Արտակ Պողոսյան

Պողոսյան. «Օրենքով ամրագրված չէ, թե որ տարածքն է առաջնային երեխային դպրոց տանելու համար»

73
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրակրթական դպրոցներում աշակերտների առցանց ընդունելության գործընթացին։ 
Պողոսյան. «Օրենքով ֆիքսված չէ տարածք, որը պետք է առաջնային լինի երեխային դպրոց տանելու համար»

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով` դպրոցներում աշակերտների առցանց գրանցման համակարգը որևէ տեխնիկական և ծրագրային խնդիր չի ունեցել: Այժմ էլ այն աշխատում է անխափան և արդեն գրանցվել է ավելի քան 18 000 երեխա, ընդ որում` արտոնություններ կամ առաջնահերթություն նախապես սահմանվել է հունիսի  1-ից մինչև 10-ը գրանցված այն երեխաների համար, որոնք դպրոցներում ունեն քույր, եղբայր կամ այդ ուսումնական հասատություններում աշխատող ծնող։

«Միակ խնդիրն այն է, որ որոշ ծնողներ դժգոհում են, թե չեն հասցրել գրանցել իրենց երեխաներին և այլևս տեղ չկա։ Ասեմ, որ նախարարությունն էլ տարածել է հայտարարություն, ըստ որի` ունենք 27 դպրոց թե՛ Երևանում, թե՛ մարզերում, որտեղ հայտագրման գործընթացն ավարտվել է հաշված վայրկյանների ընթացքում և ծնողները շատ արագ առցանց տարբերակով կարողացել են գրանցել իրենց երեխաներին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ որոշ ծնողներ չեն կարողացել հայտագրել իրենց երեխաներին իրենց իսկ տարածքում գտնվող դպրոցում, Պողոսյանը պնդեց, որ դա էլեկտրոնային համակարգի խնդիրը չէ, ՀՀ–ում տարածքային առումով սահմանափակում չկա երեխային դպրոց տանելու, այսինքն`օրենքով ամրագրված չէ որևէ տարածք, որը պետք է առաջնային լինի երեխային դպրոց տանելու առումով։

Երևանում առաջին դասարանցիներն իրենց դպրոցը կընտրեն բացառապես էլեկտրոնային եղանակով

Ըստ նրա` կան ծնողներ, որոնք երեխաներին ցանկացել են հայտագրել ոչ թե իրենց բնակության վայրում գտնվող, այլ աշխատավայրին մոտ դպրոցներում, սակայն չկա որևէ կարգավորում, որը սահմանի նման առաջնահերթություն։ 

«Այն դպրոցներում, որտեղ հայտագրումն արդեն ավարտվել է, պետք է այդ տարածքում գտնել այլ դպրոց, որտեղ կան ազատ տեղեր։ Համակարգը չի փակվում, հայտագրումը շարունակվում է և համակարգը բաց է լինելու մինչև մյուս ուսումնական տարվա ավարտը»,– նշեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը։

Ինչպես ճիշտ լրացնել ընդունելության հայտը. նախարարը հրապարակել է «Դիմորդ 2020» ուղեցույցը

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ 2019-20 ուսումնական տարվանից սկսած` Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային գրանցման եղանակով։ Համակարգը կգործարկվել է մայիսի 15-ից։ Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է մուտք գործել հայտագրման համակարգի էջ՝ hayt.emis.am ու հետևել հրահանգներին։  Գրանցման հաստատումը կարելի է ստուգել stugum.emis.am հասցեի միջոցով։ 

73
թեգերը:
ծնող, դպրոց, Աշակերտ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում դպրոցները նորից կբացվեն. Արայիկ Հարությունյանը գիտի խնդրի լուծումը
Աշխատելու համար թողեց դպրոցը, հետո դատապարտվեց պորտաբուծության համար. Բրոդսկին ու կյանքը
Երևանի 6 դպրոցների տնօրեններին նկատողություն է տրվել
Դպրոցներում միջոցառումներ են կազմակերպվում. ո՞վ է պատասխան տալու
Գառնիկ Պետրոսյան

Չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ լինի միայն գյուղացու հաշվին. նախկին փոխնախարար

22
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խաղողի մթերման աշխատանքներին, այդ գործընթացի հետ կապված հնարավոր խնդիրներին, որոնց այս տարի կբախվեն գյուղացիները։
Պետրոսյան. «Խաղողի բարձր բերքատվությունը պատճառ չէ, որպեսզի չմթերվի ու մնա դաշտում»

Գառնիկ Պետրոսյանի կարծիքով` խաղողի բարձր բերքատվությունը չի կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի չմթերվի ու մնա դաշտում, ուղղակի անհրաժեշտ է խնդրին մոտենալ լրջորեն, խաղող մթերող բոլոր ընկերությունների հետ քննարկել հնարավորությունները, կատարել կանխատեսումներ, ճշգրտել բերքի սպասվելիք քանակը և տալ հստակ լուծումներ։

«Խաղողի մթերման գնի հետ կապված խոսակցությունները բարոյական չեմ համարում։ Եթե ակնարկ կա, որ մթերման գինը նախորդ տարվա համեմատ պետք է 20 դրամով պակաս լինի, ապա դա բացարձակապես ընդունելի չէ, որովհետև այդ դեպքում մեկ շիշ գինու հումքի վրա լրացուցիչ ծախսը ընդամենը կկազմի նույնքան դրամ, իսկ կես լիտր կոնյակի դեպքում` 50 դրամ։ Հիմա եթե մեկ շիշ գինու արժեքը 20 դրամով թանկանա, լուրջ խնդիրնե՞ր կառաջանան, կամ եթե 20 դրամով պակասի, արտահանման ծավալները կավելանա՞ն, կամ ներքին սպառումը կտրուկ կավելանա՞։ Նույնը կոնյակի դեպքում ինչ–որ բան փոխելու՞ է։ Դա ուղղակի ծիծաղելի է»,– Sputnik Արմենիային ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Պետրոսյանի դիտարկմամբ` նմանատիպ ակնարկները ստեղծում են բացասական տրամադրություններ, քանի որ գյուղացիների պարագայում բոլորովին այլ պատկեր է, եթե գյուղացին նույնիսկ անցյալ տարվա գնի պայմաններում ստանում է չնչին եկամուտ, անգամ հինգ դրամը նրա վրա կարող է թողնել շոշափելի ազդեցություն։ Ըստ Պետրոսյանի` եթե նույնիսկ 20 դրամի տարբերություն լինի, միևնույնն է` մթերողները հաստատ չեն լուծելու տարողությունների հետ կապված խնդիրը։

«Այն տարիներին, երբ գինու և կոնյակի արտահանման ծավալները շեշտակի ավելանում էին` ապահովելու բարձր շահույթ, բա ինչո՞ւ որևէ մեկը չէր ասում, որ խաղողի գինը 20 դրամով ավելացնեն, որպեսզի գործընկեր գյուղացին եկամուտ ունենար։ Բացարձակապես չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ լինի միայն գյուղացու հաշվին»,– նշեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Անդրադառնալով այն հարցին, որ այս տարի խմիչքների սպառման ու արտահանման ծավալները 50 տոկոսով նվազել են, Պետրոսյանը վկայակոչեց 2014 թվականը, երբ ստեղծվել էր նմանատիպ իրավիճակ, սակայն հնարավորություններ գտնվեցին, հետևաբար պետք է քննարկել նաև մթերող կազմակերպությունների խնդիրները` աջակցություն ցուցաբերելով նաև նրանց։ Ըստ Պետրոսյանի` խաղողը դաշտում չպետք է մնա, առանց այդ էլ խաղողագործությունը որոշակի անկում է ապրում և որոշ ժամանակ հետո կանգնելու է լրջագույն խնդիրների առջև։

Հիշեցնենք` «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն օգոստոսի 11-ին լրագրողներին հայտնել էր, որ այս տարի Հայաստանում խախղողի բերքն առատ է, բայց գյուղացուն դա ոչ թե ուրախացնում է, այլ մտահոգում։
Բանն այն է, որ ըստ Բերբերյանի, դեռ հայտնի չէ` գործարաններն այդ քանակությամբ խաղող կգնեն գյուղացուց, թե ոչ։

ՀՀ կառավարությունն էլ ընդունեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով նախատեսվում է աջակցել խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

22
թեգերը:
Գառնիկ Պետրոսյան, Խաղող, Հայաստան
Ըստ թեմայի
50 երկրով շրջագայած ամերիկացին տուն է գնել հայկական գյուղում և ապրում է իր կենդանիների հետ
«Հարս եմ եկել, հարս եմ բերել այս վթարային տանը». նոր ծրագիր` Շիրակի գյուղաբնակների համար
Հները հեռանում են, գալիս են նորերը. ի՞նչ նպատակ են հետապնդում ԱԱԾ–ում նոր նշանակումները
Էդուարդ Անտինյան

Ամեն բան անում են, որ նախագահը լինի կառավարելի և խոցելի, կամ Սարգսյանն իր տեղը չի գտել

123
(Թարմացված է 21:19 13.08.2020)
«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի և վարչապետի վերջին հանդիպմանը, երկու պետական այրերի փոխհարաբերություններին։
Անտինյան. «Փորձ արվեց նույնիսկ արարողակարգային գործառույթ ունեցող նախագահին դարձնել կառավարելի»

Էդուարդ Անտինյանի դիտարկմամբ` խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու պարագայում նախագահի գործառույթն ընդամենը արարողակարգային է դարձել: Նրա խոսքով` բայց փորձ արվեց նույնիսկ այդպիսի կարգավիճակ ունեցող նախագահին կառավարելի դարձնել, մանավանդ որ նրա պաշտոնավարման ժամկետն ավելի երկար է, քան խորհրդարանինը, և որպեսզի նա լինի կառավարելի, պետք է լինի նաև խոցելի։

«Կոնկրետ նախագահ Արմեն Սարգսյանի պարագայում նրա քաղաքացիության հարցը մնաց խոցելի, չբացահայտվեց, որովհետև նման կախյալ վիճակը ձեռնտու է։ Ընդ որում` կախվածության հանգամանքը ձեռնտու էր նախորդ իշխանությանը,  և հիմա ձեռնտու է նաև գործող իշխանությանը։ Արմեն Սարգսյանն, ըստ էության, իր տեղը չի գտել թե՛ Սահմանադրության շրջանակներում, թե՛ դրանից դուրս»,– նշում է քաղաքագետը։

Էդուարդ Անտինյանը վկայակոչում է այն հանգամանքը, որ ՀՀ գործող նախագահը խուսանավել է շատ հարցերից, որովհետև իր ներկայիս պաշտոնը թույլ չի տալիս միջամտել շատ հարցերի։ Ըստ նրա` նույնիսկ եթե այսօր նախագահը սահմանադրորեն համարվում է երկրի գլուխը, սակայն ըստ էության իշխանություն կրող կողմ չէ և անգամ չի մտնում իշխանական թևերի տարանջատման ձևաչափի մեջ։ Անտինյանի գնահատմամբ` ՀՀ նախագահը նույնիսկ Սահմանադրության երաշխավորը չի կարողանա լինել, որովհետև նման լծակ արդեն չունի, օժտված է ընդամենը դիտորդական կարգավիճակով։

«Ունենալով մեծ կապեր և հնարավորություններ` Արմեն Սարգսյանի պարագայում Անգլիայի թագուհու կարգավիճակին համաձայնելը բավարար չէ, քանի որ նույն Անգլիայի թագուհին բավական մեծ հեղինակություն ունի, և միայն վարչական լծակներ չեն, որ ապահովում են այդ հեղինակությունը։ Շատ դժվար է պատկերացնել, թե ինչ է ուզում անել Արմեն Սարգսյանը ՀՀ–ի համար, եթե ամեն անգամ խուսանավում է քայլ կատարելուց` վկայակոչելով լիազորությունների սահմանափակ լինելու հանգամանքը»,– նշում է քաղաքագետը։

Էդուարդ Անտինյանի կարծիքով` ՀՀ նախագահը երկար ճանապարհ է անցել, եղել է փորձառու դիվանագետ, երկրի վարչապետ, ապրել է Հին Աշխարհի ամենազարգացած երկրում, սակայն այսօր նրա դերակատարությունը շատ է փոքրացված։ Նա կա՛մ ծառայություն կմատուցի իշխանությանը, կա՛մ հետ կքաշվի, որպեսզի իշխանությանը չհակառակվի, ինչն անաչառ արբիտրի գործելակերպ չէ։ 

Այստեղ մարդիկ ավելի խորն են, քան մեզնից շատերը. նախագահն այցելել է սահմանամերձ Չինարի

Քաղաքագետը ցավով արձանագրում է, որ երկրում հեղինակություն ունեցող անձնավորություն չենք թողել, որպեսզի նրանք օգտագործեն այդ հանգամանքն ու հարցեր լուծեն։ Եվ եթե այսօր զգոնության կոչով հանդես գան, օրինակ, ԳԱԱ նախագահը կամ կաթողիկոսը, նրանց պարզապես չեն լսի։   

123
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Նախագահ, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակվել. ովքեր են նրանք
Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը
Ապաստարան, Տավուշ, Չինարի

Այն պետք է լինի բոլորի տանը. ինչպե՞ս հրեաները կարող են օգնել Տավուշում ապրող հայերին

0
(Թարմացված է 20:36 13.08.2020)
Ինչպե՞ս իսրայելական փորձն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը կարող են օգնել Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին. ստորև ներկայացնում ենք Sputnik Արմենիայի սյունակագրի մտորումները:

Տավուշում հուլիսին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով կրկին բոլորի ուշադրությունը սևեռվեց սահմանամերձ գոտու ուղղությամբ. վերականգնվում են հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները, նորոգվում տները, իսկ հիմնահատակ փլուզվածների փոխարեն՝ կառուցվում նորերը։

Թեև խաղաղ բնակչության շրջանում կորուստներ չեղան, բայց իրողությունն այն է, որ սահմանին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի բնակիչները մշտապես թիրախի տակ են։ Այդ առումով իրավիճակը հիշեցնում է իսրայելական պատկերը՝ մեկ տարբերությամբ, եթե որևէ բան պատահի (իսկ նման դեպքեր այնտեղ հաճախ են պատահում) իսրայելցիները 15 վայրկյանի ընթացքում կարող են թաքնվել ապաստարաններում, իսկ հայերը`ոչ։ Խնդիրը ոչ թե արագ վազելու, այլ հուսալի թաքստոցների բացակայության մեջ է։

Խոսքն ամենևին էլ ինչ–որ ինժեներատեխնիկական կառույցների մասին չէ, որոնց շինարարությունը ֆիզիկական մեծ ջանքեր և ֆինանսական լուրջ ծախսեր է պահանջում։ Նման բան չկա։ Իսրայելում ամեն շենք իր նկուղն ունի, (ինչպես և մեզ մոտ), որը նաև ապաստարան է, իսկ եթե վտանգը դրսում է վրա հասել, բոլոր գյուղերում բետոնե փոքր թաքստոցներ կան (ինչը մենք չունենք)։

Ներկայացնում ենք մի հատված «Газеты.Ru»–ի թղթակցի և իսրայելական Մոդիին սահմանամերձ քաղաքի բնակչուհի Ելենայի զրույցից. «Ազդանշանը հուշում է, որ քաղաքի վրա հրթիռ է գալիս։ Ես 1.5 րոպե ունեմ թաքնվելու համար, և դա ճոխություն է, Սդորտում (որը անմիջապես սահմանին կպած է) մարդիկ ընդամենը 15 վայրկյան ունեն։ Մեր տանը սենյակներից մեկը ամրացված է, որպեսզի ծառայի որպես ապաստարան։ Հենց այնտեղ ենք մենք գնում և տանում փոքրիկին։ Երբ տանը գտնվելիս լսում ենք ազդանշանը, փակում ենք դռներն ու պատուհանները։ Ընդհանրապես սա սովորական սենյակ է, որը մեզ որպես աշխատասենյակ և հյուրերի համար ննջասենյակ է ծառայում, սակայն այն հաստ պատեր ունի, զրահապատ դուռ և երկաթե վարագույրներ՝ դրսից։ 1990 թվականից հետո կառուցած շենքերում նման սենյակ կա յուրաքանչյուր բնակարանում»։

Ելենան նշել է, որ ավելի վաղ կառուցված շենքերում ապաստարանները սովորաբար տեղակայված են նկուղում։ Եթե դրանց հասնելու հնարավորություն չկա, մարդիկ աստիճանավանդակով արագ իջնում են նկուղային հարկեր, կամ բնակարանում հարմար մի անկյուն ընտրում՝ պատուհաններից և արտաքին պատերից հեռու։

«Այո, արդեն եղել է, որ ընկերներս դուրս վազեն աստիճանավանդակով գիշերվա կեսին` արթնացնելով քնած երեխաներին, կամ ընդհանրապես ցնցուղ ընդունելիս՝ հենց լոգասենյակից սրբիչով փաթաթված», – հիշում է նա։

Տարօրինակ զգացողություն է. անցնում ես փողոցով մանկասայլակով և մտածում՝ այ, եթե հիմա տագնապի ազդանշան հնչի, ո՞ւր կփախչենք։ Առևտրի կենտրոն մտնելիս` առաջին հերթին սարսափում ես ապակե ցուցափեղկերի առատությունից, այնուհետև նկատում ցուցանակներ, որոնց վրա նշված է ապաստարանների ուղղությունը. դրանք կառուցված են մոլի ներսում։

Ինչպես տեսնում ենք, իսրայելցիների փորձը հարմար է նաև Հայաստանի սահմանամերձ քաղաքների և գյուղերի համար, բայց ինչո՞ւ միայն սահմանամերձ։ Ի՞նչ ունենք Երևանում, Գյումրիում և երկրի մյուս խոշոր քաղաքներում։ Երևանում կա մետրո, որը մարդկանց փրկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ ինչպես Մոսկվայում, Բեռլինում և Լոնդոնում։ Թեև Մոսկվայում այն ժամանակ չկային գետնանցումներ։ Այսօր Երևանում մետրո էլ կա, գետնանցումներ էլ։

50-ականներին Հրազդանի ձորում գտնվող մանկական երկաթուղի երևանցիները մեծամասամբ հասնում էին թունելով, որը նախատեսված է ոչ միայն անցնելու, այլև պաշտպանության նպատակով, այդ թվում` քիմիական պաշտպանության։ Հավանաբար մայրաքաղաքում էլի ինչ–որ բան կա, որի մասին գիտեն ԱԻՆ–ում, սակայն լռում են և ճիշտ են անում։

Իսկ մինչ այդ ընտանեկան թաքստոցների նկատմամբ, հետաքրքրությունը, մասնավորապես, քաղաքից դուրս գտնվող հատվածներում սկսեցին ցուցաբերել մոսկվաբնակները։ Ո՞վ և ինչի՞ց է վախենում։

Իրազեկների պարզաբանմամբ՝ նախ` վախենում են ոչ բոլորը, միայն՝ հարուստները։ Վախենում են ջարդերից, ահաբեկչությունից, բայց՝ նախևառաջ կորոնավիրուսից։ Միջուկային հարվածներից մտահոգվում են ամենավերջինը, քանի որ այդժամ ոչինչ չի փրկել հնարավոր չի լինի։

Տավուշի Մովսես գյուղում հարսանիք է եղել. մարդիկ վերադառնում են բնականոն կյանքի

Մեջբերեմ Մոսկվայի մերձակայքում գտնվող էլիտար Ռուբլյովկայի բնակիչներից մեկի հետ զրուցած լրագրող Վլադիմիր Պերեկրեստի մեկնաբանությունը. «Թշնամին ուրիշ տարբերակ չունի, քան՝ Բարվիխան կամ Ուսովոն ռումբով թիրախավորելը։ Հանրային անկարգությունների մասին էլ կասկածում եմ. ահա Բոլոտնայա հրապարակում, երբ ընդդիմությունը խելագարվում էր, նրանք ավելի շուտ Կրեմլի վրա կհարձակվեին, քան մեզ մոտ գնացքով կժամանեին»։

Ռուբլյովկայում գտնվող բունկերի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, բայց այն, որ ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղում հրետակոծությունից ավելի քան տասնյակ տներ են տուժել, որոնցից մի քանիսն այլևս ապրելու պիտանի չեն՝ փաստ է։ Բացի այդ, ականն ընկել է մանկապարտեզի տանիքին, ուր 20 երեխա է հաճախում։ Բարեբախտաբար, գյուղում ոչ ոք չի տուժել, երեխաներին հասցրել են թաքցնել։

Մի դրվագ էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձից։ Արագ, սակայն, գրեթե յուրաքանչյուր բակում բնակչության համար կառուցած բազմաթիվ ապաստարանները ճիշտ որոշում էին։ Լենինգրադում, օրինակ, ծայրահեղ ինտենսիվ ռմբակոծման և հրետակոծությունների դեպքում, նկուղային ապաստարաններ ունեցող շենքերի վրա ավիառումբերի անմիջական հարվածներ հազվադեպ էին լինում, դրանցից միայն մոտ 20-ը ծանր վնասներ կրեցին։

Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար

Մեր սահմանամերձ գյուղի բնակիչների համար առանցքային են` «Ապաստարաններ՝ գրեթե յուրաքանչյուրի բակում» խոսքերը, իսկ իշխանությունների համար` սահմանամերձ գյուղերի բնակիչներին շինարարական նյութերով, գումարով և անհրաժեշտ բոլոր պարագաներով օգնելը, ինչպես նաև պատսպարանները հուսալիորեն բարեկարգելը ինչպես տանը, այնպես էլ դրա պատերից դուրս։

0
թեգերը:
Իսրայել, Հայաստան, հրետակոծություն, սահմանամերձ գյուղեր, Չինարի, Տավուշ, ապաստարան
Ըստ թեմայի
Ադրբեջանական հրետակոծությունների պարբերականությունը նվազել է. ՊՆ
Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ
Հրետակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնման աշխատանքներ են սկսել. լուսանկարներ
Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է