Սերոբ Խաչատրյան

Խաչատրյան. «Հոգևորականը չի կարող դպրոցում դաս վարել»

103
(Թարմացված է 16:45 04.02.2019)
Կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ու հոգևորականի հետ կապված սկանդալային պատմությանը։

Խաչատրյանը հիշեցնում է` մեր օրենսդրության մեջ ունենք կետ, որ Հայաստանն աշխարհիկ երկիր է, պետությունն ու եկեղեցին անջատ են, դպրոցը համարվում է աշխարհիկ կառույց։

«Բայց ունենք նաև կետ, որտեղ առաքելական եկեղեցուն տրվում է հատուկ կարգավիճակ։ Քանի որ դպրոցն ու եկեղեցին առանձին էին, մոտավորապես 18 տարի առաջ, երբ վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր, կառավարություն ու եկեղեցին հուշագիր ստորագրեցին, որպեսզի դպրոցներում ներդրվի «հայ եկեղեցու պատմություն» առարկան։ Հիմա այս հարցը խնդիր է դարձել»,– ասում է փորձագետը։

Նրա խոսքով` Արարատի մարզում տեղի ունեցած դեպքը նորից սրեց խնդիրը։

«Որքան ես եմ տեղյակ այդ իրադարձությունից, նախարարի ու հոգևոր հովվի մեկնաբանություններից, ստացվել է այնպես, որ նախարարն անակնկալ այցելել է դպրոց ու պարզել, որ հոգևորականը դպրոցում դասղեկի ժամ է վարել։ Ըստ տնօրենի` փաստորեն դա տեղի է ունեցել պարբերաբար։ Եթե այդպես է եղել, ուրեմն խախտում է, որովհետև դպրոցներում ուսուցիչը պատասխանատու է դաս և դասղեկի ժամ վարելու համար»,– ասաց Խաչատրյանը։

Նա նաև որոշակի ենթադրություն է անում, թե ինչու է դպրոցը դասղեկի ժամը պարբերաբար տվել հոգևորականին։

«Մենք ունենք խնդիր. շատ դպրոցներում դասղեկի ժամը չի վճարվում։ Գուցե այստեղ էլ չեն վճարում, այդ դեպքում ուսուցիչները կարող են մատների արանքով նայել դասղեկի ժամին, և այդտեղ կարող է գալ հոգևորականը, ասել` տվեք ինձ, ես վարեմ։ Բայց կարծում եմ, որ սա ընդհանուր առմամբ կարգի խախտում է, որովհետև հոգևորականը չի կարող դպրոցում դաս վարել»,– նշում է փորձագետը։

Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել էր Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպել էր դպրոց այցելած քահանային։

103
թեգերը:
Հայաստան

sys_stories