի վերջինս հասկանում է բացառապես ուժի, ռազմական հաղթանակների լեզուն, և եթե զսպվի, ապա միայն այդ ճանապարհով։ 

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է նաև գնալ առևտրի, որպեսզի դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին, որն իր հերթին կամովին դարձել է Թուրքիայի գործիքը ռեգիոնում այդ երկրի դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ այդմ` Թուրիքային ընդդիմանալու տեսանկյունից հիմնական շահառու կողմը Ռուսաստանն է, որն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներն ունեն Թուրքիայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ, առավել ևս, որ Թուրքիան վաղուց կասկածի տակ է դնում ՄԱԿ–ի արդյունավետությունը և ընդհանրապես ներկա ձևաչափը ԱԽ կազմով։

383
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Ալեն Ղևոնդյան
Ըստ թեմայի
Փաշինյանը Մերկելին կոչ է արել ամեն ջանք գործադրել Թուրքիայի կեցվածքը սանձելու համար
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Սուրեն Սարգսյան

Ովքեր են մեր բարեկամները, ովքեր` թշնամիները, կամ ինչու Վաշինգտոնից կարևոր մեսիջներ չկան

176
(Թարմացված է 21:47 19.10.2020)
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին, որում վերջինս նշել  էր, որ կաշխատեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշ ուղղություններով:
«Վաշինգտոնից կարևոր մեսիջներ չենք լսում, ինչը զարմանալի է». Սարգսյան

ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում այն ազդեցությունը չունի, ինչ որ ուներ ժամանակին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

«ԱՄՆ-ն չունի այն ազդեցությունը և ազդեցության այն մեխանիզմները, ինչը, օրինակ, ՌԴ-ն: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն որպես ՄԽ համանախագահ` իր հնարավորությունները կամ աջակցությունը փոխանցել է Մոսկվային, որպեսզի Մոսկվան ավելի ակտիվ զբաղվի խնդրի խաղաղ կարգավորմամբ կամ բանակցությունների սեղանի շուրջ կողմերին նստեցնելով»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ պասիվությունը պայմանավորված է նաև առաջիկա  ընտրական գործընթացներով, որոնք բավականին լուրջ պայքար են ենթադրում:

Ինչ վերաբերում է այս օրերին ԱՄՆ տարբեր նահանգներում հայ համայնքի կողմից կազմակերպվող բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա դրանք, ըստ քաղաքագետի, միտված են ճնշում գործադրելու վարչակազմի վրա՝ Հայաստանի և Արցախի հարցում առավել բարենպաստ քաղաքական գիծ որդեգրելու համար, բայց չեն կարող էական ազդեցություն ունենալ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հարցում:

«Համայնքն իր առջև խնդիր է դրել  նախ հանրային իրազեկման մեծ արշավներ իրականացնել և ստիպել, որ առաջադեմ լրատվամիջոցները հնարավորինս անդրադառնան խնդրին և օբյեկտիվորեն լուսաբանեն այն: Նաև յուրահատուկ ճնշում է գործադրվում օրենսդիր իշխանության ներկայացուցիչների վրա, որպեսզի նրանք  էլ իրենց հերթին ճնշում գործադրեն վարչակազմի վրա: Համայնքը մասքիմալ համախմբված է և բավականին ակտիվ աշխատում է, որ հայանպաստ բանաձևեր ընդունվեն Կոնգրեսում, որոնք էլ ինչ-որ ձևով կազդեն վարչակազմի քաղաքականության վրա»,- նշեց Սարգսյանը:

Կտրուկ բեկում մտցնել Արցախի իրադարձություններում. ՀՅԴ անդամները հանդիպել են ԼՂՀ նախագահին

Քաղաքագետի դիտարկմամբ՝ պատերազմական գործողությունների ֆոնին աշխարհի լռությունն ու անտարբերությունը տեղաշարժելու համար մեր դիվանագիտությունը պետք է ավելի ակտիվ գործի և նաև կողմնորոշվի, թե մենք ինչ ենք ուզում աշխարհից, ինչ է ուզում աշխարհը մեզանից, ովքեր են մեր ընկերներն ու բարեկամները, և ովքեր` մեր թշնամիները: Միայն այս ամենը հստակեցնելու  դեպքում աշխարհի հետ մեր շփումներն առավել քան երբևէ` կլինեն արդյունավետ: 

Նշենք, որ ԱՄՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահող երկրներից մեկն է։

Հիշեցնենք՝ առավոտյան Նևադայում իր ընտրազանգվածի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել էր նաև արցախա-ադրբեջանական հակամարտությանը, նշել, որ ԱՄՆ-ն կաշխատի որոշ ուղղություններով և հավելել, որ նախանձում է հայերին, քանի որ նրանք հզոր ոգի ունեն և սիրում են իրենց երկիրը։

Լավրովը նշել է, որ փորձում են Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ ստեղծել

176
թեգերը:
Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Ղարաբաղյան հակամարտություն, Սուրեն Սարգսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Մերկելը խոսել է Փաշինյանի հետ, աջակցել Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը
Թրամփն Ադրբեջանին պետք է ասի, որ չի հանդուրժի ռազմական գործողություններ Ղարաբաղում. Բայդեն
«Կաշխատենք ինչ-որ ուղղություններով». Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին
Կարեն Վերանյան

Ինչպես կավարտվեն Թուրքիային ՆԱՏՕ–ից հեռացնելու գործողությունները

399
Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՆԱՏՕ–ից Թուրքիային դուրս մղելու խնդրին և այն հարցին, թե այդ երկրի ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությունն ինչպես կարող է ազդել դաշինքի անդամ երկրների հետ փոխհարաբերությունների վրա։
Վերանյան. «ՆԱՏՕ–ն խրախուսում է Էրդողանին, որ անկաշկանդ իրականացնի նեոօսմանյան հավակնությունները»

Հանրապետական Թալսի Գաբբարդի նախաձեռնությամբ ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև` Թուրքիային ՆԱՏՕ–ից հեռացնելու պահանջով, և կոչ է արվում այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել դաշնակիցների հետ։

   

Կարեն Վերանյանի դիտարկմամբ` առկա գործընթացները, որոնք ուղղված են Թուրքիայի և մասնավորապես Էրդողանի ապակառուցողական քաղաքականությունը զսպելուն կամ հակազդելուն, ըստ էության շատ կարևոր են և լավ կլինի, որ դրանցում ներգրավվեն առաջատար երկրները, միջազգային ասպարեզում գործող հիմնական խաղացողները։ Այդուհանդերձ Կարեն Վերանյանը համոզված չէ, որ այդ գործողությունները կհանգեցնեն կտրուկ փոփոխությունների, և առաջիկայում Թուրքիային կհեռացնեն ՆԱՏՕ–ից։

«Որքան էլ Թուրքիան փորձի այս կամ այն տարածաշրջանում զորքեր տեղակայել և խնդիրներ առաջացնի միջազգային անվտանգության համակարգում` փորձելով տարածել իր ազդեցության շրջանակներն ու ընդլայնել հնարավորությունները, այդուհանդերձ Արևմուտքում և հատկապես ԱՄՆ–ում փորձում են դեռևս շարժվել այն տրամաբանությամբ, որ կարելի է խաղարկել թուրքական խաղաթուղթը»,– նշում է ռազմական փորձագետը։

Կարեն Վերանյանի կարծիքով` ՆԱՏՕ–ն որպես միջազգային ռազմաքաղաքական կառույց, ըստ էության խրախուսում է Թուրքիային և անձամբ Էրդողանին, որպեսզի վերջինս շատ անկաշկանդ իրականացնի իր նեոօսմանյան հավակնությունները։ Այդուհանդերձ Վերանյանն ընդգծում է, որ հյուսիսատլանտյան  դաշինքում ոչ բոլորն են ոգևորված Էրդողանի ծրագրերից, բայցևայնպես թեկուզ կառույցի եվրոպական հատվածի կողմից սահմանված հատվածական իրավաքաղաքական կամ տնտեսական պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի Թուրքիան դառնա ավելի անվտանգ և վստահելի գործընկեր։ 

«Անհրաժեշտ են համակարգված, կոնսոլիդացված շահերի ներգրավմամբ շատ հստակ քայլեր` համաձայնեցված թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան ճակատում, որպեսզի հնարավոր լինի Թուրքիային զսպել, հետևաբար հատվածական պատժամիջոցների սահմանումը որևէ կերպ էական ազդեցություն չի ունենա Էրդողանի վարքագծի վրա»,– նշում է ռազմական փորձագետը։

Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը. Սարգսյանը` պատերազմի մասին

Կարեն Վերանյանի գնահատմամբ` Արևմուտքը լուռ համաձայնությամբ հետևում է, թե Էրդողանն ինչպես է միջամտում տարբեր երկրների ներքին գործերին` խախտելով նրանց տարածքային ամբողջականությունն ու ռազմական գործողություններ հրահրելով։

399
թեգերը:
Թուրքիա, ՆԱՏՕ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան ունի՞ կանաչ լույս ՆԱՏՕ-ից. ՀՀ նախագահը հարց է հղում դաշինքի անդամ երկրներին
ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցն արդեն ռազմական տիրույթում չէ. Մելիքյանը` Վրաստանի մասին
Հունաստանն ու ՆԱՏՕ-ն դատապարտել են Արցախում պատերազմ հրահրող արտաքին ուժերի միջամտությունը
ԱԹՍ Bayraktar. արխիվային լուսանկար

Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ

0
Ըստ մասնագետների՝ այն կարող է նաև թուրքական արտադրության այնպիսի ԱԹՍ լինել, որի առկայության մասին Ադրբեջանի ԶՈւ-ում տեղեկություններ բաց աղբյուրներում չկան։

 

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայկական զինված ուժերը թուրքական արտադրության ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է razm.info կայքը։ Ըստ մասնագետների՝ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութի կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա։

«Այն կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»,- հաղորդում է կայքը:

Ավելի ուշը մասնագետները հավելել են, որ նույն այդ օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, հետևաբար չի կարելի բացառել նաև դրա խոցումը։

«Թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել»,- հավելում են մասնագետները։

0
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, Թուրքիա