Արմեն Բաղդասարյան

Բաղդասարյան. «Բնապահպանների ընդվզումն առաջացնում է քաղաքական շահարկումներ»

44
(Թարմացված է 21:36 21.08.2019)
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև առկա տարաձայնություններին և նշել, որ այդ հարցը չի կարող բերել «Իմ քայլը» դաշինքի տրոհման:

«Այնտեղ կարող են լինել առանձին տեսակետներ ունեցողներ, դեմ քվեարկողներ, բայց չեմ կարծում, որ բանը կհասնի պառակտման: Ամեն դեպքում դա այդ հարցը չէ: Ուրիշ հարց, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ ավելի ճիշտ կանեն հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը, ու եթե քաղաքական թիմի անդամ են, քաղաքական թիմի հետ թող պատասխանատվություն վերցնեն, այլ ոչ թե խուսափեն պատասխանատվությունից, անցնեն ընդհատակ: Դա ճիշտ չէ: Այդ առումով կարծում եմ, որ նշված քաղաքական ուժի ներսում պետք է լինի լուրջ խոսակցություն»,- նշում  է Արմեն Բաղդասարյանը:

Անդրադառնալով վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի տեսակետին՝ քաղաքագետը նշում է, որ վերջինս ընդամենը խորհուրդ է տվել, բայց սա չի նշանակում, որ դրա պատճառով իշխող քաղաքական ուժը կպառակտվի ու կստեղծվի նոր քաղաքական ուժ: Այլ բան, որ այս շարժման արդյունքում կարող են ստեղծվել կանաչների նոր միավորումներ, կամ արդեն իսկ գոյություն ունեցող կանաչների կուսակցությունն ավելի հզորանա ու քաղաքական դաշտում ավելի լուրջ դեր ստանձնի:

«Շատ լավ է, որ կա բնապահպանական շարժում, և իրականացվում են բողոքի ակցիաներ: Շատ ավելի վատ կլիներ, եթե նման բան չլիներ: Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ այդ բնապահպանական շարժումը, մի քանի հարյուր կամ գուցե մի քանի հազար անկեղծ ու ազնիվ բնապահպանների ընդվզումն առաջացնում է քաղաքական շահարկումներ: Խնդիրներ ուռճացվում են, իշխանություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը թաքուն հրճվում են ու ասում կամ մտածում, որ եթե Ամուլսարի հանքը փակվի, Հայաստանը մի քանի հարյուր միլիոն դոլարի տույժեր կկրի, երկրի վիճակը կվատանա, իսկ իրենց հնարավորությունները կավելանան»,- նշում է Արմեն Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ սա է վատը, որ հարցը դարձել է քաղաքական շահարկումների առարկա, թեև շարժումն ինքնին շատ դրական է գնահատում և շեշտում է, որ հենց նման շարժումները պետք է ստիպեն կառավարությանն ավելի ուշադիր լինել բնապահպանական խնդիրների հանդեպ:

44
թեգերը:
ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, «Իմ քայլը» դաշինք, Լիդիան, Ամուլսար, Հայաստան
թեմա:
Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը (78)

sys_stories