Համբարձում Մաթևոսյան

Մաթևոսյան. «Մենք փորձել ենք Զարթոնքում ստեղծված իրավիճակը լուծել օրինական ճանապարհով»

44
Զարթոնք գյուղում ստեղծված իրավիճակը ամիսների պատմություն ունի, Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Երբ ամիսներ առաջ Զարթոնք գյուղում խնդիր ծագեց, մենք կապի մեջ ենք եղել գյուղացիների և համայնքի ղեկավարի հետ։ Փորձել ենք հանդիպում կազմակերպել մարզպետարանում, կողմերին հրավիրել մեկ սեղանի շուրջ քննարկումների, սակայն կողմերը չեն ներկայացել»,-արձանագրում է Արմավիրի մարզպետը։

Համբարձում Մաթևոսյանը նշում է, որ Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ ունեն նախնական համաձայնություն, որ եթե գյուղի բնակիչները ներկայացնեն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ, ապա գյուղապետը պետք է հրաժարական տա։

«Մենք փորձել ենք Զարթոնք գյուղում ստեղծված իրավիճակը լուծել օրինական ճանապարհով և կողմերին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում»,-վստահեցնում է պաշտոնյան։

Համբարձում Մաթևոսյանի խոսքով, ըստ օդում կախված լուրերի, կան ուժեր, որոնք աշխատում են նաև իր դեմ։

Երկու օր շարունակ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում իրավիճակը լարված է եղել։ Ապրիլի 14-ին մի խումբ գյուղացիներ հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետ` Պարույր Սարգսյանի տան վրա, վնասել գյուղապետի անձնական ու ծառայողական ավտոմեքենաները։ Տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ մասնակիցներից մեկը որսորդական հրացանով օդ է կրակել։

44
թեմա:
Գյուղացիները պահանջում են Զարթոնքի գյուղապետի հրաժարականը (10)

sys_stories