Ջոնի Մելիքյան

Մելիքյան. ««Մայրենի լեզվի օրը» Վրաստանի նախագահի այցը Ջավախք պատահականություն չէր»

93
(Թարմացված է 18:03 15.04.2019)
Ի՞նչ է ակնարկում Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` «Մայրենի լեզվի օրն» այցելելով հայաշատ Ջավախք։ Հարցին Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Ընտրվելուց հետո Զուրաբիշվիլին պարբերաբար այցելում է Վրաստանի տարբեր շրջաններ, հանդիպում է տեղի բնակչության, բիզնեսի ներկայացուցիչների հետ։

««Մայրենի լեզվի օրը»» Վրաստանի նախագահի այցը Ջավախք պատահականություն չէր, այլ նախապես պատրաստված էր, քանի որ այցի ժամանակ Զուրաբիշվիլին ուղերձներ հղեց վրացերենին տիրապետելու և հասարակությանն ինտեգրվելու վերաբերյալ»,- նկատում է Մելիքյանը։

Ըստ վրացագետի` Սալոմե Զուրաբիշվիլին փորձում է պետության շահերից ելնելով ուղղորդել ջավախահայերին, նրանց մեջ սերմանել վրացերենի նկատմամբ ավելի ուշադիր վերաբերմունք։

«Կարևոր է, որ այդ ուղերձները պարտադրանքի պես չեն հնչում»,-փաստում է մասնագետը։

Մելիքյանի խոսքով` Թբիլիսին այսօր իրականացնում է մի ծրագիր, որի շնորհիվ ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունեն դիմել Վրաստանի ԲՈՒՀ-եր, որտեղ 1 տարի վրացերենն ուսումնասիրելուց հետո կարող են 4 տարի բակալավրիատում ուսանել վրացերենով, ապա աշխատանք ստանալ երկրի պետական տարբեր կառույցներում։

Վրաստանում «Մայրենի լեզվի օրվան» նվիրված միջոցառումների շրջանակում Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 14-ին այցելել է Ջավախք։ Ջավախահայության խնդիրներով զբաղվող կառույցներն ու անհատները բազմիցս բարձրաձայնել են Ջավախքում հայոց լեզվի և ընդհանրապես հայապահպանության վտանգված լինելու մասին։ Վրաստանի հայազգի երեխաները հավելյալ կրթություն են ստանում հայկական երիտասարդական կենտրոններում, քանի որ դպրոցներում հայերենի և հայոց պատմության դասաժամերը կրճատվել էին։

93

sys_stories