Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ քաղաքական գործընթացներն ավելի շուտ ունեն ինտրիգային բնույթ, ծավալվում են ինտրիգների շուրջ: Օրինակ`Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող գործընթացը կամ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ներկայացումը:
«Դրանք խորքային գործընթացներ չեն: Հեղափոխությունն առայժմ նոր քաղաքական մշակույթ չի բերել, և մենք միշտ պտտվում ենք նույն թեմաների շուրջ, որոնցից որոշները մեզ տանում են անցյալ և չենք կարողանում ապագային միտված օրակարգ ձևավորելու համար լուծումներ գտնել»,- նշում է Սուրեն Սուրենյանցը:
Ըստ քաղաքագետի՝ այնպիսի տպավորություն է, որ քաղաքական կյանքն ակտիվ է, բայց այստեղ կան որոշակի վերապահումներ: Փաստացի չունենք ընդդիմություն, մինչդեռ ուժեղ ընդդիմությունն, իհարկե, քաղաքական աքսիոմա է, այնպիսի անառարկելի փաստ է, ինչը հերքելը կնշանակի կասկածի տակ դնել ժողովրդավարությունը:
«Խորհրդարանում ներկայացված երկու ֆրակցիաներին պայմանականորեն կարելի է կոչել ընդդիմադիր, որովհետև նրանք իրենց մեջ ֆունդամենտալ այլընտրանք չեն մարմնավորում: Խորհրդարանից դուրս կան ուժեր, որոնք կապված են հին համակարգի հետ: Այստեղ նույնպես շատ դժվար է ընդդիմության մասին խոսել, որովհետև ՀՀԿ-ն և Քոչարյանի կողմնակիցներն ամեն կերպ ձգտում են օրակարգը տեղափոխել դեպի անցյալ»,- նշում է Սուրեն Սուրենյանցը:
Քանի որ իշխանությունը չունի կրեատիվ մոտեցումներ, հետևաբար, նույնպես ներքաշվում է անցյալի հորձանուտի մեջ: Սուրենյանցի համոզմամբ՝ Հայաստանն ունի դեմոկրատական այլընտրանքի անհրաժեշտություն, այնպիսի ընդդիմության, որը կասկածի տակ չի դնում հեղափոխությունը և այն չի նույնացնում իշխանության հետ, այլ փորձում է ձևավորել այլընտրանք:
Նախարարը խոստանում է դաշնակցականների բերած արկղերը լցնել նրանց վերաբերյալ քրգործերով
Քաղաքագետի կարծիքով՝ այսօր կա հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների շեշտակի անկում, տեղի է ունենում հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիա, այսինքն՝ հանրությունն այլևս հեղափոխական տրամադրություններով չի ապրում, ուստի սև-սպիտակի քաղաքականությունն իրեն այլևս չի կարող արդարացնել: