Դպրոցներում սոցիալական մանկավարժների ու հոգեբանների միջոցով պետք է երեխաներին օգնել մասնագիտության կողմնորոշման հարցում, համոզված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը։
Նրա խոսքով՝ այդ մասնագետները հաջողությամբ կարող են օգնել բացահայտելու աշակերտների նախասիրությունները միջին դասարաններում, իսկ ավագ դպրոցում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում և զարգացնել կարողությունները։
Կենտրոնը հանրապետության կրթօջախներից 600-ում վերապատրաստել է 1000 մասնագետի։
Զրույցը վարեց Լուսինե Մկրտչյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։
Արամ Օրբելյանի դիտարկմամբ` խորհրդարանական համակարգը Հայաստանում կոնկրետ գործում է, ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ կա Սահմանադրություն և Սահմանադրությամբ նախատեսված զսպումների մեխանիզմ։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սրտնեղել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը չի ենթարկվում անձամբ Փաշինյանին, որ դատավորներին իրենք չեն կարողանում նշանակել։
«Կարող եմ պնդել, որ 1990-ականներից սկսած որոշակի խնդիրներ ունեցել ենք հենց կիսանախագահական կառավարման պատճառով։ Այժմ ունենք պառլամենտարիզմ, և պետք է վարչապետը հասկանա, որ պառլամենտական համակարգի շրջանակներում ինքը երկրի միակ տերը, միակ որոշողն ու միակ հարց լուծողը չէ»,– նշեց սահմանադրագետը։
Օրբելյանի կարծիքով` պետական տարբեր ինստիտուտների միջև կան օրենսդրորեն նախատեսված զսպող մեխանիզմներ, կա նախագահ, որն ունի որոշակի գործառույթներ, որոնց շրջանակներում օրինակ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին ինքն է որոշում պաշտոնանկ անել, թե ոչ և եթե գտնում է, որ այդ գործընթացն ապօրինի է կամ հակասահմանադրական, ապա իրավունք ունի դիմել ՍԴ։
«Պետք է հասկանանք, որ դատարաններն անկախ են, քաղաքական իշխանությունը չի կարող թելադրել դատարաններին, թե ինչ որոշումներ կայացնեն, ինչը մանիպուլյատիվ եղանակով պարբերաբար տեսնում ենք գործող իշխանության կողմից։ Երբ հասկանանք, որ Սահմանադրությունը ենթադրում է որոշակի մեխանիզմներ և առաջնային մանդատ ունեցող մարմինը` խորհրդարանը, չունի բացարձակ իրավունք իր ուզածն անելու, նրա իրավունքները որոշակիորեն սահմանափակված են Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների կողմից, ապա պարզ կդառնա, որ ներկա համակարգը լավ էլ աշխատում է»,– ասաց սահմանադրագետը։
Օրբելյանի համոզմամբ` ռեալպոլիտիկը և իրավական մեխանիզմները պետք է տարանջատել, հետևաբար այդ մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ իրական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները` տվյալ դեպքում գործող իշխանության վարկանիշի կտրուկ անկումը, ունենան հետևանքներ, որոնցից մեկն էլ կառավարության հրաժարականն է։
«Մեր Սահմանադրությունն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից ժողովրդավար պետության պահանջներին և կտրուկ փոփոխությունների կարիք այսօր չկա։ Կիսանախագահական համակարգն ունի մի շատ մեծ բացասական կողմ, դա պատասխանատվության այսպես կոչված լղոզումն է, որովհետև նման համակարգ ունեցող երկրներում ձախողումների դեպքում մեղավորը սովորաբար վարչապետն է, իսկ եթե ինչ–որ բան լավ է, պատասխանատուն նախագահն է։ Նույնը կարելի է դիտարկել նաև Հայաստանի պարագայում` վարչապետը մեղավոր է, նրան փոխենք, նախագահը մնա, սա այն է, ինչի դեմ պայքարել ենք վերջին երեսուն տարիների ընթացքում` կիսակաշկանդված լինելով 1995 թվականի կիսանախագահական համակարգով»,– նշեց սահմանադրագետը։
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Օրբելյանի խոսքով` պետք է հասկանալ, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում շատ ավելի ունակ է խնդիրներ լուծել, պարզապես պետք է երկար գործի, անցնի գոնե մեկ–երկու ընտրություն, մանավանդ որ մեր Սահմանադրությունը մի շարք կարգավորումներ ունի, որոնք հնարավորություն են տալիս ավելի բարձրացնել արդյունավետությունը և խուսափել խորհրդարանական համակարգի ամենապրոբլեմատիկ կետերից։
Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:
Վարչապետի միջնորդությունը և «Զինվորական ծառայության մասին» օրենքը տարբեր իրավական ակտեր են և միմյանց հետ որևէ կապ չունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը չստորագրելու որոշումը և առանձին դիմումով «Զինվորական ծառայության մասին» օրենքի՝ սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու նախագահի մտադրությունը։
«Իրավական առումով օրենքի սահմանադրականության հարցով դիմելը վարչապետի միջնորդության հետ որևէ կապ չունի, դրանք տարբեր իրավական ակտեր են, մեկը մյուսի հետ չառընչվող»,- ասաց նա։
Սահմանադրության համաձայն`նախագահը Փաշինյանի միջնորդությունը եռօրյա ժամկետում կարող է ուղարկել ՍԴ, եթե չուղարկի, ուրեմն ընդունում է վարչապետի միջնորդությունը։
«Եթե չեմ սխալվում վարչապետի միջնորդության ժամկետը վաղն է լրանում, եթե մինչև այդ նախագահը չդիմեց ՍԴ, ապա Օնիկ Գասպարյանի ազատման դիմումն օրինական ուժի մեջ կմտնի, իսկ այդ պարագայում կարելի է ասել, որ հավասարապես կիսելու է դավաճանության խարանը։ Դրա համար եմ ասում` չշտապենք, գուցե մինչև չորեքշաբթի ուղարկո՞ւմ է»,- նշեց սահմանադրագետը։
Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, ապա, ըստ սահմանադրագետի, եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը չի համապատասխանում սահմանադրությանը, վարչապետի միջնորդությունը կդառնա առոչինչ, և ԳՇ պետը կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե որոշի, որ համապատասխանում է սահմանադրությանը, ապա վարչապետի որոշումն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։
Միաժամանակ նշվում է, որ Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ այս պայմաններում. Վարդևանյան
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։



