Թևան Պողոսյան

Պողոսյան. «Վարչապետը փաստեց, որ Ղարաբաղի խնդրում չի լինի լուծում, որի հետ համաձայն չենք» 

277
(Թարմացված է 23:38 04.11.2019)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի տեսակետներին, որոնք առնչվում են Ղարաբաղյան բանակցային գործընթացին, սահմանային իրավիճակին ու Արցախի իշխանությունների հետ հարաբերություններին:

Ողջունելի է այն թափանցիկությունը, որն իր գործելաոճում որդեգրել է  ՀՀ վարչապետը, և ժամանակ առ ժամանակ ազգաբնակչությանը տեղեկացնում է այս կամ այն հարցի վերաբերյալ իշխանությունների մոտեցումների մասին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ 

«Հերթական անգամ մի քանի խնդիր փաստվեց ու ներկայացվեց այն, թե մեզ ինչ էին խոստացել դեռևս դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ: Առաջինը՝ ղարաբաղյան խնդրում չի լինելու որևէ լուծում, որին մենք համաձայն չենք: Երկրորդ՝ Փաշինյանն այնտեղ գտնվում է, որ միայն Հայաստանի շահերը ներկայացնի, և Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, և երրորդ՝ ոչ մի դավադրություն չի լինելու և պայքարելու ենք մինչև վերջ ու ոչինչ չենք զիջելու»,-թվարկեց Թևան Պողոսյանը: 

Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետը տողատակով հասկացնում է, որ պատրաստ ենք ցանկացած սցենարի: Սահմանային լարվածության առթիվ մենք պետք է գիտակցենք, որ ադրբեջանցիները միշտ ձգտելու են մեզ ճնշել, պառակտել, որպեսզի կարողանան իրենց խնդիրը լուծել:

Թևան Պողոսյանի կարծիքով` ադրբեջանցիները մի պահ ինտենսիվորեն չէին կրակում, որովհետև զբաղված էին ինժեներական աշխատանքներով: Միևնույնն է, նրանք շարունակելու են իրենց գործելաոճը` անկախ այն հանգամանքից, թե ով է Հայաստանում լինելու իշխանության ղեկին: Իսկ մենք պետք է դիմակայենք, ապացուցենք, որ ապրելու ենք, տեր ենք լինելու և նույնիսկ հզորանալու ենք և անհրաժեշտության դեպքում դիվանագիտական ու ռազմի դաշտերում այնպիսի ջարդ ենք տալու, որ իրենք իրենց տեղն իմանան: 

Ամերիկյան զորախումբ Ախալքալաքո՞ւմ. ինչպես դա կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության վրա

Թևան Պողոսյանը վկայակոչում է Իսրայելի ղեկավարներից մեկի խոսքը, ըստ որի՝ երբ Ադրբեջանի ղեկավարի համար որևէ ադրբեջանցու կյանքն ավելի թանկ լինի, քան հայի կյանքը, այդ օրը նա կգա բանակցությունների սեղանի մոտ, կնստի ու կմտածի, թե ինչպես պահի ադրբեջանցու կյանքը:

277
թեգերը:
ադրբեջանցի, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Թևան Պողոսյան

sys_stories