Գևորգ Դանիելյան

Ճի՞շտ մոտեցում է միջազգային կոնվենցիաների արհեստական վավերացումը. նախկին նախարարի կարծիքը

133
(Թարմացված է 16:28 11.05.2020)
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 10 տարի առաջ ստորագրված, բայց չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ ԱԺ քննարկումներին: 
Դանիելյան. «Միջազգային կոնվենցիաների արհեստական վավերացումը ճիշտ մոտեցում չէ»

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի փոխանցմամբ` այն մտայնությունն է իշխում, որ եթե ՍԴ–ն իր դիրքորոշումն է հայտնում միջազգային պայմանագրի սահմանադրականության վերաբերյալ, ապա այլևս որևէ քննարկում այդ առնչությամբ նախաձեռնել իմաստ չունի։ Այսինքն` վերջին հաշվով` միակ մասնագիտացված, իրավասու բարձր ատյանը ՍԴ–ն է, և այն գտել է, որ տվյալ կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ 

«Բայց պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր խնդրի վրա։ Մենք ոչ թե արտահայտվում ենք նրա համար, որ դեմ ենք ՍԴ դիրքորոշմանը (մինչդեռ զուտ գործնական կտրվածքով` իրադարձությունների իրավական զարգացումների տեսանկյունից արտահայտվելն իսկապես իմաստ ունի), որովհետև եթե ՍԴ–ն դրական որոշում է կայացնում այս կամ այն միջազգային փաստաթղթի առնչությամբ, դրանով չպետք է ասել, որ վերջակետ է դրվում բոլոր քննարկումներին»,– նշում է Արդարադատության նախկին նախարարը։    

Ըստ նրա` չնկատել իրավական դիրքորոշումները, պարզապես եզրափակիչ մասի վրա ուշադրություն դարձնել ու ասել, որ կա դրական եզրակացություն, ուրեմն քննարկումներն անիմաստ են, արդեն արհեստականորեն պետք է վավերացվի` ճիշտ մոտեցում չէ։  

Որպես օրինակ` Դանիելյանը բերում է հայ–թուրքական արձանագրությունների պատմությունը, երբ ՍԴ–ի կարծիքով` դրանք համապատասխանում էին Սահմանադրությանը, սակայն ՍԴ–ն տվեց նաև այնպիսի հիմնավորումներ, որոնց համաձայն` թուրքական կողմը դրանց վավերացումից հետո չէր կարող ունենալ լուրջ ակնկալիքներ։ Այդուհանդերձ, մեր խորհրդարանը նույնիսկ ՍԴ–ի դրական եզրակացության պարագայում չվավերացրեց արձանագրությունները։

Կաթից ու հեքիաթից կտրված երեխային կսովորեցնեն պաշտպանվել սեռական ոտնձգություններից

Արդարադատության նախկին նախարարի համոզմամբ` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առնչությամբ թեև պետք է կատարվեն որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված կլինեն երեխաների սեռական շահագործումը կանխարգելելուն և այդ ոլորտում պատասխանատվությունն առավելագույն չափով միջազգային չափանիշներին համահունչ դարձնելուն, այդուհանդերձ, ազգային օրենսդրությամբ նման հարցերի իրավական կարգավորումը գրեթե սպառիչ վիճակում է, այսինքն` մենք չունենք վերոհիշյալ կոնվենցիայով նախատեսված լրջագույն հարցեր, որոնք չեն կարգավորվել, հետևաբար, կարող ենք շարունակել կարգավորման գործընթացն անկախ այն հանգամանքից` վավերացնում ենք կոնվենցիան, թե ոչ։   

Մանկական աշխատանքի շահագործում և սեռական թրաֆիքինգ. փաստեր և վիճակագրություն

133
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, երեխա, Ստամբուլյան կոնվենցիա, Օրենք, Նախարար
Ըստ թեմայի
Կա արդյո՞ք Հայաստանում ժամանակակից ստրուկ, կամ ինչի մասին են լռում գործատուները
«Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխա սեռական բռնության է ենթարկվում». Գայանե Հովակիմյան
Երեխաներից զրկվելուց մինչև շահագործում. ինչ խնդիրներ ունեն մարզերի կանայք
Վարդան Այվազյան

«ՍԴ–ի շուրջ ողջ գործընթացը պետության և հասարակության հանդեպ անգրագետ փորձ է». Այվազյան

131
(Թարմացված է 23:55 01.06.2020)
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված հանրաքվեն չեղարկելու մասին նախագծին։
Այվազյան. «Ներկայումս չկա ԱԺ–ի կողմից սահմանադրական հանրաքվեն թույլատրող կամ էլ արգելող նորմ»

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի դիտարկմամբ` ԱԺ–ի լիազորությունների մեջ մտնում էր սահմանադրական փոփոխությունների նկատառումով հանրաքվեի նախաձեռնումը, թեև այդ հանրաքվեն, ըստ նրա, սահմանադրական խախտումով էր, քանի որ շրջանցվել էր ՍԴ որոշման ընթացակարգը։ 

«Սակայն որևէ տեղ գրված չէ, որ հանրաքվեի նշանակումից հետո ԱԺ–ն իրավունք ունի հետ կանչել իր նախագիծը, բայց միևնույն ժամանակ նման արգելք նույնպես չկա։ Հետևաբար, ենթադրվում է, որ եթե ԱԺ–ն կայացրել է հանրաքվե նախաձեռնելու որոշում, կարող է նաև չեղարկել այդ որոշումը։ Չկա ո՛չ թույլատրող, ո՛չ արգելող նորմ»,– նշում է իրավագետը։  

Վարդան Այվազյանի համոզմամբ` սա օրենսդրական բաց չէ և նույնիսկ այն լրացնելու անհրաժեշտություն չկա, որովհետև նման ցանկացած խնդիր, եթե դիտարկվի որպես օրենսդրական բաց, և գնանք դա լրացնելու ուղղությամբ, ապա մեր երևակայությունը չի բավարարի, որ այդ բացերը փակենք։ Իրավագետը ևս մեկ անգամ շեշտում է այն հանգամանքը, որ Սահմանադրությունն ու օրենքները գրվում են ոչ թե խելագարության, այլ խելամտության կանխավարկածով, և եթե կա հանրաքվեի նշանակման ընթացակարգ, չպետք է առաջանա հետկանչի խնդիր։ 

«Տվյալ պարագայում ունենք արտակարգ դրության վիճակ, որը մեխանիկորեն կասեցնում է հանրաքվեի գործընթացը, բայց դա պետք է այնքան ժամանակ մնար կասեցված, մինչև վերանար արտակարգ դրությունը, և հանրաքվեն կայանար։ Ենթադրում եմ, որ ԱԺ–ն հիմա շտապում է և ցանկանում իր առջև դրված խնդիրը լուծել մեկ օր, մեկ ժամ շուտ։ Այդ նպատակով էլ չեղարկվում է հանրաքվեի գործընթացը, որից հետո հաջորդ քայլը կլինի խնդրի լուծումը ԱԺ պատգամավորների ձայների  ընդհանուր թվի 2/3-ով»,– նշում է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը։

Պետական արդյունավետ կառավարման թիվ մեկ նախադրյալն, ըստ Այվազյանի, պետք է համարել կառավարողների գրագիտության և իրավագիտության բարձր մակարդակը։ Ըստ նրա` եթե կա իրավագիտության և պետականագիտության մեծ պակաս, ապա տվյալ պարագայում կունենանք հազարավոր օրենսդրական բացեր, նույնն  է, թե անգրագետ կառավարիչների մտքով մի հիմարություն անցնի, և մենք կանգնենք փաստի առջև ու ասենք` հիմարությունն օրենսդրական ամրագրում չունի ու համարենք օրենսդրական բաց։

Այվազյան. «Դրվագային փոփոխություններով Սահմանադրությունը երկար կյանք չի ունենա»

Անդրադառնալով ԱԺ–ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի դիտարկմանը, ըստ որի` ՍԴ–ի գործունեությունը պետք է համապատասխանեցվի 2015թ.–ի Սահմանադրությանը, Վարդան Այվազյանը շեշտում է, որ ՍԴ–ի շուրջ ողջ գործընթացը պետության և հասարակության հանդեպ անգրագետ փորձարարություն է, իսկ դա ամենամեծ հանցագործությունն է, քանի որ պետության ու հանրության նկատմամբ կատարել են անպատասխանատու փորձարկումներ, մինչդեռ տվյալ հարցը երբեք չպետք է լինի փորձարկման առարկա։  

Հիշեցնենք` հունիսի 1–ին Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

131
թեգերը:
հանրաքվե, Հայաստան, ԱԺ, Վարդան Այվազյան (սահմանադրագետ), Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ
Փայլակ Թադևոսյան

Թադևոսյան. «Հարկային սահմանափակումները խոչընդոտում են ձեռնարկատերերին»

21
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին։ 
Թադևոսյան. Հարկային սահմանափակումները գործող օրենսգրքով խոչընդոտում են ձեռնարկատերերին։

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանի դիտարկմամբ` բոլոր հարկ վճարողներին հնարավորություն է տրվում ըստ հայեցողության ընտրել ամորտիզացիոն ժամկետները: Թեև դժվար է ասել՝ կավելանան արդյոք ներդրումները կորոնավիրուսի հետ կապված պայմաններում, սակայն, ըստ մեր զրուցակցի, ամորտիզացիոն մասհանումների ժամկետներն ու կարգն ամբողջությամբ վերանայելու անհրաժեշտություն կա, որովհետև նույն ամորտիզացիոն մասհանումների մասով սահմանափակումները գործող օրենսգրքով ոչ միայն չեն խրախուսում, այլ խոչընդոտում են ձեռնարկատերերին։ 

«Հարցին պետք է տալ ընդհանրական լուծում և ամբողջությամբ վերանայել ամորտիզացիոն մասհանումների ներկայիս կարգավորումները, և դա պետք է արվի բոլորի համար։ Հիմնական որոշակի միջոցների համար պետք է սահմանվի կոնկրետ ժամկետ, այլ ոչ թե այն միջոցների, որոնք ընտրված են ըստ ցուցակի։ Ըստ այդմ` տեղին չէ, որ, օրինակ, շենք–շինությունների և տրանսպորտային միջոցների համար սահմանվում է ժամկետ, իսկ մյուս միջոցների պարագայում հարցը թողնվում է հարկ վճարողների հայեցողությանը։ Գործող հաշվապահական ստանդարտներին համահունչ` ձեռներեցը պետք է որոշի, թե բիզնես գործունեությունից ելնելով` որ հիմնական միջոցն ինչ ժամկետում ամորտիզացիա անի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Թադևոսյանի խոսքով` շատ խնդիրներ կան նաև կապիտալ ընթացիկ ծախսերի դասակարգման հետ կապված։ Ըստ նրա` եթե ինչ–որ բան արվում է, ապա պետք է արվի ամբողջական, և ոչ թե մասնակի։ 

Կորոնավիրուսի պատճառով հարկերը չվճարած գործարարների տույժ-տուգանքները կնվազեցվեն

«Օրինակ՝ կան սարքավորումներ, որոնց համար թեև նվազագույն ամորտիզացիոն ժամկետն ութ տարի է, բայց այս կարգավորումը հնարավորություն է տալիս այդ հիմնական միջոցները շահագործող հարկ վճարողներին մինչև տարեվերջ ներդրում անելու դեպքում ժամկետն ընտրել ըստ հայեցողության, այսինքն` ավելի կարճ ժամկետում»,– նշեց Թադևոսյանը։ 

Թադևոսյանի գնահատմամբ` շատ գործոններ կարող են ազդել ներդրումների աճի վրա` սկսած կորոնավիրուսից, վերջացրած տնտեսական ճգնաժամով, հետևաբար նոր ներդրումներ անելու առումով գործարարների մոտ դեռ սպասողական վիճակ է։

Նշենք, որ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծի հեղինակը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն է: Փոփոխություններով  մինչև այս տարվա վերջ կատարվող ներդրումների դեպքում տնտեսվարողները կարող են օգտվել արագացված ամորտիզացիայի հնարավորությունից։

Պետությունը հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում. ի՞նչ կտա օրենքի փոփոխությունը

21
թեգերը:
տնտեսություն, ԱԺ, Ներդրում, հարկային օրենսգիրք, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
Հարկային օրենսգրքում դեռևս շատ խնդրահարույց դրույթներ կան. Սամսոն Գրիգորյան
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Ոստիկաններ

Լարված վիճակ «Մեյմանդարի» շուկայում. այնտեղ է նաև Արմավիրի ոստիկանապետը

0
Միակ շուկան, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում գործող շուկան է։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արմավիրի մարզում գտնվող հայտնի «Մեյմանդարի» շուկայում լարված իրավիճակ է։ Պարետի որոշմամբ՝ շուկայի աշխատանքները պետք է մեկ օրով կասեցվեն ավելի վաղ արձանագրված խախտումների պատճառով։

Գյուղացիները բողոքում են, որ նույնիսկ մեկ օրով իրենց ապրանքը շուկա չբերելը ծանր հետևանքներ կունենա իրենց համար՝ մի մասի մշակած գյուղմթերքն արդեն քաղված է, փչանում է, մյուս մասինն էլ քաղելու ժամանակն է, նույնիսկ մեկ օր ուշացնելն ապրանքի որակի վրա է ազդում։ Գյուղացիները վրդովվել են, որ նախօրոք չեն տեղեկացվել որոշման մասին, իրենց ապրանքը բերել, շուկա են հասցրել։ Գյուղացիներից շատերը բողոքում են, թե կողմնապահ վերաբերմունք է, ինչու են հենց Մեյմանդարի շուկան թիրախավորել։ Տեղում իրավիճակն այնքան էր թեժացել, որ շուկա էր ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը՝ փորձելով հանդարտեցնել գյուղացիներին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ պարետի որոշմամբ երկու օր առաջ հրաման է իջեցվել մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում գործող գյուղմթերքի շուկաներում՝ հասկանալու համար` պարետի որոշումներն ու պահանջները կատարվում են, թե ոչ։

«Երևի միակ շուկան, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, «Կայարանի» շուկան է, որը շատ փոքր, կոմպակտ, բոլոր պայմաններն ունեցող շուկա է։ Այնտեղ և՛ ջերմաչափում են իրականացրել, և՛ մյուս պահանջները պահպանել։ Իսկ մնացած բոլոր շուկաներում խախտումներ են արձանագրվել»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ պարզապես կան շուկաներ, որոնք ունեն առանձին տաղավարներ, առանձին իրավաբանական անձինք են, և նրանց հետ խնդիրները կարգավորելն ավելի հեշտ է, որովհետև հենց իրավաբանական անձին են արգելում աշխատել։ Նրա խոսքով՝ այսօր հենց այդպես էլ վարվել են մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում գործող մի շարք շուկաներում, այդ թվում՝ «Գումի» շուկայում։

Ըստ Հարությունյանի՝ «Մեյմանդարի» շուկայում նման աղմուկ է բարձրացել, որովհետև այնտեղ հիմնականում աշխատում են ֆիզիկական անձինք, այդ պատճառով էլ հենց շուկայի աշխատանքը քսանչորս ժամով դադարեցնելու որոշում է կայացվել տեղում ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար։

«Մեյմանդարի շուկայում ոչ միայն աշխատակիցների և այցելուների ջերմաչափում չի իրականացվել, այլև շատերը դիմակներ ու ձեռնոցներ չեն կրել, տնօրինությունը չի ապահովել շուկայի ամբողջ տարածքում փակվող աղբամանների տեղադրումը, չի պահպանվել սոցիալական հեռավորությունը, այսինքն՝ այն բոլոր պահանջները, որոնք կորոնավիրուսի կանխարգելման նպատակով են»,- մեզ հետ զրույցում նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նաև ուղիղ եթերներում է երևում, որ վաճառողները դիմակներ չեն կրում , շատերը պարզապես հայտարարում են, որ դիմակներ չեն էլ կրելու։

Հարությունյանը նշեց, որ իրենց արձանագրած խախտումների հիման վրա էլ պարետատունը կայացրել է շուկայի աշխատանքները քսանչորս ժամով կասեցնելու որոշումը։ Տեսչական մարմնի հետ շրջում է ոստիկանական գումարտակը, որ տեղում կարգավորում է խնդիրը, բայց նման մարդաշատ պայմաններում, երբ մարդիկ էլ ագրեսիվ էին տրամադրված, հնարավոր չեղավ խնդիրը կարգավորել։ Արդյունքում պարետատունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիներից շատերը տեղյակ չէին շուկայի փակման մասին և իրենց ապրանքը բերել, տեղ էին հասցրել, որոշում ընդունեց շուկայի աշխատանքները կասեցնել ոչ թե այսօր, այլ վաղը առավոտյան։

Հարությունյանը հավելեց նաև, որ իրենք դեռ երեկ ծանուցել էին շուկայի սեփականատիրոջն ու մարզպետարանին, որ այսօր առավոտյան կասեցվելու է շուկայի գործունեությունը, որպեսզի նրանք էլ իրազեկեին գյուղացիներին և վերավաճառողներին։ Թե ինչ մակարդակում է հետագա իրազեկումն արվել, Հարությունյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել՝ շեշտելով, որ այսօր արդեն վստահաբար բոլորը տեղեկացվեցին, որ վաղը առավոտյան 10:00 -ից շուկայի գործունեությունը կդադարեցվի 24 ժամով։

0