Վահագն Խաչատրյան, արխիվային լուսանկար

Խաչատրյան. «Լիդիանը բորսայում ներկայացվածության առումով խնդիրներ է ունեցել»

44
(Թարմացված է 22:19 14.01.2020)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Լիդիան» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին ու ճգնաժամի հետ կապված հանգամանքներին:
Վահագն Խաչատրյան. «Լիդիանը բորսայում ներկայացվածության առումով ունեցել է խնդիրներ»

«Լիդիանը» բորսայում ներկայացվածության առումով խնդիրներ է ունեցել, նախապես եղել են ակնկալիքներ, սպասումներ, որոնք չեն իրականացել: Փաստն այն է, որ «Լիդիանը» բորսայում այնքան է արժեզրկել իր բաժնետոմսերի գինը, որ այլևս անհնար է ներկայանալի լինելը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Ընդունված կարգ է, որ երբեմն ինչ-ինչ հանգամանքներից, ճգնաժամային վիճակներից ելնելով՝ որևէ ընկերության բաժնետոմսերի հետ կապված կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, նման դեպքերում բորսայի կառավարիչները դադարեցնում են գործարքները: Նման իրավիճակ է եղել նաև «Լիդիանի» հետ»,- նշեց տնտեսագետը: 

Ինչ վերաբերում է ընկերության վերավաճառքին, ապա դա, ըստ Խաչատրյանի, հետագայի խնդիր է: Ընդ որում՝ հայտնի չէ` որքանով իրականություն կդառնա «Լիդիանի» ցանկությունը, եթե վերավաճառքի որոշում կայացվի:

Խաչատրյանը մատնանշում է այն խնդիրները, որոնք բարձրացվեցին դեռ այն ժամանակ, երբ «Լիդիանը» Հայաստանում նոր էր սկսել իր գործունեությունը: Շահագործման հետ կապված հիմնական խնդիրներն առնչվում էին բնապահպանական հարցերին: 

«Լիդիան Արմենիան» 2 դատական հայց է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության դեմ

«ՇՄԱԳ-ի հետ կապված խնդիրները վերացված են, թե ոչ, շարունակում է մնալ արդիական: Նման ընկերությունները, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել, պետք է ունենան հենց տվյալ հարցի պատասխանը, թե արդյո՞ք ամեն ինչ արվել է ՀՀ օրենսդրության շրջանակում, երբ նրանց տրվել է աշխատելու թույլտվություն: Կառավարությունը հանդիպել էր Ջերմուկի բնակիչների հետ, «Լիդիանն» իր հերթին դիմել էր Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ջրառի թույլտվություն ստանալու նպատակով, սակայն ընկերությանը մերժել էին, ինչն հետաքրքիր է այն առումով, որ նախկինում նման խնդիրներ չէին առաջացել»,- ասաց տնտեսագետը: 

Միրզոյան. «Ջերմուկում Ամուլսարի հետ կապված տրամադրություններն անփոփոխ են»

Խաչատրյանը մատնանշում է այն հանգամանքը, որ Ամուլսարի հանքի աշխատանքների դադարեցումը տեղի էր ունեցել ոչ թե ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ, այլ հասարակական պահանջի արդյունքում: Նրա խոսքով` այստեղ հակասությունն այն է, որ ի վերջո  ՀՀ իշխանությունն է պատասխանատու սեփականության իրավունքի ոտնահարում թույլ չտալու համար, հետևաբար «Լիդիանի» աշխատանքների դադարեցման առումով որոշակի խնդիր կա: Ցանկացած կառավարություն, ըստ Խաչատրյանի, չի կարող հաշվի չնստել տվյալ հանգամանքի հետ: 

      

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել են դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ, Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

«Մենք հետքայլ անողը չենք». ջերմուկցիները կբանակցեն միայն Ամուլսարի փակման համար

Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

44
թեգերը:
հանքարդյունաբերություն, հանք, Վահագն Խաչատրյան, Լիդիան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավետիսյան. «Եթե կառավարությունում հետ կանգնեն հանքը շահագործելու մտքից, բնակիչները կշահեն»
Ծառուկյանին ու Ալեքսանյանին պատկանող ընկերություններում տեսչական ստուգումներ կանցկացվեն
Շրջակա միջավայրի նախարարության մոնիտորինգային համակարգը պետք է հզորացվի. Խաչատրյան
«Լիդիան Արմենիան» կվաճառի՞ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը. «Ժողովուրդ»
Տիգրան Բարսեղյան

«ԱԱԾ–ն ինքնամաքրման կարիք ունի». ԱԱԾ նախկին պաշտոնյան`ընթացող փոփոխությունների մասին

87
(Թարմացված է 21:46 12.08.2020)
ՀՀ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ–ում տեղի ունեցած վերջին կադրային փոփոխություններին։

 

Բարսեղյան. «ԱԱԾ–ն իրականում ինքնամաքրման կարիք ունի»

Տիգրան Բարսեղյանի դիտարկմամբ` ԱԱԾ–ն երկրի հենասյուներից մեկն է, և այդ կառույցում փոփոխությունները նշանակում են, որ անհրաժեշտ են երկրի համար։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը որոնումների մեջ է և ցանկանում է ԱԱԾ–ն դարձնել իրավական տեսանկյունից ամենահզոր կառույցներից մեկը։

«ԱԱԾ փոփոխությունները նշանակում են նաև ընդհանուր փոփոխություններ երկրում, որոնք պիտի նպաստեն ներքաղաքական ու տնտեսական կայունության ամրապնդմանը, բարեփոխումների սահուն իրականացմանը, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների հստակեցմանը, և այս ամենը հետապնդում է մի նպատակ. որպեսզի ԱԱԾ–ն առկա խնդիրները լուծի հետհեղափոխական ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան»,– նշում է գեներալ–մայորը։

Տիգրան Բարսեղյանի գնահատմամբ` նախկին ԱԱԾ–ն սպասարկում էր կոռուպցիոն որոշակի համակարգերին, հետևաբար պետք է ձերբազատվել կոռուպցիոն կապերով կաշկանդված նախկին աշխատակիցներին։ Անդրադառնալով այն հարցին, որ ԱԱԾ ներկայիս տնօրենն ընդամենը 29–ամյա անձ է և համակարգից չէ, ուստի կկարողանա՞ արդյոք արդյունավետորեն լուծել կառույցի առջև ծառացած խնդիրները, Տիգրան Բարսեղյանը նշեց, որ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ կառույցը հաստատապես կհաջողի իր աշխատանքներում, քանզի նորանշանակ տնօրենը վայելում է վարչապետի աջակցությունը։   

«Կարևոր է, որ Արգիշտի Քյարամյանը որոշել է կառույցի ղեկավար կազմում հավաքագրել մաքուր և պրոֆեսիոնալ անձանց, ովքեր պատրաստ են քաշել լուծը և ԱԱԾ–ն դարձնել իրավական կառույց։ Խոսքը վերաբերում է մասնավորապես տնօրենի տեղակալներին ու վարչությունների ղեկավարներին։ ԱԱԾ–ն իրականում ինքնամաքարման կարիք ունի, պետք է ձերբազատվել նախկինների հետ կապ ունեցողներից, ովքեր ձգտում են ռևանշի»,– նշում է ԱԱԾ նախկին պաշտոնյան։

ԱԱԾ տնօրենի տեղակալն իր աշխատասենյակում «ժուչոկ» է գտել. «Հրապարակ»

Բարսեղյանի կարծիքով` ԱԱԾ–ն իրավունք չունի թուլանալու և քաղաքական գործընթացներից հետ մնալու, այլ պետք է շարունակաբար ձեռքը պահի իրադարձությունների զարկերակի վրա, խնդիրներն իրավական հարթությունում ներկայացնի վարչապետին և իշխանություններին։ Ըստ նրա` ԱԱԾ–ն նախկինում փակ համակարգ էր, որովհետև թույլ չէին տալիս տեղեկատվության մատուցում հանրությանը, ինչն անընդունելի է, հետևաբար անհրաժեշտ է աշխատանքների արդյունքները թույլատրելիության սահմաններում պարբերաբար ներկայացնել հասարակությանը, ինչն ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում։   

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի երկու տեղակալ է նշանակել։ Նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել Միքայել Համբարձումյանը և Արմեն Աբազյանը։

Հունիսի 8–ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։  Նույն օրը ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

 

87
թեգերը:
Հրաժարական, պաշտոնյա, պաշտոն, Հայաստան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Սոս Մարգարյան

Անհանգստանա՞լ, թե՞ ոչ. ՀՀ գլխավոր սեյսմոլոգը՝ տարածաշրջանում սեյսմիկ անվտանգության մասին

218
(Թարմացված է 21:25 12.08.2020)
Սեյսմիկ պաշտպանության տարածաշրջանային ծառայության ղեկավար Սոս Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի տարածքում գիշերը տեղի ունեցած երկրաշարժին, որի ցնցումները զգացվել են նաև Հայաստանում։   
Անհանգստանա՞լ, թե՞ ոչ. ՀՀ գլխավոր սեյսմոլոգը՝ տարածաշրջանում սեյսմիկ իրավիճակի մասին

Սեյսմիկ պաշտպանության տարածաշրջանային ծառայության ղեկավար Սոս Մարգարյանի փոխանցմամբ`մարդկանց նկարագրածը մի քիչ հարաբերական է, որովհետև ոմանք ասում են, թե ցնցումները շատ ուժեղ էին, ոմանք էլ նկարագրում են այնպես, ինչպես իրականում պետք է որ լինի։

«Չեմ ցանկանում նման դատողությունների վրա եզրահանգումներ անել։ Իրականում եղել է երկու թույլ հետցնցում, որոնց կապակցությամբ արվել ու արվում է մասնագիտական վերլուծություն։ Նշեմ, որ Իգդիրի խզվածքը բաղկացած է չորս սեգմենտից, արտառոց ոչ մի բան չկա, հետևաբար պետք չէ անհանգստանալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Մարգարյանի տեղեկացմամբ`գրանցվել է թույլ երկրաշարժ, ու քանի որ երկրաֆիզիկական դաշտերը մեծ անոմալիաներ չեն տալիս այս պահին, ապա հաշվի առնելով 4.2 մագնիտուդով ուժգնությունը` կարելի է ասել, որ սեյսմիկ իրավիճակն այժմ իր ֆոնային արժեքների շրջանում է։ 

Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից

Հիշեցնենք, որ անցած գիշեր Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

218
թեգերը:
էպիկենտրոն, Թուրքիա, Երկրաշարժ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում
Մազից կախված. ՀՀ-ում 400 ոչ սեյսմակայուն դպրոց կա
ՀՀ–ում սեյսմիկ ցնցումների քանակն աճել է. 16–ի փոխարեն` 24–հարկանի շենքե՞ր կկառուցվեն
Անհանգստանալու առիթ չկա. ցնցումների օջախային գոտում լարվածությունը թուլացել է. սեյսմոլոգ
Օրիոն-է ԱԹՍ

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

63
(Թարմացված է 01:36 13.08.2020)
Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Ալեքսանդ Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանի  Օդատիեզերական ուժերը 2021թ․-ից կսկսեն բազմաթիրախային հարվածային ԱԹՍ-ներ ստանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՕՏՈՒ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Դրոնովը «Красная звезда» թերթին տված հարցազրույցում: Զորահրամանատարը նշել է. «Անօդաչու ավիացիայի կիրառման արդյունավետությունը հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հատուկ գործողության ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ապահովել է ապօրինի զինված կազմավորումների օբյեկտներին հասցված հարվածների բարձր ճշգրտությունը»:

Беспилотный летательный аппарат (БПЛА) Орион-Э
© Sputnik / Алексей Филиппов
ԱԹՍ

 

Ռուսաստանի օդատիատիեզերական ուժերի մերձավոր և միջին հեռահարության ԱԹՍ համալիրները դեռևս «երկրորդական դերեր» են խաղում՝ ծառայելով ավիացիայի հնարավորությունների ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը։ Աճում է անօդաչու թռչող սարքերի ինտեգրումը ռազմական օդաչուների հետ միասնական տեղեկատվական տարածքում, և հեռանկարում «խելացի» դրոնները կհասնեն ավելիին: Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «ռազմավարական խորքերում խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Գեներալ Դրոնովը չի նշել այն դրոնների «անունները», որոնք շուտով կընդգրկվեն օդատիեզերական ուժերի մարտական կազմում: Սակայն հայտնի է, որ ծանրաքաշ «Охотник»-ը օպերացիոն պատրաստվածության կհասնի 2024 թվականին, իսկ մեծ հզորություն ունեցող ռուսական մյուս երկու անօդաչու թռչող սարքերը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից 2019 թ․-ին պայմանագրված «Ալտիուսը», ինչպես նաև  «Օրիոնը, Սիրիայում հաջող փորձարկումներից հետո գտնվում են ՌԴ օդատիեզերական ուժերի փորձագիտական-մարտական շահագործման փուլում:

Առաջատար «Օրիոնը»

Անօդաչու «Օրիոնը» գործում է մինչև 8000 մետր բարձրության վրա, առանց լիցքավորման կարող է օդում գտնվել ամբողջ 24 ժամ՝ մինչև 250 կգ օգտակար բեռնվածությամբ (սարքի քաշը՝ 1100 կգ): Ունի 8 մետր երկարություն, թևերի բացվածքը 16 մետր է։ Հագեցած է АПД -110/120 մխոցային շարժիչով՝ 1,9 մետր տրամագիծ ունեցող AB-115 երկթիակ պտուտակով։

«Օրիոնի» (և ռուսական այլ ծանրաքաշ դրոնների) հրթիռա-հրետանային սպառազինությունը բաց աղբյուրներում  նվազագույն չափով է արտացոլված: Սակայն փետրվարին «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը լրագրողներին պատմել է անօդաչուների համար թեթևացած զինանոցի՝ 50-100 կգ քաշով հատուկ փոքրածավալ զինամթերքի մշակման մասին, որոնք նախատեսված են նպատակների լայն տեսականու համար:

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից

Հաշվողական տեխնիկայի հզորության աճի և արհեստական ինտելեկտի բարդ ալգորիթմների զարգացմանը զուգահեռ առաջիկա տարիներին թեթևացված բարձր ճշգրտությամբ սպառազինության արդյունավետությունը կարող է կտրուկ աճել:

«Օրիոն» ԱԹՍ-ն հետազոտությունների և զարգացման զգալի ճանապարհ է հաղթահարել, հաջողությամբ շահագործվում է։ «Օրիոն» նախագիծը ՌԴ ՊՆ-ի պատվերով մեկնարկել է 2011թ․-ին, թռիչքային փորձարկումները սկսվել են 2016թ․-ին, ռումբային սպառազինությամբ՝ 2018թ․-ից սկսած։

«Օրիոն» միջին բարձրության անօդաչու սարքի սերիական արտադրությունը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսին: Նախատեսվում է տարեկան մինչև 30 նման մեքենաներ թողարկել (յուրաքանչյուր համալիրի կազմում ՝ երեքից վեց դրոն, կախված դրված խնդիրներից՝ հետախուզական կամ հարվածային):

Արտադրող ընկերությունը («Քրոնշտադտ» Գրուպը) ավելի վաղ հայտարարել էր, որ «Օրիոն» ԱԹՍ-ի արտահանվող տարբերակը կլինի հարվածային: Այս տեղեկությունն արդեն հետաքրքրել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի ռուս գործընկերներին։ Իհարկե, «Օրիոնի» հաջող մեկնարկը նկատել են նաև Ռուսաստանի թշնամիները։

Ատոմային «Ալտիուսը»

Մեծ հեռահարության «Ալտիուս» ծանրաքաշ տուրբոպտուտակային անօդաչուն առաջին ավտոմատ ռեժիմով թռիչքը կատարել է 2019 թ․-ի օգոստոսին՝ 28,5 մ թևի բացվածքով և 11,6 մ երկարությամբ կորպուսը կարող է 2 օր  մինչև 2 տոննա մարտական բեռ կրել՝ ընթանալով 250 կմ/ժամ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և հաղթահարել մինչև 10 հազար կիլոմետր հեռավորություն: Կոմպոզիցիոն նյութերի օգտագործմամբ կառուցված անօդաչու սարքի սեփական քաշը տարբեր տվյալներով կազմում է հինգից վեց տոննա:

Беспилотный летательный аппарат Альтиус-У
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:

Իներցիալ նավիգացիոն СП-2 համակարգը նվազեցնում է օդում սարքի հայտնաբերման հնարավորությունները, ապահովում լրացուցիչ կայունություն հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային հակազդեցության նկատմամբ: Այն ունի արհեստական բանականություն (ամբողջ «ուղեղը» խոստանում են ներդնել մինչեւ 2020 թվականի վերջը), անօդաչու «Ալտիուսը» կարող է ինքնուրույն, առանց օպերատորի մասնակցության փոխգործակցել օդաչուավոր ինքնաթիռների հետ:

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը

Ռազմածովային նավատորմի և ռազմաօդային ուժերի Գլխավոր շտաբի աղբյուրները հայտնեցին, որ «Ալտիուսի» հետախուզական արդիականցումը կստանա գերձայնային ռադիոլոկատոր և նորագույն օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներ, իսկ հարվածային ԱԹՍ-ն կարող է հականավային հրթիռներ կրել։

Ենթադրվում է, որ խոսքը մինչև 260 կմ հեռահարությամբ և մոտ 500 կգ զանգվածով, արբանյակային նավիգացիայի համակարգով և ինքնանշանառության ակտիվ-պասիվ ռադիոլոկացիոն գլխիկով (այս դեպքում «Ալտիուս»-ին կարելի է մինչև 4 հականավային հրթիռով) x-35 ցածրադիր հրթիռի մասին է:

Беспилотный летательный аппарат «Альтиус-У».
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

Նորագույն անօդաչուի սերիական արտադրությունը ծավալվում է Քաղավիացիայի Ուրալի գործարանում («УЗГА» ԲԸ), որի հետ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել «Ալտիուս-ՌՈւ»(այսպես են կոչել ԱԹՍ-ի վերջնական տարբերակը, որին հասել են նախկինում թողարկված բոլոր նախատիպերի՝ «Ալտաիր» տեսակի ԱԹՍ-ների փորձարկումների արդյունքում) անօդաչու թռչող սարքի փորձնական-կոնստրուկտորային աշխատանքների կատարման վերաբերյալ: Միաժամանակ կատարելագործվում է հեռանկարային ավիացիոն համալիրների տեղակայման համակարգը, իսկ դա ավելի քան հարյուր օդանավակայան է։

Բարձր թռիչք ապահովող, մեծ հեռահարության և թռիչքի համար երկար ժամանակ ունեցող դրոնների օդային գերիշխանության աճը, հարվածային հետախուզական անօդաչուների ակտիվ օգտագործումն ու «ինտելեկտուալացումը», ռազմական մասնագետների և մարտական ռոբոտների համատեղ գործողությունները դառնում են անշրջելի միտում: ՌԴ Զինված ուժերի զանգվածային զինումը ԱԹՍ-ներով թույլ կտա նկատելիորեն բարձրացնել դրանց մարտական պատրաստության արդյունավետությունը, անհաղթահարելի խոչընդոտներ կստեղծի հավանական ագրեսորի ճանապարհին՝ օդում, ջրում և ցամաքում:

Մինչդեռ Ռուսաստանը նախատեսում է 2022թ․-ին թողարկել ևս մեկ ծանրաքաշ ԱԹՍ։ Դա «Սիրիուսն» է, որն ի վիճակի է օդում մնալ մինչև 40 ժամ, հաղթահարել մինչև 10 հազար կմ՝ 295 կմ/ժ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և մեկ տոննա օգտակար բեռնվածությամբ։

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի՝ գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:Այդ մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Ոչ այնքան հեռավոր ապագայի պատերազմների ընթացքն ու ելքը կախված կլինի արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների արդյունավետությունից, որն այսօր ինտենսիվ ձևավորվում և կատարելագործվում է բոլոր ոլորտներում։ Անխռով և «անխոցելի» ռոբոտացված դրոնները օրինաչափորեն իրենց վրա են վերցնում օդաչուավոր ավիացիայի ավելի ու ավելի շատ գործառույթներ:

 

63
թեգերը:
Զենք, Ռուսաստան, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է
Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ
Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը