Տիգրան Հակոբյան

Հակոբյան. «Ռուսաստանյան TV-ների հեռարձակման սահմանափակումը նաև քաղաքական հարց է»

98
(Թարմացված է 17:15 11.04.2019)
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովում ապրիլի 10-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել է «Мир», «Россия», «ОРТ» ալիքների որոշ հաղորդումների հեռարձակումը սահմանափակելու հարցը, որոնք ըստ պատգամավորի, հակահայկական բովանդակություն ունեն։

Հանձնաժողովի նիստին ներկա է եղել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, որն իր մոտեցումներն է ներկայացրել՝ բարձրացված հարցի հետ կապված։

«Ռուսաստանյան հեռուստաընկերությունների հաղորդումների սահմանափակումը նաև քաղաքական հարց է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծել է Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով, մենք պետք է ունենանք մասնավոր մուլտիպլեքս, որտեղ ներկայացված կլինեն վերահեռարձակվող օտարերկրյա հեռուստաընկերությունները։

«Խնդիրը միայն ռուսաստանյան ալիքներին չի վերաբերում, այլ ընդհանրապես այն հայեցակարգին, որով հանրային, թվային անվճար մուլտիպլեքսում հեռարձակվում են հեռուստածրագրեր»,-Sputnik Արմենիային պարզաբանում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի, աշխարհի բոլոր երկրներում, գրեթե առանց բացառության, հանրային անվճար մուլտիպլքսով հեռարձակվում են առաջին հերթին հանրօգուտ հաղորդումներ, որոնք կատարում են կարևորագույն սոցիալական ֆունկցիա (դաստիարակչական, տեղեկատվական, մանկական, ազգային մշակույթը ներկայացնող հաղորդումներ)։

«Հայաստանում թվային մուլտիպլեքսում խցկել են տարբեր երկրների հեռարձակողների հեռուստահաղորդումները, այդ թվում՝ կուսակցական, գաղափարական, որևէ մեկ անձը գովերգող։ Խոսքը ոչ միայն ռուսական հեռուստաալիքների, այլև՝ ամերիկյան CNN-ի մասին է, որոնք Հայաստանում որևէ հանրօգուտ ֆունկցիա չեն կատարում, քանի որ օտարերկրյա հեռուստաալիքներ են։»

Տիգրան Հակոբյանի խոսքով, բնական է, որ օտարերկրյա հեռուստաալիքները, սպասարկելով տվյալ երկրի շահը, իրենց հեռուստահաղորդման մեջ հանդես գան հեռարձակվող երկրի հանդեպ ոչ կոռեկտ բովանդակությամբ։

98
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

sys_stories