Նարեկ Մինասյան

Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին

155
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողություններին, ադրբեջանական կողմի ակտիվության դրդապատճառներին: 
Մինասյան. «Տավուշի ուղղությամբ սադրանքն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների ուղղակի հետևանքն է»

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ՝ դա ուղղակիորեն Ադրբեջանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետևանքն է, քանզի վերջին ամիսներին ականատես եղանք, որ Ադրբեջանը բախվել է սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների, ինչը մի կողմից պայմանավորված է նավթի համաշխարհային գների պատմական անկմամբ, մյուս կողմից կորոնավիրուսի ծնած խնդիրներով: 

«Այսօր Ադրբեջանը կանգնած է սոցիալական ներքին լարվածության մեծ ռիսկերի առաջ, և իշխանությունները, նախազգուշանալով իրենց համար հնարավոր վտանգներից, որոշել են ակտիվացնել թշնամու կերպարը և այդ կերպ ապահովել հանրության կոնսոլիդացիան իրենց շուրջ: Պատահական չէ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության էական ակտիվացում»,- նշում է քաղաքագետը:

Նարեկ Մինասյանի կարծիքով՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման մասին հայտարարությունները բավարար չեն եղել ադրբեջանական կողմի համար, ուստի վերջինս որոշել է նախաձեռնել հերթական սադրանքը ՀՀ սահմանի ուղղությամբ՝ ինչ-որ նպատակներ իրականացնելու ակնկալիքով։ Սակայն,  քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը չէր սպասում, որ հայկական կողմից կարող է լինել նման կոշտ արձագանք, ինչի արդյունքում սադրանքը ոչ միայն տապալվեց, այլև ունեցավ հակառակ էֆեկտ, և Ադրբեջանը ներկայումս ունի փաստացի զոհեր ու մեծ թվով վիրավորներ, ինչպես նաև տեխնիկայի կորուստ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ դիրքերի կորուստ: 

«Ադրբեջանի հետագա պահվածքը կախված է երկու գործոնից: Մեկը հենց տեղում ռազմական իրավիճակն է, մյուսը՝ միջազգային ճնշումը: Նախաձեռնելով սադրանք՝ Ադրբեջանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում և այժմ ունի դեմքը պահելու խնդիր, հետևաբար պետք է փորձի նաև քարոզչության միջոցով իրավիճակից դուրս գալ իբրև թե հաղթած կողմ: Նման պայմաններում միջազգային հանրությունը պետք է ձգտի ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ նրան սթափեցնելու և զսպելու նկատառությամբ»,- նշում է քաղաքագետը: 

Մնացականյանը սահմանային իրավիճակի հետ կապված զանգել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Նարեկ Մինասյանի փոխանցմամբ՝ կարևոր նախաձեռնություն է այն, որ վերջին զարգացումների վերաբերյալ ՀԱՊԿ-ն որոշել է մշտական խորհրդի արտահերթ նիստ անցկացնել, ուստի լավ կլինի, որ նիստից հետո ընդունվի հասցեական հայտարարություն Ադրբեջանի սադրանքի վերաբերյալ:  

Քաղաքագետը նշում է, որ բավական կարևոր է նաև, որ հայկական լսարանը կուլ չտա ադրբեջանական քարոզչամեքենայի ու տեղեկատվական դաշտի խայծը, ստեղծված իրավիճակում ունենա իմունիտետ և հետևի միմիայն հայկական պաշտոնական լրահոսին և հնարավորության դեպքում նաև տարածի մեր պաշտոնական տեղեկատվությունը:   

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով` ադրբեջանական կողմը չորս զոհ ունի։ Հայկական կողմը, բարեբախտաբար, կորուստներ չի կրել։

 

155
թեգերը:
հրետակոծություն, կրակոց, դիրքեր, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Տավուշ, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
Ըստ թեմայի
Միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին
Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը
Մկրտիչ Մինասյան

Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը

176
(Թարմացված է 18:04 04.08.2020)
Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` պաշտոնից հրաժարվելու լուրին և գնահատել նրա երկամյա գործունեությունը։
Մինասյան. «Հնարավոր է` Մեսչյանն առնչվել է խնդիրներին, բայց չի կարողացել անցնել պատնեշները»

Մկրտիչ Մինասյանի կարծիքով` շատ դժվար է ներկա պայմաններում խստորեն դադարեցնել ճարտարապետական լուծումներին առնչվող որոշ գործընթացներ, և դրա համար պետք է լինեն քաղաքական հստակ որոշումներ։ Մինասյանն իր տեսակետը հայտնեց` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի` Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուրը Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։

«Օրինակ` հիմա Մաշտոցի պուրակում կրկին տեղադրվել են սրճարաններ։ Սեփականատերերին ժամանակին տրվել են երկարաժամկետ թույլտվություններ, և հիմա չեն կարողանում այդ գործընթացի դեմն առնել։ Շատ հնարավոր է, որ Մեսչյանն առնչվել է նման խնդիրների հետ և չի կարողացել անցնել պատնեշները։ Դա նրա անելիքն էր, բայց ուժերից վեր էր։ Ես վաղուց ճանաչում են Արթուրին, նա իր բնույթով խնդիրները լուծելու ճանապարհին էր, բայց ամենօրյա պայքարը ջլատում է մարդուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Մինասյանը մատնանշեց այն հակասությունը, որ մի դեպքում սեփականատերերն ասում են, թե իրենց տարածքում կարող են անել ամեն ինչ, բայց մյուս կողմից էլ քաղաքն իր ճարտարապետական օրինաչափություններն ունի, հետևաբար սեփականատերերը պետք է հետևեն դրանց, և այդ խնդիրն առհասարակ, ըստ Մինասյանի, պետք է լուծվի օրենսդրական դաշտում։

Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը վկայակոչեց ևս մեկ հակասական իրավիճակ, որն առնչվում է Նորքի կանաչապատ տարածքներին։ Նրա խոսքով` գույքի վարչությունը պատրաստվում է հողահատկացումների աճուրդ կազմակերպել։ Եթե գլխավոր հատակագծով դա չկա, կամ եթե նախկինում եղել են նման որոշումներ, ապա ինչո՞ւ են փորձում դրանք ռեանիմացիայի ենթարկել, տարակուսում է Մկրտիչ Մինասյանը և հավելում, որ Երևանը ճարտարապետական առումով ոչ միայն անհարազատ, այլև անհարմար է դարձել։

«Արթուր Մեսչյանի պաշտոնավարման վերջնահատվածում արդեն կար համավարակը, իսկ դրանից առաջ, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, մեծ ներդրումներ չէին արվում, և այս հանգամանքները նույնիսկ օգնել են, որ մի փոքր դադար առնենք, որովհետև շատ մեծ ներդրումները հղի են շատ մեծ կառույցներով, որոնք կարող են աղճատել քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Մենք փրկվել ենք դրանից։ Պարզապես պետք էր այս դադարն օգտագործել և ստեղծել այնպիսի մոդուլ, որ քաղաքը ազատեինք անհարկի կառուցապատումներից»,– ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Ըստ Մինասյանի` ճարտարապետության ռազմավարությունը պետք է արտացոլվի գլխավոր հատակագծում։ Նրա խոսքով`1990–ականներից ի վեր գլխավոր ճարտարապետներն ինքնուրույն են որոշումներ կայացրել, նրանց թվացել է, թե յուրատեսակ լուծումներ են առաջարկել, բայց արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ։ Ըստ այդմ`չկա ապագայի հեռանկարին միտված հստակ հայեցակարգ, անհրաժեշտ է էապես վերանայել Երևանի գլխավոր հատակագիծը, որն, ըստ Մինասյանի, կարծես կորցրել է ուժը։

176
թեգերը:
Արթուր Մեսչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ
Տիգրան Խաչիկյան

Սա օրախնդիր է մեր երկրի համար. նախկին պաշտոնյան` հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին

190
(Թարմացված է 19:36 03.08.2020)
ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նշված գերատեսչության նախաձեռնությանը, ըստ որի` առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան` առնվազն 25 դատավորի թվակազմով։
Խաչիկյան. «Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն օրախնդիր է մեր երկրի համար»

Տիգրան Խաչիկյանը դրական է գնահատում ՀՀ արդարադատության նախաձեռնությունը և նշում, որ ինքը նույնպես ժամանակին եղել է այդ գաղափարի առաջադրման ակունքներում։

Արդարադատության նախարարության նախագծի համաձայն` դատարանի դատավորներից քսանը քննելու են ՀՀ Քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործություններին առնչվող գործերը, իսկ հինգ` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը։

Ըստ Խաչիկյանի` հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակելիս նախատեսված էր եղել նաև մասնագիտացված առանձին հակակոռուպցիոն դատարանի ձևավորման հարցը` որպես առաջնային ուղղություն կոռուպցիայի դեմ պայքարում և համապատասխան ռազմավարությունը ծրագրելու գործում։

«Սա մասնագիտացված գործունեության ոլորտ է, և հայտնի է, որ ի սկզբանե նախատեսված է եղել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը որպես կենսական անհրաժեշտություն։ Կոռուպցիայի կանխարգելման մասով արդեն իսկ ունենք առանձին մարմին ի դեմս հանձնաժողովի, կոռուպցիոն քրեական գործերի քննության մասով հակակոռուպցիոն կոմիտեն պետք է որ կազմավորվի, հետևաբար այս շղթայում մնում է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը, որի հիմնումը ևս օրախնդիր է մեր երկրի համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարարը։

Խաչիկյանի համոզմամբ` հակակոռուպցիոն հանձնաժողովն ու դատարանն իրար խանգարելու խնդիր չունեն, քանի որ մեկն արդարադատություն իրականացնող օղակն է, մյուսը կոռուպցիայի կանխարգելման գործում հիմնական դերակատարն է։ Նրա խոսքով` ժամանակին իրենց առջև ծառացել էր այն հարցը, թե անհրաժե՞շտ է արդյոք պետության զարգացման այս փուլում ունենալ մեկ միասնական մարմին, որն իր մեջ կներառի թե՛ կոռուպցիայի կանխարգելման, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի օպերատիվ–հետախուզական, թե՛ նախաքննություն իրականացնող գործառույթներ։ Ի վերջո հակակոռուպցիոն ռազմավարությամբ ամրագրվեց այն հանգամանքը, որ դեռևս վաղ է միասնական մարմնի ձևավորումը, ուստի պետք է պայքար մղել տարաբաժանված մարմինների իրավասության եղանակով։

Խաչիկյան. «Ապօրինի գույքի բռնագանձման օրենքում հակասությունները շատ են»

Արդարադատության նախկին փոխնախարարը կարծում է, որ նախագծով սահմանված լուծումները պետք է լինեն բավականին ներդաշնակ, ամբողջական և համալիր, որպեսզի նշված դատարանի դատավորներն ընտրվեն բարեվարքության չափանիշի առավելագույն պահպանմամբ, բարոյական նկարագրով և մասնագիտական հմտություններով համապատասխանեն դատավորի բարձր դիրքին և հանրային հեղինակությանը, որովհետև նրանց ձախողումը կնշանակի կոռուպցիայի դեմ պայքարի վերջնական ձախողում։ Խաչիկյանը կարծում է, որ երկու տարին բավական քիչ ժամանակ է, ուստի նա ձեռնպահ է մնում կոռուպցիայի դեմ պայքարին ամփոփ գնահատական տալուց։

ԱՄՆ–ն կօգնի Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ. Պետդեպը հատուկ խորհրդական կվարձի

190
թեգերը:
Տիգրան Խաչիկյան, Դատարան, Հայաստան
Սևան

«Սպիտակ Շորժայի» սեփականատերը մամուլից է տեղեկացել, որ իր տարածքում բիզնես են հիմնել

0
(Թարմացված է 20:47 04.08.2020)
Ռուսաստանաբնակ ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը Sputnik Արմենիային պատմել է, թե որտեղից է իմացել Հայաստանում իր տարածքի շուրջ բարձրացած աղմուկի մասին։ Նա նաև ներկայացրել է տարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տարածքի իրական սեփականատերը` ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ իր տարածքում ինչ–որ մարդիկ ապօրինի գործունեություն են ծավալել։ Սեփականատերն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարն արդեն հայտարարել էր այդ գործունեությունը կասեցնելու մասին։

«Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մտնել` ումն է դա, ով է այդ մարդը։ Բայց տպավորությունն այնպիսին էր, որ այդ մարդը ինչ–որ բիզնես է անում, բայց անպայման փորձում է ինչ–որ մեկից ինչ–որ բան խլել։ Բայց տեղեկություններ կային, որ Հայաստանում հիմա անօրինականությունները կանխվում են։ Այդպիսի աղոտ հույս կար։ Ու երեկ, փաստորեն, նախարարը որոշում կայացրեց այդ բոլոր անօրինական շինությունները կանխել»,– Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում անթաքույց ուրախությամբ ասաց ճարտարապետը։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր ամենասեղմ ժամկետում կասեցնել Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունն ու ապամոնտաժել տարածքում տեղադրված ապօրինի տաղավարները։ Նախարարը հայտարարել էր նաև, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որին, ըստ լուրերի պատկանել է անօրինական բիզնեսը, տարածքի իրական սեփականատեր Չախմախչյանը հայտնեց, որ նրան երբևէ չի ճանաչել և նրա հետ գործնական հարաբերություններ չի ունեցել։

«Հայկ Սարգսյանը, որքան ես գիտեմ, նույնքան տարեկան է, որքան որ ես Հայաստանում չեմ գտնվել։ Դրա համար առնչվելու առիթ չի եղել»,– կատակեց նա։

Սևանի ափին գտնվող տարածքում հանգստի գոտի կառուցելու գաղափարը ճարտարապետն ու նրա երկու ընկերները հղացել են շուրջ 20 տարի առաջ։ «Սևան» ազգային պարկի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը, Չախմախչյանի պարզաբանմամբ, նախապես ձևակերպվել է ընկերներից մեկի անունով։ Իսկ 2008թ–ին տարածքից 3.5 հա–ն` վարձակալության իրավունքով, իսկ դրան կից 5 հա–ն` սեփականության իրավունքով` նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցվել է Ռուբեն Չախմախչյանին։ Մնացած 5 հա–ն սեփականության իրավունքով ձեռք է բերել նրա մտերիմ ընկերն ու բիզնես–գործընկերը, որի հետ էլ ծրագրում էին հանգստյան գոտի կառուցել։

«Մենք արդեն բավական աշխատանք էինք արել տարածքում, ու արդեն ծրագրում էինք շինարարությունը սկսել։ Բայց, ցավոք, դեֆոլտները խանգարեցին»,– նշեց Չախմախչյանը` ակնարկելով 2009թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Սևանի Շորժայի ափի կառուցպատման նախագիծն այսօր էլ կա, տարածքի սեփականատերերն անգամ անունն են որոշել`«Զարթոնք», այժմ սպասում են այն իրագործելու համար բարենպաստ տնտեսական իրավիճակի։ 

Ինչ վերաբերում է իրենց տարածքում ապօրինի ծավալված բիզնեսին, Ռուբեն Չախմախչյանը հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի իշխանություններից ու ազգային պարկից որևէ պահանջ չունի, չնայած, որ տարածքը ապօրինի շահագործման հետևանքով վնաս է կրել։

«Ինձ ասացին, որ ավազ են լցրել, բարեկարգել են ափը։ Այդ ավազը քանդել և հանել են իմ սեփական հողատարածքից։ Այսինքն`փչացրել են այդ հողատարածքը։ Եթե այնտեղ ես տնակներ կառուցեմ, պետք է կառուցեմ ափից հեռու, վերևի հատվածում, իսկ իրենք քանդել, այդ տարածքից ավազը հանել են, տեղափոխել ափ։ Այն տարածքը, որը կառուցապատման ենթակա է, փչացրել են»,– պարզաբանեց Չախմախչյանը։

Վերջինս Sputnik Արմենիային ներկայացրեց նաև տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականության վկայականն ու կառուցապատման իրավունքի պայմանագիրը։

  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
1 / 4
© Photo : provided by Ruben Chakhmakhchyan
«Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա դիմակի չէր դրել, որի համար ավելի ուշ տուգանվել էր։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։

Մամուլում տարածված լուրերի համաձայն` այս լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը դա էլ է հերքում։

0
թեգերը:
փաստաթուղթ, սեփականատեր, «Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, ԱԺ, Հայկ Սարգսյան, Լողափ, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Հայերն այլևս վրացական լողափերում չե՞ն հանգստանում. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել
Հանրային լողափերն անվտանգ են. նախարարը մեկնաբանել է Սևանում լողալու շուրջ աղմուկը