Ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանի փոխանցմամբ՝ իրենց ֆուտբոլային գործակալությունը Հայաստանում միակն է, և իրենք փորձում են հայ ֆուտբոլիստներին տեղափոխել արտասահմանյան ակումբներ: Եղել են դեպքեր, երբ ակումբները գնացել են իրենց ընդառաջ, եղել են նաև դեպքեր, երբ ակումբներն այդ հարցում խոչընդոտել են:
«Այստեղ խնդիրը սխալ մենեջմենթն է, այսինքն՝ ակումբների ղեկին կան մարդիկ կամ անդմինիստրատիվ ռեսուրսներ ունեցող անձինք, ովքեր հետաքրքրված են, որպեսզի ֆուտբոլիստները ոչ թե համագործակցեն մեր գործակալության, այլ օտար գործակալների հետ»,- նշում է Խորեն Քալաշյանը:
Մինչդեռ «Լեգալ սպորտը» ոչ մի շահույթ չի հետապնդում որևէ հայ ֆուտբոլիստի տեղափոխումից, մինչ օրս գործակալությունն այդ առումով ոչ մի շահույթ չի ունեցել: Քալաշյանի կարծիքով՝ այստեղ մեծ գումարներ ակնկալելն արդեն իսկ սխալ կլինի, որովհետև մենք համաշխարհային ֆուտբոլին, մասնավորապես, ամենազարգացած հինգ լիգաներին տվել ենք միայն Հենրիխ Մխիթարյան: Օզբիլիսի, Մանուչարյանի, Մովսիսյանի մոտ եղել է առաջընթաց, բայց նրանք չեն հասել Մխիթարյանի մակարդակին:
Ֆուտբոլային գործակալը գտնում է, որ թեև մենք չենք կարող այսօր մեզ համարել ֆուտբոլային գերտերություն, բայց ունենք տաղանդավոր պատանիներ, որոնց հետ պետք է ճիշտ աշխատել: Խորեն Քալաշյանը հետևում է նրանց կարիերային, և հենց նրանց հետ տարվող աշխատանքներում տեսնում է բազմաթիվ բացթողումներ, որոնք հետագայում երևում են արդեն մեծ ֆուտբոլում: