Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` եթե ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման հարցը մեկնաբաներ իշխանության որևէ ներկայացուցիչ կամ պատգամավոր, ապա հավանաբար կասեր, որ վախի մթնոլորտ այլևս չկա և մարդիկ այժմ ավելի շատ են դիմում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Նա հատուկ է ընդգծում նման մեկնաբանությունը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես պետք է քաղաքացիները պաշտպանեն իրենց նման իրավիճակներում։
«Ըստ էության կան խնդիրներ, որոնք գալիս են դեռ նախկին համակարգից։ Օրինակ` թոշակների վճարումները, որ տարեց մարդիկ տարվա մեջ գոնե մեկ անգամ պետք է ներկայանան բանկ։ Կան նաև այնպիսի խնդիրներ, որոնք բնորոշ են հետհեղափոխական շրջանին կամ շատացել, բազմապատկվել են այդ շրջանում։ Դրանցից մեկն, օրինակ, անմեղության կանխավարկածի համատարած խախտումն է։ Իմ համոզմամբ` հետհեղափոխական Հայաստանի ամենալուրջ խնդիրներից մեկն անմեղության կանխավարկածի խախտումն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը։
Իշխանյանը նման խախտումների համար քննադատել է նախորդ իշխանություններին, սակայն ի տարբերություն գործող իշխանության, նախկինների պաշտոնավարման ընթացքում անմեղության կանխավարկածի խախտումներն, ըստ նրա, կրում էին խիստ հազվադեպ բնույթ։ Իրավապաշտպանը, մասնավորապես, վկայակոչում է Չեխիայում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, երբ նա Շանթ Հարությունյանին համարեց հանցագործ, ինչից հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Իշխանյանի գնահատմամբ` 2018թ–ից հետո կարելի է ասել, որ անմեղության կանխավարկածը Հայաստանում հաստատապես չի գործում։
«Իմ երկրորդ դիտարկումը կապված է մի նոր երևույթի հետ, որի մուլտիպլիկացիոն էֆեկտը Հայաստանում բազմապատկվեց։ Դա ատելության խոսքն է և անհանդուրժողականությունը, ինչը ոչ միայն չի սաստվում, այլ խրախուսվում է իշխանության կողմից, նույնիսկ վարչապետի շուրթերով։ Սա նույնպես կրում է համատարած բնույթ և հետհեղափոխական արդյունք է»,– նշեց իրավապաշտպանը։
Արսեն Բաբայանի պաշտպանները ՄԻՊ–ից պահանջում են վերականգնել նրա խախտված իրավունքները
Իշխանյանը մյուս ոլորտներից առանձնացնում է աշխատանքային իրավունքների խախտումները, երբ պրոֆեսիոնալներին փոխարինում են յուրայիններով, ինչպես նաև դատական համակարգի խախտումները, երբ դատարանների արատները ոչ միայն չվերացվեցին, այլև ավելի ցցուն երևացին։
Իրավապաշտպանի եզրակացմամբ` իրավախախտումների աճի հիմնական պատճառն այն է, որ նոր իշխանությունը ոչ թե գնաց իրական բարեփոխումների, պետական կառույցներն ամրապնդելու ճանապարհով, ինչը մեխանիկորեն կբերեր իրավախախտումների զգալի կրճատման, այլ գնաց ամեն գնով իշխանությունը պահելու ճանապարհով։