Նորայր Դունամալյան

Իշխանությունը փորձում է ոչ թե աջակցել դատական համակարգին, այլ դարձնել այն վերահսկելի

110
(Թարմացված է 23:40 26.06.2020)
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի տեսակետին, ըստ որի` Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած զարգացումների ընթացքում քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին իրավաբաններին ու դատավորներին։
Դունամալյան. «Իշխանությունը ոչ թե փորձում է աջակցել դատական համակարգին, այլ դարձնել վերահսկելի»

Քաղաքագետ Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` տարօրինակ է, որ քաղաքական ուժերը պաշտպանեն դատավորներին, քանի որ եթե աջակցությունը դիտարկվի որպես կողմնակալություն, իսկ դատական իշխանությունը պետք է լինի անկախ, ապա այդ դեպքում ամեն ինչ քաղաքականացվելու է։ Ըստ այդմ` նույն իրավապաշտպաններին, իրավագետներին, դատական իշխանության բոլոր մարմինների անդամներին աջակցությունն այդ տեսանկյունից նույնիսկ սխալ է։

«Այդ խնդիրը նոր չի առաջացել, և ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության և իրավագիտակցության ցուցանիշը շատ ցածր է։ Մոտ 20 տոկոսն է վստահում դատավորներին կամ դատական համակարգին։ Սա քաղաքական խնդիր է, որը չի կարելի տեղափոխել իրավական դաշտ, որտեղ չկա սահմանադրական ճգնաժամ կառավարության ու ՍԴ–ի միջև»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Դունամալյանի կարծիքով` տարբեր երկրներում իշխանությունը ոչ թե փորձում է աջակցել դատական համակարգին, այլ նրան դարձնել առավել վերահսկելի կամ կանխատեսելի, որպեսզի տհաճ անակնկալներ չլինեն։  Ըստ նրա` ընդդիմությունն էլ իր հերթին փորձում է ապահովել իր քաղաքական շահերի իրականացումը դատական համակարգի միջոցով, հետևաբար այստեղ կա շահերի բախում։

«Այսօր ունենք փշուր–փշուր եղած սահմանադրական կարգ». Ռուբեն Մելիքյան

«Եթե խոսվում է այն մասին, որ դատական համակարգը պետք է իսկապես լինի անկախ, ապա այդ պահանջը պետք է գա հասարակության կողմից։ Իսկ եթե հասարակությունը չի գիտակցում, թե դատարաններն ինչպես պետք է իրականացնեն իրենց գործառույթները, ապա այդ դեպքում չենք կարող խոսել քաղաքական աջակցության մասին»,– նշեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ` ընկալելի է այն տեսակետը, որ դատավորներն ու իրավաբանները պետք է առաջնորդվեն բացառապես իրավական նորմերով և դրանցով պայմանավորեն իրենց ամբողջ գործունեությունը, բայց եթե գործընթացը քաղաքականացվում է, ապա այդտեղ գործիքակազմը խիստ սահմանափակ է։  

Հիշեցնենք՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրավաբանները և ՍԴ անդամները միայն օրենքներով են պայքարում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի հետ, որին ենթարկվում են քննչական մարմիններն ու ԱԱԾ–ն։

Վահե Գրիգորյանն աղմկահարույց փոփոխությունները պատմական իրադարձություն է համարում

110
թեգերը:
Դատավոր, Սահմանադրական դատարան, Ավետիք Իշխանյան, Նորայր Դունամալյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՍԴ-ի հարցում հեղափոխական տրամաբանությունն է գերակայում․ Մարկեդոնով
ՍԴ նախագահի և 3 դատավորների  հայտարարությունը` ի պատասխան պաշտոնից ազատվելու կարծիքների
Ռուստամ Բադասյանը պատասխանել է ՍԴ 4 դատավորների` պաշտոնից ազատվելու մասին հայտարարությանը
Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումները հետ կվերցվեն. Արամ Օրբելյան
Տիգրան Քեյան

60 կմ/ժ և ոչ ավելի. Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունը՝ ՀԿ խոշորացույցի տակ

685
(Թարմացված է 21:50 07.07.2020)
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ճանապարհային ոստիկանության հայտարարությանը, որն առնչվում է Երևանի որոշ ճանապարհահատվածներում երթևեկության կանոնների փոփոխությանը:
Քեյան. «Չեմ կարծում, թե 60 կմ/ժ արագությունը կդանդաղեցնի Երևանի երթևեկությունը»

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի դիտարկմամբ՝ փոփոխությունն ուղղված է երթևեկության անվտանգության բարձրացմանը, քանի որ շատերը մինչև այս թույլատրելի արագության շեմի հաստատումն ավելի արագ էին երթևեկում հատկապես այն հատվածներում, որոնցում Ճանապարհային ոստիկանությունը սահմանափակումներ է մտցրել:

«Մենք շատ ենք տեսել, որ օրինակ, Ծովակալ Իսակովի պողոտայում վթարների քանակը տարեցտարի չի նվազում, ինչի հիմնական պատճառը արագության գերազանցումն է, այդտեղ եղել են նաև մահացու ելքով վթարներ: Իմ կարծիքով՝ բոլոր հատվածներում նույն արագությունը սահմանելը ճիշտ է, վարորդներն էլ չեն մտածի՝ արագ վարեն մեքենան, թե դանդաղ, հետևաբար չեն լինի նաև չարաշահումներ, և կտեսնենք վթարների նվազման միտում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա: 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպ՞ս կանդրադառնա փոփոխությունը խցանումների խնդրի վրա, Քեյանը նշեց, որ իր հաշվարկով՝ ներկայում Երևան քաղաքի միջին արագությունը չի անցնում 21 կիլոմետրը, և եթե առանձին հատվածներում նախկինում սահմանված էր 70 կամ 80 կմ/ժ արագություն, դա չէր նպաստում խցանումների վերացմանը, հետևաբար ներկա փոփոխությամբ ամբողջ քաղաքի համար սահմանված է նորմալ արագություն:

 Եթե ուղևորը չենթարկվի, վարորդը չի շարունակի ընթացքը. տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

Քեյանի հավաստմամբ՝  երբ նախկինում տարբեր հատվածներում սահմանված էր տարբեր արագություն, դրանց սահմանագծին կամ խաչմերուկներում հաճախակի էին լինում վթարներ, հետևաբար «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը չի կարծում, որ 60կմ/ժ արագությունը կդանդաղեցնի Երևանի երթևեկությունը, միայն թե ավելի չնվազեցնեն: 

Հիշեցնենք՝ Ճանապարհային ոստիկանության որոշմամբ՝ 2020թ. հուլիսի 18-ից Երևան քաղաքի բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ:

Փոփոխությունը վերաբերում է մասնավորապես Իսակովի, Մյասնիկյան և Սարալանջի պողոտաներին, Թբիլիսյան և Աշտարակի խճուղիներին, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ-Բեկի փողոցներին:

ՃԵԿ օրինախախտներին կհետևեն հեռախոսով. վարչապետը կոչ արեց ներառել նաև դիմակ չկրողներին

685
թեգերը:
որոշում, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Երևան, վարորդ, Տիգրան Քեյան
Ըստ թեմայի
Ժամանակավորապես կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքների երթևեկությունը
Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Վերին Լարս տանող ճանապարհի որոշ հատվածում կարգելվի կոնկրետ մեքենաների երթևեկությունը
Վրաստանից Ռուսաստան բեռնատար և մարդատար կցորդիչով մեքենաների երթևեկությունը կդադարեցվի
Արթուր Աթոյան

Նախարարության հայտարարությունն իրարմերժ է և հակասական. ի՞նչ է կատարվում արագիլների հետ

72
(Թարմացված է 21:06 07.07.2020)
«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է աղտոտված արագիլների հետ կապված Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը: 
Աթոյան. «Աղտոտված արագիլներին առնչվող ՇՄՆ հայտարարությունը լի է հակասություններով»

Արթուր Աթոյանի փոխանցմամբ՝ նախարարության ուսումնասիրություններն  ու հայտարարությունը գտնվում են հակասության մեջ, նախ ասում են` հնարավոր է, կարող է, մինչդեռ կոնկրետ փաստեր ձեռք չեն բերվել, թե ինչպիսի հիմքերի առկայության դեպքում է հնարավոր արագիլների աղտոտումը ձկնաբուծարաններում: Եթե ներկայացվեն հիմնավոր փաստեր, պատրաստ են համատեղ այցերի շրջանակներում հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության՝ դադարեցնելով անօրինական գործառույթները: 

«Ի՞նչ է նշանակում՝ արագիլներն աղտոտվել են ձկնաբուծարաններում: Ի՞նչ է, ձկնաբուծարանները կեղտի ու յուղի մե՞ջ են գտնվում: ՍԱՏՄ ու անվտանգություն ապահովող այլ ծառայությունները պարբերաբար մտնում են ձկնաբուծարաններ, ստուգում տարածքները, բա նրանք չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում, չեն տեսնում, որովհետև նման երևույթներ ուղղակի չկան, ինչպիսիք ներկայացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Անցյալ տարվանից այդ հայտարարությունները հնչում են, սակայն մինչ օրս որևէ կոնկրետ փաստ չի հայտնաբերվել կամ ներկայացվել»,- նշում է Աթոյանը: 

Նրա դիտարկմամբ՝ խոսում են Հովտաշենից, Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքից, սակայն չի նշվում, թե այդտեղ որքան ձկնաբուծարան կա, արդյո՞ք աղտոտված են, թե՞ ոչ, արդյո՞ք նրանք են գետն աղտոտել: Ըստ նրա՝ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հստակ ներկայացնի, թե ինչ են արվում թափոնները, եթե դրանք կան: Աթոյանի տեղեկացմամբ՝ կան ձկնաբուծարաններ, որոնք ընդհանրապես թափոններ չունեն, նույնիսկ եթե անհրաժեշտություն առաջանա, կարող են իրենք թափոններ ձեռք բերել: 

«Դրանք այնքան հակասություններով լի, իրարամերժ հայտարարություններ են, երևակայական ենթադրություններ, որոնց լուրջ չենք վերաբերվում: Ոչ մի նշանակալից ապացույց չի ներկայացվում հանրությանն առ այն, թե ինչ հանգամանքների առկայությամբ է տեղի ունենում արագիլների աղտոտումը: Սա պետական կառույցին, նախարարությանը անհարիր գործելակերպ է»,- նշում է նա:

Արագիլները չե՞ն աղտոտվել. տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են «դեպքի վայր»

Աթոյանի հավաստմամբ՝ ձկնաբույծնեն իրենք շահագրգռված են, որ արագիլները և ընդհանրապես թռչունները չհայտնվեն ձկնաբուծարաններում: Նրանք բերում են բացիլներ, համարվում են վարակի աղբյուր, ինչը ձկնաբուծարանների համար կարող է ճակատագրական լինել: Մի քանի արագիլ, օրինակ, կարող են վերացնել մանրաձկան ամբողջ քանակությունը՝ տնտեսավարողին պատճառելով մեծ վնաս։ Հետևաբար ձկնաբուծարաններում տեղադրվում են խրտվիլակներ և ցանցեր, որպեսզի արագիլներին հեռու պահեն ջրավազաններից:   

Նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։

72
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, արագիլ
Իբադուլլա Աղաև

Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը լքել է պաշտոնը․ Աղաևն այդպես էլ «չվերադարձավ» գյուղից

0
Իբադուլլա Աղաևը հայտարարել է, որ գլխավոր համաճարակաբան է աշխատել հանրային հիմունքներով և դրա համար աշխատավարձ չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Աղաևը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

«1976թ․-ից աշխատում եմ Ադրբեջանի բժշկական համալսարանում (ԱԲՀ), 1992թ․-ից ԱԲՀ-ի ամբիոնի վարիչ եմ, պրոֆեսոր, ինչպես նաև վաստակավոր մանկավարժ։ 1991թ․-ից հանրային հիմունքներով որպես գլխավոր համաճարակաբան եմ աշխատել։ Այդպիսի աշխատանքի համար աշխատավարձ չեն վճարում։ Ոչ ոք ինձ ոչինչ չի ասել, ինքս եմ հրաժարականի դիմում ներկայացրել»,-ասել է Աղաևը։

Ավելի վաղ Աղաևը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ գյուղ է մեկնել և չի հետևում երկրում կորոնավիրուսի տարածմանը։

«Ես Բաքվում չեմ, մարզում եմ։ Ոչինչ չգիտեմ։ Գյուղում եմ, այստեղ ո՛չ հեռուստացույց ունեմ, ո՛չ ինտերնետ»,-ասել էր Աղաևը իրեն զանգած լրագրողին։

Լրագրողի դիտարկմանը, թե նա գլխավոր համաճարակաբանն է, Աղաևը պատասխանել էր` ես էլ եմ մարդ։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ` երկրի շրջանների մեծ մասում կորոնավիրուսի պատճառով մինչև հուլիսի 10-ը, ժամը 06։00-ը խիստ կարանտինային ռեժիմ է գործում։ Կասեցված են բոլոր ոլորտների, այդ թվում սպասարկման և առևտրի ոլորտի աշխատանքը, ինչպես նաև հանրային տրանսպորտի և ավտոմեքենաների տեղաշարժը։ Մարդկանց տեղաշարժը թույլատրվում է միմիայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։

Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ հուլիսի 8-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 21 374 դեպք է գրանցվել, համավարակի զոհ է դարձել 265 մարդ։ COVID-19-ի տարածման տեմպերով Ադրբեջանն աշխարհում 55-րդ տեղն է զբաղեցնում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

0