Արմեն Բադալյան

Բադալյան. «Ստամբուլյան կոնվենցիան PR զենք է իշխանության և ընդդիմության համար»

86
(Թարմացված է 19:38 27.07.2019)
Մի կողմը մյուսին անվանում է ռևանշիստ, մյուսը հակառակ կողմին համարում է պոպուլիստ: Քաղաքական համակարգն այնպիսին է, որ պոպուլիզմն ու ռևանշիզմն իրար սնուցում են:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը համոզված է, որ ներքաղաքական դաշտում Ստամբուլյան կոնվենցիան քննարկում են ոչ թե որպես փաստաթուղթ, այլ այն օգտագործում են քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Բադալյանի կարծիքով՝ այս կոնվենցիան թե՛ իշխող քաղաքական ուժի, թե՛ նրան ընդդիմադիր ուժերի համար իրենց դիրքերն ամրապնդելու և մյուս կողմի դիրքերը թուլացնելու գործիք է:

«Այսինքն, քննարկվում է ոչ թե այն հարցը, թե կոնվենցիան ինչ կտա կամ չի տա Հայաստանին ու նրա հասարակությանը, այլ այն օգտագործվում է որպես PR զենք՝ դիմացինին տարբեր պատճառաբանություններով հարվածելու համար: Մի կողմը նշում է, որ սա եվրոպական արժեհամակարգի արգասիք է, մյուս կողմը շեշտում է, որ այն խաթարում է մեր արժեքների համակարգը, ու եթե ընդունվի՝ մենք կնմանվենք հոլանդացիներին կամ եվրոպական մեկ այլ ազգի».- նշում  է քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանն ասում է, որ այս տարվա ընթացքում երեք հիմնական և լուրջ հարց է քննարկվել, որոնք այսպես թե այնպես առնչվում են Հայաստանի հետագա զարգացմանը: Առաջինը վերաբերում է կառավարության կառուցվածքի փաստաթղթին, որն արդեն ընդունվել է, երկրորդը՝ կառավարության ծրագրին, որը նույնպես ընդունվել է, իսկ երրորդը՝ Հարկային օրենսգրքին: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ իշխանություններն իրենց իրականացրած հեղափոխությունից մեկ տարի և երեք ամիս անց Հայաստանի զարգացման այլ օրակարգ չեն ներկայացրել, ինչը կարող էր դառնալ լուրջ քննարկման թեմա:

«Այս պահի դրությամբ կա երկու հարց. առաջինը Սահմանադրական դատարանի հարցն է, որն իշխանությունների և ընդդիմության միջև օգտագործվում է որպես հարաբերություններ պարզելու գործոն, և երկրորդը Ստամբուլյան կոնվենցիան է, որը եթե չլիներ՝ պետք է գտնեին մեկ այլ հարց, որպեսզի իրար հարվածեին: Հենց դրա համար էլ բարձրացել է այս աղմուկը»,-նշում է Արմեն Բադալյանը:

Մի կողմը մյուսին անվանում է ռևանշիստ, մյուսը հակառակ կողմին համարում է պոպուլիստ: Քաղաքական համակարգն այնպիսին է, որ պոպուլիզմն ու ռևանշիզմն իրար սնուցում են: «Եթե նրանց, ովքեր քննադատում կամ պաշտպանում են Ստամբուլյան կոնվենցիան, հարցնեք, թե իրականում կարդացե՞լ են փաստաթուղթը, հասկացե՞լ են ամբողջ խորությամբ, ապա ոչինչ չեն ասի: Պարզապես այս թեման պետք է երկու կողմերին, որպեսզի օգտագործեն որպես մուրճ՝ իրար հարվածելու համար»,- եզրակացնում է Արմեն Բադալյանը: 

86
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Ստամբուլյան կոնվենցիա, Արմեն Բադալյան
Ըստ թեմայի
Կաթողիկոսն ու արդարադատության նախարարը քննարկել են «Ստամբուլյան կոնվենցիան»
Ստամբուլյան երկսայր կոնվենցիան, կամ ինչու է աղմկում «հայկական համացանցը»
Բռնության պատմությունների թիրախային ժայթքումը, կամ ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի
Դանիելյան. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ կարող ենք ունենալ ծայրահեղ զարգացումներ»
Մակունցը պատգամավորներին հանձնարարում է կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ»

sys_stories