Բողոքի ցույց ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեմ (2019թ. նոյեմբերի 8, Երևան)

«5 րոպե Դուլյանի հետ». Ինչու է աղմկում ուսանողը

165
(Թարմացված է 11:52 08.11.2019)
Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ բաներ են կատարվում Հայաստանում այս վերջին օրերին։ Ուսանողական դասադուլներ ու ցույցեր՝ կրթության նախարարության և նախարարի դեմ։

Տարբեր երկրներում նման բողոքի ակցիաներ կազմակերպվում են այն դեպքում, երբ չինովնիկները փորձում են ինչ-որ բան փաթաթել ուսանողի վզին, պարտադրել նրան վարվել այնպես, ինչպես նա չի ցանկանում։ Հիշենք «Փինք ֆլոյդ» խմբի հանրահայտ երգը՝ «We don't need no education, We don't need no thought control»՝ «Մեզ ոչ մի կրթություն էլ պետք չէ, մի վերահսկեք մեր մտքերը»… Այսինքն՝ հնարավորինս ազատ թողեք մեզ, թույլ տվեք մենք ինքներս որոշենք, թե մեզ ինչ է հարկավոր։

Շատ դժվար է պատկերացնել ու հասկանալ, բայց Հայաստանում ճիշտ հակառակն է՝ ուսանողները պահանջում են՝ պարտադրեք մեզ, մենք չենք կարող ապրել առանց պարտադրանքի։ Եվրոպայում կամ Ամերիկայում պատմես՝ ուղղակի չեն հավատա։ Երևի գիտեք՝ խոսքն այն մասին է, որ շատ երկար ու բարդ անունով այդ նախարարության ղեկավարը, որը վերահսկում է նաև կրթության ոլորտը, առաջարկել է ոչ պարտադիր դարձնել հայոց լեզվի ու գրականության, նաև հայոց պատմության դասավանդումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։Այսինքն՝ պարզապես համալսարանների, ֆատուլտետների ղեկավարներին, գիտական խորհուրդներին ասվում է՝ ինքներդ որոշեք՝ եթե գտնում եք, որ տվյալ մասնագիտության տեր մարդկանց համար հայերենի և պատմության լավ իմացությունը պարտադիր է՝ պարտադիր դարձրեք այդ առարկաները։ Այո, ուսուցիչը, բանասերը, պատմաբանը, ինչու չէ՝ նաև լրագրողը պարտավոր են լավ իմանալ հայերենը և պատմությունը։ 

Իհարկե, լավ կլիներ նաև, եթե բժիշկը շատ լավ խոսեր հայերեն ու նաև հետաքրքվեր մեր պատմությամբ։ Բայց կներեք, երբ ես գնում եմ բժշկի մոտ, ինձ շատ քիչ է հետաքրքրում, արդյոք նա գիտի, թե ինչպես է գրվում «վայրէջք» բառը կամ արդյոք տեղյակ է, թե որ թվականին է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը, մանավանդ, որ այդ ճակատամարտի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում՝ արդյոք դա իրոք վճռորոշ կռիվ է եղել, թե սահմանային բախում։

Այո, էդպիսի կարծիք էլ եմ լսել, որը խիստ տարբերվում է դասագրքային նկարագրությունից։ Բայց եթե հիմա սկսենք վիճել Ավարայրի շուրջ, մեր վիճաբանությունը հաստատ առնվազն մինչև Նոր տարին կտևի։ Ուղղակի ուզում էի ասել, որ երբ դիմում եմ բժշկին, ինձ համար ամենակարևորն այն է, որ ինքը ճիշտ ախտորոշի հիվանդությունս և ճիշտ բուժում նշանակի։
Չեմ ուզում մեղադրել բողոքող ուսանողներին, միգուցե ինչ-որ բան սխալ են հասկացել։ Դա ինձ համար ամենևին էլ զարմանալի չէ, մանավանդ, որ վերջերս մի շատ հարգված գործչի, նախկին պաշտոնյայի կարծիքը կարդացի, գրում է՝

«Հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները հանելը նման է հիվանդ գլուխը կտրելուն»։

Կներեք, ախր ով է խոսում այդ առարկաները հանելու մասին. ընդամենն ասվում է, որ ամեն ինչ թողնվում է բուհի հայեցողությանը։
Եվ վերջապես, մարդ ուզում է հարցնել բողոքող ուսանողին՝ եթե դու ուզում ես գերազանց տիրապետել մայրենի լեզվին կամ խորանալ մեր պատմության մեջ, քեզ ո՞վ է խանգարում, ո՞վ է արգելում։

Այդ մե՛ր ժամանակ՝ Սովետի օրոք, արգելված գրականություն կար՝ իրար էինք փոխանցում Սոլժենիցինի գրքերը ու գիշերով կարդում, վախենալով, որ ուր որ է կիմանան ու ԿԳԲ-ից կգան, կտանեն կնստեցնեն։ Հիմա հո նման բան չկա։

Անկեղծ ասած, չեմ ուզում հավատալ որոշ մարդկանց կողմից շրջանառության մեջ դրված վարկածին՝ թե իբր հումանիտար ֆակուլտետների ուսանողները շահադիտական նկատառումներով են բողոքում, շատ լավ գիտեն, որ բուհն ավարտելուց հետո ամենայն հավանականությամբ մնալու են նույն բուհում՝ հայոց լեզու, գրականություն կամ պատմություն են դասավանդելու, դրա համար էլ ուզում են, որ այդ առարկաները պարտադիր մնան։ Այլապես ստիպված կլինեն գնալ դպրոց, իսկ այնտեղ բոլորս գիտենք, թե որքան են վճարում։
Չեմ էլ ուզում կրկնել բազմիցս հնչեցրած թեզը, որ եթե դպրոցում հայերենը և պատմությունը լավ դասավանդեին, բուհում այդ առարկաների կարիքն ընդհանրապես չէր լինի։ Այլ կերպ կձևակերպեի՝ եթե մեր դպրոցներում անկախ մտածող մարդ դաստիարակեին, ինքը կորոշեր՝ հայերենի ու պատմության իմացությունն իրեն պե՞տք է, թե՞ ոչ։

165
թեգերը:
դասադուլ, Բողոքի ակցիա, Ուսանող, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան