Ռեյ Կուրցվեյլ (2007թ. փետրվարի 7, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ)

Ռեյ Կուրցվեյլի կանխատեսումները՝ ազգային պետության վերացում, հավերժ կյանք, նոր մարդ

803
(Թարմացված է 19:24 02.12.2019)
Եկեք անկեղծ լինենք։ Երբ գալիս է վերջին ամիսը՝ դեկտեմբերը, սովորաբար մարդ սկսում է մտածել տարին ամփոփելու մասին։ Բայց ամփոփելու ժամանակ դեռ կունենանք։ Ավելի լավ է ապագային նայենք։ Խոսքը 2020 թվականի մասին չէ։ Եկեք հեռավոր ապագային նայենք։

Փորձենք պատկերացնել, թե աշխարհն այդ ժամանակ ինչպիսին կլինի, ընդհանրապես ո՛ր ուղղությամբ է զարգանում մեր քաղաքակրթությունը, ինչպիսի արմատական փոփոխություններ կարող են տեղի ունենալ։

Ուզում եմ այսօր ներկայացնել ամենահայտնի ֆուտուրոլոգներից մեկի՝ ամերիկացի Ռեյ Կուրցվեյլի կանխատեսումները։

Առաջին՝ Կուրցվեյլը պնդում է, որ ազգային պետությունը որպես այդպիսին ուղղակի հեռանկար չունի և կամաց-կամաց մեռնելու է։ Ինքը հիմնավորում է՝ ողջ աշխարհի բնակչությունը շատ ավելի փոխկապակցված է դարձել, գլոբալ հասարակություն է ձևավորվում։ 

Ազգային պետության վերացման հեռանկարը, բնականաբար, շատ շատերին դուր չի գա, բայց չէ՞ որ ամեն օր մտնելով, ասենք, Ֆեյսբուք, բոլորս դառնում ենք այդ գլոբալ հասարակության մասնիկը, այսինքն արդեն մեր ժամանակի մի մասն անցկացնում ենք գլոբալ հասարակությունում։ Ու սա խորանալու է։

«Աճող սերունդը,- ասում է Ռեյ Կուրցվեյլը,- իրեն արդեն աշխարհի քաղաքացի է զգում, որովհետև շփվում է աշխարհով մեկ սփռված մարդկանց հետ և դա արդեն որևէ մեկին չի զարմացնում»։

Մի հասարակ օրինակ բերեմ։ Եթե դուք սիրում եք, ասենք, Ֆրանց Կաֆկայի գործերը, դուք միգուցե ավելի շատ համախոհներ կգտնեք հեռավոր երկրներում, քան ձեր շրջապատում։

Ամերիկացու երկրորդ կանխատեսումը՝ մարդու կյանքի տևողությունը գնալով ավելի ու ավելի է մեծանալու։ Կուրցվեյլը շատ կոնկրետ հիմնավորում է բերում։

Ասում է՝ ձեր ապրած մեկ տարվա ընթացքում գիտությունը երկարացնում է ձեր կյանքը ավելի քան մեկ տարով։

Չգիտեմ՝ արդյո՞ք հասկանալի է։ Տեսեք. մենք բոլորս այս 2019 թվականը ապրեցինք ու մեր բոլորիս կյանքից մի տարի պակասեց։

Սակայն այդ ընթացքում գիտությունը այնպիսի նվաճումների հասավ, որոնք կարող են մեր այդ մի տարին ոչ միայն փոխհատուցել, այլև դրան ավելացնել, ասենք, ևս մեկ շաբաթ։ Ու եթե այս միտումը շարունակվի, համաձայնեք, կգա մի պահ, երբ այդ մեկ շաբաթները ավելանալով, ամիսներ ու տարիներ դառնալով՝ մեր կյանքն ի վերջո գործնականում հավերժ կդարձնեն։ Չգիտեմ՝ կարողացա արդյոք մատչելի ձևով ներկայացնել ամերիկացու գաղափարը, բայց բոլոր դեպքերում, համաձայնեք, շատ հաճելի է պատկերացնել, որ գոնե մեր ժառանգները, միգուցե ծոռների ծոռները, այնուամենայնիվ հավերժական կյանքի հույս կունենան։

Изобретатель Рэй Курцвейл перед музыкальным микшерным пультом в своем офисе (12 января 2005). Уэллсли, штат Массачусетс
STEVEN SENNE
Նշանավոր գյուտարար և ապագայաբան Ռեյ Կուրցվեյլը

Եվ վերջապես Ռեյ Կուրցվեյլի երրորդ հիմնարար կանխատեսումը, որը էլի շատերին կարող է, մեղմ ասած, բավական վիճահարույց թվալ։

Տեխնոլոգիաները, ասում է նա, թույլ են տալիս մեզ վերաիմաստավորելու, թե ինչ է իրենից ներկայացնում մարդ արարածը։ Մարդը, օգտվելով նորանոր տեխնոլոգիաներից, փոխվում է ու որակապես նոր մարդ է դառնում։ Ինքը այլ էր այն ժամանակ, երբ դեռ չգիտեր, թե ինչպես կարելի է կրակ վառել և նետ ու աղեղ պատրաստել, իմանալուց հետո՝ բոլորովին այլ, շատ ավելի հզոր դարձավ։

Եվ ամեն անգամ հասնելով նոր տեխնոլոգիական նվաճումների, մարդը ավելի ու ավելի է կատարելագործվում որպես մարդ։ Այդ նվաճումները դառնում են նրա ամենօրյա կյանքի ուղեկիցը՝ բառիս բուն իմաստով՝ մենք արդեն չենք պատկերացնում մեզ առանց բջջայինի։

Բջջայինը՝ մեր անքակտելի մասն է դարձել, կարելի է ասել՝ մեր մարմնի մի մասը, մեր ձեռքի շարունակությունը։

Ավելին ասեմ՝ հենց այսօր կարող եմ Ֆեյսբուքում ֆեյք էջ բացել, ֆոտոշոփով մի գայթակղիչ աղջկա նկար դնել ու ներկայանալ որպես հմայիչ երիտասարդ կին։ Եվ բոլորը կցանկանան ինձ հետ ընկերություն անել, հիացական մեկնաբանություններ կգրեն՝ «Վախ, ինչ սիրուն ես»։

Այսինքն՝ ցանկացած մարդ արդեն հնարավորություն ունի ապրել երկրորդ, երրորդ, չորրորդ վիրտուալ կյանքով և ընկալվել բոլորի կողմից որպես իրական անձնավորություն։

Դուք կարող եք այս ամենը տարբեր կերպ ընդունել, բայց հերքել այն իրողությունը, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ մարդը որակապես նոր մարդ է դառնում, հո չեք կարող։

 

803
թեգերը:
ապագայաբանություն, Ֆուտուրոլոգիա, Ռեյ Կուրցվեյլ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (44)