Վահե Դավթյան

Դավթյան. «Հայ-իրանական երկու նախագծերը քաղաքական հռետորաբանության մակարդակում են»

50
(Թարմացված է 18:29 07.02.2020)
Հայ-իրանական նավթամուղի կառուցման հեռանկարը վերջին շրջանում ակտիվ քննարկվում է: Այդ առնչությամբ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է իր տեսակետը:

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը կարծում է, որ  իրականում հայ-իրանական գազատարի մասին կողմերի միջև վերջնական որոշում չկա: Վերջին տասը տարիների ընթացքում թեև այս հարցը քննարկվել է բարձր մակարդակով, բայց երբեք չի մտել կիրառական օրակարգ: Բացի այդ, երկու դեպքում էլ կան բավականին լուրջ խորքային խնդիրներ:

   

«Ստեղծված իրավիճակում նավթամուղի կառուցումը շատ դժվար է պատկերացնել, որովհետև Իրանի ամբողջ բանկային համակարգը գտնվում է միջազգային ֆինանսական պատժամիջոցների ներքո, հետևաբար Իրանը չի կարող նման խոշոր ենթակառուցվածքային նախագծի իրականացման համար միջոցներ տրամադրել»,- ասաց նա:  

Նրա խոսքով` չպետք է մոռանալ նաև հարցի աշխարհաքաղաքական կողմը: Ըստ նրա` երբ խոսվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտն ըմբռնումով է վերաբերվում այն հանգամանքին, որ մենք շարունակում ենք Իրանի հետ զարգացնել էներգետիկ երկխոսությունը, ապա այդ խորին ըմբռնումն ու մոտեցումը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ հայ-իրանական էներգետիկ երկխոսությունն ունի այն համեստ ծավալները, որոնք առկա են այսօր»,- նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարը:

Գազի կովկասյան զարկերակը կանցնի՞ Հայաստանով. Երևանը կարող է փոխարինել Բաքվին, եթե...

Դավթյանի համոզմամբ՝ այն պահից սկսած, երբ մենք կփորձենք իրապես ակտիվացնել էներգետիկ հարաբերություններն Իրանի հետ, առավել ևս նոր խոշոր կոմունիկացիոն ենթակառուցվածքներ ձևավորել, այդ պահից պատժամիջոցային քաղաքականությունը կարող է կիրառվել նաև ՀՀ սուբյեկտների նկատմամբ:

Հայաստանն ու Ռուսաստանը կսկսեն քննարկել գազի գնի նոր սխեման

Երկրորդ նախագիծը, ըստ Դավթյանի, թեև առաջին հայացքից տեխնիկապես հնարավոր է իրագործել, դրա համար կան համապատասխան լուծումներ, սակայն նախագիծը բավականին թանկ հաճույք է, կարժենա միլիոնավոր դոլարներ ու կլինի խնդրահարույց գործընթաց: 

«Հայ-իրանական էներգետիկ օրակարգում ներկայումս կա շատ ավելի կարևոր խնդիր, որն այսօր այնքան էլ դինամիկ լուծում չի ստանում: Խոսքը Իրան-Հայաստան օդային բարձրավոլտ գծի մասին է, որն արդեն 20-25 տոկոսով պատրաստ է և պետք է հանձնված լիներ շահագործման դեռևս մեկ տարի առաջ: Սա այն հույժ անհրաժեշտ նախագիծն է, որի շուրջ արդեն կա որոշակի կոնսենսուս, կան տրամադրված միջոցներ, բայց չկա հստակ կիրառական աշխատանք»,- ընդգծեց  Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարը:

Դավթյանը հորդորում է չշեղել հայ-իրանական էներգետիկ օրակարգն իր նշած նախագծից և չտանել դեպի այն նախագծերը, որոնք գոնե այս պահին գտնվում են ընդամենը քաղաքական հռետորաբանության մակարդակում:

Մասնավորապես ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը վկայակոչել էր երկու հիմնական տարբերակ: Առաջինն առնչվում է նավթամուղի կառուցմանը, որը ժամանակին գնահատվել էր մինչև 250 միլիոն դոլար՝ ընդգրկելով է Թավրիզ-Երասխ ուղղությունը, իսկ երկրորդն նախագիծն առնչվում է գործող Իրան-Հայաստան գազամուղի փոխակերպմանը, որպեսզի այն օգտագործվի նավթ մատակարարելու համար:  Երկու դեպքում էլ կան բավականին լուրջ խորքային խնդիրներ: 

50
թեգերը:
Շավարշ Քոչարյան, Վահե Դավթյան, Հայաստան
Ըստ թեմայի
Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին
Նավթամուղի և գազամուղի հայկական այլընտրանքը. կունենա՞նք ջրատար դեպի Արաբական թերակղզի
Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը բացառվում է. փոխնախարարը` ԵԱՏՄ–ում վետոյի մասին

sys_stories