Սերժ Սրապիոնյան

Նոր հեծանիվ հայտնագործելու կարիք չկար. Սերժ Սրապիոնյանը` բացթողումների մասին

58
(Թարմացված է 21:43 29.08.2020)
Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցերին, թե ինչպես է օգտագործվում սփյուռքահայ համայնքների ներուժը, ինչ պետք է անել համագործակցությունն ավելի գործնական ու արդյունավետ հուն մղելու համար։
Սրապիոնյան. «Սփյուռքի համայքների ներուժն այս պահին ամբողջությամբ չի օգտագործվում»

Սերժ Սրապիոնյանի դիտարկմամբ` սփյուռքի ներուժը նույնիսկ ծանոթ չէ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակին, որովհետև սփյուռքի նշանավոր կառույցների կամ անհատների մասնակցությամբ որևէ համատեղ ծրագիր, որևէ կարևոր միջոցառում չի կազմակերպվել, ինչը վկայում է այն մասին, որ գոնե այս պահին այդ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում։

«Իսկ եթե նույնիսկ ընթանում են բանակցություններ, և կան որոշակի պայմանավորվածություններ, այդ մասին մենք տեղյակ չենք, եթե կան, պահվում են գաղտնի, յոթ դռների ետևում։ Հակված եմ կարծելու, որ լուրջ աշխատանքներ այդուհանդերձ չեն տարվում, որովհետև սփյուռքի նախարարության լուծարումից հետո հայտարարեցին, թե կատարում են սփյուռքի քարտեզագրում` ծանոթանալով համայնքներին, բայց այդ ամենը նախարարությունն ուներ փաստաթղթավորված տարբերակով, որտեղ կային և՛ հայտնի կառույցները, և՛ ավանդական կուսակցությունները, և՛ հոգևոր, մշակութային կենտրոնները, հետևաբար սփյուռքի հետ համագործակցելու հարցում նոր հեծանիվ հայտնագործելու կարիք չկար»,– Sputnik Արմենիային ասաց նախկին փոխնախարարը։

Սրապիոնյանի կարծիքով` սայլը տեղից շարժելու համար պետք է գործնական և առարկայական երկխոսություն սկսել սփյուռքի այն կառույցների հետ, որոնք անառարկելի հեղինակություն են, որպեսզի ի վերջո իրականացվեն համատեղ ծրագրեր, որոնք կլինեն ի նպաստ հայ համայնքների պահպանման և ի նպաստ հայրենիքի։

«Ցավոք սրտի, այսօր չենք տեսնում կարևոր կառույցների ղեկավարների այցելություններ։ Լիբանանին պատուհասած ողբերգությունը, որտեղ գտնվում է մեր սփյուռքյան կառույցների ողնաշարը, որտեղ մտորում են համազգային, համահայկական խնդիրների շուրջ և տալիս դրանց լուծումներ, այսօր պատրաստ չենք շոշափելի աջակցություն ցուցաբերել լիբանանահայերին, իսկ մամուլում անընդհատ լուսաբանվող ու տարփողվող 36-37 տոննա ծավալով օգնության կապակցությամբ նշեմ, որ օրինակ Սիրիայի պատերազմի ժամանակ սփյուռքի նախարարությունը տեղաբնակ հայերին օժանդակում էր առանց ավելորդ գովազդի»,– նշեց նախկին փոխնախարարը։

Սրապիոնյանի գնահատմամբ` դատելով իր հետ հեռախոսազանգերից ու զրույցներից` սփյուռքի նախարարության լուծարումն արտերկրում ունեցավ շատ վատ արձագանք, քանի որ այդ գերատեսչությունն ըստ էության վերածվել էր սփյուռքի տան, որովհետև ցանկացած հայ, երբ ոտք էր դնում Հայաստան, առաջին պարտքը սփյուռքի նախարարություն այցելելն էր, առկա խնդիրները բարձրաձայնելը, ծրագրերը ներկայացնելը, և այդ ամենն անշուշտ օգնում էր նախարարությանն ավելի անմիջականորեն համակարգելու իր իսկ աշխատանքները։

Ըստ Սրապիոնյանի` սփյուռքի նախարարության լուծարումը մարդկանց մոտ թողեց նույնիսկ ներքին նեղացվածություն, ինչն ունի նաև բարոյահոգեբանական բաղադրիչ, որովհետև հայկական շատ կառույցներ դա նույնիսկ ընկալեցին որպես իրենց դեմ արված քայլ կամ իրենց շահերի անտեսում։

Կադրային ջա՞րդ, թե՞ օպտիմալացում. ինչ է կատարվում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում

58
թեգերը:
Սերժ Սրապիոնյան, Սփյուռք, Հայաստան
Ըստ թեմայի
Եթե ձգտում ենք գրավիչ երկիր դառնալ, պետք է պատրաստ լինենք օտարազգիների ներգաղթին. Պողոսյան
Հնարավո՞ր է արդյոք ստեղծել որոշումներ կայացնող համահայկական մարմին
Սիրիան լքելու պատճառները տխուր և ցավալի են, բայց սիրիահայերը գնալու տեղ ունեն. Սարգսյան
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

246
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

246
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Ալեն Ղևոնդյան

Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

241
(Թարմացված է 15:13 29.09.2020)
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե  ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արցախյան հակամարտությանն առնչվող քննարկումներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 29–ին։
Ղևոնդյան. «Մինչ այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել ՄԱԿ–ից հնչող հայտարարություններին»

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ 15 երկրների դիվանագետներ ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով` ՄԱԿ–ն իր առաքելությամբ այս ոլորտում ընդհանուր առմամբ ունի կարևոր դերակատարություն։ Հասկանալի է, որ ԱԽ անդամ երկրները տեսնում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում կոնկրետ հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, սակայն քաղաքագետը քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի այն իմաստով, որ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները կրակի դադարեցման ու խաղաղ բանակցությունների ձևաչափի վերադառնալու մասին արդեն տարբեր կոչերով ու հայտարարություններով հանդես են եկել, մինչդեռ ագրեսոր կողմ հանդիսացող Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել դրանց։ Ավելին` շեշտակիորեն ավելացրել է ռազմական, ծավալապաշտական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։

«Ադրբեջանը կտրել է իր կապն արտաքին աշխարհի հետ` ինտերնետի հասանելիության, օտարերկրյա լրագրողների մուտքի և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից։ Թերևս Ադրբեջանի կապի հիմնական օղակն այս պահին Թուրքիան է, այդ երկրի կուրացիայի ներքո իրականացնում է գործողություններ, հետևաբար այս համատեքստում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև, որն առավելապես կլինի կոչի ֆորմատի, կարծում եմ՝ իր նպատակին չի հասնի։ Թերևս հետագայում որոշակի արարողակարգի միջոցով կարող է մտնել մեծ նստաշրջանի օրակարգ, սակայն այս պահին կիրառական, թիրախային որևէ արդյունավետ գործիքակազմ չեմ տեսնում, որ կարող է գործարկել ԱԽ–ն և դա որևէ դրական հետևանք կունենա ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան

Անդրադառնալով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի միջամտության խնդրին` Ալեն Ղևոնդյանն ընդգծում է, որ եթե ուշադիր հետևենք Անկարայի վերջին մի քանի տարիների վարքագծին, նրա ռեգիոնալ ագրեսիվ ոճին ու քաղաքականությանը, նրա ազգային շահերի սպասարկման ինքնուրույն մոտեցումներին` առանց հաշվի առնելու միջազգային հանրության, անգամ իր դաշնակիցների մոտեցումները, շատ դեպքերում կոնֆլիկտի գնալով ԱՄՆ–ի ու եվրոպական գործընկերների հետ, ապա կասկածելի է, որ որևէ մեկն ԱԽ ֆորմատում կկարողանա ուղղակիորեն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանզի վերջինս հասկանում է բացառապես ուժի, ռազմական հաղթանակների լեզուն, և եթե զսպվի, ապա միայն այդ ճանապարհով։ 

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է նաև գնալ առևտրի, որպեսզի դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին, որն իր հերթին կամովին դարձել է Թուրքիայի գործիքը ռեգիոնում այդ երկրի դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ այդմ` Թուրիքային ընդդիմանալու տեսանկյունից հիմնական շահառու կողմը Ռուսաստանն է, որն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներն ունեն Թուրքիայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ, առավել ևս, որ Թուրքիան վաղուց կասկածի տակ է դնում ՄԱԿ–ի արդյունավետությունը և ընդհանրապես ներկա ձևաչափը ԱԽ կազմով։

241
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Ալեն Ղևոնդյան
Ըստ թեմայի
Փաշինյանը Մերկելին կոչ է արել ամեն ջանք գործադրել Թուրքիայի կեցվածքը սանձելու համար
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Акция протеста армянской общины у посольства Азербайджана в Париже (29 сентября 2020). Париж

Պաստառներ՝ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

0
(Թարմացված է 00:54 30.09.2020)
Տավուշյան իրադարձություններից հետո Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է հիմնականում Էդողանի հանդեպ ֆրանսիացիների հակակրանքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հարյուրավոր հայեր հավաքվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանրահավաքի տեսանյութերը սոցցանցերում հրապարակել են Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։

Ցուցարարները հայերեն ու ֆրանսերեն կարգախոսներ են վանկարկել․ նրանք դատապարտել են Ադրբեջանին ու վերջինիս բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիային։

Ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում հետաքրքրված են հակամարտության գոտում տիրող իրավիճակով, քանի որ նման զարգացումներ երբևէ չեն եղել։ Ֆրանսիացիներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողություններին, որին այստեղ չափազանց բացասական են վերաբերվում՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելու ու Լիբանանում իրավիճակը ապակայունացնելու ֆոնին։ Նա շեշտեց, որ այդ պատճառով Թուրքիան ֆրանսիացիների համար համարվում է եթե ոչ թշնամի, ապա ռազմական մրցակից։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան պատուհաններից հակահայկական քարոզչություն պարունակող ֆրանսերեն գրություններով պաստառներ են կախել։ Եկավյանն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջին անգամ է Ֆրանսիայում բացահայտ հակահայկական քարոզչություն իրականացնում։

Հանրահավաքի ժամանակ սադրանքներ չեն եղել, բայց Եկավյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, հաշվի առնելով սպառնալիքներն ու սադրանքները, հիշեցնելով թուրք ազգայնականների մասին, որոնք հուլիսի վերջին փորձում էին տապալել հայկական ցույցը Լիոնի մոտակայքում գտնվող Դեսին Շարպ քաղաքում։ Այդ խմբավորումների ղեկավարն արդեն դատապարտվել է։

«Առաջին անգամն է, որ ֆրանսիական հասարակութիւնը յատկապէս աջակողմեան թեւը, բայց ոչ միայն, զորակցությիւն կը ցուցաբերեն հայերու նկատմամբ եւ կըհետաքրքրին, թեեւ ուրիշ անկիւնով, իրենց հասկացողութեամբ, որ գլխավոր դրդապատճառը եւ պատասխանատուն Էրդողանն է եւ ոչ այլ երկրի ղեկաւար»,- ասաց Եկավյանը։

Տավուշում հուլիսին Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի համեմատ իրավիճակը զգալիորեն լավացել է։ Այն ժամանակ ֆրանսիական մամուլում ադրբեջանամետ հրապարակումներ էին նկատվում, այժմ դրանք չկան։ Բայց ըստ մեր զրուցակցի՝ պետք է ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել, որ Ղարաբաղի հանդեպ չհիշատակվի միայն «անջատողական» տերմինը, ինչպես հիմա է։

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի ազդեցությունը նախկինի պես զգացվում է, թեև այն ավելի թույլ է, քան նախկինում։ Կորոնավիրուսային վարակի պատճառով կրճատվել է որոշ պարբերականների ու առանձին լրագրողների հովանավորությունը, նաև հաճելի նվերներով ուղևորությունները, որոնք նրանց համար կազմակերպում էր Բաքուն։ 

Այստեղ հայերին շատ ակտիվ աջակցություն են ցուցաբերում հույներն ու ասորիները՝ դարձյալ ընդհանուր սպառնալիքի ֆոնին։ Համացանցում նրանց համայնքները շատ ակտիվ են, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայում։

«Նաեւ Կիպրոսի մէջ ունենք ընկերներ, որոնք կը զորակցին իրենց օգուտը կըբերեն յօդուածներ գրելով եւ տարածելով մեր տեսլականները ընկերային ցանցերու մէջ։ Նոյնպէս նկարը ստացայ ասորի ընկերներու որոնք զինուած մարտիկներ են Սուրիոյ մէջ, որոնք պատրաստ են Հայաստան գնալու եւ օգնելու իրենց եղբայրներուն։Մեծ զորակցությիւն կա հայերի նկատմամբ»,- նշեց Եկավյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020