Արամ Թանանյան

Ինքնագործունեությունը բարդացնում է իրավիճակը Լարսում` ստեղծելով լարումներ. Թանանյան

275
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վերին Լարսում Ռուսաստանի և Վրաստանի սահմանային միջանկյալ գոտում մնացած ՀՀ քաղաքացիների վիճակին և նրանց վերադարձի հնարավորությանը։ 
Թանանյան. «Ինքնագործունեությունը բարդացնում է իրավիճակը Լարսում` ստեղծելով լարումներ»

Արամ Թանանյանն ու իր օգնականները զրուցել են միջանկյալ գոտում մնացած քաղաքացիների հետ և հորդորել, որ վերադառնան իրենց բնակության վայրերը` մինչև Լարսի անցակետը բացվի, բայց նրանք չեն լսել ու հետզհետե հավաքվել են նշված գոտում։ Ըստ Թանանյանի` նրանց հետ ոչ ոք չի կարող շփվել, դա բացառվում է։ Այսինքն` ստացվում է, որ նրանք Ռուսաստանից դուրս են եկել, բայց չեն կարող մտնել Վրաստանի տարածք, քանի որ Վրաստանում կա որոշում, ըստ որի` այլ քաղաքացիներն իրավունք չունեն մուտք գործել Վրաստան կամ դուրս գալ այնտեղից, մինչև կարատինը չավարտվի։ 

«Բնական է, որ վրացիները թույլ չէին տալու մարդկանց մուտք գործել իրենց տարածք։ Ի դեպ` նրանց տեղեկացրել են և՛ տեղի քաղաքացիները, և՛ սահմանապահները, և՛ մենք։ Ռուսական կողմն իրավունք չունի բաց չթողնել մերոնց, այլ իրավունք ունի թույլ չտալ ՌԴ քաղաքացիների մեկնումն այդ երկրից։ Ռուսական կողմը թույլատրել է, բայց վրացական կողմն էլ իրավունք է իրեն վերապահել այլ երկրների քաղաքացիներին իր տարածք չընդունել»,– նշում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդը։ 

Արամ Թանանյանի փոխանցմամբ` ստեղծվել է բավականին անհասկանալի իրավիճակ, ու եթե մեր քաղաքացիները վերադառնան Ռուսաստան` մեխանիկորեն կրկին կհայտնվեն կարանտինի մեջ։ Եթե մեր քաղաքացիները մնային Ռուսաստանի տարածքում, նման խնդիր չէր առաջանա։

Կորոնավիրուսը Ռուսաստանում և Վրաստանում. ինչ վիճակ է այս երկրներում

Թանանյանի տեղեկացմամբ` իրեն մեկ ամսվա ընթացքում զանգել են հազարավոր մարդիկ ինչպես ՌԴ–ից, այնպես էլ Հայաստանից։ Նա բոլորին հորդորել է ցամաքային սահմանն անցնելու փորձ չանել, քանի որ Լարսի տարածքում մնալու կամ ապրելու պայմաններ կամ հնարավորություններ չկան, սանիտարական վիճակն էլ խիստ սահմանափակ է։ 

«Երբ սահմանը բացվի, Մոսկվայում տեղակայված մեր դեսպանատան կայքով կտեղեկացնենք, որ բոլորը վերադառնան, անցնեն սահմանված կարգով։ Նման ինքնագործունեությունը պարզապես բարդացնում է իրավիճակն ու ստեղծում լարումներ։ Լարված խոսակցություններ են եղել մասնավորապես սահմանապահների հետ, որոնք պետական ծառայողներ են»,– տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդը։ 

Նրա փոխանցմամբ` կամ պետք է այդ մարդկանց տեղավորեն մեկ մեքենայի մեջ և ուղեկցեն մինչև Հայաստան, կամ հետ ուղարկեն Ռուսաստան, բայց ՌԴ տարածքում ոմանց կեցության ժամկետն արդեն լրացել է։

Թանանյանը կարծում է, որ երկրների արտգործնախարարությունները պետք է համաձայնության գան և գտնեն այս հարցի լուծումը։ 

Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

275
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, միջադեպ, Վերին Լարս, Լարս
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարները ե՞րբ կկարողանան անցնել Վերին Լարսի «կանաչ միջանցքով»
«Վերին Լարսը» դեռ փակ է. ՀՀ ԱԳՆ-ն կոչ է հղել այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին
«Վերին Լարսում» մնացածներին սնունդ և անհրաժեշտ պարագաներ են տարել
Ռոբերի Նազարյան

Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան

209
«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Նազարյան. «Ադրբեջանի կողմից ռեզերվի օգտագործումը վյակում է, որ նա չի հասել նախնական նպատակին»

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը կրել է նաև օդուժի կորուստներ, զրկվել է 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից և 1 ինքնաթիռից։

Ռոբերտ Նազարյանի դիտարկմամբ` Ադրբեջանը մարտական գործողություններին պատրաստվելուց առաջ բավական մեծ ուշադրություն է դարձրել ավիացիային և հատկապես ԱԹՍ–ների կիրառելիության խնդրին։ Փորձագիտական վերլուծությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի տրամադրության տակ են գտնվում նաև թուրքական «Բայրաքթար» մակնիշի անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ չկային ադրբեջանական սպառազինության մեջ։

«Հուլիսի 29-ին մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական տեխնիկան F-16 կործանիչների հետ մեկտեղ փաստացի մնաց Ադրբեջանի տարածքում, և վերջինս կիրառում է թուրքական տեխնիկան, այդ թվում ավիացիոն միավորները, ինչի մասին անդրադարձ է եղել նաև Արցախի ՊԲ հրապարակումներում։ Հետևությունը մեկն է. եթե օդային հարվածներով խոցվում են հակառակորդի ՀՕՊ միջոցները, ապա դա տեղավորվում է հարձակողական բնույթի գործողություններ ծավալելու տրամաբանության մեջ։ Այլ կերպ չի կարող բացատրվել հայկական կողմի ՀՕՊ շղթան կոտրելու ադրբեջանական ձգտումը»,– նշում է վերլուծաբանը։

Ռոբերտ Նազարյանի կարծիքով`փաստերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նախահարձակ կողմ է և պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ ամիս առաջ, և պատրաստության մասին առաջին տեսանելի ապացույցները ֆիքսվել են մասնավորապես թուրք–ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո։

Մերոնք վիրտուոզ են. հայկական կողմը ադրբեջանական տանկ է ոչնչացրել ականանետով

«Ադրբեջանի կողմից ԱԹՍ–ների զանգվածային կիրառումը սկսվել է դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմից, այսինքն` ցանկացած ռազմական բախում արդեն իսկ ենթադրում է անօդաչուների օգտագործում Ադրբեջանի կողմից։ Ընդ որում աշխատելու են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային ԱԹՍ–ները։ ՀՀ ՊՆ հրապարակումներից և Արցախում գտնվող մեր լրագրողների տարածած լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներ կիրառում է նաև խաղաղ բնակչության ուղղությամբ»,– նշում է վերլուծաբանը։ 

Անդրադառնալով Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի հրթիռակոծումներին` Ռոբերտ Նազարյանը շեշտում է, որ Ադրբեջանին չի հաջողվել Արցախի հետ շփման գծում հասնել իր նախնական նպատակին, հետևաբար կոնֆլիկտը տեղափոխել է ՀՀ տարածք ավելի մեծ սադրիչ գործողություններ սկսելու համար։ Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը հրթիռակոծումների համար նախապես հող էր պատրաստել և առնվազն երկու օր հայտարարություններ էր տարածում, որ Վարդենիսից հայկական կողմն իբր հարվածել է Դաշքեստանին, ինչը բնականաբար ապատեղեկատվություն է։ 

Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ռոբերտ Նազարյանի գնահատմամբ` Եվլախում խոցված ադրբեջանական զինտեխնիկան գրանցված էր այդ երկրի պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում, և եթե Ադրբեջանը մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը մարտի է նետում իր ռեզերվը, որը կոչված չէր առաջնագծում մարտնչելու, ապա դա ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է։

209
թեգերը:
Թուրքիա, Զորավարժություններ, հայ-ադրբեջանական, Ռոբերտ Նազարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան
Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան
Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից
Ալեն Ղևոնդյան

Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

206
(Թարմացված է 15:13 29.09.2020)
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե  ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արցախյան հակամարտությանն առնչվող քննարկումներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 29–ին։
Ղևոնդյան. «Մինչ այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել ՄԱԿ–ից հնչող հայտարարություններին»

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ 15 երկրների դիվանագետներ ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով` ՄԱԿ–ն իր առաքելությամբ այս ոլորտում ընդհանուր առմամբ ունի կարևոր դերակատարություն։ Հասկանալի է, որ ԱԽ անդամ երկրները տեսնում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում կոնկրետ հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, սակայն քաղաքագետը քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի այն իմաստով, որ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները կրակի դադարեցման ու խաղաղ բանակցությունների ձևաչափի վերադառնալու մասին արդեն տարբեր կոչերով ու հայտարարություններով հանդես են եկել, մինչդեռ ագրեսոր կողմ հանդիսացող Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել դրանց։ Ավելին` շեշտակիորեն ավելացրել է ռազմական, ծավալապաշտական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։

«Ադրբեջանը կտրել է իր կապն արտաքին աշխարհի հետ` ինտերնետի հասանելիության, օտարերկրյա լրագրողների մուտքի և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից։ Թերևս Ադրբեջանի կապի հիմնական օղակն այս պահին Թուրքիան է, այդ երկրի կուրացիայի ներքո իրականացնում է գործողություններ, հետևաբար այս համատեքստում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև, որն առավելապես կլինի կոչի ֆորմատի, կարծում եմ՝ իր նպատակին չի հասնի։ Թերևս հետագայում որոշակի արարողակարգի միջոցով կարող է մտնել մեծ նստաշրջանի օրակարգ, սակայն այս պահին կիրառական, թիրախային որևէ արդյունավետ գործիքակազմ չեմ տեսնում, որ կարող է գործարկել ԱԽ–ն և դա որևէ դրական հետևանք կունենա ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին էլեկտրոնային դրոնների, F-16 կործանիչների միջոցով. Սարգսյան

Անդրադառնալով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի միջամտության խնդրին` Ալեն Ղևոնդյանն ընդգծում է, որ եթե ուշադիր հետևենք Անկարայի վերջին մի քանի տարիների վարքագծին, նրա ռեգիոնալ ագրեսիվ ոճին ու քաղաքականությանը, նրա ազգային շահերի սպասարկման ինքնուրույն մոտեցումներին` առանց հաշվի առնելու միջազգային հանրության, անգամ իր դաշնակիցների մոտեցումները, շատ դեպքերում կոնֆլիկտի գնալով ԱՄՆ–ի ու եվրոպական գործընկերների հետ, ապա կասկածելի է, որ որևէ մեկն ԱԽ ֆորմատում կկարողանա ուղղակիորեն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանզի վերջինս հասկանում է բացառապես ուժի, ռազմական հաղթանակների լեզուն, և եթե զսպվի, ապա միայն այդ ճանապարհով։ 

Պետք է կանխվի դրսից եկող ապակայունացնող ազդեցությունը. ՌԴ դեսպան

Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է նաև գնալ առևտրի, որպեսզի դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին, որն իր հերթին կամովին դարձել է Թուրքիայի գործիքը ռեգիոնում այդ երկրի դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ այդմ` Թուրիքային ընդդիմանալու տեսանկյունից հիմնական շահառու կողմը Ռուսաստանն է, որն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներն ունեն Թուրքիայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ, առավել ևս, որ Թուրքիան վաղուց կասկածի տակ է դնում ՄԱԿ–ի արդյունավետությունը և ընդհանրապես ներկա ձևաչափը ԱԽ կազմով։

206
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Ալեն Ղևոնդյան
Ըստ թեմայի
Փաշինյանը Մերկելին կոչ է արել ամեն ջանք գործադրել Թուրքիայի կեցվածքը սանձելու համար
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
Հրետակոծությունից վնասված տուն Հադրութում

Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում

0
ԼՂՀ–ում զինված դիմակայության սրացումը, Բաքվի և Երևանի երկար տարիների ռազմաքաղաքական հակասություններն այսօր երրորդ երկրներն օգտագործում են որպես գործիքներ` ոչ բարի նպատակների հասնելու համար։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Տպավորություն է ստեղծվում, որ ինչ–որ մեկը ձգտում է Ռուսաստանին Կովկասում ներքաշել մեծ պատերազմի մեջ Բելառուսից, Սիրիայից,  «Հյուսիսային հոսք-2»–ից և աշխարհաքաղաքական դիմակայման այլ կետերից նրա ուժերն ու միջոցները շեղելու համար։ Հակամարտության անմիջական մասնակիցները` Երևանն ու Բաքուն, գիտակցաբար կամ հարկադրաբար «քաշում են» Մոսկվային, քանդում ԱՊՀ և ՀԱՊԿ անվտանգության համակարգը։

Կան նաև աշխարհաքաղաքական ռիսկեր, կապված սեփական շահերը Կովկասում ունեցող մի շարք արևմտյան երկրների «ուժերի արտաքին պրոյեկտման» հետ։

ԼՂՀ խնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվում։  Կարգավորման այս կանխադրույթի հետ համաձայն են հակամարտության երկու կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը (որը պաշտպանում է բանակցությունների կողմ չհանդիսացող ԼՂՀ շահերը) և ԵԱՀԿ ՄԽ–ն իր երեք համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գլխավորությամբ։ Բանակցային գործընթացը ընթանում է դանդաղ և դժվար, սակայն օբյեկտիվ պատճառներ չկան, որպեսզի սեպտեմբերի 27-ը վերածվի ակտիվ ռազմական գործողությունների` ծանր հրետանու, տանկերի, հրթիռային համալիրների և հարվածային ավիացիայի կիրառմամբ։

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ծավալած «մրցակցությունը» հակառակորդի խոցված տանկերի տեսանյութերի հրապարակման առումով, երկու կողմից մտահոգիչ վիճակագրությունը Ռուսաստանում անկեղծ կարեկցանք է առաջացնում հայ և ադրբեջանցի ժողովուրդների նկատմամբ։ Օբյեկտիվորեն մարտական գործողությունները շահավետ չեն հակամարտության և ոչ մի կողմի համար, և հետագա էսկալացիայի դեպքում կարող են ամենաանսպասելի հետևանքները լինել. օտարերկրյա խաղաղապահների  մուտք (անվտանգության գոտիների ձևավորում) կամ դեպքերի ամենաբացասական զարգացումների դեպքում` ՀԱՊԿ անդամ–երկրների (նախևառաջ` Ռուսաստանի-ի) և ՆԱՏՕ–ի (ակնարկում է Թուրքիան) մասնակցությամբ լայնածավալ պատերազմ Հարավային Կովկասում։

Ռուսաստանի 20 հազար հայ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան

Հիշեցնեմ, որ ադրբեջանահայկական բնակչությամբ տարածաշրջանում հակամարտությունը սկսվել է 1988 թվականի փետրվարին, երբ ԼՂՀ ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից դուրս գալու մասին։ Առաջին փուլում խաղաղապահների դերը կատարում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը, որոնց հաջողվում էր երեք տարի զսպել ակտիվ զինված հակամարտությունը։ Խորհրդային Միության փլուզումից  և ներքին զորքերի դուրսբերումից հետո մարտերը նոր թափ առան, և 1994 թվականին Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ԼՂՀ մեծ մասի և 7 հարակից շրջանների նկատմամբ։ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են 1992 թվականից, ժամանակ առ ժամանակ զինված դիմակայությունը սրվում է։

Անհապաղ դադարեցնել կրակը

Մարտական գործողությունների յուրաքանչյուր օրը նոր զոհեր և ավերումներ է խոստանում։ Ստեղծված իրավիճակում արդեն սկզբունքային չէ, թե սեպտեմբերի 27-ին առաջինն ո՞վ է կրակ բացել ծանր հրետանուց և տանկերից, ո՞վ մարտի դաշտում օպերատիվ արվեստի ոլորտում կցուցադրի իր գերակայությունը։ Այսօր գլխավորը ԼՂՀ սահմանին էսկալացիան կասեցնելն է, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն ու մարդկային կյանքերը պահպանելն է։ Պետք չէ մոռանալ նաև դաշնակցային պարտավորությունների մասին։

Եթե Բաքուն և Երևանն իրենց Մոսկվայի դաշնակից են համարում, նրանք պետք է հաշվի առնեն ռուսական դիրքորոշումը, գիտակցեն փոխհարաբերությունների առկա համակարգի ու տարածաշրջանային անվտանգության համակարգի փլուզման հետևանքները։ Նույնիսկ հաշվի առնելով դժվարագույն հակասությունների փունջը, զինված հակամարտության կողմերի ծանրակշիռ փաստարկներն ու պատճառաբանությունները, Ռուսաստանին Կովկասում պատերազմ հարկավոր չէ։ ՌԴ ԱԳՆ-ում ԼՂՀ հակամարտության կողմերին կոչ են արել «անհապաղ դադարեցնել կրակը»։

Կարծում եմ, բանականությունը կհաղթանակի, և իրավիճակը տարածաշրջանում չի հասնի կոալիցիոն խմբավորումների մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի։ Առավել ևս, որ միջազգային արձագանքը ղարաբաղյան սրացման նկատմամբ ընդհանուր առմամբ կառուցողական է։ Մտահոգություն են հայտնում և միջնորդական ծառայություններ են առաջարկում ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Իրանը։

Ուժային սցենարի զարգացմանն աջակցում է միայն Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց գերազանցապես խոսքերով։ Նույնիսկ ռազմատենչ Անկարան Հարավային Կովկասում ծավալված վտանգավոր խաղում կորցնելու բան ունի։ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելիորեն կառաջացնի ՀԱՊԿ-ի պատասխանը, այսինքն պատերազմ Ռուսաստանի հետ (իսկ դա Հունաստանն ու Կիպրոսը չեն)։ Ո՞վ է թեժ իրադարձությունների հիմնական պատվիրատուն և շահառուն։

Զարմանալի պայծառատեսություն

Զգալիորեն կանխելով իրադարձություններն ու դրանց նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական արձագանքը, ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայացուցչությունները Ադրբեջանում և Հայաստանում ուրբաթ օրը` սեպտեմբերի 25-ին, նախազգուշացրին իրենց քաղաքացիներին սրվող իրավիճակի վերաբերյալ։  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ էր տվել զերծ մնալ ԼՂՀ, Դիլիջանի ազգային պարկից հյուսիս ընկած շրջաններ (մինչև Տավուշի մարզում Վրաստանի հետ սահման) այցելությունից։ Նույն օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց իր քաղաքացիներին դուրս չգալ Ապշերոնյան  թերակղզու սահմաններից «հայ–ադրբեջանական սահմանագոտում լարվածության սրացման հետ կապված»։ Գուցե սա ոչ թե սովորական զուգադիպություն է, այլ բարդ ռազմաքաղաքական կոմբինացիայի հետևանք։

Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ. ՄԻՊ

Ռուսաստանի սահմանների մոտ տնտեսական և ռազմական ոլորտներում գերակայություն հաստատելու Միացյալ Նահանգների ձգտմանը լիովին համապատասխանում են Կովկասում և այլ տարածաշրջաններում միջին ինտենսիվության մի շարք ծրագրված զինված հակամարտությունները։  ԱՊՀ երկրների բնակիչներին նրանք չեն խղճում, իսկ ռուսական ռեսուրսները երաշխավորված կուղղվեն ռազմական սպառնալիքը վերացնելուն։  Այսինքն, Մոսկվայի մոտ պակաս ուժ և միջոցներ կմնա աշխարհի այլ հատվածներում Վաշինգտոնի հետ մրցակցելու համար։ ԼՂՀ հակամարտության սրացումը ակնհայտորեն խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար և լիովին համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։

 

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, ԱՄՆ, Ռուսաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
«Հենց նոր ուղղաթիռ ենք խոցել, հավանական է` ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան