Գագիկ Մակարյան

Արտակարգ իրավիճակում բեռն ընկնում է գործատուների վրա. իսկ նրանք պատրա՞ստ են դրան

66
(Թարմացված է 21:57 19.03.2020)
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում գործատուների ու աշխատողների հարաբերությունների կանոնակարգման հարցին։ 
Մակարյան. «Ճիշտ չէ ամբողջ բեռը դնել գործատուների ուսերին»

Գագիկ Մակարյանի փոխանցմամբ` որոշ դեպքերում հարաբերություններն արդեն իսկ կանոնակարգվում են գործող աշխատանքային օրենսդրությամբ։ Եթե աշխատանքները կատարվում են լիարժեք, կամ եթե գործատուն է համաձայնում, որ աշխատակիցները տնից աշխատեն, ապա այդ դեպքում գործատուն կարող է վճարել աշխատավարձն ամբողջությամբ, ինչը կանոնակարգված է օրենսդրությամբ։ 

«Իսկ եթե գործատուն շարժվելու է հարկադիր պարապուրդի ռեժիմով՝ այդ դեպքում կվճարի 2/3-րդի չափով, բայց քանի որ հարցն ակտուալ է, և Հայաստանը նման արտակարգ դրության պայմաններում երբևէ իր օրենսդրությունը չի հարմարեցրել իրավիճակին, հետևաբար, ներկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեզ առաջարկ է ուղարկել, ինչը վերաբերում է հենց նման արտակարգ իրավիճակներում առկա խնդիրներին՝ ինչպիսի՞ն է լինելու, օրինակ, տեղաշարժման ժամանակ աշխատողի ուշանալու հետևանքով տույժ–տուգանք կիրառելու հարցը, կամ երեխա ունեցող մայրերն աշխատանքից ուշանալու դեպքում պատժվելո՞ւ են, թե՞ ոչ»,– նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։ 

Մակարյանի կարծիքով` նախարարությունը փորձել է առավելագույն չափով սոցիալական մոտեցում ցուցաբերել հարցին, ինչն այդքան էլ գովելի չէ, քանի որ ամբողջ բեռը դրվում է գործատուների ուսերին։ Քանի որ իրավիճակից ելնելով՝ շատ գործատուների պարագայում պայմանագրային պարտավորություններն այլ երկրների հետ չեն կատարվում, մատակարարման ռեժիմները փոխվել են, առաջացել են տրանսպորտային լոգիստիկ նոր խոչընդոտներ, ընկել է սպառման դինամիկան, և գործատուներն առանց այդ էլ հայտնվել են ծանր կացության մեջ, հետևաբար, պատահական չէ, որ մեր կառավարությունն իր հերթին առաջարկում է որոշակի աջակցություն։

«Ճիշտ կլինի, եթե պետությունը վարձու աշխատողներից այս ընթացքում եկամտային հարկեր չգանձի»

«Եթե Հայաստանը Սահմանադրությամբ սոցիալական պետություն է, ապա կարող է վճարվող հարկերի դիմաց սոցիալական մասն իր վրա վերցնել, այլ ոչ թե ամբողջ բեռը դնել գործատուի վրա, որովհետև գործատուն էլ առանձնապես պատրաստ չէ լուծումներ գտնել նման իրավիճակում»,– նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։ 

Նրա փոխանցմամբ` Հայաստանի գործատուների միությունը 15 կետից բաղկացած առաջարկ է ուղարկելու կառավարությանը և նամակում նշված է, օրինակ, որ բացի զրոյական տոկոսներով վարկեր տրամադրելուց, ինչի մասին խոսում է կառավարությունը, լավ կլինի, որ հետաձգվի գույքահարկի վճարումը, հետաձգվի նախապես վերցված վարկերի մարումը, տույժ–տուգանքներ չկիրառվեն հարկային պարտավորությունները չկատարելու համար, որ դրամաշնորհներ հատկացվեն փոքր ու միջին ձեռնարկատիրությանը՝ հատկապես այն ոլորտներին, որոնք ավելի շատ են տուժելու այս իրավիճակում։ 

Մակարյանի համոզմամբ` գործատուներին պետք է տալ հնարավորություն, որպեսզի պահպանեն տնտեսական ակտիվությունը, որովհետև դա երաշխիք է աշխատատեղերի պահպանման, աշխատավարձերի վճարման ու տնտեսական դինամիկան պահպանման, իսկ եթե պետությունը ցանկանում է դրսևորել սոցիալական աջակցություն, ապա ինքը պետք է փորձի վճարված հարկերի հիման վրա բյուջեից փոխհատուցում անել և այդ կերպ աջակցել նաև գործատուներին։

Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում

66
թեգերը:
Գագիկ Մակարյան, Հայաստան, կորոնավիրուս, աշխատանք, գործարար, Արտակարգ դրություն

sys_stories