Վազգեն Սաֆարյան

Սաֆարյան. «Վարչապետի և գործարարների քննարկումը կարող է որոշակի դրական տեղաշարժ ապահովել»

97
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթին: Վարչապետը ցանկություն էր հայտնել, որ գործարարներն ավելի շատ արտադրեն, արտահանեն և ավելի շատ եկամուտ ստանան:

Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ կառավարության կողմից գործարարների հետ հանդիպման նախաձեռնությունը ողջունելի է: Ըստ նրա՝ եթե պետությունն ու մասնավոր գործընկերությունը, որպես գործառույթ և գործիքակազմ, գործեն արդյունավետորեն, ապա մեր արտահանողները, ովքեր աշխատում են արտադրության մեջ, արտահանման ոլորտը կզարգացնեն: Եթե պետությունը կարողանա էժան վարկեր տրամադրել, իսկ գործարարներն էլ արտադրություն ապահովեն, այդ դեպքում կլինի իրական առաջընթաց:

«Ժամանակին այդ ուղղությամբ կառավարությունը բավականին ակտիվ քայլեր էր ձեռնարկել՝ ստեղծելով արդյունաբերության աջակցման հիմնադրամ, բայց հետո նշված հիմնադրամը կամաց-կամաց կազմալուծվեց: Այսօր պետք է նորից այդ գործառույթը զարգացնել: Գործին, իհարկե, դրականորեն կօգնի այն հանգամանքը, որ պետությունն, ի դեմս վարչապետի, ցանկություն է հայտնել գործարարների հետ շփվել և նրանց խնդիրներն ուսումնասիրել ու տալ համապատասխան հանձնարարություններ, որպեսզի նրանք կարողանան արտահանմանն ուղղված արտադրություններ կազմակերպել»,- նշում է Վազգեն Սաֆարյանը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահի տեղեկացմամբ՝ անցյալ տարի մենք 2 միլիարդ 411 միլիոն դոլարի ապրանք ենք արտահանել: Այս տարի ցուցանիշը կգերազանցվի մի քանի տոկոսով, բայց, ցավոք սրտի, ներմուծման ծավալներն արդեն անցնում են 5 միլիարդ դոլարի սահմանը, ուստի մեր արտահանման ու ներմուծման հարաբերությունն ավելի քան երկու անգամ ներմուծման օգտին է:

«Որպեսզի Հայաստան եկած տարադրամն ուրիշի արտադրանքի իրացման ճանապարհով դուրս չարտահոսի, ապա այս ուղղությամբ կառավարությունը պետք է քայլեր կատարի: Կարծում եմ, որ վարչապետի ու գործարարների քննարկումը կարող է նպաստել այս գործում որոշակի դրական տեղաշարժ ապահովելուն»,- նշում է Վազգեն Սաֆարյանը:

Երկու տարի առաջ կառավարությունում քննարկվում էր մի խնդիր, որ ԱԳՆ-ի գործունեության գնահատականի մեջ կարևոր էր լինելու, թե արտասահմանյան երկրներում որքան հայկական ապրանքներ են արտահանվել ու իրացվել: Սաֆարյանը կարծում է, որ մեր ԱԳՆ-ն իր առևտրային կցորդների ինստիտուտը պետք է զարգացնի էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրել, թե որ երկրում հայկական ինչպիսի ապրանքներ կարող են իրացվել:

«Կարծում եմ, որ ՌԴ-ում մեկ առևտրային կցորդ ունենալը քիչ է, պետք է առնվազն մի քանիսը լինեն, և այն ռեգիոններում, որտեղ կան հայաշատ համայնքներ, այդտեղ պետք է դիտարկել հայկական արդյունաբերական ու սննդի ապրանքների սպառման հարցը: Պետք է խթանել նաև գործարարների ինտեգրացիոն կապերը»,- նշում է Վազգեն Սաֆարյանը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահի համոզմամբ՝ այսօր պետք է առևտրային կցորդների ինստիտուտին տալ նոր ոգի, նոր բովանդակություն: Եթե վարչապետի քննարկումը կհանգեցնի նրան, որ մենք կզարգացնենք առևտրային կցորդների ինստիտուտի գործունեության արդյունավետությունը, ապա դա իր հերթին կնպաստի արտահանման ծավալների մեծացմանը:  Պետությունն այս հարցում պետք է ցուցաբերի անմիջական, գործուն աջակցություն:

97
թեգերը:
գործարար, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

sys_stories