Կարեն Քոչարյան

Ինչու չկարողացանք գնալ Վրաստանի «հետքերով». Քոչարյանը` կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

146
(Թարմացված է 17:42 27.08.2020)
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք կառավարությանը հաջողվե՞լ է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում լուծել իր առջև դրված և կորոնովիրուսով պայմանավորված խնդիրները։
Քոչարյան. «Դիմակների առթիվ 3 քաղաքական ուժերի հայցը նույնպես կարող է դիտարկվել քաղաքական գործընթաց»

Կարեն Քոչարյանը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարն ամբողջովին տապալված է, հետևաբար նշված ռեժիմի հաստատումը չի նպաստել հիմնական խնդիրների լուծմանը։

«Կորոնավիրուսային ցուցանիշներով մենք տարածաշրջանում առաջատար ենք, մեզ մոտ մայիսի 4-ից հետո փաստացի կիրառվել է շվեդական մոդելը, այսինքն` ամեն ինչ թողնվել է բնության հույսին, հասարակությունը ձեռք է բերել կոլեկտիվ իմունիտետ, այդ պատճառով էլ թվերը գնալով իջնում են։ Եթե մինչև մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ամեն ինչ արվեր պատշաճ մակարդակով, գուցե մենք էլ գնայինք վրացական օրինակով»,– Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ Քոչարյանի` Հայաստանում անխտիր բոլորն են իրենց մաշկի վրա զգում, թե ինչ հարված հասցրեց տնտեսությանը արտակարգ դրության ռեժիմը։ Այդուհանդերձ քաղտեխնոլոգն այս ամենի մեջ առանձնացնում է մեկ դրական հանգամանք, այն է` ինչ–որ բան ստիպում էին անել, որովհետև մեր հասարակությունը սուբյեկտիվորեն այնքան էլ պարտաճանաչ չէ։

«Տեղին չեմ համարում ընդդիմության քաղաքական շահարկումները, թե իբր արտակարգ դրություն սահմանվեց, որպեսզի զսպեն քաղաքական ակտիվությունը։ Եթե ընդդիմությունը ցանկանար, կգործեր նաև այդ պայմաններում։ Մյուս կողմից դժվար էր չեղարկել արտակարգ դրության ռեժիմը, երբ երկրում օրական գրանցվում էր 700-800 կամ 200-300 վարակակիր։ Թեև հասկանում եմ, որ ընդդիմությունը միշտ պետք է այդ առթիվ քաղաքական շահարկումներ աներ, դա էլ իրենց գործն է»,– նշում է քաղտեխնոլոգը։

Քոչարյանն անդրադարձավ նաև ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը, ըստ որի` նրանք որոշել են դատական կարգով վիճարկել դիմակ չդնելու համար կիրառվող տուգանքները։

Քաղաքագետը շատ ճիշտ է գնահատում քաղաքական երեք ուժերի նախաձեռնությունը, որը նույնպես կարող է դիտարկվել որպես քաղաքական գործընթաց, որովհետև ընդդիմությունը հենց նրա համար է, որ օգտագործի բոլոր գործիքներն իշխանության հետ պայքարում։ Քոչարյանը համամիտ է, որ առանց տուգանքների չէր լինի, բայց դա չպետք է իրականացվեր զուտ ձևի համար` ոստիկաններին պարտադրելով օրական որոշակի թվով մարդկանց տուգանել։ Քաղտեխնոլոգը համաձայն է տուգանքին, բայց եթե այն ոչ թե բյուջեն լցնելու համար է, այլ ուղղվում է իսկապես կորոնավիրուսի հաղթահարմանը։

146
թեգերը:
կորոնավիրուս, Կարեն Քոչարյան (քաղտեխնոլոգ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ վիճակում են Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երեխաները
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի
Ռուսաստանի մասնագետները կորոնավիրուսն օդում հայտնաբերող սարք են ստեղծել
Тигран Кеян

Վարորդները դարձել են «տուգանքի ենթակա իրական մատերիալ». Քեյան

18
(Թարմացված է 15:24 03.03.2021)
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ պատգամավորների կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկին, ըստ որի` վարորդները ՃԵԿ խախտումների բողոքարկման համար ստիպված կլինեն պետտուրք վճարել։ 
Քեյան. «Վարորդները դարձել են տուգանքի ենթակա իրական մատերիալ»

Տիգրան Քեյանի դիտարկմամբ` տվյալ պետտուրքի առթիվ իրենք նախկինում էլ առիթ ունեցել են հայտնելու, որ այն հակասահմանադրական քայլ է։ 

«Փորձը ցույց տվեց, որ քաղաքապետարանի ու ՃՈ–ի կողմից բողոքների քննությունը կատարվում է ոչ օբյեկտիվ և ոչ պատշաճ։ Այսինքն կան խնդիրներ, գրվում են նամակներ քաղաքապետարանին, որպեսզի որոշ գործողությունների վերաբերյալ տրամադրեն նյութեր, սակայն պատճառաբանում են, որ համապատասխան նյութեր չունեն կամ էլ տալիս են այնպիսի պատասխան, որը կոնկրետ հարցի հետ կապ չունի»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Քեյանի համոզմամբ` պետտուրքի սահմանումը վարորդներին զրկել է պաշտպանվելու իրավունքից, և երբ քաղաքացին լսում է, որ 5000 դրամի չափով տուգանքի որոշումը բողոքարկելու համար պետք է վճարի 4000 դրամ պետտուրք, ապա հրաժարվում է բողոքարկումից ու նախընտրում վճարել տուգանքը, հետևաբար չի օգտվում բողոքարկելու իրավունքից։

«Քանի որ պետտուրքի սահմանումից հետո դատական գործերի ծավալները նվազել են, մենք հստակ պատկերն ունենալու նպատակով երկու ամիս առաջ նամակ ենք գրել ոստիկանությանը, որպեսզի ստանանք վիճակագարական վերջին տվյալները։ Այդուհանդերձ կարծում եմ, որ բողոքարկումների թիվը շատ մեծ չէ, կրկնակի նվազած կլինի։ Փաստորեն վարորդների մեծ մասը տուգանքների հետ կապված որոշումները չի բողոքարկում, ինչը պայմանավորված է հենց պետտուրքի առկայության հանգամանքով»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Քեյանի տեղեկացմամբ՝ եղել են շատ դեպքեր, երբ դատարան դիմած վարորդներն այնուամենայնիվ չեն շահել դատը, բայց և կան դեպքեր, երբ առաջին երկու ատյանների որոշումները բողոքարկելուց հետո վարորդները վճռաբեկ դատարանում շահել են դատը։ Ըստ նրա` նախկինում բողոքների 60 տոկոսից ավելին բեկանվել է, իսկ բողոքներն ընդհանուր կայացված դատական որոշումների մեջ կազմել են մոտ 5 տոկոսը։ 

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահի խոսքով` թեև ասում են, որ վարչարարությունը փոփոխվել է, բայց օրինակ քաղաքապետարանում, ըստ նրա, շարունակում են մասնագիտական որոշումներ կայացնել մակերեսային գիտելիքներով, և զարմանալի է, որ հաշվի չեն նստում Վճռաբեկ դատարանի կոողմից ընդունված որոշումների հետ։ Քեյանի կարծիքով` վարորդները դարձել են տուգանքի ենթակա իրական «մատերիալ», միայն պատժիչ միջոցներ են կիրառվում։ Ըստ նրա` չարժե մարդկանց ծանրաբեռնել անհիմն վարչական ակտերով, հետո պայքարել, որ չբողոքեն դրա դեմ։ 

Տարաները դեռ լիքն են. արտադրողներն այս տարվա համար գյուղացուն մեծ խոստումներ չեն տալիս

Նշենք, որ նոր դրույքաչափերի մասին նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

18
թեգերը:
Օրենք, Տիգրան Քեյան, վարորդ
Ըստ թեմայի
Գյումրի-Երևան գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված մեքենային. վարորդը հիվանդանոցում է
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկի վիճակը ծանր է
Թևան Պողոսյան

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ. Թևան Պողոսյան

173
(Թարմացված է 15:59 03.03.2021)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որն առնչվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության խնդրին։
Պողոսյան. «Եթե լինեն բանակցություններ, գուցե հնարավոր լինի գտնել բոլորի համար ընդունելի լուծում»

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ և այդ պատճառով էլ չի ստորագրում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր այս տեսակետը հայտնեց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ, քանզի համարում է, որ այնտեղ կան ինստիտուցիոնալ մոտեցման հետ կապված խնդիրներ, որ զինվորականներին նշանակելու և հեռացնելու համար շատ դեպքերում կան հայեցողական դիրքորոշումներ, որոնք անընդունելի են և սխալ մոտեցման արդյունք են։

«Եթե իշխանության և ընդդիմության միջև լինեն համապատասխան բանակցություններ, միգուցե հնարավոր է ամեն ինչ շատ հանգիստ անել ու գտնել բոլորի համար ընդունելի լուծում կամ հակառակը` գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որի առթիվ լավ կանխատեսումներ չունեմ»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` լարվածության հետագա սրացման դեպքում կարող են լինել ռեպրեսիաներ ու վենդետաների երևույթներ` չնայած, որ իշխանությունները դեռ 2018 թվականին են հայտարարել, որ վենդետաներ չեն լինելու, բայց հետո ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ մարդկանց առանց իրավական հիմքերի հեռացնում էին աշխատանքից, կամ տեղի էին ունենում ինչ–որ գործընթացներ։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

173
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Թևան Պողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Սահմանադրությունը չի նախատեսում ԳՇ պետին ազատելու ընթացակարգ. Մելոյան
Սերժ Սարգսյան. 16 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

30
(Թարմացված է 17:31 03.03.2021)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե ամենայն հավանականությամբ իշխանությունը նոր «ներկայացում» է պատրաստում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։

«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։

«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։

Հիշեցնենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Նա ասել էր, որ վստահ է` նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել, իսկ վեճի պատճառն ըստ Մարուքյանի այն է, որ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։

Մարուքյանի խոսքով`ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարել էր, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործել էր՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

Իսկ այս րոպեներին շարժումը հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում։ Զուգահեռ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է։

30
Ըստ թեմայի
«Սերժ Սարգսյանը ռիսկի դիմեց ու պարտվեց». փորձագետները՝ ՀՀ նախկին նախագահի մեսիջների մասին
«Արցախյան պատերազմի մասին հարցազրույցի հետքերով». ինչում էր ճիշտ ու սխալ Սերժ Սարգսյանը
Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին