Աստղիկ Հովհաննիսյան

Հովհաննիսյան. «Ֆրիլանսերների դաշտը Հայաստանում դեռ հանգամանորեն ուսումնասիրված չէ»

51
(Թարմացված է 13:46 03.01.2020)
Տնտեսագետ Աստղիկ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է աշխատաշուկայի զարգացման և զբաղվածության նոր տեսակի մասին, որն առնչվում է ֆրիլանսերներին:
Հովհաննիսյան. «Ֆրիլանսերների դաշտը Հայաստանում դեռ հանգամանորեն ուսումնասիրված չէ»

Հայաստանում աշխատաշուկայի միտումները հասկանալու համար կարևոր է նաև ամբողջ աշխարհի կտրվածքով պատկերացում կազմել աշխատաշուկայի միտումների մասին: Sputnik Արմենիայի եթերում ասում է տնտեսագետ Աստղիկ Հովհաննիսյանը։ Արդեն մի քանի տարի է, ինչ ամբողջ աշխարհում ուսումնասիրում են զբաղվածության մի նոր տեսակ, որը ներառում են գիգ տնտեսության («gig economy») մեջ:

«Մեր շրջապատում շատ ենք առնչվում այդ խմբի մարդկանց հետ, որոնք տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում իրենց աշխատանքը կատարում են տնից համակարգչով: Նրանց անվանում են ֆրիլանսեր («freelancer»), և այս դաշտը Հայաստանում դեռ հանգամանորեն ուսումնասիրված չէ, մինչդեռ ամբողջ աշխարհում այս շուկան մի քանի տարի է, ինչ ենթարկվում է լուրջ հետազոտման»,- նշում է տնտեսագետը:

Հովհաննիսյանի վկայակոչած միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆրիլանսերների քանակը գնալով աճում է: Հետաքրքիր է, որ աշխարհի 175 երկրների շարքում Հայաստանը 4-րդն է՝ ըստ 1000 բնակչին ընկնող ֆրիլանսերների թվաքանակի, միաժամանակ առաջինն է՝ ըստ գրանցված ակտիվ ֆրիլանսերների տեսակարար կշռի՝ 26,85 տոկոս:

«Եթե նախկինում ֆրիլանսերների խնդիրն առնչվում էր ֆինանսական կայունությանը, այսինքն՝ կարող էին հեռակա կերպով աշխատել մե՛կ այս, մե՛կ այն գործատուի մոտ, ապա այսօր նրանց մեծ մասը ֆինանսապես ապահով և կայուն է զգում»,- նշում է տնտեսագետը:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նույն արտասահմանյան ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տասը տարվա ընթացքում նման կերպ 79 տոկոսով աճել է աշխատող մայրիկների թվաքանակը, ինչը ցույց է տալիս, որ տվյալ աշխատանքը բավականին հարմար է բնակչության մի ստվար շերտի համար:

51
թեգերը:
աշխատանք, ֆրիլանսեր, Աստղիկ Հովհաննիսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ր ուսումնական հաստատությունները կվերանորոգվեն 2020-ին
Ինչ մասնագիտություններ պետք է ընտրեն հայաստանցի երիտասարդները, որպեսզի չսխալվեն
Աշխատաշուկայում իրավիճակ է փոխվել. գործատուները պատժո՞ւմ են աշխատանք փնտրող տեղացիներին
Ալեքսանդր Մարկարով

Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա

186
(Թարմացված է 20:07 10.08.2020)
Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին և հետընտրական լարվածության հանգուցալուծման տարբերակներին։
Մարգարով. «Լուկաշենկոն ժամանակի հետ վատացրեց հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ–ի հետ»

Ալեքսանդր Մարկարովը մատնանշում է հանգուցալուծման երկու տարբերակ, և ըստ այդմ` խոսքը վերաբերում է կա՛մ արմատական փոփոխություններին, որոնց արդյունքում Լուկաշենկոն ստիպված կլինի թողնել իր պաշտոնը, կա՛մ ավելի մեղմ քաղաքական փոփոխություններին, երբ Լուկաշենկոն կշարունակի պաշտոնավարել, սակայն ստիպված կլինի իրականացնել որոշակի բարեփոխումներ։

«Համակարգը, որը չի արձագանքում ներսում եղած փոփոխություններին, վաղ թե ուշ կարող է փլուզվել, քանզի չի ադապտացվում օրվա պահանջներին։ Բելառուսում երկար ժամանակ առկա է եղել փոփոխությունների պահանջարկը, որն հանդիպում էր կոշտ դիրքորոշման նախագահ Լուկաշենկոյի կողմից, իսկ ընդդիմություն որպես այդպիսին չկար, և ինչ էլ կար, պարզապես մարգինալ վիճակում էր, հետևաբար իրական մրցակցային գործընթացը երկար ժամանակ երկրում բացակայում էր։ Համակարգն առանց մրցակցության ժամանակակից պայմաններում շատ բարդ է պատկերացնել»,– նշում է քաղաքագետը։

Մարկարովի կարծիքով` Բելառուսում տեղի ունեցող հետընտրական իրադարձությունները սպասելի էին, հետևաբար խնդիրն այն է, թե արդյո՞ք Լուկաշենկոն կգնա ավելի կոշտ քայլերի, իսկ ընդդիմությունն իր կերթին կկարողանա՞ արդյոք պահպանել լարվածության աստիճանը, կլինի՞ ավելի վճռական, որպեսզի հասնի արմատական փոփոխությունների, և չկրկնվի նախորդ ընտրություններին հաջորդած իրավիճակը, երբ ամեն ինչ հետզհետե հանդարտվել է ու մնացել առանց համակարգային փոփոխության։

Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո առաջին հայտարարությունն է արել

«Չնայած Լուկաշենկոն տարիներ առաջ ստանում էր արտաքին մեծ օժանդակություն, սակայն այժմ ունի լուրջ խնդիրներ նաև արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից, որովհետև ժամանակի հետ վատացրել է հարաբերություններն ինչպես Արևմուտքի հետ, այնպես էլ Ռուսաստանի»,– նշում է քաղաքագետը։

Մարկարովի խոսքով` երկու կողմերն էլ պնդում են, որ ստացել են ավելի շատ ձայներ, հետևաբար խնդիրն այն է, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես կպաշտպանի ընտրության արդյունքներն ու ինչպես կապացուցի իր տեսակետի ճշմարտացիությունը։ Ըստ նրա` բոլոր դեպքերում միանշանակ է, որ փոփոխությունների պահանջարկը վաղուց արդեն հասունացել է այդ երկրում, և դժգոհության աստիճանը նույնիսկ ոչ ինստիտուցիոնալ ու ոչ լիովին կազմակերպված ընդդիմության պարագայում այսօր ավելի ուժեղ է, քան եղել է նախկինում։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը:

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։

Sputnik Բելառուսի լրագրողին ծեծել են Մինսկում բախումների ժամանակ

186
թեգերը:
Ալեքսանդր Մարկարով, Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուս
Ըստ թեմայի
Ռուսատանի և Բելառուսի հարաբերությունները լարվա՞ծ են. Լուկաշենկոն հերքում է
Մինսկում բողոքի ակցիան վերածվել է ՕՄՕՆ –ի հետ բախումների․ կան տուժածներ
«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ
Հովհաննես Քոչարյան

Կադրային արագ փոփոխությունները բերում են շփոթի և անորոշության. նախկին փոխոստիկանապետ

50
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ոստիկանության ղեկավար կազմում վերջին կադրային փոփոխություններին։
Քոչարյան. «Ոստիկանությունում կադրային արագ փոփոխությունները բերում են շփոթի և անորոշության»

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` հավանաբար ոստիկանության համակարգում փոփոխությունների պատճառն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը գոհ չէ ոստիկանության աշխատանքից։ Ըստ նրա` կադրային քաղաքականության կայունությունն ու կանխատեսելիությունը միշտ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, իսկ արագ փոփոխությունները հանգեցնում են շփոթի և անորոշության։

«Որքան շուտ կատարվեն նշանակումները և ներկայացվեն պաշտոնաթողությունների հանգեցրած պատճառները, այնքան համակարգը շուտ կգա իր բնականոն վիճակին։ Այնպես չէ, որ և՛ ոստիկանապետի, և՛ նրա տեղակալների պաշտոնները չպետք է արագ փոփոխվեն, քանի որ օրենքով ստատիկ պաշտոններ չեն։ Եթե չկա ցանկություն, որ այդ մարդիկ աշխատեն, ուրեմն նրանք կփոխարինվեն, իսկ նրանցից ներքև գտնվող ծառայողների պարագայում վիճակը մի փոքր այլ է, օրենքով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ նրանք կարող են պաշտոնանկ արվել, բայց պետի ու նրա տեղակալների պարագայում նման հիմքեր նախատեսված չեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Նախկին փոխոստիկանապետի կարծիքով` պաշտոնատար անձանց մոտ անորոշությունն ու անկանխատեսելիությունը բերում է նաև որոշակի ստանդարտացման, սակայն կառավարությունն այդ իրավիճակը հարթելու համար կարծես գիտակցել է, որ կազմակերպաիրավական ձևի փոփոխության խնդիր կա ոստիկանությունում, և պատահական չէ, որ վերջերս անընդհատ խոսվում է Ներքին գործերի նախարարություն հիմնելու մասին։ 

ՀՀ երկու փոխոստիկանապետներն աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել. ԶԼՄ

«Գաղափարը, որպես այդպիսին, ճիշտ է և կբերի նրան, որ ոստիկանապետի ու նրա տեղակալների պաշտոններն արագ չեն փոփոխվի, այլ կփոփոխվեն քաղաքական թիմը ներկայացնող պաշտոնները` նախարարն ու տեղակալը, այսինքն՝ քաղաքական–տեխնոկրատական պաշտոնի դուալիզմն իր լուծումը կստանա միայն այդ դեպքում, և վերջապես կհստակեցվեն այն պաշտոնները, որոնք պետք է զբաղվեն գերատեսչական քաղաքականության մշակմամբ, ու միայն այդ դեպքում խնդիրները կլուծվեն»,– նշեց նախկին պաշտոնյան։ 

Քոչարյանի գնահատմամբ` կադրային փոփոխությունները պետք է իրականացվեն ոչ թե ցանկությամբ, այլ ինստիտուցիոնալ կերպով, օրենսդրական երաշխիքներով ապահովված։ Ըստ նրա` միակ բացն այն է, որ հանրությանը թերևս չի տրվում բավարար տեղեկություն պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից:

50
թեգերը:
կառավարություն, ազատման դիմում, Ոստիկանություն, Հովհաննես Քոչարյան
Ըստ թեմայի
ՀՀ ոստիկանությունը հայտնում է` 4 օրում քանի հանցագործություն է բացահայտել
Ոստիկանությունը զբաղվում է Սևանի ափին տեղի ունեցած «անդիմակ» համերգ–խնջույքով. տեսանյութ
Փնտրում էին Ռուսաստանում, գտան Հայաստանում. ոստիկանությունը խոշոր գործարար է ձերբակալել
Ոստիկանությունը բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպաններին. Փաշինյանի մեթոդը չօգնեց
Կարմիր հաղարջ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

0
(Թարմացված է 15:24 10.08.2020)
Այս անուշաբույր ու շատ թթու հատապտուղը կարող է բարենպաստ ազդեցությունն ունենալ տարբեր օրգանների վրա, բայց նաև հակացուցումներ ունի։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի նյութում։

Կարմիր հաղարջը կոկռոշազգիների ընտանիքի բույս է։ Ի տարբերություն սև հաղարջի՝ կարմիր հաղարջի թփերն ավելի սեղմված են ու դեպի վեր ձգված։

Այս բույսի հայրենիքն Արևմտյան Եվրոպան է, որտեղ ժամանակին այն որպես դեղաբույս է աճեցվել։ Առաջին բերքը սկսում են հավաքել հունիսի վերջին, բայց գրեթե ամբողջ ամառ պտուղ է տալիս։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Կարմիր հաղարջն իր հատկություններով ամենաարժեքավոր հատապտուղներից է։ Հարուստ է օրգանական թթուներով, որի համադրությամբ էլ պայմանավորված է հաճելի, թարմացնող համը։ Պարունակում է А, С, Е վիտամիններ, նաև երկաթ, կալիում, սաթաթթու ու խնձորի թթու։ Բացի այդ, հաղարջի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտեր կան, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումն ու հակազդել քաղցկեղային բջիջներին։

Երիտասարդություն ու տոնուս

Կարմիր հաղարջի մեջ եղած սաթաթթուն ու խնձորի թթուն, որոնք էներգիա տվող միացությունների խմբին են պատկանում, արդյունավետ են գերհոգնածության ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ մարզիկներին խորհուրդ է տրվում հաղարջի հյութ խմել՝ մարաթոնյան վազքի ժամանակ տոնուսը պահելու ու մրցումներից հետո ուժերն արագ վերականգնելու համար։ Նշված թթուները շատ օգտակար են նաև տարեցներին։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Սրտի ու նյութափոխանակության համար

Կարմիր հաղարջի մեջ շատ է անոթներին անհրաժեշտ երկաթը, ինչպես նաև կալիումը, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա ու օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը՝ կանխելով այտուցներն ու աչքերի տակի պարկերը։

Կարմիր հաղարջը ախորժակ է բացում և նպաստում կենդանական սպիտակուցի յուրացմանը։

Բուժիչ հատկություններ

Կարմիր հաղարջի հյութը ջերմիջեցնող, հակաբորբոքային ու քրտնաբեր հատկություն ունի, օգնում է սակավարյունության ժամանակ։ Օգտակար է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, քանի որ նպաստում է ուրատների՝ միզաթթվի աղերի դուրս բերմանը։

Օգտակար են նաև կարմիր հաղարջի թարմ ու չորացրած տերևները։

Ինչպե՞ս ընտրել

Կարմիր հաղարջ գնելիս ուշադրություն դարձրեք, որ հատիկները լինեն ամբողջական ու չոր։ Այս հատապտուղը չի կարելի երկար պահել, բայց սառեցման ժամանակ շատ լավ են պահպանվում օգտակար հատկությունները ։

Կիրառությունը

Հաղարջով մսային ու ձկնային ուտեստների սոուսներ, դոնդող ու մարմելադ են պատրաստում, հատապտուղն ավելացնում են սմուզիի մեջ ու անուշաբույր խմորեղեն թխում։ Բացի այդ, կարելի է հիանալի հյութ ու կոմպոտ սարքել։

Հակացուցումներ

Չնայած այս հատապտղի օգտակար հատկություններին, կան նաև հակացուցումներ։ Օրինակ` կարմիր հաղարջի հյութը հակացուցված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի, սուր գաստրիտի ու հեպատիտների, ինչպես նաև արյան ցածր մակարդելիության դեպքում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

0
թեգերը:
օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում