«Պոկիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփել է Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը։
Քաղաքագետը վստահ է՝ միջազգային նման բարձր ամբիոնից մեր երկրի ներքին խնդիրների մասին բարձրաձայնելը ճիշտ չէ։
«ՄԱԿ-ի ամբիոնից շատ մեծ շեշտադրում անել երկրի ներքին խնդիրների վերաբերյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի կամ նախկիների դեմ պայքարի մասին բարձրաձայնելը կոռեկտ չէ»,-ասել է Բոզոյանը։
Քաղաքագետը նշել է, որ ընդհանրապես ՄԱԿ-ի ամբիոնից խոսում են իրենց երկրի արտաքին մարտահրավերների մասին։
Այս առումով, շեղված էր Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում։
Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, որ խնդրի կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերին՝ քաղաքագետը կարծում է, որ ձևակերպումը գեղեցիկ է հնչում, վերացական է, բայց չմոռանանք, որ ընդամենը օգոստոսին 5-ին վարչապետը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը Հայստանն է և վերջ։
Եվ նման հայտարարությունից հետո առաջանում է վստահության պակաս՝ վարչապետն ունի՞ հստակ պատկերացում այս խնդրի վերաբերյալ, թե՝ ոչ։
Եվ բացի այդ, ըստ Բոզոյանի՝ ելույթի մեջ կային ձևակերպումներ, որոնք քաղաքական և դիվանագիտական ձևակերպումներ չէին։ Օրինակ, երբ Փաշինյանը հայտարարում է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազամավարական գործընկերն է՝ նորմալ է, բայց երբ վարչապետը հայտարարում է, որ Վրաստանն ու Իրանը Հայաստանի ռազմավարական հարևաններն են՝ նման տերմին գոյություն չունի։
Եթե ինքը ի նկատի ունի Հայաստանի հարաբերություններն Իրանի և Վրաստանի հետ, ապա այն բնութագրվում է որպես բարեկամական հարաբերություններ։ Վրաստանն իր անվտանգության կոնցեպտի մեջ ձևակերպել է, որ Հայաստանն իր բարեկամ հարևանն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական դաշնակիցը։ Ըստ այդմ, Հայաստանը նույնպես Վրաստանին պետք է համարի բարեկամ-հարևան․ չի կարող ավելի բարձր կարգավիճակ հնչեցնել, քանի որ այդ երկիրն ինքը` մեզ այդպիսին չի համարում։ Նույնը վերաբերում է Իրանին։
Ըստ Բոզոյանի՝ նման անճշտությունները վարչապետի ելույթում շատ են եղել։