Դավիթ Հախվերդյան

Պանդեմիայից հետո Հայաստանում կընդլայնվի՞ հեռավար աշխատանքի մեթոդաբանությունը. ի՞նչ սպասել

1260
(Թարմացված է 20:50 03.05.2020)
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է, թե համավարակով պայմանավորված իրավիճակը ինչ ազդեցություն կթողնի աշխատաշուկայի վրա և արդյո՞ք տարբեր ոլորտներում լայն տարածում կգտնի հեռավար աշխատանքի մեթոդաբանությունը։ 
Հախվերդյան. «Աշխատաշուկայում կանխատեսվում են կառուցվածքային էական փոփոխություններ»

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանի դիտարկմամբ` այս պահին դժվար է ասել` համավարկն Հայաստանում պիկին հասել է, թե ոչ, հետևաբար դժվար է նաև կանխատեսել, թե ինչ փոփոխություններ կլինեն աշխատաշուկայում: Մի բան, սակայն ակնհայտ է՝ սպասվում են սնանկացումներ և ձեռնարկությունների ոչ մրցունակ հատվածը ստիպված կլինի լքել շուկան։ 

«Իհարկե կառաջանան նաև նոր ընկերություններ, որոնք, եթե կարելի է այսպես ասել, կարողացել են հօգուտ իրենց օգտագործել համավարակի ընձեռած հնարավորությունը։ Խոսքն առավելապես վերաբերում է սննդի արդյունաբերության և բարձր տեխնոլոգիատար ոլորտներին։ Այսինքն` կառուցվածքային փոփոխություններ իհարկե կանխատեսվում են, և բնականաբար էլ ավելի շատ կշեշտադրվի տեխնոլոգիատար–գիտատար արտադրություններով զբաղվող բիզնեսի գործունեությունը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հախվերդյանը։ 

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք պանդեմիայից հետո կտարածվի ու կընդլայնիվի հեռավար աշխատանքի մեթոդաբանությունը, Հախվերդյանը նշեց, որ նույնիսկ մինչև համավարակի բռնկումը, արդեն մի քանի տարի էլեկտրոնային առևտուրը դրսևորում էր առնվազն երկնիշ աճ, իսկ համավարակի բռնկումն էլ ավելի ի ցույց դրեց էլեկտրոնային առևտրի, ծառայությունների մատուցման բացահայտ առավելությունները։ 

«Չեմ կասկածում, որ համավարակի վերացումից հետո ընկերությունների մի ստվար մասը չի վերադառնա մեկնարկային դիրքերին, այսինքն` կշարունակի էլ ավելի մեծ տեղ տալ հեռավար աշխատանքին, էլեկտրոնային առևտրին ու էլեկտրոնային ծառայությունների մատուցմանը»,– համոզված է տնտեսագետը։ 

Հախվերդյանը մատնանշում է երկու պատճառ` նախ դա աշխարհում արդեն իսկ ընդունված միտում է, և երկրորդ` այդպես ուղղակի հարմար է ու էժան, ինչը ստիպում է ձեռնարկություններին հարմարվել համաշխարհային նոր իրողություններին։

Կորոնավիրուսը հստակեցնում է աշխատողի ու գործատուի հարաբերությունները. նոր սահմանումներ

Ըստ նրա` համավարակը նույնիսկ կատալիզատորի դեր կատարեց հեռավար աշխատանքի միտումն առարկայացնելու համար։ Բայցևայնպես, տնտեսագիտություն դոկտորի կարծիքով՝ կան ոլորտներ, որտեղ առանց միջանձնային շփման ոչինչ չի կարող ստացվել, քանի որ ծառայությունների մի ստվար զանգվածի համար՝ հասարակական սնունդ, ժամանց և այլն, հեռավար աշխատանքի մեթոդը չի կարող նույնականացվել առերես, կենդանի շփմանը։

1260
թեգերը:
Հայաստան, տնտեսագետ, Դավիթ Հախվերդյան, աշխատանք, աշխատատեղ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1957)
Ըստ թեմայի
Ինչ է արվում մարզերում հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների խնդիրը լուծելու համար
Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը
Շիրակում ավելի քան 150 աշակերտներ կապահովվեն համակարգչով և կմիանան հեռավար դասընթացին
Հայաստանում պատրա՞ստ են հեռավար քննությունների․ փորձագետի կարծիքը
Հովհաննես Քոչարյան

Պետությունը պետք է պաշտպանի իր ծառայողներին. Քոչարյանը` հայհոյանքը քրեականացնելու մասին

53
(Թարմացված է 22:17 30.07.2021)
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ազգային ժողովի կողմից հայհոյանքը քրեականացնելու մասին նախագծի ընդունմանն ու կիրառական նշանակությանը։
Հովհաննես Քոչարյան. «Որպեսզի օրենքն աշխատի, կաևոր է նաև կայուն դատական պրակտիկայի ձևավորման խնդիրը»

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը ողջունում է հայհոյանքը քրեականացնելու մասին նախագծի ընդունումը։

Նրա կարծիքով` եթե խոսքը վերաբերում է, օրինակ, պետական ծառայողներին, ապա պետությունը պետք է կարողանա իր ծառայողներին պաշտպանել հարձակումներից։ Դա կարող է լինել երկու ճանապարհով` կա՛մ վիրավորանքի ու զրպարտության դեպքում պետությունը ստանձնի իր ներկայացուցիչների պաշտպանությունը դատարանում քաղաքացիական կարգով վեճեր լուծելիս, կա՛մ պետք է քրեականացնի հայհոյանքը, ինչն արվեց։  

«Ոստիկանությունում աշխատելու տարիներին բազմիցս տեսել եմ, թե ինչպես են պաշտոնյաները դառնում զրպարտչական, վիրավորական հարձակումների թիրախ։ Ոչ մի պաշտոնական, պետական հերքում էլ արդյունք չէր տալիս։ Կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը մասնավորապես պետական ծառայողների պաշտպանության համար է, և, անկախ նրանց դիրքից և զբաղեցրած պաշտոնից, ճիշտ քայլ է։ Երբեմն թվում է, թե գործ ունենք մասնավոր դեպքերի հետ, բայց իրականում դա կապված է պաշտոնատար անձանց հանրային գործունեության հետ»,– ասաց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը Sputnik Արմենիայի եթերում։

Անդրադառնալով մասնավորապես համացանցում, օնլայն հարթակներում հաճախ հնչող հայհոյանքներին` Քոչարյանն ընդգծեց, որ նշված տիրույթում վերահսկողության հետ կապված հարցի առթիվ ունի վերապահում, քանի որ իրավապահ մարմինները ծախսելու են մեծ ռեսուրսներ նույնականացնելու համար այն անձին, ով տարածում է հայհոյանքը համացանցում, հատկապես եթե քողարկված օգտատեր է։ Հետևաբար` այստեղ օրենքը կարող է լիարժեք չգործել, և այդ անձին ժամանակին հայտնաբերելը կարող է լինել խնդրահարույց։  

«ՏՏ ոլորտի մասնագետները քողարկված օգտատերերին բացահայտելու հնարավորությունն ունեն, բայց եթե հայհոյանքը դրսից է հասցեագրվում անձին կամ տեղեկատվական հարթությունում արվում է քողարկված կերպով, ապա այստեղ կարող են առաջանալ մեծ բարդություններ։ Սա խնդիր է, որն օրենքի լիարժեք կիրառման համար խոչընդոտ կհանդիսանա»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։  

«Հայհոյանքը քրեականացնելու ժամանակ դեռ կլինի». Զոհրաբյանը նյարդային ելույթ ունեցավ ԱԺ–ում

Քոչարյանի կարծիքով` կոնկրետ հայհոյանք բառի ձևակերպման ու եզրույթների հետ կարող են լինել անորոշություններ, սակայն չարժե բացարձականացնել հարցը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և մեր Վճռաբեկ դատարանը վիրավորանքի և զրպարտության հատկանիշների վերաբերյալ բավականին հարուստ դիրքորոշումներ են կուտակել և այսօր էլ, երբ մարդու նկատմամբ կիրառվում է քաղաքացիական պատասխանատվություն, դա արվում է հենց այդ իրավական դիրքորոշումների շրջանակում։ 

Ըստ նրա` այժմ նույն իրավական դիրքորոշումներով պետք է քրեական արդարադատություն իրականացվի, և պետությունն այստեղ անզոր չէ այդ ինստիտուտը կիրառելու հարցում։ Ամեն դեպքում կայուն դատական պրակտիկայի ձևավորման խնդիր կա առաջիկայում, եթե օրենքն աշխատի և եթե ճիշտ դատական պրակտիկա ձևավորվի Եվրոպական դատարանի լույսի ներքո, ապա խնդիրը չի ծանրանա այն աստիճան, որ օրենքի վերանայման հարց առաջանա։    

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծը, որի համաձայն` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ`տուգանքից մինչև կալանք։

Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չկային։

53
թեգերը:
Հայաստան, ԱԺ, հայհոյանք, Օրենք
Ալեքսանդր Մարկարով

Ի՞նչ հարցեր են քննարկելու նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստում

43
Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ազգային ժողովի ներկա գումարման վերջին նիստում քննարկված օրինագծերին, ինչպես նաև հաջորդ գումարման ԱԺ–ի օրակարգում ընդգրկվելիք հարցերին։
Ալեքսանդր Մարկարով. Օրակարգային հարցեր, որոնց մասին խոսում են ոչ այնքան ներքին, որքան արտաքին դերակատարները

Ազգային ժողովում կան քաղաքական դաշտի տարբեր հատվածների ներկայացուցիչներ, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները ներքին ու արտաքին գերակայությունների վերաբերյալ, բայցևայնպես գալիք խորհրդարանի առաջին նիստում օրակարգային կդառնան այն հարցերը, որոնք հուզում են ամբողջ հասարակությանը և որոնց մասին խոսում են ոչ այնքան ներքին, որքան արտաքին դերակատարները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Մարկարովը։

«Մենք տեսանք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, Գերմանիայի խորհրդարանի հայտարարությունը, ՄԱԿ–ի կողմից հնչած անհանգստությունը, այսինքն` այն ամենը, ինչ օրակարգային է, իր անդրադարձը կգտնի ԱԺ հաջորդ գումարման հենց առաջին նիստում»,– ասաց քաղաքագետը։

Մարկարովի կարծիքով` այն հարցերը, որոնք քննարկվում էին ընթացիկ խորհրդարանի վերջին նիստում, գուցե հանրային տեսանկյունից չունեն առաջնային նշանակություն և գալիք ԱԺ–ում գուցե կունենային ավելի խորքային ու բովանդակային քննարկում, սակայն զուտ օրենսդրական նախաձեռնության ընդունման տեսանկյունից մեծամասնություն կազմած իշխող ուժը խնդիր չունի ոչ հիմա և ոչ էլ գալիք խորհրդարանում։

«Ամենայն հարգանքով Աճառյանի հանդեպ, բայց...». ԱԺ–ում վիճում են «հայհոյանք» բառի շուրջ

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին։

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով

43
թեգերը:
Հայաստան, ԱԺ, Ալեքսանդր Մարկարով
Ըստ թեմայի
Պատերազմը քննելու գործը իշխանությունը և ընդդիմությունը փորձում են խլել իրարից. Սուրենյանց
«Ես նմա՞ն եմ մարդու, որ վախենում է լրագրողներից». Ալեն Սիմոնյան
Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի
Սարգսյանն ու Վուչիչը

Ինչո՞վ ենք պակաս Սարգսյանից ու Վուչիչից, կամ ի՞նչ կարող են ՀՀ–ն ու Սերբիան ստանալ ԵԱՏՄ–ից

0
(Թարմացված է 16:24 29.07.2021)
Երկու երկրներն էլ իհարկե կարող են ալկոհոլային խմիչքներ վաճառել` ռակիա և կոնյակ, սակայն հեռանկարներ կան նաև էլեկտրատեխնիկական արդյունաբերության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի հետ Սերբիայի առևտուրն, իհարկե, ավելի քիչ է, քան Ռուսաստանի կամ Բելառուսի։ Սակայն այն թող որ փոքր, բայց աճ է արձանագրում ԵԱՏՄ–Սերբիա ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Հայաստանի խորհրդարանն այն վավերացրեց 2021 թվականի ապրիլին (համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականին), բայց հնարավոր է` բիզնեսը նախապես արդեն սկսել է յուրացնել շուկաները։

Հայաստանը թող որ փոքր ծավալներով (տարեկան տասնյակ հազարավոր դոլարների մակարդակով) Սերբիա կոնյակ, էլեկտրական փոխարկիչներ, կահույք և դրա համար նախատեսված դետալներ է արտահանում (հետաքրքիր զուգադիպությամբ, Սերբիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը` Չեդոմիր Արթինովիչը (Արթինյան) մանրատախտակի արտադրության փոքր ձեռնարկության սեփականատերն է)։ Դեպի Հայաստան Սերբիայի արտահանումը տարեկան 2 մլն դոլարից մի փոքր ավել է կազմում, Հայաստանի արտահանումը դեպի Սերբիա` տարեկան շուրջ 120 հազար։

Բացի այդ, տարիներ են եղել` Հայաստանը Սերբիա պղնձի խտանյութ է արտահանել։ Այժմ, ՊԵԿ–ի տվյալներով, նման արտահանում այլևս չի իրականացվում։ Սակայն Սերբիայի վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանը մի քանի տարի է, ինչ շարունակում է մնալ Սերբիա խտանյութի խոշորագույն մատակարարներից մեկը։ Ամենայն հավանականությամբ, խտանյութը Սերբիա է հասնում հարևան Բուլղարիայից (ուր Հայաստանը մեծ ծավալներով է արտահանում)։

«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

Պատկերավոր համեմատություն. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում փակվեց Ալավերդու պղնձաձուլարանը, որը մաքուր պղինձ էր արտադրում։ Իր հերթին դրա հիմքով էր աշխատում Երևանի կաբելի գործարանը։ 90-ականների կեսերին գործարանը վերագործարկվեց, բայց մաքուր պղինձ այլևս չի արտադրում։

Սերբիայի Բոր քաղաքում պղնձաձուլական գործարանը արտադրությունը պահպանում էր նաև 90-ականների պատերազմի ժամանակ, երբ Սերբիան խիստ պատժամիջոցների և միջազգային շրջափակման մեջ էր։ Այսօր այդ գործարանը ոչ միայն տեղական, այլև մի շարք երկրներից ներկրած հանքաքար է մշակում, որի հիման վրա մաքուր պղինձ են ձուլում ու կաբելի արտադրություն կազմակերպում տարեկան տասնյակ հազարավոր տոննաներով։

Համագործակցության համար մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է դառնալ էլեկտրատեխնիկան։ Այստեղ ևս մեկ շեղում է հասունանում։ Նիշ քաղաքում (որը սոցիալիստական Հարավսլավիայում էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի կենտրոններից մեկն էր) Johnson Electric ընկերությունը մի քանի տարի առաջ նոր գործարան բացեց, որը էլեկտրական շղթաների համար սարքավորումներ է թողարկում` այրման լարեր և նման այլ իրեր։ Այնտեղ ավելի քան 2000 մարդ է աշխատում, իսկ Սերբիայի իշխանություններն իրենց կողմից գործարանում մի քանի մլն եվրոյի ներդրում են իրականացրել։

«Հայթեքի ֆաբրիկան» Հայաստանում նախագծերի հերթական ընտրությունը կանցկացնի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հատուկ նշել է, որ այդ գումարները քամուն չեն տրվել, այլ գործին են ծառայել։ Իսկ Հայաստանում նման արդյունաբերական կենտրոնները լքվել են (դրանցից միայն փոքր արտադրություններ են մնացել), իսկ այդ գործարանները վերականգնել իշխանությունները կտրականապես հրաժարվում են` այն պատրվակով, թե իբր «չի կարելի ծախսել հարկատուների գումարները»։

Բարեբախտաբար, մեր կողմից էլ ուրախանալու առիթ կա. Հայաստանը, ինչպես նշեցինք, Սերբիա էլեկտրատեխնիկական ապրանքներ է արտահանում, թեև փոքր ծավալներով։ Այստեղ երկու երկրների ինժեներները կարող են ուսումնասիրել միմյանց պահանջմունքները` կապված սարքերի և դետալների հետ, և փոխշահավետ համագործակցություն հաստատել։

Իհարկե, երկու երկրները կարող են ընդլայնել ալկոհոլի առևտուրը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ներառված չեն ազատ առևտրի ապրանքների ցանկում, և դրանց նկատմամբ տուրքեր են սահմանված։ Սակայն կոնյակն ու ռակիան, միևնույնն է, գտնում են իրենց գնորդին (համենայն դեպս, կոնյակը Բելգրադ է արտահանվում դեռ սոցիալիստական ժամանակաշրջանից)։

Իհարկե, շահութաբերությունը կախված է բեռնափոխադրման արժեքից. երկու երկրները միմյանցից բավական հեռու են գտնվում, բայց լոգիստիկան, հավանաբար, այդքան էլ թանկ չէ, որքան կարող է թվալ։ Որքան արժե Բելգրադից Երևան բեռնված կոնտեյների առաքումը, տեղական լոգիստիկ օպերատորները միանգամից պատասխանել չկարողացան. մեր երկրների առևտրի ծավալները շարունակում են փոքր մնալ։ Սակայն հարևան Բուլղարիայից Հայաստան կոնտեյներ տեղափոխելու (մասնավորապես Բուրգասի նավահանգստից) արժեքը գրեթե այնքան է, որքան Ստամբուլից (կամ մի փոքր ավել)։

Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը

Բացի այդ, պետք չէ մոռանալ այն, ինչից սկսեցինք. ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակում բազմաթիվ ապրանքատեսակներ ազատվում են տուրքերից, ինչը կարող է կոմպենսացնել մի փոքր ավելի բարձր տրանսպորտային ծախսերը։

Այս ամենը, թող որ ոչ հարյուրտոկոսանոց, սակայն որոշակի նախադրյալներ է ստեղծում նրա համար, որ երկու երկրների բիզնեսները միմյանց նորովի դիտարկեն։ Իսկապես, ինչո՞ւ ռակիայով և կոնյակով միայն Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վուչիչը պետք է բաժակ խփեն։

Ինչո՞վ ենք մենք պակաս։

0
թեգերը:
Հայաստան, Սերբիա, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
Ըստ թեմայի
Իրանն ընդլայնում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին
Ընդհանուր սնունդ և օդանավեր. ՌԴ փոխվարչապետը նշել է ԵԱՏՄ ինտեգրման առաջնահերթությունները
ԵԱՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն
ԵԱՏՄ–ն աշխատանքի որոնման կայք է գործարկել անդամ երկրների տարածքում