Նորայր Նորիկյան

Մարտի 1-ի գործի հետագա ընթացքը կանգնած է տապալման վտանգի առջև. փաստաբան

144
(Թարմացված է 20:38 07.09.2020)
Փաստաբան Նորայր Նորիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի դատավարության ներկա փուլին և նրանց իրավահաջորդների դժգոհություններին։
Նորիկյան. «Դատարանում գտնվող մարտի 1-ի գործի հետագա ընթացքը կանգնած է տապալման վտանգի առջև»

Փաստաբան Նորայր Նորիկյանի փոխանցմամբ` ամիսներ առաջ ինքը կանխատեսել էր, որ մարտի մեկի գործով հարուցված և իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև դատարանում գտնվող գործի հետագա ընթացքը կանգնած է տապալման վտանգի առջև, քանի դեռ չեն հայտնաբերվել մարտի մեկի զոհերին սպանած անձինք ու նրանց պատվիրատուները:

«Հաշվի առնելով դատարանում այս պահին մարտի մեկի գործով ընթացող դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը և այն հանգամանքը, որ գործը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում, նույնիսկ մեղադրական եզրակացությունը դեռ չի հրապարակվել, որպեսզի պարզ դառնա, թե ամբաստանյալները կոնկրետ ինչում են մեղադրվում և որն է դատախազի կողմից ներկայացված ապացուցողական բազան, ուստի սա խոսում է այն մասին, որ այս գործով առաջիկա հինգ տարիների ընթացքում չենք ունենա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Փաստաբանն իր տեսակետը հիմնավորում է նրանով, որ միայն դատակոչված վկաների թվաքանակը 850 է, և եթե բոլորին կանչեն ու հարցաքննեն, օբյեկտիվորեն կպահանջվի տևական ժամանակ, էլ չենք խոսում դատարանում բազմահատոր գործի գրավոր ապացույցների հետազոտման, ամբաստանյալներին հարցաքննելու, դատական վիճաբանությունների փուլի մասին։

«Մարտի 1»-ի տուժողը դատարանում չի տեսնում իրական մեղավորներին և պահանջում է փոխհատուցում

Անդրադառնալով ձգձգվող դատավարության հանգամանքներին` Նորիկյանը վկայակոչում է հայտնի ասույթը, ըստ որի` ուշացած արդարադատությունը, մերժված արդարադատություն է, և եթե մի գործի վարույթը տևի ավելի քան հինգ տարի, ապա հնարավոր չի լինի ապահովել իրական արդարադատություն, ուստի անհրաժեշտ է, ըստ նրա, հաշիվ պահանջել իրավապահ մարմիններից, թե ինչո՞ւ մինչ օրս չի բացահայտվել գործը, որո՞նք են խոչընդոտները, և առհասարակ այս իրավական համակարգն ունա՞կ է արդյոք ամբողջությամբ բացահայտել մարտի մեկի գործը։

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել է, որ այժմ, երբ մարտի 1-ի գործով նախաքննությունը դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրության դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իրենք դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը։

144
թեգերը:
Մարտի 1, փաստաբան, Նորայր Նորիկյան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (264)
Ըստ թեմայի
«Մարտի 1»–ի գործով ձերբակալված Վահագն Հարությունյանին ազատ են արձակել ՌԴ–ում
Ինչպես է ստեղծվել Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշակոթողը. պատմում է գյումրեցի քանդակագործը
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կարտահանձնեն Հայաստանին
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

310
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

310
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Ալեն Ղևոնդյան

Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

282
(Թարմացված է 15:13 29.09.2020)
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե  ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արցախյան հակամարտությանն առնչվող քննարկումներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 29–ին։
Ղևոնդյան. «Մինչ այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել ՄԱԿ–ից հնչող հայտարարություններին»

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ 15 երկրների դիվանագետներ ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով` ՄԱԿ–ն իր առաքելությամբ այս ոլորտում ընդհանուր առմամբ ունի կարևոր դերակատարություն։ Հասկանալի է, որ ԱԽ անդամ երկրները տեսնում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում կոնկրետ հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, սակայն քաղաքագետը քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի այն իմաստով, որ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները կրակի դադարեցման ու խաղաղ բանակցությունների ձևաչափի վերադառնալու մասին արդեն տարբեր կոչերով ու հայտարարություններով հանդես են եկել, մինչդեռ ագրեսոր կողմ հանդիսացող Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել դրանց։ Ավելին` շեշտակիորեն ավելացրել է ռազմական, ծավալապաշտական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։

«Ադրբեջանը կտրել է իր կապն արտաքին աշխարհի հետ` ինտերնետի հասանելիության, օտարերկրյա լրագրողների մուտքի և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից։ Թերևս Ադրբեջանի կապի հիմնական օղակն այս պահին Թուրքիան է, այդ երկրի կուրացիայի ներքո իրականացնում է գործողություններ, հետևաբար այս համատեքստում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև, որն առավելապես կլինի կոչի ֆորմատի, կարծում եմ՝ իր նպատակին չի հասնի։ Թերևս հետագայում որոշակի արարողակարգի միջոցով կարող է մտնել մեծ նստաշրջանի օրակարգ, սակայն այս պահին կիրառական, թիրախային որևէ արդյունավետ գործիքակազմ չեմ տեսնում, որ կարող է գործարկել ԱԽ–ն և դա որևէ դրական հետևանք կունենա ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան

Անդրադառնալով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի միջամտության խնդրին` Ալեն Ղևոնդյանն ընդգծում է, որ եթե ուշադիր հետևենք Անկարայի վերջին մի քանի տարիների վարքագծին, նրա ռեգիոնալ ագրեսիվ ոճին ու քաղաքականությանը, նրա ազգային շահերի սպասարկման ինքնուրույն մոտեցումներին` առանց հաշվի առնելու միջազգային հանրության, անգամ իր դաշնակիցների մոտեցումները, շատ դեպքերում կոնֆլիկտի գնալով ԱՄՆ–ի ու եվրոպական գործընկերների հետ, ապա կասկածելի է, որ որևէ մեկն ԱԽ ֆորմատում կկարողանա ուղղակիորեն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանզի վերջինս հասկանում է բացառապես ուժի, ռազմական հաղթանակների լեզուն, և եթե զսպվի, ապա միայն այդ ճանապարհով։ 

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է նաև գնալ առևտրի, որպեսզի դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին, որն իր հերթին կամովին դարձել է Թուրքիայի գործիքը ռեգիոնում այդ երկրի դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ այդմ` Թուրիքային ընդդիմանալու տեսանկյունից հիմնական շահառու կողմը Ռուսաստանն է, որն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներն ունեն Թուրքիայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ, առավել ևս, որ Թուրքիան վաղուց կասկածի տակ է դնում ՄԱԿ–ի արդյունավետությունը և ընդհանրապես ներկա ձևաչափը ԱԽ կազմով։

282
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Ալեն Ղևոնդյան
Ըստ թեմայի
Փաշինյանը Մերկելին կոչ է արել ամեն ջանք գործադրել Թուրքիայի կեցվածքը սանձելու համար
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Ալիևն ու Էրդողանը, արխիվային լուսանկար

Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին

0
(Թարմացված է 13:48 30.09.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Նման ակտիվ մասնակցություն հայ-ադրբեջանական հակամարտությանը Թուրքիան դեռ երբեք չի ունեցել։ Իհարկե, Անկարան միշտ էլ սատար է կանգնել Բաքվին, բայց այս տարվանից երկու երկրների համագործակցությունը, մանավանդ ռազմական բնագավառում, նոր մակարդակի է հասել։
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին

Ինչպես վկայում է «Դեր Շպիգել» գերմանական պարբերականը, ամռանը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցան երկու երկրների համատեղ զորավարժությունները և մասնագետները կասկածներ ունեն, որ այն տեխնիկան, որը Թուրքիան բերել էր Ադրբեջան, այդպես էլ հետ չտարվեց, մնաց Ադրբեջանի տարածքում ու հիմա օգտագործվում է հայկական կողմի դեմ ռազմական գործողությունների ժամանակ։ Թուրքերն, իհարկե, այս տեղեկությունները հերքում են, հերքում է նաև Ադրբեջանը, բայց, համաձայնեք՝ պատերազմական գործողությունների ժամանակ հերքումներին շատ դժվար է հավատալ։

​Ավելի լուրջ կասկածներ կան։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ Թուրքիան Ադրբեջան է բերում սիրիացի ապստամբներին, որոնք Իդլիբ նահանգում փորձում են շարունակել պայքարը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ։ Պարզապես մեջբերեմ «Գարդիան» բրիտանական թերթի վկայությունը. «Սիրիացիները, որոնք բնակվում են ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգում, հայտարարել են, որ թուրքական մի ընկերություն իրենց շրջանում կամավորների հավաքագրում է կազմակերպել՝ Ադրբեջանի սահմանների և ռազմավարական նավթային օբյեկտների պահպանության համար։

«Գարդիանի» տվյալներով՝ որոշ սիրիացիներ արդեն պայմանագրեր են ստորագրել։ Ընդ որում՝ լոնդոնյան թերթի թղթակիցը զրուցել է սիրիացիների հետ, որոնցից երեքը շատ կոնկրետ մանրամասներ են հայտնել, ասելով, որ նման պայմանագրերի կնքումը իրենց համար մեծ հաջողություն է, որովհետև մի քանի տարի տևած պատերազմից հետո Սիրիայում աշխատանք ճարելը բավական դժվար գործ է։ Այդ կամավորները նաև կոնկրետ թվեր են բերել, ասելով, որ իրենց հետ պայմանագրեր կնքած ընկերությունը դեռ մի ամիս առաջ է սկսել հավաքագրումը՝ խոստանալով կամավորներին տեղափոխել նախ Թուրքիա, հետո էլ Ադրբեջան և երեքից մինչև վեց ամիս ծառայության համար վճարել 700-ից 1000 դոլար, իսկ դա մեծ գումար է, հաշվի առնելով, որ Ասադի կառավարության դեմ պայքարելու համար թուրքական իշխանությունները ապստամբներին վճարում են ամսական ընդամենը 50, առավելագույնը 70 դոլար։

Հայաստանի տարածքում թուրքական ինքնաթիռի խոցած ՍՈւ-25-ի զոհված օդաչուն ռուս է

​Բրիտանական լրատվամիջոցի վկայությամբ, ըստ որոշ տեղեկությունների, մոտ 500 սիրիացի կամավորներ, այդ թվում՝ երկու դաշտային հրամանատարներ, արդեն ժամանել են Ադրբեջան և դրա անհերքելի ապացույցն են տեսանյութերը, որտեղ սիրիացի կամավորները մեքենաներով երթևեկում են Ադրբեջանի ճանապարհներով, երգելով իրենց մարտական երգերը։ Ընդ որում՝ ճանապարհային նշաններից հստակ երևում է, որ դա հենց Ադրբեջանի տարածքում է կատարվում։​

Բայց դառնանք Թուրքիային։ Ինչու են այս անգամ այդ երկրի իշխանությունները որոշել այսքան ակտիվորեն ներգրավվել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։

Տարբեր աղբյուրներ տարբեր պատճառներ են վկայակոչում։ Նախ, փաստում են վերլուծաբանները, վերջին տարիներին նախագահ Էրդողանի արտաքին քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում։ Դա երևում է Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում, որի արևելյան հատվածում Թուրքիան պայքարում է գազի պաշարների համար։ Հիմա էլ Անկարան ակնհայտորեն ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը Կովկասում։

Փորձագետներն ասում են, որ երկրորդ պատճառը Թուրքիայի տնտեսության վատթարացող վիճակն է։ Լիրան արժեզրկվում է։ Պարզ չէ, թե որքան կշարունակվի այդ գործընթացը և ինչ հետևանքների կհանգեցնի։ Բայց ես հո հիշում եմ, որ տարիներ առաջ Ստամբուլում էի և նույնիսկ տաքսիով հյուրանոցից հայկական եկեղեցի գնալու համար միլիոններ էի վճարում։ Հետո էլ այդ միլիոնանոց թղթադրամները Երևանում բաժանում էի որպես արտառոց հուշանվեր՝ դրանք արժեք չունեին՝ մեկ միլիոն լիրան ընդամենը մի քանի դոլար էր։

Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքը Նախիջևան մտցնի. Փաշինյանի հարցազրույցը Россия 1–ին

Բոլոր դեպքերում «Դեր Շպիգելը» փաստում է՝ «Ներքին քաղաքականության բնագավառում նախագահ Էրդողանը ավելի ու ավելի մեծ ճնշումներ է զգում։ Թուրքական տնտեսությունն արդեն մի քանի ամիս է, ինչ ճգնաժամ է ապրում։ Համապետական հարցումների համաձայն՝ Էրդողանին այլևս բնակչության մեծ մասը չի պաշտպանում։ Եվ, Ադրբեջանին սատարելով, նա կարող է շահել պահպանողական ընտրողների համակրանքը՝ 2023 թվականին կրկին վերընտրվելու համար»։

0
թեգերը:
Ընտրություններ, Պատերազմ, Սահման, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ադրբեջան, Իլհամ Ալիև, Թուրքիա, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին
Հանցագործություն է. «Լազարյան ակումբը» քննադատել է թուրք–ադրբեջանական ագրեսիան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ